Վերջապես տեղադրում եմ Արմայելին խոստացածս պատմվածքը հոսթելների մասին:
Սենյակ 007
Ես ճամփորդ եմ: Ուսապարկս գցում եմ ուսիս, ճամպրուկս գլորում ու գնում դեպի օդանավակայան, գնացքի կայարան, նավահանգիստ կամ ուղղակի քայլում, մինչև հասնում եմ նպատակակետին:
Ես ճամփորդ եմ ու ամեն ինչի սովոր եմ: Գիշերել եմ կայարաններում, գնացքներում, անծանոթ մարդկանց ու ընկերներիս տներում, փափուկ մահճակալներին ու չոր գետիններին, հինգ աստղանի հյուրանոցներում ու հասարակ հոսթելներում: Միայն թե վերջինների դեպքում կարևոր կանոն ունեմ. պարտադիր խնդրում եմ, որ միայն կանանց համար նախատեսված սենյակում ինձ մահճակալ տրամադրեն:
Մի օր էլ ուսապարկս վերցրի, քայլեցի, նստեցի գնացք, նստեցի ավտոբուս, նստեցի ինքնաթիռ, նստեցի գնացք, քայլեցի ու հայտնվեցի Դյուսելդորֆի մի հոսթելում, որտեղ պիտի հինգ գիշեր անցկացնեի: Գրանցվեցի, վերցրի բանալիս ու փորձեցի վեց մահճակալանոց սենյակս գտնել:
Քայլեցի հոսթելի լաբիրինթոսներով, մինչև հասա սենյակ 007: Ներս մտա: Դատարկ էր, ինչպես սպասվում էր, որովհետև առավոտ շուտ չէր, երբ ճամփորդները նոր են արթնանում, ոչ էլ գիշերվա կես, երբ հոգնած ճամփորդներն արդեն քնած են: Մութը նոր էր ընկել, հետևաբար սենյակում գիշերողները դեռ չէին վերադարձել:
Ճամփորդի քիթս միացրի, աչքերս լարեցի ու սենյակն ուսումնասիրեցի: Վեց մահճակալներից միայն մեկն էր զբաղված, մյուսն էլ ես էի զբաղեցնելու: Դես նայեցի, դեն նայեցի, կախիչից կախված կոստյում նկատեցի ու հասկացա, որ էդ մի ճամփորդը տղամարդ է: Խփեցի իմ էշ գլխին ու հիշեցի, որ էս անգամ կանանց սենյակի պահանջով նամակ չէի գրել:
Դե լավ, ոչ առաջինն եմ, ոչ վերջինը: Դե լավ, դեռ վաղ երեկո է, օրն էլ շաբաթ: Սենյակը հաստատ կլցվի, հաստատ էլի կին կգա, ինձ մենակ չեմ զգա: Լողարանում կհանվեմ-հագնվեմ: Թքած, թե միայնակ ճամփորդող կանանց խորհուրդ չեն տալիս խառը սենյակներում գիշերել: Եթե հարձակվեն, կգոռամ: Եթե անկողնուս մեջ հայտնվեն, կխփեմ թույլ տեղերին, որ ցավից մղկտան:
Մինչ մահճակալիս ծայրին նստած ծանրութեթև էի անում, դուռը բացվեց ու ներս մտավ միջին տարիքի ճապոնացի: Ինձ տեսնելով անակնկալի եկավ, ոտքից գլուխ չափեց-ձևեց:
– Դու այստե՞ղ ես մնալու,- հարցրեց:
– Հա,- պատասխանեցի:
Ուրիշ ոչինչ չասաց: Մոտեցավ զբաղեցված մահճակալին, ճամպրուկը բացեց, միջից դրամապանակը հանեց ու դուրս եկավ:
Հոգնել էի քայլելուց, գնացքից, ավտոբուսից ու ինքնաթիռից: Հոգնէլ էի գիշերը քնած չլինելուց: Օգտվեմ առիթից, որ մարդ չկա սենյակում: Պիժամաս հագնեմ, վերմակը քաշեմ գլուխս, որ ոչ ոք ինձ չտեսնի: Ուսապարկս էլ դնեմ իմ ու պատի արանքում, վրան՝ ամուր կողպեք, որ ոչ ոք ինձ չթալանի:
Ամեն դռան բացվելուց արթնանում էի ու տեսնում ներս մտնող տղամարդկանց: Նրանք գալիս էին, մարդ ա՝ իր մահճակալի մոտ, հանվում ու պառկում: Ու ամեն նոր մտնողի հետ ավելի խորն էի վերմակի տակ թաքնվում:
Առավոտյան զանազան լեզուներով, ձայներով ու առոգանությամբ հեռախոսներ սկսեցին ճվճվալ ու քնածներին արթնացնել: Ինձ պետք չէր շուտ վեր կենալ, որովհետև ես սովորական ճամփորդ չէի, ու Դյուսելդորֆում ընդունված մեկի փոխարեն ամբողջ հինգ օր էի անցկացնելու: Բայց աչքերս բացեցի ու տեսա շալվարները հագները քաշող տղամարդկանց: Նրանք էլ ինձ տեսան ու ամաչեցին: Իմ ներկայությունից ավելի շատ ամաչեցին, քան ես՝ իրենցինից:
Ցերեկը մի պահ ներս մտա, որ տաք շոր վերցնեմ: Տեսնեմ՝ աթոռին անշարժ նստած է մի տղա, ձեռքերը տարածած, ու իմ ներկայությունը չի նկատում:
– Բարև,- ասացի:
– Բարև,- սթափվեց:
Երևի մեդիտացիա էր անում: Այ քեզ բան: Դե լավ, սա վտանգավոր չի լինի:
Երեկոյան նստեցի հոսթելի սրահում, որ ինտերնետ փորփրեմ: Էս սայթից էն սայթն էի թռնում, էդ մեկից էլ մի ուրիշը, երբ ինչ-որ մեկի ծանրացած հայացքը զգացի ինձ վրա: Գլուխս բարձրացրի ու տեսա դիմացս նստած ինչ-որ տարօրինակ արարածի: Բարձրահասակ, կարճ մազերով, հսկայական փորով ու փոքր ծիծիկներով, եթե կին է, բայց մեծ ծիծիկներով, եթե տղամարդ է: Սեռը ոչ մի կերպ չկարողացա որոշել: Աչքով-ունքով արեց: Մի երկու բառ խոսեցի հետը: Տղամարդու ձայն ուներ, գերմանացի էր՝ Հանովերից: Գերմանացուն բնորոշ պահվածք չէր:
Հետո արարածն անհետացավ, ու ես շարունակեցի ինտերնետ փորփրել: Երբ ժամը ժամից անցավ, գնացի քնելու: Թեև մութ էր, բայց նկատեցի, որ էդ գիշեր տղամարդկանց բոլորովին նոր կազմ էի ստացել: Իսկ կողքիս մահճակալին չաղլիկ տարօրինակ արարածն էր պառկած, խռռացնում էր: Սուսուփուս մտա վերմակիս տակ՝ հույս ունենալով, որ մինչև առավոտ այնտեղ ինձնից բացի ուրիշ ոչ ոք, հատկապես կողքինս, չի հայտնվի:
Լույսը դեռ չէր բացվել, երբ մեկի զարթուցիչը ղժղժաց: Ես էլ արթնացա: Սա վեր կացավ, հեռախոսի լույսը միացրեց, որ տարածքում կողմնորոշվի: Տեսա, որ բեղ-մորուքով է: Լույսը հերթով բոլոր մահճակալներին գցեց: Երևի ուզում էր պարզել՝ մնացած հինգ հոգին տեղու՞մ են, թե՞ ոչ: Հենց իմ դեմքին ընկավ, աչքերս փակեցի, բայց մի ձեռքս էլ թաքուն հանեցի վերմակի տակից, որ տեսնեմ՝ ուսապարկիս կողպեքը տեղու՞մ է, թե՞ ոչ: Տեղում էր: Մտածեցի՝ երևի տեռորիստ է: Հիմա ավտոմատը կհանի ու բոլորիս վերջը կտա:
Հագնվեց ու շատ զգույշ, որ ոչ ոք չարթնանա, դուրս եկավ սենյակից:
Երբ առավոտյան աչքերս բացեցի, առաջին բանը, որ տեսա, կողքիս պառկածի դեմքն էր: Բեղերը եկել էին: Ուրեմն հաստատ տղամարդ է: Բարի լույս ասաց: Չոր պատասխանեցի, շորերս հավաքեցի ու վազեցի լողարան՝ հագնվելու:
Ցերեկը մտա սենյակ: Տեսնեմ՝ տոպրակներով ու մոխրագույն մորուքով մի ձյաձյա է հայտնվել: Հեռախոսով խոսում էր: Լսեցի ու փորձեցի լեզուն տեղը բերել: Ասածները հասկանում էի. ռուսերեն էր: Բայց տարօրինակ թուրքական հնչողություն ուներ: Պահո՜, սա թուրք-ադրբեջանցի հո չի՞:
Մոտս Հայաստանի դրոշ կար: Խորը պահեցի, որ չտեսնի: Կողքիս սեղանին էլ քարտեզների բլոկնոտս էր, մեջը հասցես Հայաստան էր գրած: Էդ էլ խցկեցի ուսապարկիս մեջ, կողպեցի: Հանկարծ ու ազգային հերոս դառնալու պահանջ ունենա: Շառից-փորձանքից հեռու:
Երրորդ առավոտ, երբ աչքերս բացեցի, չաղլիկն էլի կողքիս մահճակալին էր, իսկ դիմացից մի աղջիկ ժպտաց ու բարի լույս մաղթեց: Երկուսս էլ զարմացանք ու ուրախացանք իրար տեսնելով: Մութ ժամանակ սենյակ մտնելով ու փոփոխվող կազմով հինգ տղամարդկանց ներկայությանը սովոր լինելով մտքովս չէր անցել, որ հոսթելային գիշերս մի քիչ փոփոխության է ենթարկվելու:
Չաղլիկն էլ էր արթնացել: Ինձ Ջեք Դանիելզի մայկա նվիրեց: Ասաց, որ վիսկի է գնել, հետը տվել են, իր հագով փոքր է:
Երբ երրորդ երեկոյան հոսթել վերադարձա, չաղլիկը նստած էր սրահում, դիմացը՝ մի տուփ պիցցա ու քսան բանկա վիսկի, որոնցից երեքն արդեն դատարկել էր:
– Միացիր,- ասաց՝ բանկաներից մեկն ինձ պարզելով:
Հրաժարվեցի: Սուսուփուս կոմպս միացրի ու մտա ինտերնետ: Սրահում երաժշտություն էր հնչում: Չաղլիկը մեծ էկրանով հեռուստացույցով ինչ-որ գերմանական էշություն էր նայում:
– Տես, Շտեֆան Ռաբը,- ասաց,- Դյուսելդորֆից ոչ հեռու մի քաղաք կա Քյոլն անունով: Էս հաղորդումն էնտեղ են նկարել:
Ձայն չհանեցի: Ուղղակի սպասեցի, մինչև չաղլիկը գոռոցը դրեց, աչքերին չհավատաց. էկրանին ես էի հայտնվել:
– Ուրեմն դու Շտեֆան Ռաբին տեսել ես իրական կյանքում:
– Ու՞մ:
Հույս ունեմ՝ ներեց անգրագիտությունս: Իսկ թե ինչ գործ ունեի հեռուստատեսությունում, այս պատմության հետ բնավ կապ չունի, հետևաբար չեմ ծանրաբեռնի ավելորդ մանրամասնություններով: Ես ճամփորդ եմ, հասարակ ճամփորդ:
Հեռախոսով երաժշտություն միացրեց: Ռամշտայն: Հոսթելի երաժշտությունը, հեռուստացույցը, չաղլիկի հեռախոսը… մի շուխուռ, մի ղալմաղալ: Էդ էլ հերիք չէ, մեկ էլ ինքն էլ միացավ, սկսեց Ռամշտայն երգել: Գրպանից հանեց համերգի տոմսը, ասաց, որ իր գնացած վերջին համերգն էր:
– Mutter,- երգեց,- գերմաներեն նշանակում է մայր: Այս երգը վատ մայրերի մասին է: Մի էդպիսին էլ ես ունեմ:
– Ինչո՞վ է մայրդ վատը:
– Անգլերենս հերիք չի անում, որ բացատրեմ: Դպրոցում անգլերեն միայն մի տարի եմ անցել:
– Ինչու՞,- հարցրի՝ հույս ունենալով, որ կասի, որ որովհետև օտար լեզուն ռուսերենն է եղել, ու ես կստիպեմ, որ ռուսերեն բացատրի, թե ինչով է իր մայրը վատը:
– Ես ընդամենը մի տարի եմ անգլերեն անցել: Դրանից հետո հատուկ դպրոց եմ գնացել, որովհետև դեբիլ էի:
Այ էստեղ ամեն ինչ տեղն ընկավ: Մինչև այդ երեկո հա զարմանում էի՝ ոնց էր սա նեմեց հալով էդքան շփվող, ասող-խոսող: Մարդ պիտի գերմանացու հետ մեկտեղ մտավոր հետամնաց լինի, որ էդքան հեշտ կոնտակտի մեջ մտնի, հայացքն էլ փախցնելու փոխարեն անընդհատ սևեռի:
– Խմիր,- ասաց՝ պարզելով վիսկիի բանկան: Էդ պահին արդեն հինգ հատ դատարկն էր հայտնվել,- ես խմած եմ, ավել-պակասի համար ներող:
Նորից հրաժարվեցի՝ պատճառաբանելով միգրենը: Իրականում մեն-մենակ ճամփեքին եղած ժամանակ չեմ սիրում ալկոհոլ օգտագործել, որ զգոնությունս չկորցնեմ: Հեռախոսը հանեց, երկուսիս նկարեց: Հետո թե՝ մեր սենյակը 007-ն է, ինչպես Ջեյմս Բոնդը: Ու նորից ավել-պակասի համար ներողություն խնդրեց:
– Գնացի քնելու, բարի գիշեր:
– Հեսա ես էլ եմ գալիս,- ասաց:
Աչքս լույս: Չէ, դու մնա: Ես կթաքնվեմ վերմակիս տակ, հետո նոր արի:
Արդեն աչքս կպչում էր, երբ շուխուռով, օրորվելով ներս մտավ: Ռամշտայնը դեռ միացած էր: Կարծեմ քնածներից մեկը գերմաներեն մի երկու լավ խոսք ասաց, որ նոր անջատեց երաժշտությունը:
– Խմած եմ, ներող,- արդարացավ:
Վախեցա՝ հանկարծ խմած-խմած մի ավելորդություն չանի: Նորից շոշափեցի ուսապարկիս կողպեքը: Տեղում էր:
Գիշերը ժամը հազարը կլիներ, երբ կտկտոցով մեկը ներս մտավ:
– Օլա,- ասաց բարակ ձայնը:
– Օլա, օլա,- լսվեց չաղլիկի խռխռոցը,- իսպանացի՞ ես:
– Չէ:
– Խմած եմ, ներող:
Մի պահ պատկերացրի նոր ժամանած աղջկա վիճակը, որին դիմավորում է կոնծած չաղլիկը մթության մեջ ու ասում՝ խմած եմ, ներող: Լամպը միացրի, որ դեմքս տեսնի, ժպտացի, ձեռքով արեցի, որ իմանա՝ չաղլիկի հետ մենակ չէ:
Առավոտյան, երբ արթնացա, բոլորը գնացել էին: Մենակ չաղլիկն էր մնացել, դեռ պառկած էր: Տեսավ, որ աչքերս բաց են: Բարի լույս ասաց: Քթիս տակ պատասխանեցի, թռա լողարան, արագ-արագ լողացա ու սկսեցի պայուսակս դասավորել, որ դուրս գամ: Ամբողջ ժամանակ չաղլիկի հայացքը մեջքիս վրա ծանրացած էր:
– Մնացինք մենակ,- ասաց:
Ձայն չհանեցի:
– Küsschen կուզե՞ս,- ասաց:
– Ի՞նչ:
– Küsschen: Գերմաներեն նշանակում է պաչիկ: Պաչիկ կուզե՞ս:
Ֆազերս գցեցին: Չէ, պիտի շուտ դուրս թռնեմ սենյակից:
– Չէ, չեմ ուզում,- չոր պատասխանեցի:
– Սա նկատի ունեմ,- նեղացած տոնով ասաց ու ինձ պարզեց շոկոլադի տուփը, որի վրա գրված էր Küsschen:
Չաղլիկն էդ օրը վերադառնում էր Հանովեր: Չնայած համոզվել էի, որ անշառ արարած է, ամեն դեպքում ուրախ էի, որ կողքիս մահճակալը վերջապես դատարկվում է: Տղամարդկանց ներկայությանն էլ սովորել էի. վերջին գիշերը հանգիստ կքնեմ: Հեչ որ չէ, գոնե չաղլիկի խռմփոցը չի լինի:
Երբ գիշերը մտա սենյակ, լույսը վառվում էր: Բոլոր մահճակալները դատարկ էին, բացի իմից ու դիմացինից, որի վրա հրեշտականման ջահել աղջիկ էր նստած: Հազիվ տասնութ տարեկան լիներ: Ծանոթացանք, զրուցեցինք: Ինքն էլ էր մեն-մենակ ճամփորդում, ահավոր վախենում էր հոսթելի խառը սենյակից, ահագին ուրախացել էր, որ տեսել էր՝ միակ աղջիկը չէ:
– Էս գիշեր աչքիս էլ ոչ ոք չի գա:
Իրոք, չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերներն ամենադատարկն են հոսթելներում: Էդ օրերին քչերի ճամփորդելն է բռնում:
Առաջին անգամ հանգիստ աչքերս փակեցի. տղամարդկային վտանգ չկա:
Գիշերը հրեշտականման աղջիկը տեղից վեր կացավ, վիզս կտրեց, աչքերս հանեց, չորս տեղից փորս ծակեց, ուսապարկս առավ ու թռավ: