Տարիներ առաջ (մի օր, երբ դեռ բժշկականում էի սովորում, բայց սպանեք՝ չեմ հիշի, թե որ թիվն էր) հաճախ էի Համազգային թատրոն գնում ու տարբեր ներկայացումներ դիտում: Դրանցից ուժեղ տպավորվել էր մեկը, որ կոչվում էր «44 աստիճանի վրա»: Ընդհանրապես, աղոտ էի հիշում, թե ինչ էր կատարվում ներկայացման ընթացքում: Մենակ տպավորվել էր, որ թեման արտագաղթն է: Ու մեկ էլ, որ տեղ-տեղ ձանձրալի, անսյուժե, բայց նաև հումորով ընթացքից հետո հերոսուհու վերջին արտահայտությունից բոլորը (ու նաև ես) ոտքի են կանգնում և շատ ուժեղ ծափահարում: Մեկ էլ հիշում եմ՝ ուժեղ հուզվել էի էդ վերջաբանից, բայց թե կոնկրետ ինչ էր ասում, մտքիցս թռել է:
Երբ իմացա, որ ֆիլմն է ցուցադրվելու, առանց հապաղելու գնացի նայելու, չնայած լավ գիտեի՝ հաստատ նույն հուզական էֆեկտը չի ունենա ու նույն դերասանական խաղը չի լինի: Մի խոսքով, սպասելիքներս մեծ չէին:
Իրոք, ֆիլմը միայն երկու ուժեղ կողմ ուներ. մեկը սցենարն էր, մյուսն էլ Կարապետի կերպարը ու նրան մարմնավորող դերասանի հզոր խաղը: Մնացած տեղերում շատ էր կաղում, բայց դրանց հետո կանդրադառնամ:
Ֆիլմը Սան Ֆրանցիսկոյից հայկական ինչ-որ գյուղ տեղափոխված երիտասարդ ամուսինների մասին է: Նրանց բոլոր հարևանները հերթով արտագաղթում են: Ի դեպ, ֆիլմի սկզբում, երբ Մասիսի նկարը գրկած են հեռանում գյուղացիները, շատ համով էր ստացվել: Ամբողջ ընթացքում շոշափվում է արտագաղթի թեման: Մգրոն անընդհատ փորձում է բացատրել, թե ինչու է եկել Հայաստան: Սպասում ես կեղծ հայրենասիրական պաթոս, բայց նրա անհանգստությունն անկեղծ է, հող-օդ վերացական բաներից չի խոսում, այլ կոնկրետ մեղրից: Ինքը մեղվաբույծ է, հարևաններին մեղր է բաժանում ու սրտնեղում, որ գնում են, որովհետև ըստ նրա ուրիշ տեղերում մեղր չեն բաժանում: Ինձ դուր է գալիս, որ էստեղ մնալու պատճառը շատ կոնկրետ է, առարկայացած:
Մգրոյի հայրենասիրական զեղումներին հակադարձում է Կարապետի հումորը: Մգրոն խոսում է իր նախնիների հայրենիք Բիթլիսից, ինչին Կարապետը պատասխանում է, որ սխալ տոմս է առել, Բիթլիսն էդ կողմերում չէ: Ու էս ամենի ֆոնին նաև Սան Ֆրանցիսկոն կարոտող Սիրանուշն է, որն ամուսնուն համոզում է, որ վերադառնան էնտեղ:
Թերություններից կուզենայի անդրադառնալ Սիրանուշի կերպարին: Թատրոնում շատ կենդանի էր, էնտեղի դերասանուհին էլ հրաշալի էր խաղում, մինչդեռ էկրանին ընդամենը սիրուն աղջիկ էր: Նրա ֆենած մազերը, գծած հոնքերն ու շպարը սազական չէին գյուղում ապրող Սիրանուշի կերպարին, ինչքան էլ Սան Ֆրանցիսկոյից եկած լիներ: Էլ չեմ ասում, որ նրա խաղն ինքնին բավական արհեստական էր: Ու մեկ էլ անհասկանալի էր, թե ինչու էին անընդհատ խոշոր պլանով Սիրանուշի կրծքերի բացվածքը ցույց տալիս: Հասկացանք, որ սիրուն է, բայց քանի՞ անգամ կարելի է նույն բանն անել:
Լեզվի հարցին լուրջ մոտեցում չէր ցուցաբերվել: Սան Ֆրանցիսկոյի տեսարաններում (որոնք, ի դեպ, իմ համեստ կարծիքով բոլորովին ավելորդ էին) Սիրանուշն ու Մգրոն ակնհայտ հայկական առոգանությամբ անգլերեն են խոսում, իսկ դա խիստ արհեստական է ԱՄՆ-ում ծնված մեծացածի համար: Մեկ էլ տեսնում ենք, որ գյուղում Մգրոն արևմտահայերեն է խոսում, Սիրանուշը՝ խոսակցական արևելահայերեն, իսկ Կարապետը՝ Գյումրվա բարբառով: Սիրանուշը մորն ուղղված նամակում գրում է, որ հայերենն ահագին լավացել է, ու հարց է առաջանում՝ այդ ի՞նչ հայերեն է սովորել: Փաստորեն, գյուղում Գյումրվա բարբառով են խոսում, ամուսինն էլ արևմտահայերեն: Այդ որտեղի՞ց է էդպես հմտորեն յուրացրել խոսակցական արևելահայերենը: Ու մեկ էլ Մգրոյի that’s it-ն էր շատ արհեստական:
Մեկ էլ վերջը մի քիչ ինձ շփոթեցրեց: Իմ հիշելով՝ ներկայացման մեջ Սիրանուշն էր վերջին նախադասությունն ասում: Ավելին՝ ուրիշ բան է ասում, խոսքը բնավ մեղվի վերադարձի մասին չի լինում: Դրա համար կխնդրեի՝ եթե այս գրառումս կարդա որևէ մեկը, ինձ հիշեցնի, թե ներկայացումը ոնց էր վերջանում:
Ամեն դեպքում, ուրախ եմ, որ ևս մեկ նոր հայկական ֆիլմ կա, որը լցված չէ անիմաստ պաթոսով, ունի շատ կոնկրետ մեսիջ ու էդ մեսիջը փոխանցում է շատ կոնկրետ ձևով:
Սա էլ թրեյլերը.
Ու մեկ էլ ֆիլմի հետ բնավ կապ չունեցող մի բան, որն ինձ ահավոր ջղայնացրեց: Տոմսի վրա գտեք երեք պատճառ, թե ինչու ջղայնացա:
դերասանուհին մեր դպրոցից ա եղել :)))
:)))))))
________________________________
1. տրանսլիտ
2. ռուսերեն
3.վերջիններիս ու հայերենի համատեղված լինելը 😀
Առաջին երկուսը ճիշտ են :))) երրորդն էլ ֆիլմի վերնագիրը սխալ գրելն ա 😀
________________________________
Ես չեմ նայի էդ ֆիլմը։ Ներկայացումից էլ հիշում եմ այնքանը, որքանն ասվեց այստեղ։ Գրառումն ինձ օգնեց ժամանակս խնայելու։ Շնորհակալ եմ։
🙂
________________________________