Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Իսկական կենդանի ու վայրի Զազը

on May 10, 2013

Երկու տարի առաջ գրել եմ, թե ինչպես եմ բացահայտել Զազին: Գրել եմ նաև, որ ուզում եմ նրա համերգին ներկա գտնվել: Ու երևի այս անգամ բախտավոր էի, որ ընդամենը երկու տարի սպասեցի տասնվեցի փոխարեն, բախտավոր էի, որ տեսա նրան ակտիվ գործելու ու ամենահայտնի ժամանակաշրջանում, ոչ թե դրանից հետո:

Զազի համերգը տեղի էր ունենալու Քյոլնի «Գլորիա» թատրոնում: Քանի որ կանգնելու տեղերով էր, հասել էի երեք ժամ առաջ և հերթ կանգնել, որպեսզի բեմի դիմացը տեղս ապահովեմ: Ինձնից առաջ ընդամենը հինգ հոգի կար: Ընդհանուր առմամբ, հերթի մեջ գտնվողները գերմանացիներ և ֆրանսիացիներ էին: Մինչ մեզ ներս կթողնեին, լսվում էր սաունդչեքը ու Je veux-ն կատարող Զազի ձայնը:

Համերգի սկզբից մի ժամ առաջ դռները բացեցին, ու ես վազեցի բեմի դիմաց տեղավորվելու: Մեզնից առաջ հանշմանդամներին էին թողել: Այնպես որ, ինձ միայն աջ անկյունը բաժին ընկավ, բայց առաջին շարքում էի: Բեմը զարմանալիորեն ցածր էր. սպասելու ընթացքում բլոկնոտս վրան դրած գրում էի: Որևէ անվտանգության միջոցառում չկար հանդիսատեսին բեմից հեռու պահելու համար:

Իմ կանգնած տեղից սեթլիսթն էլ էր երևում: Սկզբում ինձ զսպեցի, որ չնայեմ, բայց հետո չդիմացա և ուսումնասիրեցի՝ ամեն դեպքում մտածելով, որ փչացնում եմ անակնկալը: Նկատեցի, որ քսանհինգ երգերից միայն վեցը գիտեմ, այն էլ հինգն են հին ալբոմից: Մի քիչ տխրեցի: Այնուամենայնիվ, հետագայում սեթլիսթն աչքիս առաջ ունենալն օգնում էր ցանկացած անծանոթ երգի անունն իմանալը:

Բեմի կենտրոնում՝ հենց Զազի միկրոֆոնի մոտ, ամրացված էր ֆրանսերեն տեքստ՝ տակը գերմաներեն թարգմանությամբ, բայց ֆրանսիական ուղղագրությամբ: Հետո պիտի Զազն առանց թաքցնելու կարդար այդ տեքստը, իսկ գերմանացիները պիտի ծիծաղեին:

Համերգը սկսվեց ճիշտ ժամանակին: Մնացած հայտնի կատարողների նման չէր, որ սկզբում երաժիշտներին ուղարկեին հանդիսատեսին տաքացնելու, հետո նոր «դեմքը» դուրս գար: Զազը եկավ բոլորի հետ, կատարեց բոլորից առաջ՝ երկու փայտիկներ իրար խփելով ու ակապելլա իմպրովիզելով: Հետո միանգամից անցավ Nous debout-ին, որը, փաստորեն, նոր երգ էր:

Ընթացքում ո՜նց էր թռվռում, ո՜նց էր վայրենավարի դեսուդեն անում: Քրտինքը ծորում էր: Զազն ամբողջ ժամանակ հանդիսատեսի հետ էր կամ ինքն իր հետ: Համենայնդեպս, դեմքից երևում էր, որ ինքը հաճույք է ստանում իր գործից, սիրում է հանդիսատեսին:

Si je perds (Եթե կորցնեմ) կարծես արդարացում լիներ, որ Je veux (Ես ուզում եմ) երգում «Ձեր փողը չէ, որ ինձ պիտի երջանկացնի» արտահայտությունն անողի տոմսերն այսօր երեսուն եվրոյով են վաճառվում: Si je perds-ում Զազը երգում էր, որ եթե խելքը թռցնի, չանհանգստանանք, միևնույն է, շուտով ինքը կմոռացվի:

Երբ հասավ հանրահայտ Je veux-ին, փորձեց հանդիսատեսին կրկներգը երգացնել: Էլ չգիտեր, որ գերմանացիները սառած դիակ են, բերանները չեն բացի: Ինչ էլ լսվեց, մեկ ես էի երգում, մեկ էլ դահլիճի ֆրանսիացիները: Տեսնելով, որ չի ստացվում՝ ամբողջ կրկներգն ինքը երգեց ու հանդիսատեսին հանձնեց միայն réalité բառը:

Երբ հասավ La fée-ին (Փերին), էնպիսի տպավորություն ստեղծվեց, որ իսկապես ինքը տանը փերի ունի. էնքա՜ն հավատ կար հայացքի մեջ:

Ընթացքում հարցրեց.

– Շառլ Ազնավուրին գիտե՞ք:

Ես, որ մինչ այդ Հայաստանի դրոշն էի ծածանում, գոռացի.

– Հա՜, ինքը հայ ա:

– Ճիշտ ա, հայ ա… դու՞ էլ ես հայ:

Ու երգեց Շառլի երգերից Oublie Loulou-ն, որը, պիտի խոստովանեմ, առաջին անգամ էի լսում:

Տեսնելով, որ հանդիսատեսին տեքստ երգացնողը չի՝ սկսեց ձայնարկությունների վրա աշխատել: Դրան մի քիչ միացան գերմանացիները: Անընդհատ զարմանում էի՝ ինչքա՜ն անսպառ է էս աղջկա էներգիան:

Որպես առաջին encore-ի առաջին երգ Պիաֆի Dans ma rue-ն կատարեց: Մի կողմից, հիանալիորեն մտել էր երգի մեջ ու կարծես հենց հերոսուհի մարմնավաճառուհին լիներ, մյուս կողմից էլ ենթարկվում էր հանդիսատեսի թելադրած ռիթմին: Երբեմն դադար էր տալիս, կատարյալ լռություն էր տիրում, երբ հանդիսատեսը մեջ էր մտնում ու երգում: Մի անգամ էլ միկրոֆոնը պահեց, որ մենք երգենք, ինչ-որ բան դուրը չեկավ. կա՛մ ոչինչ չլսեց, կա՛մ գերմանացիների արտասանությունն էն չէր, որովհետև միկրոֆոնը հետ բերեց իր բերանի մոտ ու նեղացած տոնով ուղղեց:

– Et j’ai peur.

Երբ հասավ երգի վերջին տողին, երգեց.

– Mon cauchemar pour toujours…

Բայց էլի հանդիսատեսը լռում էր: Ստիպված ինքը եզրափակեց.

– … est fini.

Համերգի ամենա-ամենավերջին երգը ոնց հասկացա իրենց կիթառահարն էր գրել Մոն Բլանը բարձրանալուց հետո, ու շորերը լվանալու մասին էր: Էդ ամենը բացատրեց մի երկու բառ ֆրանսերեն ասելով, հետո անցնելով իսպանախառն անգլերենի՝ ավելացնելով ժեստեր (մասնավորապես, շորեր լվանալու պահը):

Վերջում մի քանի անգամ խոնարհվեց հանդիսատեսի առաջ, առաջին շարքում կանգնածների ձեռքը սեղմեց (ինձ էլ բաժին հասավ :D), ձև թափեց, թե թռչում է դեպի հանդիսատեսը, բայց իսկույն հետ քաշվեց: Ու գնաց: Դահլիճի լույսերը վառվեցին:

Հրաշք համերգ էր: Դուրս գալիս ասում էի՝ շնորհակալություն Զազ: Երբեք էսպիսի զգացողություն չէի ունեցել համերգից հետո:

Պաստառը տեսա. նոր ալբոմն ամսի 10-ին նոր թողարկվելու էր: Էսօր վազեցի ու անմիջապես գնեցի այն: Դատելով երեկվա համերգից՝ հրաշալի ալբոմ է լինելու. տասնյոթ երգերից տասնվեցը երեկ կատարել է:

Հ.Գ. Հեչ չեմ ուզի, որ Զազը գա Հայաստան: Ո՛չ հսկայական համալիրն է նրա համար, ո՛չ էլ գլամուռ Մեցցոն: Ցավոք, մենք չունենք էդպիսի ակումբանման թատրոններ ցածր բեմերով, որոնք իդեալական են Զազի համերգների համար:

Հ.Հ.Գ. Ռուզ, մերսի Զազի հետ ծանոթացնելու համար 🙂

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: