Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պատմություն 6. որը ոչ մեկի չեմ պատմել

on June 13, 2013

Էլի ու էլի հիշեցնում եմ, որ նախագծին մասնակցող բլոգերների գրառումների հղումները, ինչպես նաև պատմությունների թեմաները կարող եք գտնել այստեղ: Էլի ու էլի շնորհակալություն մասնակիցներին. շատ հավես ա:

Պատմություն, որը ոչ մեկի չե՞մ պատմել: Բարդ ա, շատ բարդ, որովհետև ես բերանբաց մեռնում եմ, ու եթե ինձ տանջող որևէ բան է լինում, մինչև գոնե մի հոգու չեմ պատմում, չեմ հանգստանում: Ուրեմն էս պատմությունը, որ ընտրեցի այս թեմայի համար, էստեղի համակուրսեցիներս քչից-շատից գիտեն, մի անգամ էլ մի բլոգերի եմ պատմել, անցել-գնացել է, բայց էն ժամանակ շատ ուժեղ սթրեսի մեջ էր ինձ գցել:

Երբ նոր էի հեծանիվ քշել սովորել, իմ ամենամեծ խնդիրը վախն էր: Հենց մեքենա էի տեսնում կամ որևէ այլ վախենալու բան, միանգամից խառնվում էի իրար, հավասարակշռությունս կորցնում ու ընկնում: Արդյունքում՝ պիտի մի օր մի օյին գլխիս գար: Էդպես էլ եղավ:

Համալսարանից տուն էի գնում: Չէ՛, ավելի ճիշտ, որոշել էի սկզբում խանութ գնալ, հետո՝ տուն: Արդեն մտել էի մեր փողոց: Էսպես պատկերացրեք. մայթին մոտ մեքենաներ են կանգնած, ընթացող տրանսպորտի համար մենակ մի գիծ կա: Էնպիսի վիճակ է, որ միաժամանակ իրար կողք չեն կարող կանգնած մեքենան, հեծանվորդը և ընթացող մեքենան գտնվել առանց մեջտեղի գիծն անցնելու:

Էդպես ինձ համար հանգիստ գնում էի: Մեկ էլ լսեմ՝ հետևիցս մեքենա է գալիս: Դե ես էլ նոր սովորած, հաստատ գլուխս չէի թեքի, նայեի՝ ով ում բարեկամն է: Իմ հիշելով՝ խառնվեցի իրար, բախվեցի կանգնած մեքենաներից մեկին ու հետևիցս եկող մեքենային, բայց թե որը որից հետո էր, ոնց հայտնվեցի գետնին, չեմ հիշում: էնքան տարօրինակ զգացողություն էր: Մտածում էի՝ վերջ, մեռա, էս մեքենան գլխիս խփեց, վրայովս անցավ:

Բայց մի քանի վայրկյան անց ոտքի կանգնեցի: Երկու տղամարդ մոտեցան ինձ, հարցրին, թե արդյոք օգնության կարիք ունեմ, ասացին, որ անպայման սպասեմ, որ մեքենայի վարորդը գա:

Շուտով նա հայտնվեց: Ու մինչ քաղավարությամբ կասեի, որ չանհանգստանա, ես լավ եմ, սառը, ոչինչ չասող դեմքով հայտարարեց.

– Բայց իմ մեքենան վնասվել է: Ինձ ձեր տվյալներն են պետք:

Սուսուփուս պայուսակիցս անձը հաստատող փաստաթուղթ հանեցի: Ինձ օգնության եկած տղամարդիկ ասացին՝ հանկարծ որևէ բան չստորագրեմ: Հետո հոլանդերեն ինչ-որ բան խոսեցին վարորդի հետ, շուռ եկան, թարգմանեցին.

– Նա ասում է, որ դու ես խփել մեքենային: Բայց մենք շատ լավ տեսանք. հայտնվել էիր երկու մեքենաների արանքում, կարծես սեղմվել էիր:

Վարորդն անուն-ազգանունս, հասցես վերցրեց, գնաց, ասաց, որ իր ապահովագրական ընկերությունը կկապվի ինձ հետ: Տղամարդկանցից մեկն իր անուն-ազգանունը, հասցեն ու հեռախոսի համարը գրեց ու ասաց.

– Եթե վկայի կարիք լինի, կարող ես կապվել:

Էլ խանութ չգնացի: Տուն հասա ու պառկեցի: Վնասվածք առանձնապես չէի ստացել, բայց ահավոր վախեցել էի:

Մի երկու օր ընդհանրապես հեծանիվ չքշեցի: Հետո սկսեցի մենակ այգում քշել, որտեղ մեքենաներ չկային, մի շաբաթ անց նոր կարողացա նորից փողոց դուրս գալ: Իսկ էդ ընթացքում…

Ապահովագրական ընկերությունից նամակ եկավ: Հոլանդացի ընկերներիցս մեկին խնդրեցի, որ թարգմանի: Ասում էր, որ հեծանիվիս վնասը տանեմ գնահատելու, չեկն ուղարկեմ իրենց: Ծիծաղեցի: Ախր հեծանիվիս բան չէր եղել, եթե չհաշվենք, որ հետևի առանց այդ էլ չաշխատող լույսը ջարդվել էր: Կարծեմ հենց էդպես էլ պատասխան նամակ ուղարկեցի, թե ընդհանրապես արհամարհեցի, չեմ հիշում:

Կարծեցի, թե էդքանով վերջացավ պատմությունը, բայց չէ… Մի ամիս անց մի հսկայական ծրար ստացա, որտեղ մանրամասն նկարագրվում էր մեքենայի վնասը (ընդամենը մի հատ խազ), պատահարի ընթացքն ըստ վարորդի, վնասի գինը (1200 եվրո՜) ու որ ես պատասխանատու եմ վնասի համար, հետևաբար պիտի վճարեմ: Հետն էլ ասում էր, թե իմ հեծանիվը ջարդվել էր (բա ո՜նց, դրա համար արխային քշում էի նույն հեծանիվը): Գժվեցի: Արդեն մտածում էի՝ ինչ անեմ, ինչ չանեմ, էդքան փող ունեմ, բայց եթե տամ, լրիվ անփող կմնամ: Դե լավ, ոչինչ, մի ամիս մի կերպ յոլա կգնամ, մինչև հաջորդ թոշակս գա:

Ուրեմն մինչ շարունակությանն անցնելն ասեմ, որ Նիդեռլանդների ճանապարհային օրենքներն էնպիսին են, որ թույլի մոտ միշտ ուժեղն է մեղավոր, հեծանվորդն ինչ էլ անի, փողոցի կենտրոնում ինչքան էլ պար գա, եթե բախվել է մեքենային, միևնույն է, մեքենան է մեղավոր: Ըստ երևույթին, ապահովագրական ընկերությունը հարիֆ էր գտել, որոշել էր հարիֆցնել: Ու էստեղ որոշեցի իմ իրավունքները որոշեցի պաշտպանել: Զանգեցի նամակում տրված համարով, դեպքի նկարագիրն ու համարն ասացի ու պնդեցի, որ ես մեղավոր չեմ: Աշխատողն էլ հարցրեց, թե արդյոք ապահովագրված եմ, եթե այո, կապվեմ իմ ապահովագրական ընկերության հետ, նրանք հարցերը լուծեն:

Էդպես էլ արեցի: Էդ անտեր հսկայական նամակը դրեցի նոր ծրարի մեջ, դեպքի իմ վերսիան շարադրեցի՝ ավելի ճիշտ գծագիր տալով (շուստրի վարորդն իր վերսիայում կանգնած մեքենաների ու մի գծի մասին ոչինչ չէր գրել), վկայի տվյալներն էլ ավելացրեցի և ուղարկեցի Բրյուսել՝ իմ ապահովագրական ընկերությանը:

Մի շաբաթ անց մեյլ ստացա, որ ստացել են փաստաթղթերը, ու դեպքին ընթացք կտան: Դրանից հետո ոչինչ չեմ լսել: Էդպես էլ չիմացա՝ ով հաղթեց:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: