Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Իմ մաթեմի դասատուն

on February 10, 2013

Մեր ապուշ դպրոցում մատների վրա հաշված ուսուցիչներ կային, որ իսկապես ինձ գիտելիք են տվել ու որոնց շնորհիվ չեմ փոշմանում, որ ընդհանրապես դպրոց գնացել եմ: Նրանցից մեկն էլ իմ մաթեմի դասատուն էր՝ ընկեր Խոջոյանը, որն ինձ բավական երկար է դասավանդել՝ չորրորդ դասարանից մինչև ավարտելս:

Երբ Պրագայից վերադարձանք, դժվար էր հայկական կրթական համակարգին հետ հարմարվելը: Ամենաբարդը հայերենը, մաթեմն ու ռուսերենն էին: Լեզուները երևի պարզ է՝ ինչու, իսկ մաթեմի ծրագիրը Պրագայում շատ թեթև էր: Գնացել էի էնտեղ Հայաստանի երկրորդ դասարանի գիտելիքներով, բայց երկու տարվա ընթացքում ավելի շատ բան չէի սովորել, չնայած ամբողջ դասարանից առաջ էի ընկել ու ավելի բարձր դասարանների դասագրքերով էի մաթեմ անցնում:

Արի ու տես, որ Երևանում դա քիչ էր ոչ միայն այն պատճառով, որ հայկական ծրագիրն ավելի բարդ էր, այլ որովհետև չորրորդ դասարանում մեզ մաթեմ դասավանդող ընկեր Խոջոյանը բավական մեծ պահանջներ ուներ:

Հիշում եմ՝ սկզբում սարսափում էի նրանից: Վախենում էի որևէ օր առանց տնային անելու դասի գնալ, ստուգողական բառն էլ իմ ամենավատ երազներից ոնց որ լիներ: Ընկեր Խոջոյանն էլ էն ցնդած պառավ դասատուներից չէր: Բավական ջահել էր (կարծեմ մամայիս տարիքին) ու սիրուն: Չնայած դրան, շատ հազվադեպ էր ժպտում, էն էլ էն դեպքում, երբ ինչ-որ մեկը կատակ էր անում, ու չէր կարողանում ծիծաղը զսպել:

Չորրորդ դասարանի ստուգողականներից մեկում մի անգամ ուղղագրական սխալ էի արել: Կարմիրով ուղղել էր, ասել էր, որ դրա համար գնահատական չի իջեցնում, բայց մյուս անգամ ուշադիր լինեմ: Այ էդպիսին էր Խոջոյանը:

Էդպես սարսափելով, նրանից վախենալով չորրորդ դասարանի քննությունը «քսան» ստացա (ասեմ, որ հայերենն ավելի ցածր էի ստացել) ու ահագին զարմացա, որովհետև Խոջոյանի դասերին «չորսի» հազիվ էի ձգում, իսկ քննության հարցերն ինքը չէր կազմել, համընդհանուր էր ողջ հանրապետության համար:

Հետագայում էլի շարունակում էի նրանից ու նրա խստությունից վախենալ, բայց տարիների ընթացքում դա հարգանքի փոխվեց, իսկ իններորդ դասարանում նույնիսկ սկսեցի գժվել մաթեմի համար, ու իմ ընդունելության առարկաները թողած հանրահաշվի վարժությունները լուծելով առաջ էի գնում: Էդքանով հանդերձ մյուս առարկաներից «գերազանց» ստանալը շատ հեշտ էր, իսկ մաթեմի համար ահագին տանջվում էի:

Պատահում էր, որ Խոջոյանը բացակայում էր: Վայ, եթե որևէ մեկը գար փոխարինելու: Հիշում եմ գրատախտակի մոտ տանջվող դասատուների, որ չէին կարողանում Խոջոյանի հանձնարարած վարժությունները լուծել: Հիշում եմ կռիսականը խոդի տված դասատուների, որ դիտմամբ բարց հարցեր էին դնում ստուգողականներին, որ չկարողանանք գրել: Խոջոյանը տենց չէր. ինքը միշտ էնպես էր անում, որ «երեք» ստանալը հեշտ լինի, իսկ ավելի բարձրի համար գլուխ ջարդես:

Հա, մեկ էլ հիշում եմ, որ ահավոր չար էի դպրոցում: Հատկապես անգլերենի ու հայերենի դասատուներս ձեռս գժվում էին: Էլ ծնող կանչել, էլ ուսմասվարի մոտ տանել, էլ «երկուսներ» շարել: Մեկ-մեկ էլ Խոջոյանի մոտ անկեղծանում էին, բողոքում ինձնից, ինքն էլ աչքերը չորս արած, զարմացած ասում էր, որ իր դասերին շատ լուռ ու ուշադիր եմ, որ երբեք վատ վարք իմ կողմից չի տեսել: Ճիշտ էր ասում: Մտքիս ծայրով էլ չէր անցել Խոջոյանի դասին ուրիշ բանով զբաղվել կամ չլսել ու աղմկել:

Էդպես մի օր դպրոցն ավարտեցինք: Տասներորդ դասարանի վերջին երկու ամիսներին մի քիչ մաթեմ պարապեցի, որ կարողանամ մեդալ ստանալ: Ի տարբերություն մնացած դասատուների, որոնք ջղայնանում են, երբ իմանում են, որ իրենց առարկան ուրիշի մոտ պարապում են, Խոջոյանն ինձ ոգևորում էր, ասում էր՝ լավ է, որ պարապում եմ, որ կկարողանամ հանձնել քննությունը:

Բայց դե երևի չգիտեր, որ եթե ինքը չլիներ, ընդամենը երկու ամիս ստից-մտից պարապելը շատ քիչ կլիներ էդ քննությունից «տասնինը» և բարձր ստանալու համար: Ինքը չգիտեր, թե կյանքն ինչքան հեշտ էր ինձ համար համալսարանում, որովհետև ի տարբերություն մյուսների, իմ մաթեմի գիտելիքները ֆիզիկայից ու կենսաբանությունից պակաս չէին, հետևաբար շատ հեշտ հասկանում էի համալսարանի բարձրագույն մաթեմատիկան:

Երբ արդեն ուսանող էի, մի օր տեսա նրան ու շնորհակալություն հայտնեցի, որ ինձ էդքան մաթեմ է սովորեցրել: Ասաց, թե ինքը կապ չուներ, ես էի խելոք: Չէ, ուներ, շատ ուներ, որովհետև իրոք մաթեմն էն առարկաներից էր, որ դպրոցում սովորել էի, ոչ թե հայերենի պես ինքնուս էի կամ քիմիայի պես բոբիկ:

Հետո էլի տեսա: Ասեց, որ դպրոցից դուրս է եկել, էլ դաս չի տալիս: Ափսոսացի, որովհետև էդպիսի դասատուների կարիք մեր դպրոցներն էսօր շատ ունեն: 

Էս վերջերս նորից մաթեմի հավես ունեցա: Մտածում էի՝ գամ Երևան, մի երկու դասագիրք առնեմ, սկսեմ մանրից վերհիշել անցածս: Բայց ամենադաժանն այն է, որ էս վերջերս ամեն գիշեր երազիս մեջ Խոջոյանին եմ տեսնում: Երբեմն դպրոցում, երբեմն՝ դպրոցից դուրս: Ամեն անգամ գրկում է ինձ, ինչ-որ բանից պաշտպանում:

Հույս ունեմ՝ լավ է:

Advertisements

5 responses to “Իմ մաթեմի դասատուն

  1. srtik says:

    Մաթեմն իմ ամենասիրելի առարկան ա, ոնց որ հոբբի լինի։ Հաճախ ա պատահում, որ նստեմ հավեսի համար վարժություններ լուծեմ։ Համալսարանն ավարտելուց հետո քոլեջում մի քանի դաս վերցրի հենց էնպես, շատ հավես էր։ ։) Մեկ-մեկ փոշմանում եմ, որ մաթեմի գծով չգնացի, բայց դե արդեն ուշ ա։
    Էս գրառումը կարդալու ընթացքում մաթեմի բոլոր դասատուներս աչքիս առաջ եկան, մի օր հավես ունենամ, ես էլ գրեմ… Շնորհակալություն։)

    • byurie says:

      Գրի էլի, շատ հետաքրքիր կլինի 🙂

      Ես չեմ փոշմանում, որ մաթեմի գծով չգնացի, որովհետև մի տեսակ մի սահման կա, որից շատ խորանալ չէի ուզում, որից շատ չէի էլ կարա, ընդունակություններս չէին ների: Իմ անասուն ուղեղը նենց ա կազմված, որ ամեն ինչից մի քիչ-մի քիչ ա լավ: Դրա համար երևի իդեալականը բժշկությունն էր:

      ________________________________

    • Teak Wiki says:

      hեչ էլ ուշ չի, սրտիկ ջան։ Եթե իսկապես սեր կա մոտդ մաթեմի նկատմամբ, դիմի մագիստրատուրա/ասպիրանտուրա․․․ ի դեպ մաթեմատիկական կենսաբանություն ճյուղ էլ կա։ 🙂

      • srtik says:

        Ախր ահագին մաթեմի Upper Div դասեր են պետք, որ չեմ անցել… extension կուրսեր էլ չեմ ուզում վերցնել։
        Մաթ. կենսաբանության մասին գիտեմ։ Անցյալ տարի էդ ճյուղով PhD Programi էի դիմել, չընդունվեցի, որովհետև research չեմ արել կենսաբի ոլորտում։ ։( Չնայած երևի սխալ էր միանգամից PhDի դիմելը, բայց դե… ։))

  2. […] ի՜նչ լավ է, որ պրծել եմ էդ դպրոցից: Մենակ թե կարոտում եմ Խոջոյանին, Յոլչյանին ու Սվազյանին: Կարծեմ նրանցից ոչ մեկն էլ մեր […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: