Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ինչպիսի՞ մարդիկ են ֆինները

on February 3, 2013

Ի տարբերություն գերմանացիների ու հոլանդացիների, ֆինների հետ շփումս խիստ սահմանափակ է եղել մինչև իրենց երկրում հայտնվելը: Ավելին՝ նույնիսկ այնտեղ ապրելու ընթացքում գրեթե առիթ չեմ ունեցել ֆինների հետ շփվելու, ինչն արդեն ինչ-որ բան ասում է նրանց մասին:

Մինչև Ֆինլանդիա գնալս ֆինների մասին պատկերացումներս սահմանափակվում էին Միրայով, որի հետ Իսպանիայում պրակտիկա եմ անցել ու որին միշտ ձգել է իսպանական-լատինաամերիկյան մշակույթը, և Վեսայով՝ մեր նույն ծրագրով սովորող, մի կուրս բարձր, որը շատ վաղուց հեռացել էր Ֆինլանդիայից՝ սովորելով Շոտլանդիայում, իսկ հետո նաև մեր ծրագրում, հիմա նոր վերադարձել է այնտեղ, փորձում է կարիերա անել:

Ֆինլանդիայում ապրելիս էլ շփվեցի միայն մատների վրա հաշված ֆինների հետ՝ Սոնյան, որի հետ նույն տանն էի բնակվում, մի քանի դասախոսներ ու մեզնով զբաղվող երկու ուսանողներ:

Ընդհանրապես, ֆիններին պատկերացնում էի որպես անսահման սառը, չշփվող ժողովրդի Պատճառներից մեկն էլ հենց դա էր, որ էդքան վախենում էի Ֆինլանդիա մեկնելիս: Իսկ սովորելու մեկնելուց առաջ, երբ Հայաստանից գնացող էրասմուս մունդուսցիներին հավաքել, ուղղություն էին ցույց տալիս, հարց հնչեց, թե որ ազգության հետ շփումից ենք վախենում: Պիտի կոպիտ քարտեզ գծեինք մեր կանգնած դիրքով: Բոլորը վազեցին դեպի Թուրքիա ու Ադրբեջան, իսկ ես թռա ծայր հյուսիս՝ Ֆինլանդիա:

Պատկերացրեք, սառնությամբ ու չշփվողականությամբ չէի սխալվել: Էդպիսի բան իսկապես կա: Բայց դա ընդամենը մակերեսային, հապճեպ բնորոշում է, որի տակ բազմաթիվ դրական հատկանիշներ են թաքնված:

Ֆիններն իսկապես շատախոս չեն, բայց դրա բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ նրանք հարգում են քո անձնական տարածքի իրավունքը ու չեն ներխուժում, եթե դու չես ցանկանում: Արդյունքում՝ երբեք քեզ չեն օգնի, բայց եթե կեսբերան խնդրեցիր, որևէ բան հարցրեցիր, ոչ մի ջանք չեն խնայի օգտակար լինելու համար, անգամ եթե անգլերեն չգիտեն:

Ֆինների չխոսկանության դրսևորումներից մեկն էլ թվերն են: Էնտեղ ուր գնում ես, եթե նույնիսկ հերթ չկա, միևնույն է, պիտի թիվ քաշես, նոր մոտենաս ծառայություն մատուցողին: Ասենք, բանկերն ու բուժհաստատություններն էլի հասկանալի են. Նիդեռլանդներում էլ է էդպես: Բայց արի ու տես, որ թիվ պետք է քաշեիր նաև գրադարանում, փոստում, դեղատանը, խանութի նվերների փաթեթավորման բաժնում և այլն: «Խոսելուց խուսափելու համար է արված»,- ասում էր իմ համակուրսեցիներից մեկը:

Ֆինները տարածք են սիրում: Դրա համար է երևի, որ տներն իրարից հեռու-հեռու են: Լապլանդիայում բնակվող ինտերնետային ծանոթներիցս մեկն ասում էր, որ իր կողքի հարևանը 2կմ այն կողմ է բնակվում: Ու երևի հենց էս տարածասիրությունն էր պատճառը, որ չնայած Յոենսուն շատ բնակչություն չունի, բայց ահագին ընդարձակ է, ու մի տեղից մյուսը հասնելու համար երկար ճանապարհ պետք է կտրել:

Ֆինները կազմակերպված են: Երբեմն նույնիսկ գերմանացիներից ու հոլանդացիներից ավելի: Արդյունքում՝ նրանց բյուրոկրատիան է՛լ ավելի մեծ ծավալների է հասնում, բայց կազմակերպվածության շնորհիվ շատ լավ գիտես որը որից հետո է, մեծ դժվարությունների չես հանդիպում:

Ֆիններն ինքնաքննադատ են: Երբ մի քանի ամիս առաջ Միրային հանդիպեցի Հելսինկիում ու ասացի, որ ինձ դուր է գալիս իրենց երկիրը, զարմացավ ու ասաց, որ ընդհանրապես պետք է նոյեմբերից Ֆինլանդիայի սահմանները փակել ու ոչ մեկի ներս չթողնել մինչև գարուն: Իսկ ֆիններենի դասախոսն անընդհատ ձեռ էր առնում իրենց չխոսկանությունը: Սոնյան էլ էր զարմանում, թե ինչու է իրենց երկիրն ինձ դուր եկել և առավելևս ինչու եմ ֆիններեն սովորում: Եթե գերմանացիների հետ համեմատենք, ապա վերջիններս չգիտեն, որ իրենք չխոսկան ու չշփվող են, մինչդեռ ֆինները գիտեն ու հարկ եղած դեպքում փորձում են փոխվել:

Ֆիններին օտար մշակույթները շատ չեն հետաքրքրում: Հենց էդ պատճառով նրանց չես գտնի միջազգային ուսանողների հավաքույթներում և ընդհանրապես այն վայրերում, որտեղ օտար մշակույթների մեծ կուտակում կա:

Ֆիններն ամեն կերպ փորձում են դիմացինի հետ լավ հարաբերություններ պահպանել: Եթե քո արարքներից որևէ մեկը նրան դուր չի գալիս, երբեք քեզ չի ասի այդ մասին, այլ ինչ-որ մեկին կբողոքի, որը կմիջամտի ու կփորձի ուղղել: Օրինակները բազմաթիվ են: Համալսարանի ճաշարանից գողության դեպքեր էին եղել, բայց ոչ թե բռնել էին գողերին, այլ բողոքել միջազգային բաժնին, որ կրկնվելու դեպքում ոստիկանություն կկանչեն: Ավտոբուսներում դիմացի տեղերը մեծահասակների համար են, բայց արտասահմանցի ուսանողները նստում են էնտեղ: Ոչ թե տեղներից հանել են, այլ բողոքել համալսարանին, որ ուսանողներին զգուշացնեն՝ էնտեղ չնստեն: Համալսարանի կոմպերը ֆեյսբուք մտնելու համար չեն: Ոչ թե մյուս ուսանողները եկել, ասել են՝ ինձ պարապելու համար կոմպ ա պետք, իսկ դու ֆեյսբուքում ես, այլ գնացել, գրադարանին բողոքել, թե էսինչը ֆեյսբուքում ա: Տանն աղմուկ ես անում: Ոչ թե դուռդ ծեծում են, ասում՝ սուս մնա, այլ անմիջապես ոստիկանություն կանչում: Եվ այլն, և այլն…

Սրա հետ մեկտեղ եթե ֆինները որևէ լավ բան են ասում (օրինակ՝ հաճոյախոսություն կամ որևէ տեղ հրավիրում), ուրեմն հաստատ կեղծավորություն չեն անում ու ձևեր չեն թափում, այլ իսկապես նկատի ունեն այն, ինչ ասում են:

Ֆիններն էլ են մեզ նման իրենց լեզվի վրա տարած: Մեծահասակները միշտ բողոքում են, թե ջահելները լեզուն կարգին չգիտեն՝ արհամարհելով լեզվի զարգացումը: Միջազգային տերմինների համար փախած ֆիններեն համարժեքներ ունեն, որ լեզուդ կոտրվում է արտասանելիս:

Ընդհանրապես, չնայած բոլոր թերություններին, ֆինների մարդկային տեսակն ինձ դուր եկավ: Նրանց բոլոր վատ կողմերը սկսեցի արհամարհել, երբ հասկացա, որ հենց իրենք էլ այդ վատ կողմերի մասին գիտեն, իսկ դա ամենադրական հատկանիշն է, որ մի ազգություն կարող է ունենալ:

Հ.Գ. Սա ընդհանուր բնորոշում է: Բնականաբար, չեմ ժխտում, որ կգտնվեն մարդիկ, որոնք չեն համապատասխանում այս կամ այն կետին: Առավելևս չեմ բացառում, որ խիստ սուբյեկտիվ եմ ու որոշ բաներ սխալ եմ նկատել:

Advertisements

2 responses to “Ինչպիսի՞ մարդիկ են ֆինները

  1. uluana says:

    Ինձ էլ դուր եկան ֆինները։ :)))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: