Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պատմություն 2. մի մարդու մասին, որից վախենում եմ

on May 29, 2013

Արդեն լիքը պատմություններ կան կարդալու: Ապրեք բոլորդ, հեսա սա գրեմ, կամաց-կամաց բոլորը կարդամ: 🙂 Ուշ տեսնողների համար. խոսքը սրա մասին է: Կարող եք միանալ:

Երբ մտածում եմ մարդկանց մասին, որոնցից վախենում եմ, առաջին հերթին դասատու-դասախոսներ են առաջս գալիս: Հետո կամաց-կամաց պատկերն ընդլայնվում է, անցնում ավագ ընկերներին (հա՛, լիքը մեծ ընկերներ ունեմ, որոնցից մի տեսակ վախենում եմ), իսկ հետո նաև ընտանիքի անդամներին (սրա մասին հետո):

Ներկայիս ամենամեծ վախը թեզիս ղեկավարն է, բայց քանի դեռ չեմ ավարտել, չեմ ուզում նրա մասին խոսել: Փոխարենը մի քիչ հետ կգնամ, մի դեպք կհիշեմ իմ վաղ ուսանողական տարիներից:

Նոր էր երկրորդ կուրսը սկսվել: Էն օրերն էին, որ դեռ դասախոսների հետ ծանոթանում ես, դասացուցակ ու լսարան ես ճշտում: Ու մեկ էլ պարզվեց, որ մեր հյուսվածաբանության դասախոսը փոխվել է, այլևս Կարմեն Թելմանովնան չէ: Ահագին դարդ արեցի. նա իմ սիրելի դասախոսն էր ու հենց նրան սիրելու արդյունքում էր, որ հյուսվածաբանությունից կպել, պոկ չէի գալիս:

Շուտով պարզվեց ամենասարսափելին. այդ կիսամյակ մեզ հյուսվածաբանություն տալու էր Թումանյանը՝ նույն ինքը հանրահայտ Լիմոնը: Թե ինչու էր նման մականուն կրում, ոչ ոք չգիտեր: Ենթադրություններ կային, որ թթու է, դրա համար են անունը Լիմոն դրել:

Պատկերացրեք՝ նրա գոյության մասին գիտեինք նույնիսկ մինչև հյուսվածաբանություն անցնելը: Նրա խստության մասին լեգենդներ էին պատմում, ասում էին, որ նրա մոտ ոչ թե տասը, այլ ութ բալանոց համակարգ է, այն էլ «ութ» շա՜տ հազվադեպ է դնում, էնպես որ պետք է «յոթով» գոհանալ: Ասում էին, որ նրա դասից մի վայրկյան անգամ ուշանալ չի կարելի, որ ուսանողներին շատ ուժեղ չարչարումէ հարցումների ու քննությունների ժամանակ:

Ի՞նչ անել: Ուզում էի նույնիսկ խումբս փոխել: Երբ դեկանատին ասացի պատճառը, լուրջ չընդունեցին, ասացին, որ ուրիշ խմբերում տեղ չկա: Պարզվեց՝ մենակ ես ու մտերիմ ընկերուհիս չէինք էդպես վախեցած: Մեր ամբողջ խումբն էր սարսափել: Էն աստիճանի, որ նույնիսկ ուզում էինք դիմում գրել, դասախոսին փոխել տալ: Դրա հետ կապված լիքը քննարկումներ ու վեճեր եղան: Մեկ էլ էն եմ հիշում, որ ջղայնացած ասացի.

– Դուք ինչ ուզում եք, արեք, ես իմ «ինը» նրա մոտ կստանամ, դուք ձեզ նայեք:

Ոչ մեկի հավատը չեկավ ասածիցս, իմն էլ: Նույնիսկ Կարմեն Թելմանովնայի մոտ ահագին տանջվում էի, դասերից հետո մանրադիտակներից պոկ չէի գալիս, որ գերազանց ստանամ: Ու՜ր մնաց սարսափազդու Լիմոնի մոտ: Մնում էր ուղղակի գլուխներս կախ նստել նրա դասերին ու հաշտվել էդ կիսամյակ գերազանցիկ չլինելու հետ:

Հա՛, Լիմոնն ահավոր խիստ էր. էնպես էր անում, որ ամեն դասին բոլորին դաս հարցնի: Հեշտությամբ բռնացնում էր անպատրաստ եկածներին: Բայց արի ու տես, որ դասերն ահագին հետաքրքիր էր վարում, տրամաբանական հարցեր էր տալիս: Իսկ հյուսվածաբանությունն ինքը լրիվ անգիր անելու առարկա է, հատուկ ջանքեր են պետք մեջը տրամաբանություն գտնելու համար, իսկ Լիմոնը դա անում էր: Երբ հարցերին պատասխանող չէր լինում, մի վերջին ջանք էր գործադրում՝ ինձ ու Արմենին դիմելով.

– Գերազանցիկնե՞րն էլ չգիտեն:

Հա՛, ուրեմն քանի որ ես ու Արմենը դասին միշտ պատրաստ էինք ու քանի որ համարյա միշտ ձեռք էինք բարձրացնում, մեզ գերազանցիկ էր ասում (չնայած էնքան էլ սուտ չէր):

Ժամանակը թռավ, ու եկավ սարսափազդու հարցման օրը: Չնայած շատ լավ պարապել էի, բայց հոգեպես պատրաստ էի, որ առաջին փորձից հազիվ «վեցի» կձգեմ, հետո կգնամ վերահանձնելու: Ու հա, էն ժամանակ թույլատրվում էր նաև հարցման օրը չհանձնել, հետո կատարել առաջին փորձը:

Լիմոնը մտավ դասասենյակ: Հարցրեց, թե ով է ուզում հենց էդ օրը պատասխանել: Լռություն: Ոչ մեկիս ձայնը դուրս չէր գալիս:

– Գերազանցիկնե՞րն էլ չեն ուզում:

Ճար չունեի: Տեղիցս վեր կացա ու դողալով նստեցի Լիմոնի սեղանի մոտ, որտեղ ինձ արդեն սպասում էր մանրադիտակը:

Մինչ պատմությունս շարունակելը, էստեղ մի փոքրիկ բան ասեմ, որ մնացածը հասկանալի լինի: Մենք մի ուսանողական թերթ ունեինք, կոչվում էր «Մեդիկուս»: Դեռ առաջին կուրսից թղթակցում էի թերթին: Էնտեղ մի էջ կար հատուկ արտասահմանցի ուսանողների համար: Հայաստանի ու հայկական մշակույթի մասին տեքստեր էինք դնում: Էդ ամիս էլ, ոնց էղավ, որոշեցինք Տերյանի բանաստեղծություններից անգլերեն թարգմանած դնել: Անգլերեն փոքրիկ կենսագրական գրեցի, թարգմանություններից ճարեցի, տարա: Նյութի տակ իմ անուն-ազգանունն էին գրել:

Վերադառնանք հյուսվածաբանության հարցմանը: Հյուսվածքները չէի կարողանում ճանաչել: Ահավոր լարված էի, ձեռքերս դողում էին: Լիմոնը հարցեր էր տալիս, լեզուս կապ էր ընկնում: Ուր որ է՝ կկտրի: Գլուխը բարձրացրեց, իր կապույտ աչքերով անթարթ ու խիստ նայեց ինձ ու հարցրեց.

– Էն Տերյանը դու՞ էիր թարգմանել:

– Չէ՛, ես մենակ նյութն էի պատրաստել:

– Իսկ հայերենը գիտե՞ս:

– Հա՛, գիտեմ:

– Դե ասա:

Ապշեցի: Սկսեցի արտասանել.

– Աշուն է, անձրև…

Երբ վերջացրի, հարցրեց.

– Հայերեն ավելի սիրուն ա, չէ՞:

– Հա՛:

– Բա ինչու՞ ես անգլերենը դրել:

Փորձեցի բացատրել, որ հնդիկների համար է, բայց դե լրիվ ինձ կորցրել էի: Հիմա կասի՝ խելքդ սենց բաներին ես տալիս, դրա համար չես պարապում, ամոթանք կտա, թե՝ գերազանցիկ ես կոչվում և այլն:

– Գնա նստի,- ասաց Լիմոնը և մատյանի մեջ «ինը» դրեց:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: