Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հանգիստը թաց մազերով

on February 15, 2013

Խրոնինգեն

Առավոտյան չհասցրի մազերս չորացնել, հենց էդպես հեծանիվ նստեցի: Քամի էր ու ցուրտ: Սառնությունը մտնում էր մազերիս մեջ, գլուխս անզգայացնում: Իսկ երբ հասա կայարան, հաճելի տաքություն իջավ դեմքիս: Ասես ինչ-որ բան գլխիցս ընկել էր, ինչ-որ սեղմող բան թուլացել: Հիմա կնստեմ գնացք ու կսկսեմ երկար ճամփորդությունս: Հանգստի օր է. ոչ մի ինտերնետ, մի հաստափոր գիրք պայուսակումս, բլոկնոտս՝ գրելու համար, ապարատս, փլեյերս, մեկ էլ մի քանի սենդվիչ ու խնձոր, որ սոված չմնամ:

Զվոլե

DSCF7756

Զվոլեի կայարանում հաճախ եմ լինում, որովհետև Խրոնինգենն աշխարհի հետ կապող կենտրոն է: Կարճ ասած՝ գնացք փոխելու տեղն է: Բայց Զվոլե քաղաքում նախկինում մի անգամ եմ եղել. գնացել էի կացության իրավունքս ստանալու: Հիշում եմ՝ անձրև էր ու ցուրտ, ու մենք վազում էինք, որ շուտ ստանանք քարտն ու վերադառնանք Խրոնինգեն:

Էս անգամ մենակ էի, բայց նորից նույն գործով էի գնացել: Էս անգամ անձրև չկար, բայց քամի էր՝ զզվելի ու անտանելի: Դրա դեմ կռվելով մի կերպ առաջ էի գնում դեպի IND կոչվող շենքը: Ու աչքիս առաջ այն նույն Զվոլեն էր անդուր անձրևով: Հագուստս, որը Ֆինլանդիայի մինուս քսանից էր ինձ փրկում, էս անգամ չէր պաշտպանում, ու ես կարմրած քթով, արցունքակալած աչքերով մի կերպ ինձ նետեցի շենքից ներս:

IND-ն տխուր տեղ է, որովհետև էնտեղ տեսնում ես զանազան ազգությունների ներկայացուցիչների, որ ինչ-որ հույսերով, սպասումներով կամ հիասթափություններով ինչ-որ բանի են սպասում: Իսկ բանը հեշտ էր. պատրաստի քարտը պիտի վերցնեի ու գնայի:

Դելֆտ

Մի տեսակ ափսոսում էի օրս ու փողերս փչացնել միայն Զվոլե գնալու համար: Դրա համար էնպես հարմարացրեցի, որ Դելֆտ էլ գնամ: Ինձ պետք էր գնացքում երկար ժամանակ անցկացնել, որ շատ կարդամ ու կտրվեմ աշխարհից: Ինձ պետք էր Դելֆտը ցերեկով էլ տեսնել, որովհետև անցյալ տարի, երբ հասանք այնտեղ, արդեն մութ էր: Ինձ պետք էր նաև անձրև, որ քայլեի տակն ու թրջվեի: Ինձ մի քիչ ռոմանտիկա, մի քիչ էլ տխրություն էր պետք:

Իսկ Դելֆտը չէր փոխվել: Ասես անցյալ տարվա այն երեկոն երեկ լիներ: Նույն շինարարությունը, կամրջի վերևում ամրացված նույն հին հեծանիվը, նույն շենքերը, նույն խանութները: Էնքան ծանոթ էր էդ ամենը, որ հավատս չէր գալիս՝ ընդամենը մի ժամով եմ եղել քաղաքում, այն էլ մթության մեջ:

Միակ տարբերությունն այն էր, որ մարդաշատ էր, ու խանութները բաց էին: Բայց էլի թվում էր՝ հեքիաթի մեջ եմ մտել, թվում էր՝ դարը փոխվել է: Չնայած դրան, այնքան էլ ուրախ չէի էնտեղ լինելու համար, որովհետև հեքիաթը ծեծված ու շաբլոն էր դարձել:

DSCF3058

Նիդեռլանդներից հեշտ է անձրև ուզելը, ու անպայման կտա: Բայց էս անգամ ձյուն էր գալիս: Զզվելի, սառցի կտորներով, քամոտ ձյուն էր: Հարվածում էր դեմքիս, թարթիչներիս, քթիս, ականջներիս, ու ես մի կերպ ինձ գցեցի սրճարան, բռնեցի տաք շոկոլադով լի գավաթը և սկսեցի կամաց-կամաց ձեռքերս նորից զգալ:

Պետք էր երկրորդ անգամ գալ Դելֆտ հասկանալու համար, որ երկրորդ անգամ գալու կարիք բոլորովին չկար:

Ինձ համար քաղաքները երկու տեսակի են լինում. անվերջ վերադարձով ու առանց վերադարձի: Չկան երկու, երեք, չորս անգամ տեսնելու քաղաքներ:

Լայդեն

Խրոնինգեն գնալու ճամփին Լայդենում իջա: Եղբորս շրջապատից Լիլիթն էնտեղ է հիմա, սովորում է: Հանդիպեցինք, ծանոթացա նաև նրա սենյակակցի հետ: Հավես երեկո էր: Վաղուց հայերի չէի տեսել, հայերեն խոսելու կարիք ունեի: Հայերեն խոսելն ու հայերի հետ շփվելն իմ ամենամեծ պահանջներից է, որովհետև պարտադրող չէ, անկետա լրացնողի հարցերով չէ, ու ծանոթությունը կարող է սկսվել «դեմքդ ծանոթ ա, որտե՞ղ եմ տեսել» արտահայտությամբ:

Խրոնինգեն

Նիդեռլանդներում տեղացող ձյունն ամբողջ պետությունը պարալիզում է: Դեռ նախորդ օրը կանխատեսել էին, որ անսպասելի ձյան պատճառով գնացքները լավ չեն աշխատելու: Դրա համար Խրոնինգեն վերադառնալը սովորականից երկար տևեց: Գնացքներն ուղղություն էին փոխում, փոշմանում, ուշանում, երկար ժամանակ կանգնում ինչ-որ չոլում: Բայց ես դեմ չէի դրան, որովհետև էդպես երկարում էին իմ կարդալու ժամերը, ու ես իմ բոլոր զգայարաններով մտել էի Ջոնաթան Ֆրանզենի «Ազատության» մեջ:

Կեսգիշերն անց էր, երբ Խրոնինգեն հասա: Էստեղ այնքան ձյուն չէր եկել, որքան երկրի արևմուտքում: Էստեղ մանր անձրև էր տեղում: Անցյալ տարի, երբ մի օրում հինգ քաղաք գնացինք ու վերադարձանք Խրոնինգեն, ընթացքում հասցրել էր ձյուն գալ: Էս անգամ էլ:

Նստեցի հեծանիվս ու հնարավոր ամենամեծ արագությամբ սլացա տուն: Ներս մտա մատների ծայրերի վրա, որ ոչ ոքի չարթնացնեմ: Հանեցի վերարկուս ու նկատեցի, որ մազերս թաց են՝ ճիշտ այնպես, ինչպես առավոտյան:

Advertisements

5 responses to “Հանգիստը թաց մազերով

  1. […] գնացք ու մեկնեցի ռոմանտիկ ճամփորդության դեպի գողտրիկ Դելֆտ, ռոմանտիկ զբոսանքից հետո նստեցի մի սրճարանում ու […]

  2. ivy says:

    Դու ոնց ես հասցնում էսքան գրել…

  3. ivy says:

    Դեմք 😀 Ես մտածում եմ՝ դու ուղղակի շատ արագ ես գրում, ուրիշ ոչ մի ձև չեմ կարող հասկանալ, թե ոնց կարող ես հասցնել էսքան գրել 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: