Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Տոպրակների պատմությունը

on March 25, 2013

Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ պակաս զարգացած պետություններն ավելի պակաս ուշադրություն են դարձնում բնապահպանական հարցերին: Տեսնելով, թե Հայաստանում ինչ է կատարվում այդ ոլորտում ընդհանրապես, կարելի է ասել, որ իսկապես, եթե չլինեին մի խումբ ակտիվիստներ, մեր վիճակը շատ ավելի տխուր կլիներ: Բայց այս անգամ ուզում եմ առաջին հայացքից փոքր թվացող բաներից խոսել, որն իրականում շատ հեշտ լուծելի խնդիր է, բայց չգիտես ինչու ոչ ոք այդ մասին չի բարձրաձայնում:

Ապրելով երեք տարբեր եվրոպական երկրներում` նկատել եմ մի կարևոր ընդհանրություն: Սուպերմարկետներում տոպրակները երբեք անվճար չեն տրվում, այլ վաճառվում են: Իսկ այլ խանութներում հիմնականում գնածդ իրերը տոպրակի մեջ դնելուց առաջ հարցնում են, թե արդյոք դրա կարիքն ունես: Արդյունքում ստացվում է, որ չուզենալով ամեն անգամ տոպրակի վրա փող ծախսել` պայուսակիս մեջ պահում եմ նախկինում գնածս տոպրակն ու օգտագործում եմ այնքան, մինչև մաշվում է: Ի դեպ, վերջերս անցել էի կտորե տոպրակների, որոնք ավելի դիմացկուն են: Մինչև հիմա ոչ մեկը չի մաշվել: Իսկ այլ խանութներում, երբ հարցնում են, թե արդյոք տոպրակ պետք է ինձ, հիմնականում հրաժարվում եմ. հսկայական ուսապարկիս մեջ բավականաչափ տեղ կա:

Իսկ ի՞նչ է կատարվում մեր աղքատ ու փոքր Հայաստանում: Արի ու տես, որ սուպերմարկետները տոպրակներն աջ ու ձախ շռայլում են: Երբեք չեն հարցնում` այն քեզ պե՞տք է, թե ոչ, ու նույնիսկ ամենաստից, փոքրիկ իրը գնելու դեպքում քեզ հանձնում են ցելոֆանե տոպրակով:

Մի քանի օր առաջ էր, երբ ՍԱՍ-ից տետր ու գրիչ էի գնում: Մինչ կհասցնեի վերցնել ու դնել պայուսակիս մեջ, վաճառողն արդեն տեղադրել էր տոպրակի մեջ, որը, ի դեպ, ինձ բացարձակապես պետք չէր, ու անմիջապես պիտի դեն նետեի: Ես էլ ինձ չկորցրի, տետրն ու գրիչը հանեցի տոպրակից ու ասացի, որ դրա կարիքը չունեմ: Այնպես ստացվեց, որ նույն օրը երկրորդ անգամ մտա ՍԱՍ, բայց այս անգամ հաց գնելու: Բնականաբար, այն տոպրակով տվեցին, բայց վճարելուց հետո արդեն տեղադրում էին երկրորդի մեջ: Նորից հրաժարվեցի. ինձ մեկը բավական էր:

Հիմա ի՞նչ է ասածս: Կուզեի, որ Հայաստանի սուպերմարկետներն էլ հասկանային, որ տոպրակների այն քանակությունը, որով մատակարարում են գնորդներին, խիստ հակաբնապահպանական է: Ավելին` կասեի նույնիսկ, որ խփում է իրենց գրպանին: Կարելի է, օրինակ, վաճառել դրանք կամ գոնե գնորդին հարցնել, թե արդյոք դրանց կարիքն ունի: Իհարկե, գրեթե վստահ եմ, որ այս դեպքում դժգոհության մեծ ալիք կբարձրանա «հազիվ Հայաստանում մի ձրի բան կար, դրանից էլ զրկեցին» տեսքով: Լավ կլիներ` գնորդներն իրենք էլ հասկանային հարցի կարևորությունն ու սկսեին իրենց մոտ միշտ տոպրակ պահել, որ անհրաժեշտության դեպքում օգտագործեն:

Ի՞նչ անել: Ես չեմ կարող բոլորին փոխել կամ որևէ բան պարտադրել: Դրա համար սկսում եմ ինձնից: Ինչպես նախորդ անգամ ՍԱՍ-ում երկու անգամ հրաժարվեցի տոպրակից, այդպես էլ վարվելու եմ այսուհետ ցանկացած խանութ մտնելիս: Նույնը խորհուրդ կտայի մնացածներին:

Advertisements

4 responses to “Տոպրակների պատմությունը

  1. arminchik says:

    Որ նոր էինք եկել, ես չէի ընտելանում նրան, որ առանց տոպրակի ես գնումներդ վերցնում սուպերմարկետներից, ու ամեն անգամ ստիպված էի լինում մի երկու եվրոյի լրացուցիչ տոպրակ գնել, որը մեկ ա մոռանալու էի տանն ու հաջորդ անգամ էլի վերցնել։ Ու հիմնականում նեղություն էր պատճառում դրամարկղից մինչև հարմար մի տեղ գնումները տեղափոխելը, որ հետո պիտի պայուսակս լցնեի, հիմա լրիվ սովորել եմ, նույնիսկ հաճախ չեմ էլ զգում, որ տոպրակ չեն տալիս։ 🙂

    • byurie says:

      Դե ես էդ պրոբլեմը չունեի, որովհետև մեկ ա միշտ պայուսակս մեծ ա, գնումներս` քիչ 😀

      ________________________________

  2. uluana says:

    Հա, լուրջ խնդիր ա։ Բայց, գիտե՞ս, ԱՄՆ–ում էլ ա էդ առումով Հայաստանի պես։ Ինչ առնես, շռայլորեն տոպրակների մեջ են դնում, հաճախ՝ կրկնակի։ Հետո բերում ենք էդ տոպրակները, չենք իմանում՝ ինչ անենք։ Իհարկե, պահում ենք, մի մասն օգտագործում, բայց դե, մեկ ա, ահագին մասն ուղղակի շպրտում ենք, որովհետև էդքանի կարիք չկա։ Բայց հետաքրքիրն էն ա, որ մարդիկ դրա վրա փող են ծախսում, չէ՞, վերջիվերջո, ինչի՞ չեն մտածում գոնե իրանց ծախսերը պակասեցնելու մասին։

    Բայց դե Հայաստանում գոնե գիտես, որ ընդհանուր մոտեցումն ա տենց. կառավարությունից սկսած, ժողովրդով վերջացրած՝ համարյա բոլորը թքած ունեն բնապահպանության մասին։ Համոզված եմ՝ շատերն իսկի չեն էլ պատկերացնում՝ էդ ինչ ա, որովհետև կառավարությունն ինքն էլ ոչինչ չի անում, որ պատկերացում ունենան։ Բայց ԱՄՆ–ում ախր դրա մասին շատ ա խոսվում, recycling–ն էլ շատ ակտիվ կիրառվում ա ամեն տեղ։ Թե էդ տոպրակների հարցն ինչի ա տենց անտեսված, չես հասկանում։

    • byurie says:

      ԱՄՆ-ն ինձ վրա ձևիստ բնապահպանի տպավորություն ա թողել: Անընդհատ անկապ խոսում են, բայց հասարակական տրանսպորտի հարցը չեն կարգավորում, որ մարդիկ մեքենաներից հրաժարվեն, ԱՄՆ-ում դեռ տարօրինակ են նայում հեծանիվը որպես տրանսպորտի միջոց օգտագործողներին և այլն (էս էլ ընկերներիցս եմ լսել): Նենց որ անկապ ձևեր են թափում:

      ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: