Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Դպրոցից ու Վերջին զանգից. տասը տարի անց

on May 24, 2013

Դպրոցը երևի իմ կյանքի ամենամղձավանջային հատվածն է եղել, որից ազատվելու միակ միջոցն ավարտելն էր: Երբ օրերն էի հաշվում, թե երբ պիտի Վերջին զանգ-քննություններ անցնեն-գնան, բոլորն ինձ ասում էին, թե տարիներ անց փոշմանելու եմ: Ուղիղ տասը տարի է անցել, բայց ամեն վայրկյան, երբ մտաբերում եմ դպրոցական կյանքս, միանգամից ուրախանում եմ, որ էդ ամենը հետևում է մնացել:

Երթուղայինում կիթառ նվագելիս

Երթուղայինում կիթառ նվագելիս

Էնպես չէր, որ իմ էդ ժամանակվա կյանքը զիբիլ էր: Չէ՛, մենակ դպրոցի հատվածը: Ես լիքը հետաքրքրություններ ունեի. նկարչության, բասկետբոլի ու կիթառի էի գնում, ռոք էի լսում, ճղած ջինսեր հագնում, բանդանա կապում, սենյակս պոստերներով զարդարում: Լիքը ընկերներ ունեի, որոնցից ոչ մեկը մեր դպրոցից չէր, իսկ շատերն ընդհանրապես մի քանի տարով մեծ էին ինձնից: Ու հենց էս ամենն ինձ տարբեր էր դարձնում: Չէի մերվում դպրոցի ընդհանուր մթնոլորտի հետ՝ ո՛չ դասատուների, ո՛չ էրեխեքի (որոշ բացառություններ չհաշված):

Իմ գլխավոր թշնամիները (օղորմածիկ) դասղեկս, որը նաև մեզ անգլերեն էր տալիս, ու հայերենի դասատուս էին (վերջինիս մասին մանրամասն այստեղ): Ինչքա՜ն են ինձ տնօրենի մոտ քարշ տվել վատ վարքիս համար, ինչքա՜ն են «երկուսներով» սպառնացել, բայց ոչ մի բան անել չէին կարողանում, որովհետև թարսի պես էդ երկու առարկաներից բավական ուժեղ էի: Ու երբ կատաղած ինչ ասես չէի ասում նրանց հասցեին, ուսմասվար-տնօրեն փորձում էին ինձ հանգստացնել՝ ասելով, որ ավարտելուց հետո նրանց կարոտով եմ հիշելու ու շնորհակալ եմ լինելու:

Տասը տարի է անցել, բայց դեռ շնորհակալ չեմ: Ինչի՞ համար: Որ ոչինչ չե՞ն սովորեցրել, որ իրենց դասերին ձանձրանու՞մ էի, որովհետև իրենց տվածից շատ գիտեի: Որ դպրոցական տարիներս դժոխքի վերածող գլխավոր մարդիկ իրե՞նք են եղել:

Հետո հիշում եմ նաև ֆիզկուլտի դասատուին: Մի գողական կնիկ էր, ամբողջ դասարանի սիրելին, բայց ես առանձնապես հետը գլուխ չէի դնում: Հիշում եմ, որովհետև Վերջին զանգի սցենար պետք էր առնել: Ես հայտարարեցի, որ ինքս կգրեմ, որ չարժե անիմաստ ստանդարտ բաների հետևից ընկնել:

Էդպես ես ու մամաս նստեցինք, սկսեցինք Վերջին զանգի սցենար գրել: Մամաս հիշում էր իր սեփական ավարտական հանդեսը, որի սցենարն էլ էր ինքը գրել, վերարտադրում էր, մի քիչ հարմարացնում էինք մեր օրերին, գրում: Հետաքրքիր ու օրիգինալ տեքստ էր ստացվել, բայց չհասցրինք վերջացնել:

Մի օր մեր ֆիզկուլտի դասատուն հայտնվեց մեր դասարանում իբր օգնելու, որ Վերջին զանգ անենք: Ինձնից գոհ սցենարը տվեցի նրան: Կարդաց: Սկզբում ջղայնացավ, որ ոչ մի տեղ հաղորդավարներ չկան, որովհետև ըստ սցենարի ավարտող աշակերտը դպրոցի հետ երկխոսության մեջ էր մտնում, ու միասին զանազան բաներ էին հիշում: Հետո երբ հասավ կիսախոսակցական զրույցին, լրիվ ափերից դուրս եկավ, թե՝ սա բանի պետք չի: Իսկ եթե ֆիզկուլտի դասատուն ասում էր, ուրեմն էրեխեքի համար օրենք էր: Մեկ էլ էն եմ հիշում, որ լացելով դասարանից դուրս եկա:

Սցենարը վերջը գրվեց ուրիշ դպրոցների նախկին տարիների պատվիրված սցենարներից պատառիկներ հավաքելով, իրար կպցնելով: Մի խոսքով, նույն շաբլոն կառուցվածքը, նույն անկապ կատակները, ինչ բոլոր դպրոցներում կարելի է տեսնել: Սկզբում չէի ուզում մասնակցել, բայց կամաց-կամաց ինքս ինձ համոզեցի, որ գոնե բեմ բարձրանամ (քեֆին էդպես էլ չգնացի): Ըստ շաբլոն սցենարի, բոլոր դասատուների համար առանձին-առանձին անկապ տեքստեր էին կարդում ու ծաղիկ տալիս: Էդ անկապ տեքստերի գործն իր վրա վերցրեց մեր դասարանի մեծն բանաստեղծ Սյուզին: Ասացի, որ իմը ես կգրեմ:

Լինելով դասարանի գերազանցիկներից՝ ամեն դեպքում կարող էի ինքս ընտրել, թե որ դասատուի տեքստն ասեմ: Չգիտեմ ինչու, Հովհաննիսյանին՝ աստղագիտության դասատուին ընտրեցի, որը մեզ ցածր դասարաններում ֆիզիկա էլ էր տվել, ու էն ժամանակ հեչ չէի սիրում նրան, ուզում էի, որ մեր նախկին դասատուն՝ Սվազյանը վերադառնա: Չէ՛, ավելի շուտ գիտեմ… ինձ մի արարքով շատ ուժեղ հիացրել էր Հովհաննիսյանը: Մի օր երևի էդ պատմությունն առանձին կպատմեմ: Մի քանի այլ պատճառ էլ կար, որ հրաժարվեցի իմ ամենասիրելի դասատուների տեքստն ասելուց, բայց հիմա լավ չեմ հիշում:

Փորձի ժամանակ, երբ Հովհաննիսյանի մասն ասացի, էրեխեքից մի քանիսն ինձ մոտեցան, խնդրեցին, որ իրենց համար էլ տեքստ գրեմ. Սյուզիի գրած անկապ չափածո բաները դուրները չէին եկել: Նրանց թվում իմ սիրելի դասատուներն էին: Թաքուն ուրախացա, որովհետև ստացվեց այնպես, որ թեև ծաղիկներ տանողը ես չէի, բայց հենց իմ խոսքը հնչեց նրանց համար: Ու երևի էդպես էլ երբեք չիմացան դրա մասին:

Չեմ հիշում՝ դասղեկինն ով էր ասել, չի էլ հետաքրքրում, բայց հաստատ մի գլուխ կեղծ խոսք էր: Ոչ մեկս չէինք սիրում նրան: Ուղղակի ես մյուսներից շատ չէի սիրում: Հայերենի դասատուինն էլ Արմինեին էր բաժին ընկել Սյուզիի տափակ չափածոյով: Արմինեն էլ մեր դասարանի մեղմ ասած ամենալավ սովորողներից չէր, ու մեր հայերենի դասատուն ահագին վիրավորվել էր, որ իր տեքստն այդքան կարճ էր ու որ ես կամ Գայանեն (մեր մյուս գերազանցիկը) չէինք ասել:

Վերջին զանգից հետո քննությունները սկսվեցին: Քրտնելով, մեջտեղից ճղվելով, իսկ մինչ այդ նաև դպրոցի տնօրինության ու լիքը դասատուների դեմ կռիվ տալով կարողացա առանց կաշառքի-բանի մեդալով ավարտել: Հետո պիտի տնօրենը գլուխ գովեր, թե էդ տարի դպրոցում մեդալակիր է եղել: Մոռացել էր, թե ոնց էր մերոնց կանչում, համոզում, որ հրաժարվենք, մամայիս ստից ասում էր, թե պատմությունից վատ եմ, մաթեմն էլ ոչ թե «չորսի» ու «հինգի», այլ «երեքի» ու «չորսի» խնդիր է եղել : Էդ պատմությունների մեջ մեկ էլ նույն ֆիզկուլտի դասատուին եմ հիշում, որ ասում էր՝ հրաժարվի, թե չէ հանձնաժողով կգա դպրոց, դասարանցիներդ չեն կարողանա ավարտել: Լավ էր, չէ՞: Տասը տարի շարունակ էդ նույն դասարանցիները մի կերպ քարշ են եկել առանց մատը մատին խփելու, իսկ ես սովորել եմ, հետո էլ հանուն նրանց պիտի հրաժարվեի (մեդալի պատմությունն ավելի մանրամասն այստեղ):

Ու հիմա ավարտելուց տասը տարի անց նստած մտածում եմ՝ ի՜նչ լավ է, որ պրծել եմ էդ դպրոցից: Մենակ թե կարոտում եմ Խոջոյանին, Յոլչյանին ու Սվազյանին: Կարծեմ նրանցից ոչ մեկն էլ մեր դպրոցում չի աշխատում. մեր ավարտելուց կարճ ժամանակ հետո երեքն էլ գնացին: Էրնե՜կ էս կողմերով անցնեին, իմանային, թե ինչքան շատ եմ սիրում նրանց ու թե ինչքան շնորհակալ եմ լինելու մինչև կյանքիս վերջ:

Իսկ էս թղթի կտորն աչքիս լույսի պես պահում եմ: Ամեն անգամ, երբ ինքնավստահությունս հավասարվում է զրոյի, երբ ուզում եմ ամեն ինչ թողնել ու կորչել-գնալ, կարդում եմ ու հիշում, որ դեռ պիտի կենսաբանության գաղտնիքները բացահայտեմ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: