Մի քիչ ցրվենք էս ընտրություններից, մի բան պատմեմ: Համ էլ որոշել եմ ընդհանրապես ներկայացնել, թե ինչ ռեակցիա են տալիս օտարները, երբ ասում եմ՝ հայ եմ, այսինքն՝ կոպիտ ասած ինչ գիտեն մեր մասին օտարները:
Քաղաքապետարանում նստած հերթիս եմ սպասում: Մեկ էլ կողքս նստած հոլանդացի մի տղամարդ սկսեց հոլանդական բյուրոկրատիայից բողոքել: Հարցրեց, թե իմ երկրում ոնց է: Ասացի, որ Նիդեռլանդներում գոնե մի քիչ պատկերացնում ես՝ որ թուղթն ինչի համար են ուզում, իմ երկրում մեկ-մեկ էնպիսի բաներ կուզեն, որ գլխիդ մեջ չի տեղավորվի: Բնականաբար, հարցրեց, թե որն է իմ երկիրը:
– Ես Հայաստանի մասին ոչինչ չգիտեմ,- ասաց,- Հունգարիայից արևելք էլ կյանքում չեմ գնացել:
Դե հա, նորմալ, սովորական, միջին վիճակագրական եվրոպական ռեակցիա (չնայած արդարության համար պիտի ասեմ, որ հենց հոլանդացիների համար սա այնքան էլ տիպիկ ռեակցիա չէր): Մեկ էլ.
– Ես մենակ հայկական ֆոլկն եմ լսել:
Այ էստեղ խառնվեցի իրար: Էս ո՞վ էր էս մարդը, չլինի՞ Ռիկի թեզն էր կարդացել: Թե չէ մեր երաժշտությունից ո՞նց պիտի խաբար լիներ:
– Ծնողներս տարբեր երկրների ֆոլկը հավաքում են: Բայց պիտի ասեմ, որ հայկականը բավական դժվար էր ճարելը: