Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Գրիմ եղբայրների «Վեց հոգով աշխարհը կշրջեն» հեքիաթը

on April 27, 2013

Քանի որ կուրսերայում մի կոնկրետ դասընթացի համար ընթերցանության ցանկ են տվել ու քանի որ ես սկսել եմ նախապես կարդալ, որ կուտակումներ չլինեն, որոշեցի գործերի մասին առանձին մտքերս էստեղ գրի առնել սևագրի տեսքով, որպեսզի հետագայում էսսեները գրելիս գործս ավելի հեշտանա:

Հիմա Գրիմ եղբայրների հեքիաթներն եմ կարդում: Ուշադրությունս գրավեց այս գործը, որովհետև գոնե մանկությունից չէի հիշում, բայց այն, ինչ նկարագրված է հեքիաթում, շատ արդիական է:

«Վեց հոգով աշխարհը կշրջեն» հեքիաթն այն մասին է, թե ինչպես են հինգ ընկերներ վեցերորդի գլխավորությամբ բավական հզոր թագավորի հախից գալիս: Ըստ էության, այստեղ նկարագրվում է առաջնորդության ու թիմային աշխատանքի հիանալի մոդել: Ընկերներից յուրաքանչյուրը մի զարմանալի ունակություն ունի (մեկը քթով էնպես է փչում, որ հողմաղացը պտտվում է, մեկն արագավազ է, մեկը եթե գլխարկը հանի, շուրջն ամեն ինչ կսառցակալի, մեկը շատ ուժեղ է, մեծ ծանրություն կարող է բարձրացնել, մեկն էլ սուր աչք ունի, լավ կրակում է): Իսկ վեցերորդը նրանց բոլորին իրար գլխի հավաքով առաջնորդն է:

Ի՞նչն է կարևոր հեքիաթում: Այն, որ այս բոլոր զարմանալի ունակություններով մարդիկ հավաքվում են մի թիմում: Հավաքողն առաջնորդն է, որն ըստ էության կազմակերպում է հեքիաթի գործողությունները: Թիմը կազմելուց հետո նա թագավորի դեմ է դուրս գալիս, որն ասում է, որ ով իր աղջկան վազքի մրցույթում հաղթի, կամուսնանա հետը, իսկ եթե պարտվի, գլխով կվճարի: Էստեղ նախ տեսնում ենք, որ առաջնորդն այնքան վստահ է իր թիմի անդամի ունակության վրա, որ մեծ ռիսկի է գնում: Իսկ հետո, երբ հաղթելուց հետո նույնիսկ թագավորը չի ուզում խոստումը կատարել, անընդհատ լուծումներ է գտնում առաջնորդը ու հասնում նրան, որ թեև աղջիկն էդպես էլ իրենը չի լինում, բայց մեծ քանակությամբ ոսկի են կարողանում պոկել թագավորից ու մինչև կյանքների վերջ գոհ ու երջանիկ ապրում: Փաստորեն, առաջնորդը նաև համառ է ու արագ կողմնորոշվող:

Եթե նայենք թիմակիցներին, ապա կնկատենք, որ նրանք բոլորը միմյանցից շատ տարբեր են: Չնայած դրան, հաջողությամբ համագործակցում են ու լրացնում մեկը մյուսի գործը: Նրանք չեն մրցում միմյանց հետ, այլ միավորվում են թագավորի դեմ մեկ ընդհանուր նպատակի համար: Ավելին՝ նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում առաջնորդն ինչքան էլ խելացի քայլեր աներ, չէին կարողանա թագավորի հախից գալ. ինչ-որ մի փուլում անպայման տանուլ կտային:

Ինչու՞ եմ էսքան երկար-բարակ խոսում: Այս մոդելը շատ կսազեր հայկական իրականության մեջ, որտեղ թիմային աշխատանքը բավական դժվար գործ է ու հաճախ չի էլ հաջողվում, որովհետև թիմակիցները սկսում են միմյանց հետ մրցել՝ մոռանալով իրենց ընդհանուր հակառակորդին (լինի դա գործի տեսքով, թե քաղաքական ուժի կամ մարզական թիմի): Ու նաև առաջնորդները հաճախ սխալ անդամներ են ընտրում իրենց թիմերի համար՝ հիմնվելով միայն մեկ կոնկրետ հատկանիշի վրա: Արդյունքում ստացվում է թիմ, որտեղ բոլորը, օրինակ, արագավազ են, բայց սուր աչքով մեկը չկա: Հետո էլ զարմանում են, թե ինչու թիմը հաջողություն չի ունենում:

Մի խոսքով, որպես ամփոփում կուզեի ասել, որ թիմային աշխատանք կատարելիս (լինի դա փոքր պրոյեկտ, թե նախագահական ընտրություններին մասնակցություն) հետևեք այս մոդելին: Այն հաստատ աշխատում է. գերմանացիները ձեզ օրինակ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: