Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Եթե չլիներ ինտերնետը…

on April 23, 2013

Վերջերս հաճախ եմ ինքս ինձ այս հարցը տալիս. երբ ինտերնետ չկար, մարդիկ ո՞նց էին ծանոթանում, ո՞նց էին գաղափարակիցներ ու հետաքրքրությունները կիսողներ գտնում: Այդ հարցը ծագեց, երբ մի քանի շաբաթ առաջ հայտնաբերեցի իմ հին օրագրերից մեկը, որտեղ մի չաթի մասին էի պատմում, ու անկեղծորեն զարմացել էի, որ զրուցակիցս Սելինջեր էր կարդացել: Լավ, մի՞թե էդքան տխուր էր կյանքն այն ժամանակ, որ անգամ Սելինջերի ամենածեծված գործը կարդացած լինելն այդքան հազվագյուտ երևույթ էր իմ շրջապատում:

Երկար մտածեցի այս հարցի մասին: Սկսեցի ինտերնետում գտածս ընկերներիս համեմատել իրական կյանքում գտածներիս հետ, հաշվեցի պլյուսներ ու մինուսներ, փորձեցի պարզել, թե որտեղ են մեր հետաքրքրություններն ու գաղափարները հատվում ու որտեղ իրար ընդհանրապես չեն հանդիպում: Ու լիքը հետաքրքիր բաներ նկատեցի, որոնք կփորձեմ ամփոփել այս գրառման մեջ:

Շատ քիչ է պատահել, որ իմ վիրտուալ ընկերներին նպատակային կերպով իրականություն եմ տեղափոխել: Հիմնականում նրանց հանդիպել եմ զանազան միջոցառումների ժամանակ, երբեմն պատահաբար, երբեմն էլ նախապես իմացել եմ, որ այս կամ այն վիրտուալ ընկերս այս կամ այն միջոցառմանը ներկա է գտնվելու: Եթե հաշվի առնենք ընդհանրապես Հայաստանի ու հատկապես Երևանի փոքրությունը, կարո՞ղ ենք եզրակացնել, որ եթե ինտերնետը չլիներ, էսպես թե էնպես այդ մարդկանց հանդիպելու էի: Ինձ թվում է՝ հա, հաստատ հա: Ուղղակի հարաբերություններն ուրիշ որակի կլինեին, եթե ընդհանրապես լինեին:

Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ ինտերնետում մարդիկ կարողանում են ներկայանալ էնպիսին, ինչպիսին ուզում են: Էստեղ սկսվում է զանազան ֆեյքերի, իրենց երազած մարդու տեղ դնելու, վիրտուալ ու իրական կերպարների կտրուկ տարբերությունների ու լիքը այլ ծեծված ու շատերիս հոգնեցրած պատմություններ: Բայց բնավ դա նկատի չունեմ: Վերադառնանք գրառմանս սկզբում բերած օրինակին: Ես որտեղի՞ց իմացա, որ չաթում զրուցակիցս Սելինջեր է կարդացել: Հո օդից չգրեցի՞, թե՝ «Տարեկանի արտը» քեզ ինչ-որ բան ասու՞մ ա: Չէ: Ուղղակի զանազան խայտաբղետ ծածկանունների կողքին նկատեցի վիպակի հերոսուհու անունը: Հենց դա ինձ ստիպեց հարցնել, թե արդյոք Սելինջեր կարդացել է: Մեկ այլ դեպքում էլ մի ուրիշը գուշակել է, որ Թորի Էյմոս եմ լսում, որովհետև ծածկանունս նրա երգերից մեկի վերնագիրն է եղել: Ու հենց էդպես է սկսվել մեր բազմամյա մտերմությունը, որը հետագայում նաև իրական կյանք է տեղափոխվել:

Ծածկանվան ընտրությունը մի օրինակ է: Մեկ այլ օրինակ կարող է լինել մարդկանց թեմատիկ կայքերում հանդիպելը. եթե այսինչ անձն ակտիվ է Ալանիս Մորիսեթի ֆորումում, ուրեմն մեծ հավանականություն կա, որ նա էլ է լսում այդ երգչուհուն: Կամ եթե բլոգում հաճախ է գրքերի մասին գրում, ուրեմն շատ է կարդում:

Հիմա տեղափոխվենք իրական կյանք: Էնտեղ մենք մեր սեփական անուններն ունենք, որոնք ոչինչ չեն ասում մեր հետաքրքրությունների մասին, մեր սիրած երգերի ու գրքերի մասին էլ սովորաբար ամեն պատահածի հետ չենք խոսում: Ու ստացվում է, որ ինքներս մեզ ներկայացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Էդպես կարող ես տարիներ շարունակ ապրել հետաքրքրություններդ կիսողի հետ ու երբեք չիմանալ այդ մասին: Այ, էդպիսի օրինակ է իմ հոլանդուհի ընկերուհի Քրինան, որի հետ ծանոթացել եմ իրական կյանքում, բայց շատ երկար ժամանակ չգիտեի, որ ինքն էլ է գրում ու կարդում, մինչև մի օր բոլորովին պատահաբար չհայտնաբերեցինք, որ երկուսս էլ մասնակցել ենք նույն գրական մրցույթին:

Ստացվում է, որ իրական կյանքում պատահականություններն են մեզ մոտեցնում, իսկ վիրտուալում մեր ուզած կերպով մեզ ներկայացնելու շնորհիվ գտնում ենք համախոհների կամ ուղղակի մեզ նման մարդկանց: Ստացվում է, որ վիրտուալը ինքներս մեզ ներկայացնելու ավելի լայն հնարավորություններ է տալիս, քան իրականությունը:

Բայց էստեղ գալիս է հարցի մյուս կողմը. ինչքանո՞վ է դա մեզ պետք: Հիմա կհիշեմ akumb.am-ը, որի առաջին հանդիպումներն իրական կյանքում ուղղակի չէին ավարտվում, որովհետև չէր սպառվում միմյանց հետ զրույցի թեման: Չգիտեմ՝ մյուսների մասին, բայց ես ահագին զարմացել էի հայտնաբերելով, որ Հայաստանում ինձ մի քիչ նման ուրիշ մարդիկ էլ կան, ու էդ հանդիպումները կարծես տարիներ շարունակ կուտակած զրուցելու պահանջը բավարարելու համար էին:

Լավ, ասենք դա ակումբն էր: Իսկ հետո՞: Ինտերնետով գտել եմ լիքը մարդկանց, որոնք գրում են, որոնք լսում են նույն երաժշտությունը, ինչ ես, սիրում են հայերենը,  հետաքրքրվում են գրականությամբ, եղել են այն քաղաքներում, որտեղ ես էլ եմ եղել, կիսում են քաղաքական հայացքներս: Հետո ի՞նչ: Ինձ պե՞տք է դա: Չէ՞ որ շարունակում եմ ռոք համերգներ գրեթե միշտ մենակ գնալ, կարդացածս գրքերը չքննարկել, քաղաքական զրույցներից ամեն կերպ խուսափել, մեն-մենակ ճամփորդել, ու եթե ինտերնետով ծանոթացած լիքը մարդիկ դարձել են շատ լավ ընկերներ նաև իրական կյանքում, բնավ ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ չէ, որովհետև դրանք վիրտուալից դուրս գրեթե չեն շոշափվում:

Advertisements

8 responses to “Եթե չլիներ ինտերնետը…

  1. uluana says:

    «Ինտերնետով գտել եմ լիքը մարդկանց, որոնք գրում են, որոնք լսում են նույն երաժշտությունը, ինչ ես, սիրում են հայերենը, հետաքրքրվում են գրականությամբ, եղել են այն քաղաքներում, որտեղ ես էլ եմ եղել, կիսում են քաղաքական հայացքներս: Հետո ի՞նչ: Ինձ պե՞տք է դա: Չէ՞ որ շարունակում եմ ռոք համերգներ գրեթե միշտ մենակ գնալ, կարդացածս գրքերը չքննարկել, քաղաքական զրույցներից ամեն կերպ խուսափել, մեն-մենակ ճամփորդել, ու եթե ինտերնետով ծանոթացած լիքը մարդիկ դարձել են շատ լավ ընկերներ նաև իրական կյանքում, բնավ ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ չէ, որովհետև դրանք վիրտուալից դուրս գրեթե չեն շոշափվում»:
    Բյուր, գուցե թվում ա, թե էդ ընդհանրությունները ռեալ շփման մեջ դեր չունեն, բայց իրականում էդ հետաքրքրությունների հիմքում ուրիշ՝ ավելի լուրջ արժեքներ, սկզբունքներ, չգիտեմ ինչեր են ընկած, որոնք էլ, այսպես ասած, «պահում են» ընկերությունը։ Նույնիսկ իրար կողքի լուռ զբոսնելու համար էլի որոշակի ընդհանրություններ են պետք, էլ չեմ ասում մնացած՝ ավելի ակտիվ զբաղմունքների մասին, թեկուզ հենց ուղղակիորեն էդ քո ասած ընդհանուր հետաքրքրությունների մասին չխոսվի կամ դրանցով չզբաղվեք։

    • byurie says:

      Հա, իհարկե, ընդհանրություններ պետք ա լինեն. օրինակ, եթե կոնկրետ ընկերախմբում մենք անընդհատ մաֆիա ենք խաղում, պիտի սիրես մաֆիա խաղալ, որ կարողանաս մնալ էդ ընկերախմբում, հակառակ դեպքում կձանձրանաս ու կգնաս: Ուղղակի ասածս էն ա, որ հաճախ էն հատկանիշները, որոնք էդքան կարևոր են մեզ համար, պատճառ չեն դառնում, որ մարդու հետ մտերմանաս: Նայի, ես որ նայում եմ իմ էսօրվա ամենամոտիկ ընկերներին, նենց չի, որ ընդհանրություններ չեմ գտնում, բայց ասենք դրանք պայմանավորված են նույն բուհում սովորած լինելով կամ նույն կազմակերպության անդամներ լինելով, ոչ թե հենց ընդհանուր հետաքրքրություններով կամ առավելևս գաղափարներ կիսելով (չնայած երբեմն կողքից դա էլ ա լինում):

      ________________________________

      • uluana says:

        Լավ, հիմա ասածդ ի՞նչ ա։ 😀 Ոնց որ թե էնքան էլ չեմ հասկանում։

      • byurie says:

        Դե մի քանի բան եմ ասում 😀 1. Ինտերնետով ավելի հեշտ ա ճանաչել մարդուն 2. Եթե ինտերնետը չլիներ, բացարձակապես չի բացառվում, որ նույն մարդուն ուրիշ տեղ կտեսնեիր 3. Էդ նույն մարդուն ուրիշ տեղ տեսնելով հնարավոր ա, որ տարիներ շարունակ լիքը բան չիմանայիր իրա մասին 4. Պարտադիր չի հետաքրքրություններ ու գաղափար կիսողն ընկեր դառնա ու պարտադիր չի, որ ընկերներդ կիսեն հետաքրքրություններդ ու գաղափարներդ

        ________________________________

      • uluana says:

        Դե, նենց տպավորություն էր, որ գրառմանդ վերջին հատվածը ամբողջ գրառման ամփոփումն էր. ու եզրակացությունն էն էր, ընդհանրապես իմաստ չունի էդ ամեն ինչը, եթե մեկ ա, համերգ մենակ ես գնում, հանդիպելու դեպքում էլ գրքեր–մրքեր չես քննարկում։ 😀

        Ինձ համար, օրինակ, երկրորդ կետը չէր գործի։ Այսինքն՝ որ չի բացառվում, էդ, իհարկե, ժխտելը դժվար ա (իսկ ի՞նչն ա ընդհանրապես բացառվում, որ դա էլ բացառվի), բայց իմ կյանքում, առնվազն ինտերնետում հայտնվելուց առաջ նենց վիճակ էր, որ համարյա բացառվում էր, որ ես հանդիպեի էն մարդկանց, որոնց ինտերնետում հանդիպեցի ու ընկերներս դարձան։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե էդ մարդկանց ուրիշ որտեղ էի հանդիպելու։

      • byurie says:

        Հա, տենց էլ կա 😀 էդ վերջին պարբերությունն ամփոփումն էր: Ուզում էի ասել, որ չնայած ինտերնետի լիքը լավ կողմերին, մեկ ա էդ հարաբերություններն առանձնապես իրական կյանք չեն տեղափոխվում, ու եթե տեղափոխվում էլ, հեչ հենց էդ ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ չի: 

        Չգիտեմ, քո դեպքում կարող ա չի աշխատում, բայց իմ դեպքում իմ ինտերնետային ծանոթներից մեծ մասին (ասենք, եթե ակումբականներին ու ԿՄ-ականների մի մասին հանենք) նենց հատուկ պայմանավորված տեղում չեմ հանդիպել, այլ պատահաբար որևէ միջոցառման ժամանակ:

        ________________________________

      • uluana says:

        Հա՜, փաստորեն, վերջում ստացվեց, որ Ակումբի ու ԿՄ–ի ծանոթությունները մեջներից ամենաանէականներն են։ Լավ, պարզ ա։ :)))

      • byurie says:

        Բայց ո՞նց տենց ստացվեց, չհասկացա 😀 Չէ, ուղղակի ակումբն ու ԿՄ-ն միակ դեպքերն են, երբ վիրտուալ ծանոթներին իրականություն տեղափոխելու նպատակաուղղված քայլեր են եղել, այսինքն՝ հանդիպումներ: Էն էլ էլի. շատուշատ ակումբցիներ ու ԿՄ-ականներ են էղել, որ էդ հանդիպումների ժամանակ չի, որ տեսել եմ իրական կյանքում:

        ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: