Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Veils-ն ու հոլանդացի հանդիսատեսը

on June 6, 2013

Veils-ն էն խմբերից է, որ հաստատ կսիրեի, եթե տասնվեց-տասնյոթ տարեկանում հայտնաբերած լինեի, կսիրեի էնքան, ինչքան ասենք Starsailor-ին: Բայց նրանց առաջին ալբոմը թողարկվել է 2004-ին, երբ ես արդեն գլուխս կորցրած, երաժշտության մասին մոռացած բժշկականում գլուխ էի ջարդում: Ու էս օրերին, երբ լսում եմ խմբի երգերը, տարօրինակ զգացողություն է առաջանում: Թվում է՝ ես նրանց սիրել եմ հենց թինեյջերական տարիներից, ու հիմա որ լսում եմ, էն օրերից մնացած սերն է, էս պահին չեմ սիրում: Մի խոսքով, զարմանալի նոստալգիկ վիճակ:

Համերգին գնալը նորից Սոֆյայի գաղափարն էր. ինքը վաղուց է նրանց երկրպագուն: Ավելին՝ ինչ-որ ընդհանուր ծանոթներ-բաներ ունի. ինչքան չլինի, խմբի մենակատարը ու երաժիշտներից մեկը կիվի են: Էս անգամ բախտներս բերել էր. Խրոնինգենում էր, հետևաբար շտապելու տեղ չունեինք: Տեղի էր ունենալու համակուսեցիներիս սիրելի հանրահայտ Վերա ակումբում, որտեղ բոլորովին պատահաբար երկուսս էլ դեռ ոչ մի անգամ չէինք եղել:

Ակումբ հասանք բավական ուշ՝ բացումն անող խմբի ելույթի վերջերին: Հենց էդ ժամանակ հոլանդացի հանդիսատեսը մեզ առաջին շոկը հասցրեց. չնայած էդքան ուշ գալուն, մենք շատ հանգիստ ճեղքեցինք բազմությունը ու վայրկյաններ անց հայտնվեցինք երկրորդ շարքում: Առաջին անցնել չկարողացանք, որովհետև էնտեղ մի շարքով անշարժ կանգնել էին հոլանդական հսկայական մարմիններ ու ավելի կարճահասակներին զիջելու մտադրություն բնավ չունեին:

Բացումն անող խումբը հոլանդական էր, բայց մենակատարուհու ձայնը Ջուլիա Սթոունին էր հիշեցնում: Անուշ, փափուկ խումբ էր, որի ելույթի ժամանակ կարելի էր թեթևակի շարժվել: Բայց մեկ էլ Սոֆյան ականջիս ասաց.

– Պահը բռնացրու, մի հատ հետ նայի հանդիսատեսի դեմքերին:

Անմիջապես շրջվեցի: Ոչ մի միմիկա, հաճույքի ոչ մի նշան: Ոչինչ չասող զույգ-զույգ աչքեր մթության մեջ, անշարժ կանգնել էին, ասես չգիտեին ուր են եկել:

Շուտով Veils-ը բեմ բարձրացավ: Մտածում էինք՝ գոնե նրանց ելույթի ժամանակ հանդիսատեսը կաշխուժանա, բայց երևի գերագնահատում էինք հոլանդացի հանդիսատեսին, որովհետև նրանք մնացին ճիշտ նույն դիրքում, առանց ցույց տալու, որ խումբը նրանց հետաքրքրում է: Իսկ ես ու Սոֆյան, թքած ունենալով, թե ինչ կմտածեն մեր մասին, թքած ունենալով համատարած անշարժությանը, սկսեցինք թռվռալ, գլուխներս թափահարել ու գոռալ՝ երբեմն մեջքներիս վրա նկատելով ծանրացած հոլանդական հայացքները:

Խումբը լավն էր, Ֆինը՝ խմբի մենակատարը, հզոր էր: Ինքն իր մեջ փակված, ինքն իր երգերից հաճույք ստանալով, հանդիսատեսի մասին մոռացած, դեմքը ծամածռելով կատարում էր երգը երգի հետևից: Մեկ-մեկ հանդիսատեսին ամաչելով հարցնում էր՝ ոնց եք, որպես պատասխան մի քանի տեղից եկող գոռոցներ ստանում:

Ինձ համար շատ յուրահատուկ չէր համերգը: Քանի որ անհամապատասխան տարիքում էի սկսել նրանց լսել, չէի կարողացել էնպես սիրել, ինչպես կսիրեի տասը տարի առաջ: Բացի դրանից, երբ որևէ կատարողի հայտնաբերում եմ այն ժամանակ, երբ արդեն որոշակի գործունեություն ունի իր հետևում, էդպես էլ չեմ կարողանում ամբողջ խորությամբ հասկանալ, որովհետև մարսելու նյութը միանգամից շատ է լինում: Ինչևէ, համերգը վայելում էի, ինչպես կվայելեի ցանկացած ռոք համերգ:

DSCF4157Թարսի պես իմ սիրած երգերից միայն մեկը կատարեց՝ Lavinia-ն: Ասում է՝ տասնչորս տարեկանում է գրել: Encore-ներից մեկն էլ You Belong To Me-ի վերակատարումն էր: Շա՜տ սիրուն էր: Ամենա-ամենավերջում Ֆինը խնդրեց, որ ձեռքով անենք, որովհետև մեզ նկարելու են, ուղարկեն մամային: Էդ պահին էր, երբ Սոֆյան գոռաց.

– Թե կարող ես, էնպես արա՝ սրանք պարեն:

Ծիծաղից ուշքս գնաց, բայց դե ոչ ոք բանի տեղ չդրեց: Համերգից հետո մարդիկ մեզ մոտենում էին, կարծում էին՝ յանները տարած ֆանատներ ենք: Դե Սոֆյան՝ հա, համեմատաբար ֆանատ ա, բայց ես լրիվ բեխաբար էի, ինձ ռոք համերգ տվեք, ես տժժամ, կապ չունի՝ բեմի վրա Veils-ն ա, թե հայկական չխկլիկ խումբ, որի անունը հաջորդ օրը չեմ հիշելու:

Հենց համերգը պրծավ, առաջին շարքում կանգնած հոլանդացիները արագ-արագ բեմից թռցրին սեթլիսթները, հետո էլ վազեցին սրահի մի անկյուն, որտեղ Veils-ի պլակատներ էին բաժանում, սկսեցին իրար ձեռքից խլել:

Սոֆյան ուզում էր կուլիսներ գնալ, բայց տատանվում էր: Ասեցի՝ դավայ, արի: Ու սկսեցինք ուսումնասիրել էնտեղ հասնելու ճանապարհները, երբ Վարնարին՝ Սոֆիի ընկերոջը տեսանք (էստեղ տեղին է նշելը, որ գերմանուհի Սոֆիին կամ Զոֆիին, որը հիմա Բեռլինում է թեզը գրում, չի կարելի շփոթել կիվի Սոֆյայի հետ): Էս կողմ-էն կողմ, խնդրեցինք, որ մեզ կուլիսներ տանի: Մի քանի րոպե անց Վարնարը Ֆինին բերեց:

Ֆինը՝ կապույտ աչքերով, նիհար, գլխարկը մշտապես գլխին, ամաչկոտ, ձեռքը մեկնեց ու ներկայացավ.

– Ֆին:

Սոֆյան ասաց, որ ինքը կիվի է, որ իրենց էլի է տեսել, հարցրեց, թե ոնց էր բեմի վրա, երբ հանդիսատեսն էդքան անռեակցիա էր: Ֆինը խուսափեց պատասխանից, ասաց.

– Ես տեսա ձեզ պարելիս… Պիտի գնամ, էնտեղ սպասում են ինքնագրերին:

Հոլանդացի հանդիսատեսը, որը համերգի ժամանակ մի մկան անգամ չէր շարժել, կռիվ էր անում սեթլիսթների, պոստերների ու ինքնագրերի համար:

– Էլ ինչու՞ են համերգ անում որ: Թող միանգամից սեթլիսթ ու պոստեր բաժանեն:

Երբ ինքնագրերի պահն էլ վերջացավ, Սոֆյան քաջությունը հավաքեց, ասաց՝ գնացինք: Ու երկուսով մտանք կուլիսներ: Մեր հետևից ինչ-որ մեկը վազելով եկավ, որ չթողնի, բայց Սոֆյան էնքան հաստատակամ էր քայլում, որ մինչ եկողն ինչ-որ բան կասեր, նա արդեն մտել էր երաժիշտների սենյակ ու ասում էր.

– Տղաներ, եկել ենք ձեզ հետ գարեջուր խմելու:

Հարմարվեց դատարկ աթոռներից մեկին ու զրույցի բռնվեց կիվի երաժշտի հետ, որի անունը Դեն է. Ֆինն անկյունում այլ ֆանատներով էր զբաղված: Բայց ամբողջ ընթացքում նույն ամաչկոտ համեստն էր: Սոֆյան նորից հարցրեց սառած հանդիսատեսի մասին:

– Բեմից տեսնում էի, որ մեկ-մեկ բերանները բացում փակում էին,- ասաց Դենը,- դա էլ իրենց վայելելու ձևն է:

Էնքան տարօրինակ էր էդ վիճակը: Կուլիսներում լուռ նստած էի մի խմբի հետ, որի ֆանատը կարող էի լինել, բայց չեմ, շվարած շուրջս էի նայում ու լսում մյուսների զրույցները:

Շուտով դուրս եկանք: Միացրի փլեյերս ու Զեմֆիրայի երգերի տակ սլացա տուն: Հաջորդը՝ Դյուսելդորֆում Զեմֆիրա:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: