Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հոլանդացիների քարտամոլությունը

on May 15, 2013

Էսքան երկրեերկիր պտտվել եմ, ոչ մի տեղ չեմ տեսել, որ ամեն ինչ էս աստիճանի էլեկտրոնայնացված լինի, ինչքան Նիդեռլանդներում:

Առաջին անգամ էս կողմերում հայտնվել եմ մոտ վեց տարի առաջ, երբ Ամստերդամի մի հիվանդանոցում պրակտիկա էի անցնում: Հենց սկզբից իմ նկարով մի քարտ ստացա, որը պիտի որպես բեջ վրաս կպցնեի, բայց բազմաթիվ այլ ֆունկցիաներ էլ էր կատարում. փակ դռներ էր բացում, լվացքատանը մաքուր խալաթ էր տալիս ու ամենակարևորը՝ ճաշի համար վճարում էր: Բայց վերջինիս համար պետք է ունենայիր մեկ այլ՝ բանկի քարտ, որպեսզի փող փոխանցեիր վրան: Ու ամենացավալին այն էր, որ հիվանդանոցի ճաշարանում միայն այդ բեջ-քարտով կարող էիր վճարել, կանխիկ դրամ չէին ընդունում: Մեկումեջ բժիշկները լիցքավորում էին քարտս կամ իմ փոխարեն վճարում, ես էլ կանխիկն իրենց էի տալիս:

Երկու տարի անց նորից եկա Նիդեռլանդներ: Պարզվեց՝ տրանսպորտի համար վճարման նոր համակարգ է ներմուծվում, այն է՝ առաջվա տոմսերի փոխարեն լինելու են քարտեր, որոնց վրա կարելի է փող դնել ու մտնել-դուրս գալուց անպայման ծնգացնել: Մոռանալու դեպքում տուգանվում ես: Էն ժամանակ էդ համակարգը նոր էր, ես էլ խիստ ժամանակավոր էի, կարելի էր առանց դրա ապրել: Ավելին՝ անցյալ տարի էլ առանց քարտի հանգիստ գոյատևեցի, բայց այս տարի արդեն, երբ գնացքի համար զեղչ էր պետք, ստիպված ես էլ քարտավորվեցի:

Նախանցյալ տարի, երբ նոր էի եկել էստեղ սովորելու, պարզվեց, որ քսերոքսի ու պրինտի համար հատուկ քարտեր են պետք, որոնք վաճառվում էին քոփիշոփերում: Սակայն շուտով այդ համակարգը վերացավ, ու պետք էր օնլայն լիցքավորել հաշիվդ, հետո այն կապել տրանսպորտիդ կամ չիպ պարունակող որևէ այլ քարտի: Իհարկե, տեսականորեն կարելի է առանց քարտի յոլա գնալ, բայց ամեն անգամ տպելիս ու քսերոքս անելիս էդ փոքր ապարատի վրա պիտի լոգին լինես, իսկ դա շատ անհարմար բան է: Այնուամենայնիվ, մինչև վերջերս որևէ քարտ չէի կապել հաշվիս, ամեն անգամ մի բան տպելիս լոգին-փասս հավաքում էի:

Էս մեր գրադարանի կաֆետերիայում սուրճի ապարատներ կան, որոնցից օգտվում ենք ժամը երեքից հետո, երբ կաֆետերիայի աշխատող մասը փակվում է: Բայց վերջերս շոկ ապրեցինք՝ հայտնաբերելով, որ մանրադրամի համար նախատեսված անցքերն անհետացել են, փոխարենը քարտի տեղ է հայտնվել: Ուսանողականը փորձեցինք, չեղավ: Վազեցի պրինտերների մոտ, տրանսպորտի քարտս կապեցի հաշվիս: Նորից փորձեցի ապարատը: Սուրճ տվեց: Ձևը գտանք:

Բայց պարզվում է՝ ես այն հազվագյուտ բախտավորներից էի, որ ձևը գիտեր, իսկ Սոֆյան ընդհանրապես տրանսպորտի քարտ չուներ, իմից էր օգտվում: Հաճախ է պատահում, որ ժամը երեքից հետո էնտեղ նստած սուրճ ենք խմում ու տեսնում ենք, թե քանի հոգի է գալիս, զարմանում, որ չի կարող սուրճ գնել, թողնում-գնում:

– Պատկերացնում եմ՝ ինչքան վնաս են կրում էս նոր համակարգի պատճառով,- անընդհատ ասում է Սոֆյան՝ առաջարկելով թաքնված տեսախցիկով նկարել բոլոր մոտեցողներին ու ճարահատյալ հեռացողներին:

Իհարկե, լինում են ֆայմովներ, որ մոտենում են մեզ, հարցնում, թե արդյոք քարտ ունենք: Ես էլ սիրով բոլորին տրամադրում եմ քարտս՝ դիմացը կանխիկ մանրադրամ վերցնելով:

– Բիզնես արա,- առաջարկում է Սոֆյան,- ամեն բաժակ սուրճի դիմաց լրացուցիչ կես եվրո ուզիր:

Հիմա հետս լիքը տարբեր քարտեր եմ ման տալիս: Մեկը բանկինն է, որով խանութներում վճարումներ եմ անում. էստեղ նույնիսկ մի եվրոյանոց առևտուր անելիս կարող ես քարտով վճարել: Մեկը սպորտային ակումբինն է. ամեն անգամ մտնելիս պետք է ծնգացնել: Երրորդը սուպերմարկետի բոնուս քարտն է, չորրորդը՝ ուսանողականս, որի բազմաթիվ ֆունկցիաներից մեկը նաև գրադարանում գիրք տալն է, հինգերորդը կացության իրավունքս, վեցերորդը՝ տրանսպորտի քարտը, որ ժամը երեքից հետո առանց սուրճի չմնամ:

Advertisements

2 responses to “Հոլանդացիների քարտամոլությունը

  1. uluana says:

    Էդ ինչ քարտախեդ վիճակ ա։ 😀 Արտասահմանում երևի ամեն տեղ էլ քարտերը գնալով շատանում են, բայց ձեզ մոտ իսկապես չափից դուրս ա։ Ես բացի սովորական դեբիտ–կրեդիտ քարտերից, մեկ էլ տրանսպորտի քարտ եմ օգտագործում։ Բայց մեզ մոտ քարտի փոխարեն նաև կարող ես մետաղադրամներով վճարել, մենակ միցենտանոցներ չի ընդունում։ Բայց դե էդքան կոպեկ սովորաբար չես ունենում, եթե հատուկ չես հավաքել, էլ չեմ ասում, որ եքա ծանրություն են էդ մետաղադրամները. նույնիսկ ամենախոշորի դեպքում, որը 25 ցենտանոցն ա, տասը հատ մետաղադրամ ա անում, իսկ եթե ավելի մանրեր են, արդեն մի տոպրակ մետաղ ա ստացվում :D, դեռ հետ գալունը չհաշված։ Ու եթե հանկարծ քարտիդ փողը պրծնում ա, քաշվում ես։ Բայց էդ քարտերը մենակ ավտոբուսի ու մետրոյի համար են, սովորական գնացքինը կամ պիտի նախօրոք ավտոմատից առնես, կամ էլ գնացքի մեջ՝ ավելի թանկ։

    • byurie says:

      Դե հա, ստեղ չափից դուրս ա: Գերմանիայում մի հատ բանկի քարտ ունեի, մի հատ էլ ուանողական, որը և՛ գրադարանի համար էր, և՛ տրանսպորտի տոմս էր, և՛ քսերոքսի քարտ: Ու հա, էնտեղ հիմնականում քարտով մենակ մեծ վճարումներն էին ընդունում (ասենք, քսան եվրոյից շատ), դրա համար միշտ մոտս կանխիկ դրամ կար: Ֆինլանդիայում էլ մենակ ուսանողական ունեի, բանկի քարտ ու գրադարանի քարտ: Բայց ստեղ իսկականից սարսափելի ա: Էլ չեմ ասում, որ զանազան ուրիշ մանր-մունր քարտեր էլ ունեմ, որոնց մասին չեմ գրել: 

      ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: