Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մեծությունների ու նրանց (ան)սխալականության մասին

on January 25, 2013

Հայ ուսանողների մոտ նա նկատում է նաև տեքստի հետ աշխատելիս վերլուծական կարողության բացակայություն: Այսինքն` շարունակում է գործել խորհրդային շրջանից ժառանգված ձևը, երբ աշակերտները սովորում էին այն, ինչ գրված է տեքստում, բայց զերծ էին մնում իրենց սեփական կարծիքը, տեսանկյունը ներկայացնելուց:

«Երբ ուսանողներին հարցնում եմ` ո՞րն է քո կարծիքը այս տեքստի մասին, նրանք սկսում են կրկնել այն, ինչ գրված է տեքստում կամ տվյալ հեղինակի կարծիքը: Բայց ես ասում եմ` ոչ, ոչ, դու ի՞նչ կարծիք ունես, ինձ հետաքրքիր է քո կարծիքը», – ասում է Պաոլան:

Եթե վերևի հղմամբ գնաք, հետաքրքիր հոդված կկարդաք, ու լիքը բան կա մեջը, որի մասին արժե մտածել, բայց ուզում եմ հատկապես կենտրոնանալ մեջբերման վրա:

Չասեք՝ սխալ է ասում, ինքն ինչ գիտի, մեզ նման մտածող ազգ չկա և այլն: Չէ՛: Մենք էսօր լուրջ խնդիր ունենք թե՛ կրթական ոլորտում, թե՛ ընդհանրապես հասարակության մեջ, որովհետև քննադատական մտածելակերպը գրեթե վերացած է, իսկ եթե նույնիսկ կա, փորձում են ամեն կերպ սպանել դա: Ու ոչ ոք չի կարող ասել, թե էդպես չէ, որովհետև ստացած լինելով մի քիչ տարբեր դաստիարակություն, մեծացած լինելով մի ընտանիքում, որտեղ ինքնուրույն մտածելակերպը խրախուսվում էր՝ անընդհատ բախվել եմ մարդկանց, որոնք փորձել են ամեն կերպ սպանել վերլուծելու ունակությունս: Ցավոք, մասամբ հաջողվել է:

Հիշում եմ՝ երբ դպրոցական էի, նախապես որոշված էր, թե որ հայ գրողներին պիտի սիրեմ. նրանք բոլորը հայ գրականության դասագրքի մեջ էին: Եթե համարձակվեի Ֆրիկի կամ Պեշիկթաշլյանի հասցեին մի բան ասել, միանգամից պատերազմ էր դառնում, դասատուն «երկուսները» շարում էր: Իսկ արդեն Րաֆֆի ու Շիրվանզադե անցնելիս մի քիչ զուսպ էի պահում ինձ, հիմնականում ասում ու անում էի այն, ինչ դասատուն ուզում էր լսել. կռվի զահլա չկար:

Դպրոցում մենք պարտադրված հայրենասերներ ենք: Ոչ ոք իրավունք չունի հայրենիքը չսիրելու: Ոչ ոք իրավունք չունի ընդհանրապես վերլուծելու, թե ինչ է հայրենասիրությունը: Եթե համարձակվես ասել, որ դա կեղծ երևույթ է կամ որ դու հայրենասեր չես, հաջորդ օրն անպայման ծնող են կանչում:

Բայց արի ու տես, որ էս խնդիրները դպրոցով չեն սահմանափակվում: Համալսարանում էլ էնքան լավ եմ հիշում՝ մի անգամ մանկաբարձության դաս պատասխանելիս ասեցի, որ գրքում գրած ա՝ էկլամպսիայի ժամանակ հղիին ամինազին են նշանակում, բայց էնքան էլ համաձայն չեմ հեղինակի հետ, դասախոսը միանգամից վրա տվեց, թե՝ դու շատ փոքր ես հեղինակի հետ չհամաձայնելու համար:

Հետո արդեն հոգեբանների հետ էի վիճում, որոնցից շատերը Ֆրոյդի ամեն ասածը որպես բացարձակ ճշմարտություն էին համարում ու ասում, թե՝ ով դառար, որ Ֆրոյդին քննադատես: Մասնագիտական ոլորտից դուրս երբ ասում եմ՝ Սևակին չեմ սիրում կամ Շիրվանզադեն ախմախ գրող ա, միանգամից անուն են կպցնում, թե՝ ո՞նց կարելի ա մեծությունների մասին էդպես խոսել, թե՝ տարբերվելու համար ես տենց բաներ ասում:

Հա, հայ հասարակության համար չկա քննադատական մտածելակերպ, կան մեծություններ հարգողներ ու տարբերվելու ցանկություն ունեցողներ: Որևէ բանի մասին սեփական կարծիք ունենալը կարծես արգելված լինի:

Հենց էդպես մեզ համար մեծություններ ստեղծելով, նրանց անսխալական ու կատարյալ համարելով, չհամարձակվելով նրանց քննադատել անընդհատ դոփում ենք տեղում, ոչ մի քայլ առաջ չենք գնում, մինչդեռ աշխարհում գիտական հայտնագործությունների մեծ մասը հենց էդ հանճարների ասածները հարցականի տակ դնելով են լինում:

Հա, Խրոնինգենում մեր դասախոսը գալիս էր, Գրոդզինսկու հոդվածները դեմ տալիս, ասում՝ քննադատեք, ասեք՝ էստեղ ինչն ա սխալ: Ով չգիտի, ասեմ, որ Գրոդզինսկին ժամանակակից աֆազիոլոգիայի պապաներից ա, Չոմսկու տեսությունների հիման վրա տեսություններ ա հորինում, փորձնականորեն ապացուցում: Ու այ էդ ապացուցածը, էդ սիրուն ու կատարյալ գիտական տեքստի մեջ պիտի սխալներ գտնես, պիտի ասես՝ էսինչը էն չեն արել: Ու ոչ ոք չի ասում՝ ինքը մեծություն ա, իրան կպնել չի կարելի:

Ավելին ասեմ՝ նույն էդ Չոմսկուն փորձնականորեն էնքան սխալ հանեցին, որ խեղճը ստիպված ամեն օր իր տեսությունը փոփոխության ա ենթարկում: Դե պատկերացրեք էսքան հետազոտություն չանեին, Չոմսկին իր ծառերի բարձրությունից կնայեր, մենք էլ ներքևից կխոնարհվեինք իրա առաջ ու դարերով սուտի տեսության մեջ կապրեինք:

Չէ, ժողովուրդ, մեծություններին անսխալ հանելով մենք առաջ չենք գնա: Առաջընթացը սկսվում ա էն պահից, երբ մեծության ասածը հարցականի տակ ես դնում, չես համաձայնում: Ընդ որում՝ էս կարևոր պահ ա. ոչ թե մեծության անձից ես կպնում, այլ իրա ասածներից ու արածներից: Հակառակ դեպքում սպանելով քննադատական մտածելակերպը մեր հասարակության մեջ մենք ուղղակի ոչնչացնում ենք մեծությունների հաջորդ սերունդը:

Advertisements

5 responses to “Մեծությունների ու նրանց (ան)սխալականության մասին

  1. arammirzoyan says:

    Կարծում եմ, էս ամեն ինչի տակ մի այլ բան էլ կա թաքնված. եթե հասարակությունը, կամ ավելի ստույգ, դրա որակ կազմող մասը, այնքան հասուն լինի, որ կարողանա հիմնավորված քննադատի ազգի մեծերին, ապա մի գեղեցիկ օր էլ կսկսի նույն կերպ հիմնավորված քննադատել իշխանության գլուխ կանգնածներին: Ու էդ ժամանակ հասարակության քանակ կազմող մասն էլ կնկատի, որ король то голый: Կարճ ասած՝ մեծերի «անսասանությունը» յուրահատուկ պատվար է ամեն տեսակ քննադատությունների դեմ:
    Հ.Գ. Լավ ես գրել, շնորհակալություն:)

    • byurie says:

      Հա, ընդհանուր քննադատության մտքի բացակայության արդյունքում մենակ գիտությունը չի, որ տուժում ա: Բոլոր ոլորտներն են էդ վիճակում հայտնվում: Բայց հարց ա՝ որտեղի՞ց պետք ա սկսել:

      ________________________________

      • arammirzoyan says:

        Կարծում եմ, կարելի է փոքր բաներից սկսել: Ու ամենակարևորը, ներմուծել քննադատության նոր որակ, երբ քննադատությունը ձգտի նորարարությանը, այլ ոչ պարզապես հինը մերժելուն: Ու դե որ քննադատությունը լինի հնարավորինս հիմնավորված: Ու պետք ա սկսել քննադատության այդ նոր որակը երեխաների ու երիտասարդների մեջ սերմանել, քանի որ հասուն մարդկանց դժվար կլինի «հեղափոխել»:)

      • byurie says:

        Համաձայն եմ 🙂 դա պետք ա սկսել դպրոցներում շարադրությունների փոխարեն էսսեներ հանձնարարելով 🙂

        ________________________________

      • arammirzoyan says:

        Մնում ա գտնել դասատուներ, որոնք չեն ընդդիմանա էսսեի գաղափարին 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: