Մեր համալսարանի Հարմոնիա մասնաշենքի սրճարանում մի տեղ կա պատուհանի մոտ, որ նստում ես բարձր աթոռներին, ինքդ քեզ հետ մենակ մնում, նույնիսկ եթե սրճարանը լիքն է: Այնպես է հարմարեցված, որ անգամ կարող ես էնտեղ պարապել գրադարան գնալու փոխարեն: Իսկ ես սիրում եմ ցերեկվա մի բաժակ սուրճս հենց էնտեղ խմել, հետո վերադառնալ դասերիս:
Անցյալ տարվա սեպտեմբերին էր, երբ այդ բարձր աթոռներից մեկի մոտ նստած պարապելու բան չունեի, բայց ուղիղ մի ժամ պիտի Քրինային սպասեի: Ես ժամանակ սպանելու շատ միջոցներ ունեմ. գրում եմ, կարդում եմ, եթե դաս կա, դաս եմ անում, եթե կոմպ կա, ինտերնետ եմ մտնում, բայց էդ օրը դրանցից ոչ մեկն էլ չարեցի: Չնայած դրան, մի ժամն ակնթարթի պես թռավ:
Նստած մտածում էի, թե ինչու եմ ուզում Հայաստան վերադառնալ: Մտքերս խառնշտորում, դասավորում, հետ ու առաջ էի տանում, հիմնավորումներ փնտրում: Արդյունքում էս գրառումը ծնվեց:
Էսօր էլի հենց էդ նույն տեղում էի նստած, ցերեկվա սուրճս էի խմում: Ու էլի կողքից զբաղվելու բան չունեի: Ուղղակի հիշեցի սեպտեմբերի ոգևորությունս, նայեցի ներկայիս վիճակին ու ինքս ինձ հարց տվեցի. ինչու՞ եմ այդքան վախենում Հայաստան վերադառնալուց:
Էլի երկար փորփրումներ, մտքերի տեղաշարժ, փոթորիկ, հետ ու առաջ, մինչև վերջապես գտա պատասխանը: Ես վախենում եմ վերջին անգամներից, երբեքներից, այլևս-ներից: Եթե իմանայի, որ կկարողանամ հաճախ Եվրոպա գնալ, եթե իմանամ, որ վերադառնալուն պես բոլոր դռները (ներսից) չեն փակվելու ինձ վրա, գուցե էսքան չվախենամ: Որովհետև վախենում եմ մարդկանց նորից չտեսնելուց, վախենում եմ այ էս նույն քաղաքում նորից չլինելուց, նորից էս պատուհանի մոտ սուրճ չխմելուց: Վախենում եմ էս ամենը կորցնելուց:
Ու հասկացա, որ վախերս անհիմն են: Ախր մինչև սովորելու մեկնելս էլ սուտի աշխատանք ունենալով ամեն տարի հաջողացնում էի կարճ ժամանակով Եվրոպա ճողոպրել: Իսկ հակառակը՝ Եվրոպայից Հայաստան գնալը, միշտ էլ հնարավոր է ու իրագործելի:
Մտածեցի, երկար մտածեցի, մինչև սուրճս սառեց, ու նկատեցի, որ արդեն մի ժամ անցել է: Մտածեցի ու եկա այն եզրակացության, որ ընդհանրապես կլինիկական լեզվաբանությունն իմ կենսագրական սխալն է, մի փաստ, որ կամաչեմ սի-վիիս մեջ գրել: Մնում եմ միայն վերջին ուժերս հավաքել, վերջացնել թեզս ու վերադառնալ Հայաստան կյանքս շարունակելու էնպես, ինչպես կշարունակեի 2011-ի սեպտեմբերին հոգեբուժության կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո:
One thought on “Կենսագրական սխալ”