Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Բրամ Ստոկերի «Դրակուլան»

on May 23, 2013

Եթե չլիներ Կուրսերայի դասընթացը, ամենավատ երազում էլ այս գիրքը չէի բացի: Նույնիսկ այն փաստը, որ Ստոկերն իռլանդացի է, ինձ չմղեց «Դրակուլան» կարդալու: Հա՛, ես սարսափների սիրահար չեմ, թույլ նյարդեր ունեմ, ու նմանատիպ գրականությունը կարող է անքնության պատճառ դառնալ (իրականում էդպես էլ եղավ):

«Դրակուլան» շարադրված է իրար վրա հավաքած օրագրերի, հեռագրերի, նամակների ու այլ թղթերի տեսքով: Հետաքրքիր մոտեցում է թվում, բայց երբ ուսումնասիրում ես տվյալ ժամանակաշրջանի գրականությունը, նկատում ես, որ բավական տարածված երևույթ է եղել օրագրերով կամ նամակներով պատմություն պատմելը:

Սկիզբը վարպետորեն էր գրված: Դրակուլայի նկարագրությունն ու Ջոնաթանի տեսածները բառ առ բառ համապատասխանում էին վամպիրների մասին ունեցած մերօրյա պատկերացումներին, բայց դե զարմանալի չէ, որովհետև ասում են՝ հենց Ստոկերն է ժամանակակից վամպիրի կերպարը ներմուծել:

Բայց հենց իրադարձությունները տեղափոխվում են Անգլիա, համը լրիվ դուրս է գալիս: Նամակներից ու օրագրային գրառումներից արհեստականություն է փչում, հարցեր են առաջանում, որոնց պատասխաններն էդպես էլ հեղինակը չի տալիս (օրինակ՝ ինչու՞ Դրակուլան Ջոնաթանին ազատ արձակեց, հատկապես երբ նամակներ էր գրել տվել, որ արդեն ճամփին է):

Ընդհանուր առմամբ, գիրքը կարելի է բաժանել հալալ երկու կեսի: Առաջինում տարօրինակ բաներ են կատարվում, ու եթե վամպիրների մասին ընդհանուր գիտելիքները չլինեին, հաստատ չէիր իմանա՝ որը որից հետո է, իսկ երկրորդ կեսը նվիրված է վամպիրների դեմ պատերազմին, որը, բնականաբար, ավարտվում է բարու հաղթանակով:

Կուզեի գրքի արհեստականություններից մի քանիսի մասին խոսել: Նախ, կերպարները թղթից էին: Ինչքան էլ հեղինակը փորձել էր նրանց կլորացնել, մի տեսակ շատ արհեստական ու սարքովի էին ստացվել: Մասնավորապես, Լյուսին ու Մինան ոնց որ լրիվ նույն մարդը լինեին: Մի քիչ բժիշկ Սյուարդի կերպարն էր ստացված իր թերահավատությամբ, օրագրում միայն կարևոր փաստերն արձանագրելով, առանց դեսուդեն ընկնելու, բայց արի ու տես, որ վամպիրների գոյությանը հավատալուց հետո ինքն էլ սկսեց մայրամուտի սիրուն գույներ նկարագրել:

Արհեստական էին նաև կերպարների հարաբերությունները: Մակերեսային, խոտից: Նրանց քաջությունն ու միմյանց նկատմամբ վստահությունը հիմնավորված չէր: Կարծես հեղինակը խուսափել էր ավելորդ լարումից, բոլոր տեսակի սրությունները հարթել, հետո նոր կերպարներին գործի ուղարկել:

Բառապաշարն էր արհեստական: Իբր Վան Հելսինգը հոլանդացի էր, նրա տեքստերն ու բանավոր խոսքը սխալներով էր գրի առած, բայց արի ու տես, որ էդ սխալները սահմանափակվում էին բայերը չխոնարհելով: Չգիտեմ՝ երևի էն ժամանակներում լեզվաբանությունից մի քիչ պակաս գիտելիքներ ունեին, հոլանդերենն էլ մեր օրերինից մի քիչ տարբեր էր, բայց ամեն դեպքում որևէ մեկի լեզվակիր չլինելը բայերը չխոնարհելով ցույց տալը մի քիչ համոզիչ չէ:

Այնուամենայնիվ, վեպի հետաքրքիր լուծումներից էր, որ օրագրային գրառումները սկսում են իրար գլխի հավաքել իրադարձությունների ավարտից շատ առաջ: Հետաքրքիր բացահայտում էր նաև բժիշկ Սյուարդի աուդիո օրագիրը. փաստորեն էն ժամանակներում էլ նման բաներ կային:

Բացի վամպիրների սարսափից, հեղինակը կողքից բավական բացահայտ կերպով մեկ այլ թեմա է շոշափում, այն է՝ կնոջ ու տղամարդու դերը հասարակությունում: Ըստ էության, պայքարը սկսվում է հենց կնոջը (սկզբում Լյուսիին, հետո Մինային) պաշտպանելու ցանկությամբ, շեշտադրվում է տղամարդու հոգատարությունը: Մյուս կողմից, ցույց է տրվում, թե ինչպես գործը գլուխ չէր գա, եթե Մինան չլիներ: Մի քանի տեղ անելանելի դրությունից հենց ինքն է փրկում: Բացի դրանից, կինը ցույց է տրվում որպես մխիթարանք. տղամարդ հերոսները Մինայի մոտ առանձնանում ու արտասվում են: Հեղինակն ասում է, որ միայն կնոջ սիրտը կարող է տղամարդուն մխիթարել:

Գիրքը լի էր նաև այն ժամանակների գիտության նվաճումներով, մասնավորապես՝ հիպնոսով ու արյան փոխներարկմամբ: Իհարկե, հիպնոսն ինչ-որ տեղ կապվում էր տեղի ունեցող գերբնական երևույթների հետ, բայց այ արյան ներարկումը բավական ծիծաղելի էր, որովհետև առանց խումբ ստուգելու, առանց խորանալու մի քանի օր իրար հետևից տարբեր մարդկանց արյուն են ներարկում Լյուսիին, բայց արի ու տես, որ բավական թեթև է տանում:

Չնայած հոգեկան հիվանդ Ռենֆիլդի դեպքը մի քիչ անկապ էր, գրքի ընդհանուր պատմությունից դուրս, բայց գործին լրացուցիչ համուհոտ էր տալիս: Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլիներ, եթե նրա հետ կապված բոլոր դրվագները հեղինակն առանձին պատմվածքի կամ վիպակի տեսքով հրապարակեր, որովհետև վամպիրային ընդհանուր ֆոնի վրա այն խամրում է, ու որոշ ժամանակ հետո նույնիսկ մոռանում ես նրա գոյության մասին: Բացի դրանից, Ռենֆիլդը ոչ մի կերպ չի օգնում ո՛չ վամպիրին բացահայտելիս, ո՛չ վնասազերծելիս: Այնուամենայնիվ, հետաքրքիր անդրադարձ էր տասնիններորդ դարի հոգեբուժությանը:

Ընդհանուր առմամբ, էսքան կարդալով, երևի ոչ մի գիրք էդքան լավ չի էդքան լավ չի արտացոլել տասնիններոդ դարի վերջի Եվրոպան, որքան «Դրակուլան»: Էնտեղ պարզորոշ տեսնում ես, թե գիտությունն ու բժշկությունն ուր են հասել, մարդկանց կրոնական հավատալիքները որտեղ են, կանայք ու տղամարդիկ ինչ հարաբերություններ ունեն, տրանսպորտի և հեռահաղորդակցության ինչ միջոցներ կան և այլն:

Մի քիչ խոխմ էր գրքի իրադարձությունների կապվածությունն իմ էս օրերի կյանքի հետ. նախ, որ պրոֆեսորը հոլանդացի էր, այն էլ՝ Ամստերդամից, երկրորդ, այն հատվածը, որտեղ Հարլեմից սխտոր են բերում Լյուսիի համար, կարդացի հենց այն օրը, երբ Հարլեմից վերադարձա Խրոնինգեն, իսկ էնտեղ, հավատացեք, ես բնավ հաճախ չեմ լինում (իրականում կյանքիս մեջ երկրորդ անգամն էր): Էլ չեմ ասում, որ երեկ հայտնաբերեցի, որ հետս ապրող ռումինացի աղջիկը հենց Տրանսիլվանիայից է՝ Դրակուլայի պալատից 30 կմ հեռավորության վրա:  

Չնայած վամպիրների մասին ընդհանուր պատկերացումներին համապատասխանելուն (դագաղի մեջ քնել, խաչից վախենալ, սուր ժանիքներ, կարմիր աչքեր և այլն) ու մեր օրերի համատարած վամպիրասիրությանը, պիտի ասեմ, որ Դրակուլան իսկապես սարսափելի արարած էր, որի հետ չգիտեմ ով ոնց, բայց ես հեչ չէի ուզենա գործ ունենալ: Այնուամենայնիվ, երևի մի օր Տրանսիլվանիա կգնամ, որովհետև դատելով գրքի նկարագրություններից, պիտի որ շատ սիրուն տեղ լինի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: