Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Քաղաքը, որտեղ ոչինչ չկա

on January 24, 2013

DSCF2806

Մարդիկ երկրորդ անգամ Յոենսու չեն գալիս. սա էն հանրահայտ տուրիստական քաղաքներից չէ, որ հեռանալիս երազեն հաջորդ այցելության մասին: Ավելին՝ մարդիկ էստեղ պատահաբար են հայտնվում: Ոչ ոք Ֆինլանդիայում հայտնվելով չի մտածի՝ մի հատ էլ Յոենսուն տեսնեմ: Որովհետև Յոենսուում ոչինչ չկա: Կամ չկա մի բան, որ մնացած Ֆինլանդիայում չկա:

Յոենսուում չկան հետաքրքիր մարդիկ, սիրուն շենքեր, ժամանցի վայրեր, թանգարաններ: Էստեղ հայտնված ցանկացած մարդու համար ամենամեծ սպառնալիքը ձանձրույթն է, որովհետև պարզապես անելու բան չկա: Ու հենց էդպես էլ լինում է. ոչ ոք իր ոտքով չի հասնում Յոենսու, իսկ ով էլ պատահաբար հայտնվում է այստեղ, ձանձրանում է ու երազում այն օրվա մասին, թե երբ պիտի հեռանա ու էլ երբեք չվերադառնա:

DSCF2813

Յոենսուն իմ գիշերվա ամենավատ երազն էր: Էստեղ գալուց սարսափում էի դեռ ծրագրիս սկսվելուց առաջ ու անընդհատ վատ երազներ էի տեսնում, մտածում՝ գուցե արժե ամեն դեպքում երրորդ կիսամյակս էլ Խրոնինգենում անցնել: Վախերս բազմապատկվեցին, երբ Պոտսդամում հանդիպեցի կուրսիս մի կեսին, որն առաջին կիսամյակը Յոենսուում էր սովորել: Սկսեցի սարսափել նաև այստեղ սպասվող դասերից, տարբերակներ փնտրեցի էնպես անելու, որ կիսամյակս հնարավորինս շուտ ավարտվի: Ուզում էի հինգ ամիսը երկուսուկես սարքել: Հետո չորսի հետ հաշտվեցի:

Ու էդպես էստեղ եկա չափազանց ցածր սպասելիքներով կամ առանց սպասելիքների, բանտարկյալի նման՝ պատրաստ լինելով չորս ամիս բանտում անցկացնել, մարտականորեն տրամադրված, որ պիտի դիմանամ, սկանդինավյան դեպրեսիաներից մի այլ կարգի վախեցած:

DSCF2815

Հիմա ափսոսում եմ, որ հինգ ամիսը կրճատեցի: Ավելին՝ հոգուս խորքում նույնիսկ փոշմանում եմ, որ թեզիս համար Խրոնինգեն եմ գնում, որովհետև Յոենսուն սիրեցի: Էդպես էլ չհասկացա՝ ինչու, որովհետև էստեղ իսկապես ոչինչ չկա, իսկ ես քաղաքները սովորաբար սիրում եմ կա՛մ մարդկանցով, կա՛մ ինչ-որ մթնոլորտով, տեսքով, շնչով:

Սիրեցի նաև դասերս, մինչ համակուրսեցիներս բողոքում էին դասախոսներից ու առարկաներից: Սիրեցի ինքս էլ չհասկացա ինչու, բայց նկատեցի, որ ինչ անում եմ, հավեսով եմ անում, էլ չփոշմանեցի, որ էս ծրագրով եմ սովորում: Ու զարմացա, շատ զարմացա:

Բայց պիտի ասեմ, որ Յոենսուում շատ բան սովորեցի: Սովորեցի, որ քայլելու հեռավորությունը խիստ հարաբերական է, ու եթե անհրաժեշտություն կա, հանգիստ օրը 10կմ էլ կքայլես: Սովորեցի, որ ամեն դեպքում Եվրոպայում կան տեղեր, որտեղ այնքան էլ հեշտ չէ հասնելը: Լիքը բաներ սովորեցի ֆինների մասին, բայց դա առանձին գրառմամբ: Սովորեցի ցուրտը սիրել: Սովորեցի, որ մեր մանկության զգացողությունները չեն մոռացվում, այլ վերհիշվում են նմանատիպ իրավիճակում նորից հայտնվելիս: Սովորեցի սպասելիքներ չունենալ ու հասկացա, որ հենց դրանց բացակայության դեպքում է, որ ինչ էլ լինի, մեր սպասածից լավ է լինելու:

Եվ կարևորը՝ հասկացա, որ Յոենսուում ամեն դեպքում ինչ-որ բան կա: Կա ձյուն, կան սոճիներ, կան դրանց տակ թաքնված փայտե տնակներ, որոնցում երբեք չեմ լինելու, կա վառվող փայտի տաք հոտ, երբեք չբարձրացող արև, սառած ու սպիտակած գետ, պոչով ձյունը թափ տվող սկյուռիկներ, գիշերվա կեսին փողոցը հատող հսկա նապաստակներ, մթության մեջ ապակու նման փայլփլող ձյուն, աստղազարդ երկինք ու ավրորայի սպասում, չաշխատող ավտոբուսներ, ձյուն մաքրող մեքենաներ, որոնք երբեք իրենց գործը նորմալ չեն անում, անցորդներ, որոնց աչքերի մեջ կարող ես նայել հենց էնպես, ուղղակի որ համոզվես՝ դեռ ապրում ես, լոնգեռո կոչվող խմիչք, սուրճի հետ պուլլա, դժվար ու անհասկանալի լեզու, տաքուկ գրադարան, որտեղ ժամերն էնպես են թռչում, որ մեկ էլ ուշքի ես գալիս, երբ փակման ժամն է հայտարարվում:

Էստեղ ոչինչ չկա, որ ինձ հետ բերի. ո՛չ մարդիկ (որովհետև այս ամիսների ընթացքում ոչ մեկի հետ չծանոթացա ու առավելևս չկապվեցի), ո՛չ ինչ-որ վայրեր, որոնք դեռ կուզեի տեսնել (որովհետև ինչ հնարավոր էր ու անհնար արդեն տեսել եմ), ո՛չ կիսատ թողած գործեր (որովհետև հեռանալու եմ բոլոր կրեդիտներս հավաքած), բայց ես գիտեմ, համոզված եմ, որ մի օր վերադառնալու եմ էս քաղաքը, որտեղ ոչինչ չկա:

Advertisements

2 responses to “Քաղաքը, որտեղ ոչինչ չկա

  1. srtik says:

    Քո գրառումները կարդալով՝ ես էլ սիրեցի էդ քաղաքը։ ։)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: