Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կրթական խնդիրներ 3. շտեմարանները որպես չարիք

on January 12, 2013

Կրթության մասին ուրիշ բլոգերների և իմ նախորդ գրառումները կարդալու համար սեղմեք այստեղ:

Անընդհատ ուզում եմ անցնել բուհական համակարգի խնդիրները քննարկելուն, բայց նորից ու նորից ստիպված եմ լինում հետ գնալ դեպի դպրոց, դեպի ընդունելություն, որովհետև անընդհատ խոսելու թեմա  է լինում: Չգիտեմ՝ կլինի՞ մի օր, որ կավարտեմ գրառումներիս շարքն ու թեթևացած հայտարարեմ՝ վերջ, արդեն ամեն ինչ ասել եմ:

Շտեմարաններին, ընդունելության քննություններին ու ռեպետիտորներին անդրադառնալու մտադրություն բնավ չունեի, բայց վերջերս Ֆեյսբուքի Մայրենի լեզվի դասեր խմբում հայոց լեզվի շտեմարանից որոշ հարցեր բարձրացվեցին, ու էդ ժամանակ աչքերս ճակատիս թռան. էս ինչե՞ր են պահանջում, որ տասնյոթ-տասնութ տարեկան դիմորդն իմանա հայոց լեզվի քննություն հանձնելիս:

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ դպրոցն ավարտողը քննություն է հանձնում տվյալ երկրի պետական լեզվից, ու այդ գնահատականը հաշվի է առնվում բուհ ընդունվելիս: Երևի Հայաստանում լսել են՝ նման բան կա, մտցրել են հայոց լեզվի քննություն՝ առանց հասկանալու, թե դրա նպատակը որն է:

Իրականում պետական լեզվից քննություն հանձնելն ընդամենը մեկ նպատակ է հետապնդում. պարզել, թե արդյոք տվյալ անձը կարո՞ղ է բուհում սովորելու համար բավարար մտքեր արտահայտել այդ լեզվով և հասկանալ ուրիշների արտահայտածը: Եթե նկատել եք, երբ մենք էլ փորձում ենք մեկնել արտասահման սովորելու, անպայման լեզվի՝ միջազգայնորեն ճանաչված քննության գնահատական են ուզում, որը փաստում է, որ կարող ենք տվյալ լեզվով սովորել:

Իսկ ի՞նչ է ստուգում այդ չարաբաստիկ հայոց լեզվի քննությունը: Դիմորդի մտքի ճկունությու՞նը, գրավոր ու բանավոր արտահայտվելու ունակությու՞նը, թե՞ ռեպետիտորի մոտ անցկացրած ժամանակն ու ծախսած փողերը:

Ես չգիտեմ՝ շտեմարանի ու նաև քննության հարցեր կազմողներն ինչ են հասկանում «հայոց լեզու» ասելով, բայց վստահ եմ, որ նրանք լեզվի իմացությունը լեզվաբանության իմացությունից չեն տարբերում: Ավելին՝ չգիտեն, որ կարելի է որրևէ լեզվի լեզվաբանություն իմանալ առանց այդ լեզվով կապակցված խոսք արտահայտել կարողանալու:

Հետո պարզվում է՝ միայն հայոց լեզուն չէ, որ էս վիճակում է, մնացած շտեմարաններն էլ մի բան չեն: Ախր ինչու՞: Մի՞թե հեղինակներն ուզում են դիմորդներին վատություն անել, որ չկարողանան ընդունվել: Փաստորեն՝ հա, որովհետև պարզվում է՝ հեղինակները նաև մեծ գումարներ վաստակող ռեպետիտորներն են ու ամեն ինչ անում են, որ գումարի հոսքը դեպի իրենց գրպան չդադարի:

Ի՞նչ կարելի է անել: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը, երբ շտեմարանների հեղինակները, քննության հարցեր կազմողները, ռեպետիտորներն ու ընդունելության հանձնաժողովի անդամները քչից-շատից նույն մարդիկ են:

Կարծում եմ՝ սկզբի համար արժե ուղղակի վերացնել բոլոր տեսակի ընդունելության քննությունները և բուհ ընդունել բոլորին: Եթե որևէ բուհում կամ ֆակուլտետում դիմորդների թիվը չափից դուրս մեծ է լինում, ու բոլորին կրթություն տալու պայմաններն անբավարար են լինում, առաջարկում եմ ընդունել ավելի շուտ դիմողներին: Կասեք՝ բա անվճար-վճարովի՞ն: Նախորդ գրառմանս մեջ արդեն առաջարկել եմ ինչ անել դրա հետ:

Կասեք՝ բա ո՞նց ուսանողը սովորի բուհում, եթե համապատասխան գիտելիքներ չունի: Իհարկե, չեմ բացառում անգրագետների ներխուժումը բուհեր, բայց եկեք ճիշտը խոսենք. առարկաները, որոնցից ընդունելության քննություններ ենք հանձնում, արդյոք օգնե՞լ են մեզ բուհում սովորելիս: Մեկը ես իմ փորձից եմ հիշում, որ քիմիայից քննություն չհանձնելս բնավ պատճառ չդարձավ, որ բուհում դասավանդվող քիմիան չհասկանամ: Ճիշտ է՝ դա համեմատաբար թույլ կետ էր ինձ համար, բայց մի քիչ ջանք թափելով հաղթահարվում էր: Ու կարծում եմ՝ վատ չէր լինի ուսանողի ամբողջ էներգիան ընդունելության քննություններին քամելու փոխարեն նրան մղել առաջին կուրսում մի քիչ լրացուցիչ ջանքեր թափելու, դժվարությունները հաղթահարելու:

Իմ հաջորդ գրառումներում կանդրադառնամ նաև, թե ինչ պետք է անել, որ բոլոր ընդունվողները չավարտեն բուհը:

Ընդունելության քննությունները վերացնելուց հետո հաջորդ քայլը կլինի ընդունելության նոր համակարգ մշակելը: Իհարկե, մշակութապես դեռ շատ հեռու ենք հարցազրույցներից, մոտիվացիոն ու ռեկոմենդացիոն նամակներից, դպրոցի գնահատականները վստահելի չեն, իսկ քննություններն էլ խայտառակ վիճակում են, բայց կարծում եմ՝ խնդիրները հնարավոր կլինի լուծել, եթե ամեն ինչ արվի շատ դանդաղ, քայլ առ քայլ ու մտածված, կարծում եմ՝ հնարավոր կլինի հաջողության հասնել:

Advertisements

9 responses to “Կրթական խնդիրներ 3. շտեմարանները որպես չարիք

  1. Teak Wiki says:

    Անքննություն ընդունելությունը շաաաաաաաաաաաաատ ավելի շատ կոռուպցիայի հնարավորություն է տալիս քան քննություններով։ Իմ կարծիքով կարելի է ուղղակի քննություն կազմելն ու ընդունելը տալ մեկ կամ մի քանի կոմերցիոն կազմակերպության՝ կրկնակի վերահսկմամբ առաջին մի քանի տարիների ընթացքում։ Բուհերն էլ կարող են պահանջել այդ մրցակցող քննություններից այս կամ այն, կախված թե որոնք են ավելի վստահելի։ Ինչպես և արվում է բարձր որակ ունեցող կրթության համակարգերով երկրներում։

    Եվ ամեն դեպքում թննության իմաստը ոչ միայն անհրաժեշտ գիտելիքների ստուգումն է, այլ նաև դիմորդների ֆիլտրացիան։ Հիմա հայերենի քննությունը ֆիլտրում է դիմորդների հնարավորությունները այդպիսի գիտելիքներ ըմբռնելու․․․ թե դրանք պետք կգան թե չէ երկրորդական է, քանի որ քննությունը արդեն ստուգում է, որ այդ դիմորդը սովորելու ընդունակություններ ունի։ Այս պարագայում քիմիայի քննության բացակայությունը թույլ արգումենտ է, քանի որ համոզված եմ, որ քիմիայի քննության պահանջի դեպքում դա էլ բարեհաջող կհանձնեիր․․․

    • byurie says:

      Նախ շնորհակալ եմ մեկնաբանության համար, բայց մի քիչ չեմ հասկանում՝ ո՞նց կարա անքննություն ընդունելությունը շատացնի կոռուպցիայի հնարավորությունը: Կոմերցիոն կազմակերպությունները, կարծում եմ, տվյալ պարագայում էնքան էլ չեն աշխատի, որովհետև էդ դեպքում իրենց ռեպետիտորներն ի հայտ կգան, բուհերն էլ կսկսեն գործարքների գնալ նման կազմակերպությունների հետ: Չգիտեմ, կամ էլ էդ կազմակերպությունները պետք ա դրսից գան, որ բուհերի ղեկավարության ցանկացած կեղտոտ առաջարկ ստանալիս քաղաքավարի ժպտան ու ասեն, որ հնարավոր չի: Բացի դրանից, էլի քննություն հանձնելը մեծ ֆինանսների հետ ա կապվում:

      Դիմորդների ֆիլտրացիան կարելի ա ուրիշ ձև անել, օրինակ իմ ասած շուտ դիմելու սկզբունքով (ի դեպ, շատ հեղինակավոր բուհեր տենց էլ անում են): Երևի իմ սխալն էր, որ էստեղ օրինակներ չեմ բերել: Էն գիտելիքը, որ պահանջվում ա հայերենի քննությանն ունենալ, գործնականում անհնար ա, եթե դիմորդը ռեպետիտորի մոտ չի պարապել: Այսինքն՝ կոպիտ ասած ֆիլտրացիան գնում ա պարապածների ու չպարապածների միջև:

      Եթե քիմիայի քննություն լիներ, բան չունեմ ասելու, գուցե լավ հանձնեի, բայց մենակ ռեպետիտորի մոտ պարապելուց հետո: Անգամ հայերենը ստիպված եմ էղել ռեպետիտորի մոտ պարապեմ, չնայած կարամ գլուխ գովամ, որ իմ չափ հայերեն իմացող քիչ կա Հայաստանում:

  2. Teak Wiki says:

    Կոռուպցիոն լինելու է հենց «ավելի շուտ» դիմողների մասով։ Հետին կարգով ամսաթիվ փոխելը, արհեստականորեն թղթերը ընդունելու պատնեշներ ստեղծելը, հանկարծակիորեն դիմորդների թղթերի կորուստ․․․ հայերը այս առումով բավականին հնարամիտ են։

    Այդ կազմակերպությունների կրկնակի վերահսկման առումով հենց ի նկատի ունեի այն, որ կամայական կապերի դեպքում կազմակերպությունը կարցնում է իր լիցենզիան, և բուհերը սկսում են պահանջել մրցակցի քննության արդյունքները դիմորդներից։

    Իսկ ռեպետիտորության մեջ ես ինքս շատ վատ բան չեմ տեսնում։ Ռեպետիտորություն կա և արտերկրերում, չնայած այլ անուն է կրում և ունի ավելի լայնամասշտաբ կիրառություն (ահռելի կոմերցիոն կազմակերպություններ են սրանով զբաղվում՝ անհատներից բացի)։ Ի վերջո կամայական ռեպետիտորություն նպաստում է գիտելիքների և սովորելու հմտությունների հղկման։ Հայաստանի բուհերի ներկա վիճակին էլ շատ համապատասխան է ռեպետիտորություն պահանջող քննությունների ֆիլտրը, քանի որ կարճ ժամանակում ինտենսիվ պարապմունքների հիման վրա են սեսիաները հանձնվում, և այսպիսի պայմաններում հաջողությամբ քննություն հանձնողները հաջողակ կլինեն նաև բուհերում։ Մասսայական ընդունելությունն էլ կբերի նրան, որ ընդունվածների մի հոծ մասը ի վերջո չի կարողանա ավարտել։ Սա իմ կարծիքով նյութական (ուսուցողական գործընթացի վրա ծախսվող դրամները) և մարդկային (դասախոսներն էլ են մեղկ) ռեսուրսների անհեռատես վատնում է։

    Իսկ թե այդ ինչ հեղինակավոր բուհեր են, որ միայն շուտ դիմելու փաստով են կատարում ընդունելությունը ինձ շատ հետաքրքիր կլիներ իմանալ։ Իմ իմացած բուհերը (չնայած իմ իմացածների զգալի մասը ԱՄՆ-ում են) ընդունելությունը կատարում են զանազան գործոնների վրա հիմնվելով (դպրոցական գնահատականներ, երաշխավորագրեր, ինքնակենսագրական էսսեներ, ստանդարտացված քննությունների արդյունքներ և այլն)։

    Բայց քննական համակարգի բարելավումը զուր է, քանի դեռ բուհերն իրենք ներսից փտած են․․․ համակարգը դեռ սովետական է՝ այն ինչ շրջանավարտները լրիվ ուրիշ շուկայում պետք է գործի անցնեն․․․

    • Teak Wiki says:

      ահ, նաև ֆինանսների հետ կապված․ ամեն ինչ էլ ֆինանսներ է պահանջում՝ ընդունելիությունն էլ բացառություն չէ։ Հիմա այս ֆինանսական ծանրաբեռնվածությունը կա՛մ դիմորդը պետք է քաշի, կա՛մ բուհը, կա՛մ էլ երրորդ կողմը։ Այդ մասնավոր կազմակերպությունների լիցենզավորման համար կարելի է պահանջել, որ մի որոշ տոկոսի քննությունները պետք է անվճար անց կացնի, օրինակ սոց-ապահովության մարմինների առաջադրմամբ (ի վերջո սա կբերի նրան, որ ապահովված դիմորդները կվճարեն մի որոշ տոկոս անապահով դիմորդների քննությունների ծախսն էլ)։ Կարծում եմ այս ֆինանսները շատ ավելի համեստ կլինեն քան ի վերջո անհաջողակ ուսանողների կրթության վրա վատնածները․․․

      • byurie says:

        Հա, համաձայն եմ, որ ամեն ինչն էլ ֆինանս ա, դրա համար գոռում եմ՝ մենակ վճարովի համակարգ: Բայց իմ կարծիքով քննությունները վճարովի սարքելը մի հատ էլ լրացուցիչ ֆինանսական բեռ կլինի ու ահագին մեծ բողոքի ալիք կբարձրացնի: Չնայած ասեմ, հիմա արդեն ասպիրանտուրայի համար TOEFL հանձնելը պարտադիր ա դարձել: 

        ________________________________

    • byurie says:

      Հա, շուտ դիմելու մասով մտածել եմ: Էդ դեպքում կարելի ա դիմորդին փաստաթուղթ տալ թղթերն ընդունելու օրվա ու ժամի մասին, ու արդեն թղթեր կորցնելն էլ, նման այլ արդարացումներն էլ անհիմն կդառնային: Բացի դրանից, անվճար համակարգի վերացումն ինքնին վերացնում ա կոռուպցիոն ռիսկերը, որովհետև հենց էդտեղ ա պատերազմը: Եթե բոլորը ստիպված լինեն վճարել կրթության համար, էլ էդքան տուրուդմփոց չի լինի ընդունելության ժամանակ: Ու համ էլ շուտ դիմելու մասն ասում եմ էն բուհերի ու ֆակուլտետների մասին, որտեղ չափից դուրս շատ են դիմում: Իսկ որտեղ դիմորդներն էնքան էլ շատ չեն, ուղղակի բոլորին ընդունել առանց անկապ քննություններով տանջելու:

      Ռեպետիտորների մասը հա, բայց Հայաստանի համակարգն էնպես ա ստեղծված, որ առանց իրանց հնարավոր չի ընդունելության քննություն հանձնել: Օրինակ ասենք ամբողջ աշխարհում էլ TOEFL պարապող դասախոսներ կան, քննությունն ինքն էլ զզվելի քննություն ա, բայց ամեն դեպքում բոլոր պայմանները ստեղծված են, որ քննություն հանձնողը կարողանա ինքնուրույն պարապել ու հաղթահարել քննությունը: 

      Կարծում եմ՝ սխալ ա մտածել, որ ընդունելության քննություն հաղթահարողը բուհում կարա սովորի: Չէ, տենց չի: Էդ քննություններն էնքան էներգիա են խլում, որ առաջին կուրսում շատ ուսանողներ սատկած վիճակում են: Ավելին՝ մեր համալսարանում բազմաթիվ դեպքեր են էղել, որ փայլուն արդյունքներով ընդունված ուսանողներն ուղղակի չեն դիմացել լարվածությանն ու զանազան առողջական խնդիրներ են ձեռք բերել: 

      Հա, հենց լավ ա, որ բոլոր ընդունվողները չկարողանան ավարտել: Չգիտեմ՝ ամերիկյան կրթական համակարգում ոնց ա, բայց եվրոպական շատ բուհեր էդպես էլ անում են: Շատերն ընդունվում են, քչերն ավարտում, է՛լ ավելի քչերը շարունակում մագիստրատուրայում: Լրացուցիչ ռեսուրսներ չեն ծախսվում: Ուսանողը վճարում ա իրա կրթության դիմաց, իրա վրա ծախսված ռեսուրսների դիմաց: Բժշկականն էդ փորձն ուներ, ու շատ լավ աշխատում էր: Լիքը ուսանողների ցածր գնահատականներով ընդունում էին, հենց առաջին կիսամյակից հարյուրավորներով դուրս թողնում: Ու փաստը մնում էր փաստ, որ դուրս մնացողները միշտ չէ, որ ցածր գնահատականներով ընդունվածներն էին:

      Հեղինակավոր բուհերից, եթե չեմ սխալվում բրիտանական համալսարաններում եմ տեսել նման բան (համենայնդեպս, պիտի որ էնպիսի բուհ լիներ, որ դիմել եմ, որովհետև լավ եմ հիշում էդ կանոնը): Սևով սպիտակի վրա գրված էր, որ եթե ավելի շատ դիմումներ ստացվեն, քան տեղ կա , ապա կընդունվեն նրանք, ովքեր ավելի շուտ են իրանց դիմումներն ուղարկել ու նաև համապատասխանում են պայմաններին: Բայց դե պայմաններն էլ եսիմինչ չէին. ընդամենը անգլերենի գնահատական ու դիպլոմի միջին, որը շատ բարձր չէր: Հա, մոտիվացիոն-ռեկոմենդացիոն նամակներ էլ էին պետք, բայց դրանք ոնց որ ձեռքի հետ: Բայց սրանք մագիստրատուրայի մասին եմ ասում, բակալավրը չգիտեմ ոնց ա: Ամեն դեպքում, գիտեմ նաև որ նման պրակտիկա կար նաև Սորբոնում ու հենց բակալավրիատում: Չգիտեմ՝ հիմա էլ ա էդպես, թե չէ: 

      Համաձայն եմ, որ կրթական համակարգը լիքը ուրիշ խնդիրներ ունի: Ուղղակի մանրամասն որոշել եմ բոլորին անդրադառնալ: Դեռ չեմ հասել բուհերի ներսի փտած համակարգին: Էնտեղ խնդիրը մենակ սովետականը չի, լիքը ուրիշ բաներ էլ կան, որոնց մասին ապագայում կխոսեմ:

      ________________________________

      • Teak Wiki says:

        «սովետական» եզրը շատ ծավալուն է․․․

        իսկ եթե ի վերջո հայտերի ընդունման առաջին հենց օրը ստացվեն տեղերից ավել դիմումներ, այդ դեպքում ո՞ւմ են ընդունում (պատասխանը կոռուպցիա բառից շատ հեռու դժվար թե լինի)։ Ռեալիստիկ համակարգ չէ նկարագրածդ։ Այ էն քննություններ, նամակներ և այլնի հետ միասին կարող է, բայց մենակ դիմումների հիման վրա չեմ կարծում թե գործի։ Մենակ վճարովին էլ նորից չի լինի։ Լավագույն ուսանողները հենց դպրոցից հետո կգնան արտ երկրներ սովորելու (թեկուզ ռուսաստան), ոչ թե կսպասեն բակալավրիատը ավարտեն նոր։ Եվ ամեն դեպքում ինձ հայտնի չի և ոչ մի հաջողակ համակարգ, որտեղ ծախսերը միայն ուսանողներն են քաշում։

        Ներկայում էլ է հնարավոր առանց ռեպետիտորության ընդունվելը։ Ես 90-անների վերջում առանց ռեպետիտորության էլ ընդունվել եմ, հայերենն էլ թեկուզ և կոնկուրսային չէր, ստաբիլ 18-19/20 ստանում է։ Իհարկե սրա մեջ դեր էր խաղացել նաև հայաստանի այդ պահին լավագույն դպրոցներից մեկում ստացած կրթությունս, բայց թե կան շտեմարաններ, քննության ստանդարտներ, առանց ռեպետիտորի ընդունվելը լավ էլ իրական է։ Ուրիշ հարց է, որ ռեպետիտորի վրա ծախսվածը ահագին իմաստալից է, երբ չընդունվելը կամ վճարովի ընդունվելը շատ ավելի թանկ է նստում։

        Իմ անձնական կարծիքով, եթե բուհերից մարդիկ դուրս են մնում ուսումնական պատճառներով, ապա ընդունող մարմինը իր գործը բարեխիղճ չի կատարել (թե ով է ֆինանսավորում կրթությունը սրա հետ ոչ մի կապ չունի)։ Բարձրագույն կրթությունը ահավոր թանկ բան է, որպեսզի այն ապարդյուն վատնվի։ Իսկ այդ անհաջող ուսանողների վատնած տարիներն էլ ավելի թանկ են՝ թե իրենց անձնական կյանքի կտրվածքով և թե հասարակության ու երկրի տնտեսության համար։ Կարծում եմ Հայաստանին կսազեր գերմանական բազմապրոֆիլ բարձրագույն կրթության համակարգը։ Սակայն սա երևիթե գործում է պետական համապարփակ ֆինանսաֆորման ներքո միայն, ինչը Հայաստանում (առնվազն դեռ) անիրական է (բոլոր մակարդակների կադրերի պահանջարկը դեռ թույլ է, համակարգված կրթության փոխհատուցումն էլ՝ չնչին)։

  3. rubyrue says:

    Բյուր, էդ շտեմարանների ամենամեծ մինուսն էն ա, որ ուղղակիորեն բթացնում են դիմորդներին: Մարդիկ մաթեմատիկայի շտեմարանն անգիր արած քննության էին գնում ու 19 ստանում, էլ չեմ ասում պատահականորեն խաչերը դնելով լրացնելը:
    Որ շտեմարանները վերցնես ու թերթես, ավելի ու ավելի կհիասթափվես. հարցեր կան, որ մի 10 դասատու էլ հավաքվում, չեն կարողանում կողմնորոշվել:
    Էլ չեմ ասում միջի անթիվ -անհամար սխալները: Իբր սարքեցին, որ առանց կրկնուսույցի պարապեն դիմորդները, բայց վիճակը ավելի վատացրեցին: Հիմա դիմորդները օր ու գիշեր ինչ-որ տեստեր են անգիր անում ու արդյունքում շատերը տվյալ առարկային ոնց տախտակ եղել են, նույն ձև էլ մնում են:
    Խոսում ես բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումներից, բայց պետք ա դպրոցից սկսել: Լսված բա՞ն ա, որ մի տարի երկարացնեն դպրոցական ուսուցում, բայց էդ մի տարվա ընթացքում դաս չանեն, դպրոց գնալը դառնա ըստ ցանկության, դասատուներն էլ ասեն, բա պարապմունքի չե՞ք, խի՞ եք եկել:

    • byurie says:

      Լրիվ համաձայն եմ հետդ, Ռուբի ջան: Քանի դեռ ընդունելության քննություն կա, կրկնուսույց լինելու ա: Քանի դեռ կա Հայաստանի փտած կրթական համակարգ, առանց կրկնուսույցի կյանքը բարդ ա լինելու:

      Ինչ վերաբերում ա դպրոցի վերջին դասարանին, նույնիսկ մեր ժամանակ, երբ տասը տարի էր, էլի նույն վիճակն էր: Բայց պատկերացրու մեր դպրոցն ահագին խիստ էր, համ դասի պիտի գնայիր, համ կրկնուսույցի տնայիններդ հասցնեիր: Ահավոր էր: Գիշերը չքնած գնում էի, քնում դասի ժամանակ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: