Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կակաչներն անձրևի տակ

on May 20, 2013

Կիրակին չեղավ. Սոֆյան պիտի Էմիլու Հարիսի համերգին գնար: Ճիշտ է՝ երկուշաբթի եղանակն այնքան լավը չէր լինելու, որքան կիրակի, բայց ամեն դեպքում առանց անձրևի ամպամածությունն ու պլյուս տասնինը բոլորովին վատ չէր այս երկրի համար: Եթե հաշվի առնենք, որ կակաչների սեզոնն արդեն վերջանում էր, հետաձգելն անիմաստ կլիներ:

Սոֆյան ինտերնետից քարտեզներ քաշեց, ու մենք պլանավորեցինք երկուշաբթի առավոտյան գնացքով մեկնել Լայդեն, որտեղից հեծանիվներով կգնանք Հարլեմ՝ ճանապարհին անցնելով կակաչների դաշտերով:

– 35 կմ: Շատ չէ: Կարող ենք հետ չգնալ, հենց Հարլեմից էլ գնացք նստել, տուն գալ: Ճամփին էլ եթե հոգնենք, հաճախ դադարներ կտանք:

Առավոտյան սուրճ եմ խմում, նայում պատուհանից դուրս անհուսալիորեն կուտակված ամպերին, որոնք ոչ մի տեղ գնալ չեն ուզում:

– Ի՜նչ հիանալի ամառային, արևոտ առավոտ է, չէ՞,- գրում է Սոֆյան:

Խրոնինգենը Լայդենից ահագին հեռու է, գուցե էնտեղ ամեն ինչ ավելի լավ է: Եղանակի տեսությունը նորից եմ ստուգում: Օրվա առաջին կեսին ամպամած-արև, տասնվեց աստիճան, երկրորդ կեսին՝ անձրև:

– Մենք արդեն Հարլեմ հասած կլինենք, երբ անձրևը սկսվի:

Լայդենում անձրև էր գալիս ու ցուրտ էր. տասնվեց աստիճանի բան չէր: Լավ է՝ սատանաներն ինձ հուշել էին, որ պլյուս տասից ցածրի կուրտկաս հետս վերցնեմ:

Մի կերպ մեզ գցում ենք տուրիստ ինֆո, որ լրացուցիչ քարտեզ վերցնենք: Էնտեղ չոր ու տաք է:

– Գնա՞նք մի տեղ սուրճ խմելու, մինչև անձրևը կտրվի:

Բայց այս երկրում անձրևը կտրվու՞մ է:

Դուրս ենք գալիս ու տեսնում, որ թեև մեր հեծանիվների նստատեղերը հասցրել են մի լավ թրջվել, բայց գոնե անձրևը թուլացել է: Ոչ մի րոպե սպասել, գնում ենք Հարլեմ:

Բայց Հարլեմ հասնելու համար առաջին կարևոր պայմանը Լայդենից դուրս գալն էր:

– Քաղաքից դուրս գալն ավելի դժվար է, քան մտնելը, որովհետև ոչ մի տեղ չկա դեպի դուրս ցույց տվող ցուցանակ:

 

Հետո պիտի նկատեինք, որ դա մեր ճամփորդության ամենալուրջ մարտահրավերն էր, որովհետև մոտ մեկ ժամ շարունակ քաղաքում անընդհատ պտտվում էինք, նույն տեղը գալիս միայն այն պատճառով, որ էլեկտրոնային քարտեզն ասում էր՝ աջ թեքվել առանց մանրամասնելու, որ պետք է պտույտ գործել ու կամրջի տակ մտնել:

Երբ վերջապես ճիշտ ուղու վրա էինք, սկսեցինք շուրջներս նայել: Լայդենում ջրանցքների վրա բացվող տներ կային, որոնց մոտ նավեր էին կանգնած: Հանգստություն էր գալիս էդ տներից:

– Տեսնես ովքե՞ր են էստեղ ապրում:

Քիչ անց քաղաքը մնաց հետևում, ու մտանք կանաչների մեջ: Կիսաանտառոտ ճանապարհ էր: Տեղ-տեղ ջրանցքների մոտով էինք անցնում: Մանր անձրև էր մաղում: Կարևորը՝ հեծանվային ուղու թվերին հավատարիմ մնանք, որ չկորենք:

– Նիդեռլանդներում կորել հնարավոր չէ,- նկատեց Սոֆյան,- հենց անծանոթ տեղում ես հայտնվում, մի երկու քայլ ես անում, ու անպայման մայրուղի, գնացքի կայարան կամ քաղաք ես գտնում:

Հենց անձրևն ուժեղանում է, թաքնվում ենք որևէ ծառի կամ կամրջի տակ, պայուսակներից որևէ բան հանում ու ծամում:

Բնակավայրերը չեն ավարտվում: Ամեն երկու-երեք կիլոմետրը մեկ տներ են հայտնվում: Անցնում ենք Սասենհայմ կոչվող գյուղով, որից անմիջապես հետո սկսվում է Լիսեն: Սասենհայմն ամայի էր, թվում էր՝ բնակիչները թողել-գնացել էին: Լիսեն ավելի աշխույժ էր ու պուպուշ:

Հենց Լիսե մտնելիս էր, որ կակաչներով լի ծաղկաման տեսանք, կամերայով պատրանք ստեղծեցինք, թե հսկայական դաշտում ենք. արդեն համոզվել էինք, որ մեզ շատ հետաքրքիր տեսարաններ չեն սպասվում, որովհետև սեզոնը վերջացել էր:

– Էստեղից Հարլեմ ճանապարհին են գտնվում կակաչների ամենասիրուն դաշտերը:

Մեր բախտը բերեց, որ դաշտերում դեռ մի երկու շարք կակաչ կար, բոլորը չէին կտրել: Հայտնվել էինք մի ուղիղ երկար տարածության մեջ, ձախ կողմում կակաչների դաշտերն էին, աջում՝ ջրանցքները: Անձրև էր գալիս:

– Իսկական հոլանդական վիճակ. հեծանիվ, կակաչ, ջրանցք, անձրև:

Երևի մոտ 6-7 կիլոմետր էր մնացել, որ Հարլեմ հասնենք, երբ անձրևն ուժեղացավ: Հեչ պետքներս չէր: Էլ չէինք ուզում դադար առնել: Ասենք, տարբերակ էլ չկար. անտառի մեջտեղում էինք:

Ու էդպես գնացինք առաջ, անցանք գեղեցիկ տների մոտով, որոնց դիմացի բակի խիստ կանաչ խոտը խիստ հավասար էր կտրված, ծաղիկները դեռ չէին թառամել, ու անգամ կակաչներ կային: Սլացանք անձրևի տակով՝ արհամարհելով այն, մոռանալով, որ մինչև ոսկորներս թրջվում ենք:

Հենց հասանք Հարլեմ, իջանք հեծանիվներից: Քայլելը դժվար էր. ոտքներս ոնց որ ժելեից լիներ: Անձրևը նույնիսկ ավելի էր ուժեղացել. դույլերով էր գալիս, բայց մենք թքած ունեինք: Առանց պատսպարվելու, առանց հովանոցի քայլում էինք փողոցի մեջտեղով՝ հեծանիվները մեզ հետ գլորելով: Փողոցներում սարքեր էին դրված, որոնք երաժշտություն էին արձակում: Հենց մեկի ձայնն այլևս չէր լսվում, նորն էր հայտնվում:

Ու դա իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր՝ 35 կմ հեծանիվ քշելուց հետո Հարլեմի փողոցներում անձրևի տակ քայլելը: Հա, ես կարող եմ երջանիկ լինել, երբ հույսս միայն ինձ վրա եմ դնում:

Advertisements

One response to “Կակաչներն անձրևի տակ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: