Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Գրիմ եղբայրների «Հեքիաթները»

on May 11, 2013

Ամբողջ գիրքը կարդալուց հետո հիմա արդեն կարող եմ ընդհանուր տպավորություններով կիսվել:

Չնայած փոքր ժամանակ արդեն մի անգամ կարդացել էի Գրիմ եղբայրների հեքիաթները, բայց մեծ հասակում, այն էլ դասի համար կարդալը լրիվ ուրիշ տպավորություն թողեց: Ասեմ, որ ընդհանուր տպավորությունս զարմանքն էր: Դրա համար մի քանի կետով կգրեմ, թե հատկապես ինչն ինձ զարմացրեց:

Հայտնի հեքիաթների տարբեր մեկնաբանությունները

Եթե ձեզ ասեմ՝ Մոխրոտը պատմեք, ի՞նչ կասեք: Հաստատ ձեզնից ոչ ոք բաց չի թողնի կախարդուհի մորաքրոջը (թե՞ ուրիշ ազգական էր, հիմա չեմ հիշում), կառք դարձած դդումը, կեսգիշերի զանգերն ու ամբողջ քաղաքով մեկ կոշիկի տիրոջը փնտրելը: Գրիմ եղբայրների մեկնաբանության մեջ ոչ մի էդպիսի բան չկար: Էստեղ ավելի շատ շեշտը դրված էր մահացած մոր գերեզմանի վրա, որի մոտ աճող ծառի թռչուններն էլ հենց Մոխրոտին սիրուն շոր տվեցին: Կառքի մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա, այսինքն՝ չենք իմանում, թե ինչպես է հասնում պալատ: Էլ չեմ ասում, որ երեք անգամն էլ ինքնակամ է պալատից փախչում, ու վերջին անգամ արքայազնը կոշիկը բռնացնում է, Մոխրոտին հետևում, իմանում՝ որտեղ է ապրում, հաջորդ օրն ուղիղ նրանց տուն գնում: Ավելին՝ ոտքի բութ մատն ու կրունկը կտրած քույրերին էլ դեռ ձիով տանում է, բայց թռչունները երգում են, որ նրանք սուտի են, արքայազնը հետ է գնում:

Կարմիր գլխարկն էլ էր ահագին տարբեր: Էստեղ երկու գայլ կար: Երկրորդին Կարմիր գլխարկը չէր խաբվում, բայց հետևել, եկել, տատիկի տան մոտ նստել էր: Վերջը տատիկը սասիկու տաք ջրի մեջ վառեց էդ մի գայլին: Հետաքրքիր է, որ Շառլ Պերոյի Կարմիր գլխարկն էլ է տարբեր. էնտեղ էդպես էլ տատիկն ու Կարմիր գլխարկը մնում են գայլի փորի մեջ:

Բա Սպիտակաձյունի՜կը… պարզվում է՝ էստեղ խորթ մայրը երեք անգամ է խաբում, երկու անգամը թզուկներն են փրկում, իսկ վերջում ոչ թե արքայազնի համբույրից է ուշքի գալիս, այլ թափանցիկ դագաղը տեղափոխելիս ցնցվում է, կոկորդին կանգնած թունավոր խնձորը դուրս է թռնում, աղջիկն արթնանում է:

Գորտ արքայազնի մեջ գորտը փոխակերպվում է ոչ թե արքայադստեր համբույրի արդյունքում, այլ որովհետև վերջինս ջղայնությունից նրան շպրտում է պատին:

Մեկ էլ զարմացա, երբ իմացա, որ Բրեմենի խորհրդանիշը համարվող երաժիշտները երբեք Բրեմենում չեն եղել;

Հայկական հեքիաթների հետ նմանությունը

Ինձ համար գաղտնիք չեն հեքիաթների թափառող սյուժեները, ու ասենք Սևուկ ուլիկի տարբերակը յոթ ուլիկներով կարդալիս չզարմացա, բայց ինձ թվում էր՝ կան հեքիաթներ, որոնք շատ տիպիկ ազգային են, ոչ մի ազգ չունի դրանցից: Մեկն Անբան Հուռին է, մեկն էլ Կիկոսի մահը: Բայց արի ու տես, որ Գրիմ եղբայրների մոտ երկուսի նմանակն էլ գտա: Մեկը կոչվում էր Երեք մանողները, մյուսը՝ Խելացի Էլզան: Իհարկե, սյուժետային առումով գրիմյան տարբերակներն ավելի հարուստ էին, բայց պիտի ասեմ, որ Թումանյանի մեկնաբանությունը շատ ավելի համով է (կամ էլ գերմանական մշակույթը լավ չեմ հասկանում): Ավելին՝ նույն Խելացի Էլզայում չծնված երեխայի մահը սգալն ավելի շատ հետին պլան էր մղած, շեշտը դրված էր նման բան մտածող Էլզայի խելքի վրա, ու ամուսնանալուց հետո էլ Էլզան ուրիշ բաներ էլ է անում:

Ի դեպ, Խելացի Էլզայի երկրորդ մասը հիշեցնող սյուժե կա նաև Ֆրեդի ու Քեյթի մասին պատմող հեքիաթում, որտեղ Քեյթն էլի նույնքան դեբիլոտ է, որքան Էլզան: Բայց մյուս կողմից, այս հեքիաթը նաև Բարեկենդանին է նման: Հիմնական տարբերությունն այն է, որ ամուսինը՝ Ֆրեդը, այնուամենայնիվ, շարունակում է խելացի մնալ:

Կանայք

Չնչին բացառություններով բոլոր բարի ու չար հերոսները կանայք էին: Տղամարդիկ ոնց որ օգնող կերպարներ լինեին, կանանց կամակատարներ: Կային խորթ մայրեր, քույրեր, բարի ու սիրուն արքայադուստրեր, կախարդուհիներ, բայց տղամարդիկ հիմնականում Մոխրոտի հոր կամ ձկնորսի (Ձկնորսի կինը, Ոսկե ձկնիկի տարբերակն է) տիպի էին. անդեմ, չերևացող:

Պարզությունը

Բարու ու չարի հստակ սահմանազատման մասին խոսելիս միշտ ասում ենք՝ ինչպես հեքիաթում: Հա՛, նորություն չէր, որ բարին բարի էր, չարը՝ չար, որ հիմնականում բարին սիրուն էր, չարը՝ այլանդակ (որոշ բացառություններով): Բայց հետաքրքիր էր նկատել, թե ինչքան պարզ էր մնացած ամեն ինչ: Օրինակ, տղան տեսնում է աղջկան, առանց երկար-բարակ մտածելու ամուսնության առաջարկ է անում, աղջիկն էլ առանց չեմուչումի համաձայնում է:

Ընդհանուր գծեր

Հատկապես սա գուցե դասիս համար կարևոր լինի: Բազմաթիվ հեքիաթների ընդհանրություններից էր չար խորթ մոր առկայությունը՝ անկախ նրանից նա առանձին սեփական երեխաներ ուներ, թե ոչ: Դա հաստատ մի բան պիտի նշանակի: Հավանաբար էն օրերին հեչ հարգի չէր խորթ մայր ունենալը:

Մեկ էլ ամեն մի խնդիր, կախարդանք, դժբախտություն շատ կոնկրետ լուծում ուներ ու անպայման գտնվում էր մեկը, որը գիտեր այդ լուծումը: Ոչ մի հեքիաթ օդի մեջ չի վերջանում, ոչ ոք կախարդված չի մնում:

Դաժանություն

Առաջին անգամ հեքիաթների դաժանությանը հանդիպել եմ Շառլ Պերոյի Կապույտ մորուքը կարդալիս: Գրիմ եղբայրները չունեն Կապույտ մորուք, բայց մի երկու տեղ անտանելի դաժանության հանդիպեցի: Մեկը Հավատարիմ Հանսն էր, որտեղ թագավորն իր երկվորյակ տղաների գլուխները կտրում է, որպեսզի Հանսը քարից նորից մարդ դառնա: Մյուսը Նշենին էր, որտեղ խորթ մայրը տղային սնդուկում փակելիս սխալմամբ կտրում է գլուխը, թաշկինակով կպցնում մարմնին, իսկ հետո եփում, ամուսնուն կերակրում, աղջիկն էլ ոսկորները տանում, թաղում է: Դե Մոխրոտի մեջ էլ չեմ ասում, թե ինչպես է խորթ մայրը սեփական աղջիկների բութ մատն ու կրունկը կտրում, որպեսզի կոշիկը հագներով լինի:

Մի խոսքով, մնում է սպասել դասընթացի սկսվելուն և տեսնել, թե դասախոսն ինչ կառաջարկի հեքիաթների մասին: Ի դեպ, եթե հետաքրքրում է, դուք էլ կարող եք միանալ:

Advertisements

6 responses to “Գրիմ եղբայրների «Հեքիաթները»

  1. Արտակ says:

    հետաքրքիր գրառում էր, շնորհակալություն !!!

  2. Ես էլ եմ այս ծրագիրը արել կուրսերայում, մենակ թե միայն վիդեոներն էի նայում :Ճ
    Լավն էր գրառումը , մերսի :Ճ

    • byurie says:

      Հա՞, ո՞նցն էր: Ես ուզում եմ տեղը տեղին անել. հա՛մ էսսեներն եմ գրելու, հա՛մ էլ պիտի հասցնեմ սաղ գրքերը կարդալ:

      • Վիդեոները հավեսն էին, Ռաբկինն էլ հետաքրքիր է բացատրում ու հմայիչ ձայն ունի:ՃՃՃ Իսկ գրքերին ու էսեներին ժամանակ չեղավ, անցած օգոստոսն էր, ու տեղափոխվում էի էստեղ :Ճ

      • byurie says:

        Հըմ, լավ, հետաքրքիր ա, տեսնենք ինչեր ա ասելու 😀

        ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: