Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ֆեյսբուքի ստեղծած պատրանքը

on April 28, 2013

Առիթը բաց չեմ թողնում իմ շրջապատում հայտարարելու, որ Ֆեյսբուքում չկամ: Զարմացած հայացքների ներքո երբեմն կարճ պատասխան եմ տալիս, երբեմն էլ բանավեճի մեջ մտնում ու մանրամասն բացատրում, թե ինչպես է Ֆեյսբուքում գտնվելը սահմանափակում մարդու ազատությունը: Հաճախ նաև հարցնում են՝ ո՞նց ես դիմանում, սկսում թվարկել Ֆեյսբուքի առավելությունները, պնդում, թե ինչքան բան եմ կորցնում այնտեղ չլինելով: Իսկ իմ հակափաստարկն է, որ այդ բոլոր առավելությունները թերություն են, որ կորցնելու ոչինչ չունեմ, այլ փոխարենը միայն շահում եմ:

Ֆեյսբուքից ջնջվելուց դեռ շատ առաջ ամենայն մանրամասնությամբ քննել էի այն պատճառները, թե ինչու այնտեղ կամ, ինչ կլինի, եթե չլինեմ, ինչից կզրկվեմ ու ինչպես կյանքս ավելի կդժվարանա: Այս բոլոր հարցերին պատասխաններ տալուց ու նույն ճանապարհով գնացած մի երկու հոգու հետ շփվելուց հետո հասկացա, որ ամեն դեպքում Ֆեյսբուքից դուրս կյանքը շատ ավելի հրաշալի է ու պետք է ձգտել դրան: Ավելին՝ պարզեցի նաև, որ այնտեղ գտնվելու պատճառներից շատերն իրականում պատրանքներ են, խելացի ձևով մտածված խաբելու միջոցներ, որպեսզի մարդկանց կանչեն էնտեղ: Էստեղ կքննարկեմ այդ պատրանքներից մի քանիսը:

Ֆեյսբուքը կապի միջոց է

Երբ նոր-նոր առաջին քայլերս էի անում Ֆեյսբուքում, ինձ համար անսպասելիորեն նկատեցի, որ Պրահայի դպրոցի համադասարանցիներս էլ այնտեղ կան: Հերթով բոլորին ընկերության առաջարկ ուղարկեցի, պրոֆիլներն ուսումնասիրեցի, որ տեսնեմ՝ ով ուր է հասել, մի քանիսի հետ էլ մի երկու նամակով փոխանակվեցի: Ընկերներիս մեջ կային նաև զանազան համակուրսեցիներ, տարբեր մարդիկ, որոնց հետ ծանոթացել եմ իմ կյանքի տարբեր հատվածներում, ազգականներ, նաև լրիվ անծանոթներ: Թվում է՝ Ֆեյսբուքում չլինելով անմիջապես կապը կորցնում ես նրանց հետ, ու դա քեզ հետ է պահում նման քայլի գնալուց: Բայց ես ինքս ինձ հարց տվեցի. իսկապե՞ս այդպես է:

Վերցնենք Պրահայի համադասարանցիներիս: Ինչի՞ս են պետք նրանք: Երկու հոգուց բացի մնացածներին վերջին տասնվեց տարիների ընթացքում չեմ էլ տեսել: Իսկ ում էլ տեսել եմ, մեկ է, դրանից հետո էլ առանձնապես կապ չեմ պահել: Հետո ի՞նչ, որ Ֆեյսբուքի ընկերներիս մեջ կան: Հիմա ամեն մեկն իր ճամփով է գնացել: Նույնն էլ կարելի է ասել զանազան համակուրսեցիների մասին:

Այնուամենայնիվ, կա, չէ՞, այնպիսի մարդիկ, որոնց հետ ուզում եմ հաղորդակցվել: Փառք Աստծո, այսօր կապի այնքան բազմազան միջոցներ կան, որ կարելի է շփվել Ֆեյսբուքից դուրս (օրինակ՝ Սկայփով, մեյլով, բլոգային տարածքներում, ակումբում, սփյուռքում): Վերջիվերջո, եթե ինչ-որ մեկին գտնելու կարիք ունեմ, հաստատ գետնի տակից էլ կհանեմ նրան: Նույնն էլ հակառակը. եթե ինչ-որ մեկն իսկապես ուզում է հետս կապ պահել, ինչ-որ կերպ միջոց կգտնի: Ի դեպ, հենց երեկ մեկի հետ բանավիճում էի այս թեմայով: Ասաց, որ եթե ուզենամ իր հետ կապվել, չեմ կարողանա, որովհետև մեյլի հասցեն չունեմ: Թվարկեցի լիքը մարդկանց անուններ, որոնց կարող էի դիմել նրա մեյլի հասցեն իմանալու խնդրանքով, դեռ մի բան էլ եկա տուն ու պարզեցի, որ իրականում ունեի նրա հասցեն:

Ինձ թվում է՝ Ֆեյսբուքում մենք ծանրաբեռնում ենք մեր սոցիալական միջավայրը լիքը ավելորդ մարդկանցով: Ու հենց նրանցից կախվածություն ենք ձեռք բերում: Հավատում ենք, որ նրանց ստատուսը կամ նկարը տեսնելը կարևոր է մեզ համար, մինչդեռ իրականում դա ոչինչ չի փոխում մեր կյանքում:

Ֆեյսբուքի շնորհիվ քեզ հետաքրքրող իրադարձությունները բաց չես թողնում

Մի հատ փորձեք հիշել. վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքում հայտարարված քանի՞ իրադարձության եք գնացել: Ես մի քանիսին, այն էլ դրանց մասին Ֆեյսբուքից չէ, որ իմացել եմ: Ինձ հետաքրքրող կազմակերպությունների միջոցառումների մասին տեղեկացումներ ստանում եմ մեյլով, իսկ եթե նեղ շրջանակի ընկերական հանդիպում է, ապա սովորաբար մի հատ էլ զանգում են: Ավելին՝ էստեղ քանի որ համակուրսեցիներս գիտեն, որ Ֆեյսբուքում չկամ, քանի որ մեր համալսարանում պոստդոկ անող Սիլվիան էլ չկա, սուրճ-գարեջրի գնալիս մեյլով ենք իրար տեղեկացնում:

Կարծում էի, որ Ֆեյսբուքում չլինելով իրադարձություններ բաց կթողնեմ: Իրականում բաց եմ թողնում այն իրադարձությունների մասին տեղեկացումները, որոնց էսպես թե էնպես ներկա չէի գտնվելու: Իսկ դա օգնում է, որ ուղեղս չծանրաբեռնվի ավելորդ ինֆորմացիայով:

Ֆեյսբուքում լիքը նկար ունես

Ասե՞մ, թե վերջերս ոնց է սիրտս սկսել խառնել նկարներից, հատկապես երբ ինձնից են ուզում: Հա, բան չունեմ ասելու. ես սիրում եմ աջ ու ձախ բոլորին ու ամեն ինչ նկարել, բայց դրանք Ֆեյսբուքում տեղադրելն արդեն դարձել էր գործողություն հակառակ իմ կամքի, մի բան, որ անում էի ուրիշների խնդրանքներին տեղի տալով կամ երբեմն էլ դրանք կանխարգելելով: Ավելի հաճախ դրանք լցնում էի պիկասա կամ դրոփբոքս, ու ում պետք էր, տեղն ասում էի:

Ֆեյսբուքի շնորհիվ վերջին նորություններն ես իմանում

… բայց դա քեզ պե՞տք ա: Իմ սիրտն արդեն խառնում էր ամեն առավոտ պատիս հայկական անցուդարձը, իրար կպնոցին ու քրֆոցին կարդալը: Ընկերներիցս մի քանիսին հայդ արեցի, մի քանիսին ջնջեցի: Բայց հայտնվում էին նորերը: Աննկարագրելիորեն զզվել էի ինֆորմացիայի այդպիսի մեծ քանակից: Իսկ հիմա խախանդ ապրում եմ՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածության: Եթե շատ ուզենամ որևէ բան կարդալ, թվիթերը կա ու կա, իսկ էլեկտրոնային լրատվամիջոցների տեղը գիտեմ:

Ֆեյսբուքի շնորհիվ բլոգդ ավելի շատ մարդ է ընթերցում

Հաստատ: Դրա համար դեսուդեն էի վազում, գրառումներս փակի տակ դնում, նորանոր բլոգներ բացում ու մարդկանց տեղը չէի ասում, որովհետև մեծն Ֆեյսբուքն ում ասես չէր ուղարկում ինձ մոտ: Ու հա, վերջին մեկ շաբաթվա ընթացքում բլոգիս այցելությունները մի այլ կարգի անկում են ապրել, բայց ես դրանից միայն ուրախանում եմ, որովհետև հիմա արդեն անգիր գիտեմ ով է այստեղ լինում, ու դա հնարավորություն է տալիս, որ ավելի ազատ լինեմ ու ավելի անմիջական շփման գնամ ընթերցողի հետ, ոչ թե ամբողջ էջս գաղտնաբառերով զարդարեմ:

Որպես ամփոփում պիտի ասեմ, որ իրականում կյանքը շատ էլ հեշտ ու հնարավոր է առանց Ֆեյսբուքի: Պարզապես այն այնպես է կառուցված, որ պատրանք ստեղծվի, թե առանց դրա անհնար է ապրելը կամ լիքը բան բաց կթողնես: Իհարկե, Ֆեյսբուքն իր դրական կողմերն ունի. հետազոտությանս մասնակիցներից երկուսին էնտեղով գտա, բայց նույնիսկ այդ դեպքում եթե Ֆեյսբուքը չլիներ, ուղղակի ստիպված կլինեի մի քիչ շատ ջանք թափել, ինչն ամեն դեպքում անհնար չէ:

Մեկ այլ գրառմամբ էլ ավելի մանրամասն կպատմեմ, թե ինչպիսին է կյանքը Ֆեյսբուքից դուրս:

Advertisements

11 responses to “Ֆեյսբուքի ստեղծած պատրանքը

  1. շատ լավ ես ձևակերպել՝
    «Ինձ թվում է՝ Ֆեյսբուքում մենք ծանրաբեռնում ենք մեր սոցիալական միջավայրը լիքը ավելորդ մարդկանցով: Ու հենց նրանցից կախվածություն ենք ձեռք բերում: Հավատում ենք, որ նրանց ստատուսը կամ նկարը տեսնելը կարևոր է մեզ համար, մինչդեռ իրականում դա ոչինչ չի փոխում մեր կյանքում:

  2. Գիտես, ֆբ֊ն ես ինքս էլ չեմ սիրում, և կարծում եմ, որքան վաղ թե շուտ պետք է հեռանալ այնտեղից («վաղ թե շուտի» սահմանման հարցում միայն չեմ կողմնորոշվել)։ Բայց խնդիրը ունի նաև մեկ այլ կողմ, որը միայն ֆբ֊ին չէ հատուկ։ Դա սոց֊ցանցի կառուցվածքն է, հաղորդակցության ձևաչափը, որը փաստորեն մենախոսային է (ինչպես հանումանն է գրում՝ http://ablog.gratun.am/4646/սոցցանց-vs-ֆորում/
    Ըստ էության սոցցաները ոչ թե սոցիալական միջավայրեր են, այլ անհատի՝ ինքնադրսևորվելու, հրապարակային խոսքի հարթակներ են։ Երբ դու մտնում ես ֆբ֊ն, դա նման է, մի մեծ դահլիճ մտնելուն, որտեղ տարբեր անկյուններում ոգևորված մարդիկ են ելույթ ունենում, դու կարող ես ծափահարել, մեկնաբանել, բայց ըստ էության դա սոցիալական շփում չէ։

    • byurie says:

      Հա, երբ հեռանալու պահը գա, ինքդ էլ կզգաս:

      Կարդացի հանումանի գրառումը: Շատ ճիշտ ա նկատել: Ի դեպ, հաղորդակցության մենախոսային ձևաչափի մասին շատ եմ լսել: Մի ժամանակ էլ բլոգները ֆորումների հետ համեմատելիս էին նույնն ասում:

      Հրապարակային հարթակի մասով էլ եմ համաձայն, բայց դա ավելի շատ հայկական ֆեյսբուքին ա բնորոշ: Մի օր անպայման դրան էլ եմ անդրադառնալու. թե ինչով ա հայկական ֆեյսբուքը տարբերվում արևմտյանից (կամ գոնե եվրոպականից): Ու հա, ֆեյսբուքում շփում չկա: Էնտեղ կարող ա մի մարդու հետ քննարկումների մեջ մտնես, լայքես, քոմենթես, անգամ չաթ անես, բայց երբեք չիմանաս ինքը ոնց ա:

  3. Աննա says:

    Բյուր, ոնց որ հատուկ ինձ համար էս գրառումն արած լինեիր: Արդեն մոտ երկու շաբաթ է՝ նպատակադրված ՖԲ չեմ մտնում: Ուզում եմ տեսնել՝ ինչ է մոտս փոխվում: ՖԲ-ում չլինելու նշածդ բոլոր պատճառներին ուզում եմ ավելացնել նաև ահագին ժամանակը, որը ֆեյսբուքը ուղղակի կորզում է մեզնից: Իմ՝ ֆեյսբուք չմտնելու պատճառները մի փոքր այլ նրբերանգներ էլ ունեն, բայց տրամադրությունս առանց այն էլ էն չի դրանք ներկայացնելու համար:
    Շնորհակալ եմ գրառմանդ համար, կսպասեմ մյուսին 🙂

    • byurie says:

      Հըմ, ժամանակային ֆակտորի հետ էնքան էլ համաձայն չեմ: Ճիշտ ա՝ ֆեյսբուքը շատ ժամանակ ա խլում, բայց դա կառավարելի ա: Ավելին՝ եթե ժամանակ խլողը ֆեյսբուքն ա ու եթե չես մտնում էնտեղ, հաջողությամբ ուրիշ կայք կարա հայտնվի, որը կուտի ժամանակդ: Դրա դեմ ես ուրիշ միջոցներ եմ ձեռնարկում: Մի օր էլ երևի դրա մասին գրեմ:

  4. […] Չհասկացվածությունից խուսափելու համար տեղադրում եմ այս հղումը, որտեղ քննարկում եմ Ֆեյսբուքից ջնջվելուս իրական […]

  5. sceadufax says:

    Շատ լավ պոստ էր, Բյուր ջան: Աչքիս` ես էլ եմ շուտով ջնջվելու:

    Այ էս ընդհանրապես սրտիցս էր:

    • byurie says:

      Մերսի 🙂
      Ջնջվի ու վերջապես արի բլոգիդ տեր կանգնելու 🙂

      • sceadufax says:

        Ահա: )
        Ի դեպ այ էս էր սրտիցս
        “Իմ սիրտն արդեն խառնում էր ամեն առավոտ պատիս հայկական անցուդարձը, իրար կպնոցին ու քրֆոցին կարդալը:”
        Առաջին պոստում չեկավ: )))

      • byurie says:

        Աաաաա, ֆեյսբուքահայերից շատերի սրտից ա 😀

        ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: