Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Անահիտը

on March 3, 2013

Ուղիղ տասը տարի առաջ վերջին անգամ տեսա Անահիտին: Ծննդյան հաջորդ օրն էր: Չէի կարողացել ճիշտ օրը գնալ, որովհետև կենսաբանության օլիմպիադային էի պատրաստվում: Զանգեց ու պնդեց, որ գոնե հաջորդ օրը գնամ: Չմերժեցի: Ու լավ էր, որ չմերժեցի: Այլապես էդպես էլ չէի հիշելու, թե վերջին անգամ երբ էի տեսել: Ամռա՞նը, երբ մի երեկո երկար ընդմիջումից հետո, բայց հին սովորության համաձայն դուրս եկանք մեր այգում զբոսնելու: Թե՞ դրանից հետո էլի ենք տեսնվել: Չեմ հիշում:

Անահիտն անտանելի նիհարել էր, դիմագծերը սրվել էին, գունատ էր, մազերը պակասել էին՝ երկու շատ բարակ հյուս ուներ: Չեմ հիշում՝ էդ օրն ինչից խոսեցինք: Մեր հեռախոսային խոսակցությունների՞ ժամանակ էր, թե՞ հենց վերջին հանդիպման օրը, երբ ծրագրում էինք, որ սեպտեմբերից միասին դասի կգնանք:

Էդ ժամանակ ես տասներորդ դասարան էի, պարապում էի, որ բժշկական ընդունվեմ: Անահիտի տասնութը նոր էր լրացել: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ էր ընդունվել, բայց հիվանդության պատճառով տարկետում էր վերցրել: Ուզում էր սեպտեմբերից շարունակել:

Մենք իրար ճանաչում էինք տասնմեկ-տասներկու տարեկանից, երբ նույն նկարչության խմբակն էինք հաճախում: Հետո պարզվեց, որ նույն փողոցում ենք ապրում, նույն տիպի երաժշտություն ենք լսում ու նույն տիպի գրքեր ենք կարդում: Էդպես մտերմացանք: Դպրոցում մտերիմ ընկերներ չունեի: Դրա համար Անահիտն ինձ համար հայտնագործություն էր:

Ամառները միասին էինք անցկացնում՝ դուրս գալով այգում զբոսնելու: Ռոք համերգներ էինք գնում միասին, ռադիո լսում ու դիջեյների ներվերն ուտում միասին: Մեր ձայներն անտանելի նմանվել էին իրար, ու շատերն այլևս չէին էլ տարբերում: Սերիալներ էինք գրում միասին, օրագրեր պահում ու ամառային երեկոներին օղակաձև զբոսայգու սև շատրվանների մոտ նստած բարձրաձայն կարդում նույն իրադարձության սեփական մեկնաբանությունները: Մեր սերերից էինք խոսում, իրար վստահում բոլոր գաղտնիքները:

Հիմա ահավոր կարոտում եմ Անահիտին: Մինչև հիմա էլ, երբ մի բան լինում է, փնտրում եմ նրան, որ պատմեմ: Այս տասը տարիների ընթացքում շատ ընկերներ եկան-գնացին կամ մնացին, շատերի հետ կապվեցի, բայց, միևնույն է, Անահիտի կարիքը շատ եմ զգում, որովհետև երբեք որևէ մեկը չի եղել, որ էդքան նման լինի ինձ: Ուզում եմ տեսնել, թե ինչպիսին է նա քսանութ տարեկանում, ինչով է զբաղվում, ինչն է հուզում նրան, ինչն է անհանգստացնում, ինչ երաժշտություն է լսում կամ ինչ է կարդում: Չեմ հավատում, չեմ հաշտվում այն մտքի հետ, որ ես նրանից երկար եմ ապրել, որ ես նրանից մեծ եմ հիմա, որովհետև մինչև տասը տարի առաջ մեծը միշտ ինքն էր: Ու անընդհատ ուզում եմ գրել նրա մասին, ուզում եմ կանչել պատմվածքներիս մեջ, ուզում եմ մեր արկածները տեքստ սարքել, բայց չի ստացվում. ուրիշ ուղղությամբ եմ գնում, փախչում եմ, թաքնվում, վերջիվերջո հանձնվում՝ պատկերացնելով, որ, սեպտեմբերը, այնուամենայնիվ եկավ, ու մենք միասին դասի գնացինք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: