Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Լիզայի ձայները (պատմվածք)

on March 22, 2013

Սա էլ մրցույթում հաղթած պատմվածքս: Ներկայացրածս մյուս գործն ու տեսահոլովակը կարող եք կարդալ ու դիտել այստեղ:

Լիզայի ձայները
Ամեն անգամ սիրտս կանգնում է, երբ առաջին էպիզոդի հիվանդ է գալիս, իսկ ավելի ճիշտ՝ երբ բերում են նրան: Աչքիս առաջ է հայտնվում ևս մեկ կործանված կյանք, ևս մեկ դժբախտ ընտանիք, մի երիտասարդ, որը երեկ գուցե հույսեր ու երազանքներ ուներ, բայց այսօրվանից սկսած նրանից անբաժան է լինելու ճակատագրական ու անելանելի ախտորոշումը՝ շիզոֆրենիա: Հարազատները սկսելու են ամաչել նրանից, խուսափել ընտանեկան հավաքույթներին բարձրաձայն խոսել նրա մասին ու միայն խոհանոցում կանայք միմյանց շշուկով հարցնելու են, թե էդ ինչ էղավ, որ խելքը թռցրեց: Ապրելու է դեղերի անվերջ սրվակներով, ծանր դեպքերում՝ հոսպիտալացումներով ու ներարկումներով: Ապրելու է մի կողմից կռվելով դեղերի կողմնակի ազդեցությունների՝ ավելորդ քաշի, ակամա շարժումների, իմպոտենցիայի կամ դաշտանի խանգարումների դեմ, մյուս կողմից տանջվելով հիվանդության ախտանիշների՝ զանազան անդուր կամ հաճելի ձայների ու տարօրինակ, անհեթեթության հասնող մտքերի ձեռքին:

Լիզան էլ մի էդպիսի հիվանդ էր: Սկզբում հայրը եկավ, նկարագրեց աղջկա վիճակը:

– Առանց հիվանդի ոչնչով օգնել չեմ կարող,- ասացի:

Պիտի որ նշանակեր, որ միջին տարիքի այս պարոնը, որը երևում էր՝ կյանքը նվիրել էր երեխաներին մեծացնելուն ու բարեկեցիկ ապագա ապահովելուն ու որն այնքան նիհար էր, որ նույնիսկ հին հայկական ավանդական փոր չուներ, գլուխը կախ կհեռանար ու կգար միայն մի քանի օր անց, երբ Լիզայի վիճակն այնքան անտանելի կլիներ, որ ստիպված շտապօգնությունով պիտի կբերեին:

Բայց չէ: Դուռը փակվեց ու վայրկյաններ անց ներս մտավ վախեցած բարձրահասակ մի գունատ աղջիկ, շագանակագույն երկար հյուսով, նուրբ ու երկար մատներով, չթից հասարակ զգեստով, ոտաբոբիկ:Մտավ ու ոչ մի բառ չասաց, ոչ մի տեղ չնայեց: Դիմախաղը լրիվ մեռած էր, ու կկարծեի՝ դիմակ է հագել, եթե աչքերը չկայծկլտային:

Լիզայի հետ մենակ մնալով անակնկալի եկա, որովհետև չնայած մեր պրակտիկայում կարևոր է հիվանդի հետ առանձին զրուցելը, հայկական իրականության մեջ դա գրեթե անհնար է. հարազատները ցանկանում են ամեն ինչ իմանալ: Ու հաճախ նրանք շատ ավելի անտանելի են դառնում, քան պաշտոնական հոգեբուժական ախտորոշում ունեցողը:

Մինչ ինձ կհավաքեի, որ հրավիրեմ նստելու ու սկսեմ հարցեր տալ, Լիզան ևս երկու քայլ առաջ եկավ ու սկսեց տարօրինակ շարժումներ անել: Ավելի ուշադիր նայելիս նկատեցի, որ պարում է: «Կանդինսկի»,- մտածեցի:

– Լիզա, մի վայրկյան կդադարեցնե՞ս պարդ, զրուցենք:
– Սա ես չեմ,- ասաց,- ինձ ստիպում է:

«Դասական Կանդինսկի»,- համոզվեցի:

Ախտանիշներն ինչքան էլ ակնհայտ լինեն, խուսափում ենք պսիխոզի առաջին էպիզոդից «շիզոֆրենիա» դնելուց՝ փորձելով հնարավորինս երկար խնայել հիվանդի կյանքը, հնարավորինս երկար հուսալ, որ ամեն դեպքում սխալվել ենք: Բայց երբ տեսնում ես Կանդինսկի-Կլերամբոյի հոգեկան ավտոմատիզմի հանրահայտ համախտանիշը, իրականությունից փախչել չես կարող. շիզոֆրենիան է որ կա, նույնիսկ եթե անունն ուղղակի «սուր պսիխոզ» դնես:

– Ո՞վ է ստիպում,- հարցրի՝ փորձելով զառանցանքների բովանդակությունը հասկանալ:

Լիզան նազանքով հենվեց պատին, զսպանակի նման սեղմվեց ու մեծ արագությամբ պոկվեց, կանգնեց սենյակի մեջտեղում, խոնարհվեց ու հայտարարեց.

– Վարդանը:

– Ո՞վ է Վարդանը,- ժամանակն էր հարցազրույցը զարգացնելու և ֆիզիկական ազդեցության զառանցանքի կողքին նաև լսողական ցնորքներ հայտնաբերելու:

– Մեր տակի հարևանը… գիտե՞ս՝ ինքը ինձ սիրում էր…

Սիրո զառանցանք…

– …սկզբում բանի տեղ չէի դնում: Հետո, երբ անտանելի դարձավ, կոպտեցի: Ջղայնացավ: Ինքը մեծ շրջապատ ունի: Կազմակերպեց, գլխիս մեջ չիպ դրեցին: Հիմա զոռով պարացնում են:

Հաստատ ֆիզիկական ազդեցության զառանցանք…
– …հիմա հաշտվել եմ նրա ներկայության հետ: Պատրաստ եմ կինը դառնալ, միայն թե էս չիպը հանեն գլխիս միջից: Էլ պարել չեմ ուզում:

Կանգնեց մի ոտքի վրա ու պտտվեց իր առանցքի շուրջ:

– Լիզա, պատահու՞մ է, որ ձայներ լսես, որոնք ոչ ոք չի լսում,- մասնագիտական սխալ: Էսքան կտրուկ պետք չէր. եթե հիվանդը ցնորքների մասին չի խոսում, ցանկալի է նման հարց տալ վերջում, երբ արդեն շահել ես նրա վստահությունը: Հիմա ինձ էլ կընդգրկի զառանցանքների մեջ:

– Իհարկե, հենց հիմա երաժշտություն եմ լսում, որը դու հաստատ չես լսում ու որի տակ ես պարում եմ,- Լիզան ձգվեց ու պառկեց գետնին:

Շփոթվեցի:

– Վարդանը որտե՞ղ է հիմա:

– Դռան հետևում: Ուր գնում եմ, հետևիցս գալիս է:

Ըհը, հետապնդման զառանցանքն էլ վրայից:

– Լիզա, կուզե՞ս մի քանի օր պառկել հիվանդանոցում,- անվստահ հարցրի ես՝ պատրաստ լինելով «ես հիվանդ չեմ», «դուք էլ եք գլխիս սարքում» տիպի պատասխանի:

– Անպայման: Մենակ թե էլ չպարեմ, մենակ թե չիպն անջատեն…

Սեղմեցի պատի զանգն, ու վայրկյաններ անց սանիտարը ներկայացավ: Ներս մտավ մարտական տրամադրվածությամբ, պատրաստ սպասելով հրահանգի, որ Լիզայի թևերը ոլորի, ներս տանի ու բարձր դոզաներով ամինազին ներարկի:

– Լիզային ուղեկցիր առաջին պալատ:

Սանիտարը հարցական երեսիս նայեց, երկմտեց:

– Չլսեցի՞ր՝ ինչ եմ ասում,- արագ-արագ մի երկու տող գրեցի,- սա էլ նշանակումները:

Երբ աչքի տակով նայեց նշանակված դեղերին, աչքերը թռան ճակատին. ոչ մի ներարկում:

Լիզան մի թռիչքով եկավ դեպի ինձ, հենվեց սեղանին և ասաց.

– Շնորհակալություն, բժիշկ: Հորս չթողնեք ինձ տեսակցության գա:

***

Քսանմեկ օր Լիզան պիտի հոսպիտալացված մնար: Պալատում, որտեղ տեղավորեցի, պառկած էին երկու ստաժավոր-մականունավոր շիզոֆրենիկներ՝ Պուտինան և Անյուտը: Նրանցից առաջինը երբեք տուն չէր գնում. հարազատները մոռացել էին նրա գոյության մասին, իսկ Անյուտը տարին չորս-հինգ անգամ պառկում էր, երբ նրա հիմնական խնամակալը՝ որդին, գործուղման էր մեկնում, կամ երբ սրացումներն այնքան անտանելի էին լինում, որ գիշերով հայտնվում էր հարևանի տանը ու ծեծում նրա ամուսնուն: Տեղավորեցի նրանց հետ, որովհետև չնայած հիվանդության բազմամյա փորձին, նրանք բաժանմունքի ինտելեկտուալներն էին: Երկուսի առաջին էպիզոդն էլ սկսվել էր թեկնածուական թեզը պաշտպանելուց անմիջապես առաջ, ու լավ օրերին կարելի էր թեև հետաքրքիր ու անհասկանալի պատմություններ լսել նրանցից:

Առաջին երեք օրերը հանգիստ անցան: Լիզան խելոք խմում էր դեղերը, բայց շարունակում էր պարել կամ ուղղակի բաժանմունքի մի ծայրից մյուսը վազել: Զբոսանքներ թույլատրում էինք. եղանակը լավն էր, Լիզան էլ փախչող հիվանդներից չէր:

Չորրորդ օրը բաժանմունքի հանգստությունը խանգարվեց, երբ ներսից ճչոցներ լսվեցին, ու Լիզան պահանջեց, որ իրեն տանեն բժշկի մոտ: Նման դեպքերում սովորաբար հարցը լուծվում է նշանակումներն ուժեղացնելով և հիվանդին մի քանի օր քնած պահելով, բայց որովհետև Լիզան առաջին էպիզոդի հիվանդ էր, հետևաբար պետք էր ախտանիշների ամեն փոփոխություն մանրամասն քննության առնել:

Ներս մտավ անվստահ քայլերով, դեմքը՝ կարմրած, բայց որևէ հույզ ցույց չտվող:

– Պուտինան,- ասաց,- ճանկռել է ինձ:

– Ինչու՞,- հարցրի՝ գլուխս բարձրացնելով մեկ այլ հիվանդի պատմագրի վրայից, որը դեռ նախորդ օրվանից կիսատ էր մնացել:

– Նախանձում է: Ինձ նման չի կարողանում պարել:

Ու Լիզան ևս մի քանի պտույտ արեց: Չէ, դեռ շուտ է դեղերի ազդեցությունը նկատելու համար:

– Մմմմմ… ես կխոսեմ նրա հետ:

Երևի Լիզան զգաց, որ ասածները հավատ չեն ներշնչում: Դրա համար թևերը քշտեց, բարձրացրեց վեր, սկսեց թափահարել ու արտաբերեց.

– Չե՞ք հավատում հա… դե տեսեք:

Իսկապես, երկու ձեռքերի նախաբազուկներին երկու զուգահեռ գծեր էին հավասար իջնում: Զարմանալի էր, թե ինչպես էր այդքան համաչափ ստացվել:

Սեղմեցի պատի զանգը և խնդրեցի Լիզային ներս տանել, Պուտինային բերել:

Պուտինան ներս մտավ իր ցնորքների հետ, նայեց վերև ու աջ, ինչ-որ բան մրթմրթաց, հետո ձախ նայեց, հայհոյեց: Առաջ եկավ, պարզեց ոսկրոտ, մերկ ու գունատ մատները:

– Բժիշկ, մատանիս լա՞վն է: Էսօր եմ նվեր ստացել: Վարդանից:

Պուտինան իր շիզոֆրենիայի վատ օրերին միշտ ինչ-որ մատանուց էր խոսում: Կա՛մ խնդրում էր, որ իրեն թանկարժեք մատանի նվիրեն, կա՛մ ինչ-որ բան էր փաթաթում մատին ու բոլորին ցույց տալիս որպես մատանի, կա՛մ մեղադրում, որ ինչ-որ մեկը գողացել է այն:

– Լիզային ինչու՞ ես ճանկռել:

Մի պահ լրջացավ, հետո ժպտաց՝ ցույց տալով բերանում մնացած մեկ-երկու դեղնած ատամները, ձեռքը տարավ գզգզված սպիտակ մազերին, նորից լրջացավ, նորից ժպտաց, նորից լրջացավ ու ասաց.

– Սուրճիս թույնը որ լցրիր, էդ անտեր Լիզան սաղ գիշեր ինձ ծնել ա, որ տանը հաստատ պարում է, իսկ Վարդանը մատանին քեզ պիտի որ հասկացներ:
Անկապ մարդ դուրս էկար, թե չէ սանիտարկեն դուռը կբացեր, որովհետև լրիվ հագցրած տիկնիկի կոշիկը նստած թեյ էի խմում:
Պուտինայի հետ կոնտակտի գնալը շատ դժվար էր: Լինելով բազմամյա հիվանդ և ունենալով շիզոֆրենիայի առավել ծանր՝ անընդհատ ընթացք, արդեն անձն ամբողջությամբ քայքայվել էր, ու հաճախ հնարավոր չէր լինում հասկանալ, թե ինչ է ասում:

Ի վերջո, հոգեկան հիվանդների դեպքում վեճերի պատճառները դժվար էպարզել ու իմաստ էլ չուներ, որովհետև նկատողությունն ու սպառնալիքները երբեք չեն օգնում: Իրականում նրանք հիմնականում բախվում են այն ժամանակ, երբ մեկը հայտնվում է մյուսի աշխարհում: Ինչպես հասկացա,
Լիզայի զառանցանք ու ցնորք Վարդանն ինչ-որ միջոցներով հայտնվել էր Պուտինայի տարածքում ու պատճառ դարձել, որ Լիզան ընդգրկվի նրա սեփական զառանցական մտքերի մեջ: Արդյունքը՝ ագրեսիա, ճանկռոցի:

Զանգը նորից տվեցի: Սանիտարին կարգադրեցի Լիզային տեղափոխել ուրիշ պալատ և հետևել, որ Պուտինային չմոտենա:

Մի քանի օր հանդարտ անցավ: Լիզայի հայրն ամեն օր գալիս էր: Եթե չէր հասցնում, եղբայրն էր այցելում, բայց գալիս էր երեկոյան ժամերին, մի երկու բառ փոխանակում Լիզայի հետ ու հեռանում: Սանիտարներն ու քույրերը միայն դեմքով գիտեին նրան: Իսկ հայրնուտելիք էր բերում, բաժանում նաև մյուս հիվանդներին: Հետո էլ մտնում էր իմ աշխատասենյակ ու հարցնում.

– Բժիշկ, ո՞նց կլինի:

– Չգիտեմ,- պատասխանում էի ու բացատրում, որ առաջին էպիզոդով ոչինչ հնարավոր չէր ասել, որ դուրս գրվելուց հետո էլ դեռ երկար ժամանակ պիտի շարունակի դեղեր ընդունել ու որ չի բացառվում, որ նորից կկրկնվի, բայց եթե դեղերը հետևողականորեն ընդունի ու բժշկի հսկողության տակ լինի, վիճակն ահագին լավ կլինի:

Լիզան բաժանմունքում պարում էր: Շարունակում էր պնդել, որ Վարդանը մութ ուժերի օգնությամբ չիպի վրա ազդելով ստիպում է պարել: Հետո էլ խոստովանում էր, որ Վարդանին կարոտել է, որ կուզեր նրան նորից տեսնել, բայց միշտ դռան հետևում է մնում, չի գալիս:

Տասներորդ օրը դեղի դոզան բարձրացրի: Լիզան շշմեց, սկսեց շատ քնել, շատ սուրճ խմել ու ծխել: Պարերը դադարեցին: Չիպի մասին ասում էր, որ դեղերի շնորհիվ այն «փչացել» է, բայց որ Վարդանը շատ հզոր է, կարող է նորը տեղադրել:

Հիվանդության պատմագրում ավելացրի. «Հոգեկան ավտոմատիզմի ախտանիշները դեղակարգավորվել են: Քննադատությունը մասնակի վերականգնվել է»:

Մինչև տասնիններորդ օրը դեղաչափը նույնը թողեցի: Քանի որ դուրս գրվելու օրը մոտենում էր, կանչեցի ևս մեկ անգամ հարցաքննելու:

Լիզան մտավ իմ աշխատասենյակ, փորձեց մի քանի պարային շարժում անել, հոգնած ընկավ աթոռին.

– Ախ այս դեղերը… կուզեի պարել հիմա:

– Իսկ երաժշտությունը չե՞ս լսում:

– Ոչինչ, ոչինչ չեմ լսում: Վարդանն էլ չի խոսում: Երևի ցնորվել եմ, հա՞: Հիմա որ հիշում եմ ինչեր էի անում, ամաչում եմ:

Ձեռքը դրեց ծնկին: Հենց էդ ժամանակ էր, երբ մատնեմատին փայլփլուն բան նկատեցի:

– Սա ի՞նչ է,- հարցրի:

– Նշանիս մատանին: Վարդանս է տվել:

Շվարած նայեցի դեմքին: Ախր Վարդանը պիտի որ ցնորք լիներ: Հա, էդպես էլ կար: Ձայներ էին, որ Լիզան լսում էր: Պետք էր պարզել, թե որտեղից է ձեռք բերել մատանին:

– Պուտինայի՞ց ես գողացել,- հարցրի:

Նեղացավ:

– Բժիշկ, դուք էլ հո առողջ մարդ եք: Պուտինան խելագար է: Սա իմ նշանի մատանին է:

Ձայն չհանեցի: Չփորձեցի ճշտել, թե դա ինչ էր ու որտեղից էր ճարել: Գրեցի. «Ցնորքներն ու զառանցանքները դեղակարգավորվել են:
Քննադատությունը վերականգնվել է: Հիվանդը պատրաստվում է դուրսգրման: Ախտորոշումը՝ սուր պսիխոզ շիզոֆրենանման ախտանիշներով»:

Քսանմեկերորդ օրը մի երիտասարդ եկավ, ներկայացավ որպես Լիզայի եղբայր և ասաց, որ եկել է քրոջը տանելու: Զանգը տվեցի, սանիտարին կարգադրեցի կանչել նրան:

– Վարդան, արդեն եկե՞լ ես,- աչքերը փայլեցին:

Տղան ժպտաց, ես՝ շփոթվեցի: «Գուցե զուգադիպություն է»,- մտածեցի:

– Ո՞նց ես,- հարցրեց:

– Արդեն բուժվել եմ: Շնորհակալ եմ, որ չիպը հանեցիր… Չպարե՞նք:

Տղան ոտքի կանգնեց, բռնեց Լիզայի՝ նազանքով պարզած ձեռքը, ու նրանք պարելով դուրս եկան հիվանդանոցից: Պատուհանից տեսա, որ բարձրացան գետնից ու սուզվեցին ամպերի մեջ: Սեղանիս մնաց փայլփլուն ինչ-որ իր, որը բարձրացրի ու տեսա, որ Լիզայի մատանին է: Դրեցի դարակումս, որ երբ գա, վերադարձնեմ: Մինչև հիմա սպասում եմ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: