Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Առաջին օրը Բարսելոնայում. ընդհանուր տպավորություններ քաղաքից, ծովը, ուտելիքն ու լիքը ուրիշ բաներ

on June 21, 2013

Մինչ հոսթելի ընդունարանում սպասում էինք, որ Սրջանի անունով ռեզերվացիան գտնեն (հա, ես դա նրա անունով էի արել), տուրիստի սուր աչքերս չորս արած շուրջս էի ուսումնասիրում: Էդ ժամանակ էր, որ սեղանին ֆլայերներ տեսա զանազան տուրերի գովազդով: Դրանցից երկուսը վերցրի: Մեկը զբոսատուր էր՝ ներկայացնելով քաղաքի պատմությունը, մյուսն էլ հեծանվատուր էր դեպի Գաուդիի շենքերը:

– Ի՞նչ կասես,- ցույց տվեցի Սոֆյային: Ինչպես հետագայում կնկատեք, Բարսելոնայում հիմնական որոշում ընդունողները ես ու Սոֆյան էինք: Էնպես չէր, որ Սրջանի կարծիքը հաշվի չէինք առնում: Ուղղակի նա երբեք կարծիք չէր հայտնում, իսկ մեր հնչեցրած ցանկացած առաջարկի պատասխանում էր «օքեյ», կարծես զոռով էինք ստիպում, որ այս կամ այն բանն անի: Բացի դրանից, ես ու Սոֆյան հայտարարել էինք, որ հոգ կտանենք Սրջանի մասին, հետևաբար խոստանում էինք, որ «պաղպաղակ կուտի», եթե խելոք մնա:
– Առաջիկա երկու առավոտները պլանավորված են,- ասաց:

Առավոտյան հենց արթնացանք, դուրս եկանք նախաճաշ փնտրելու. մինչ զբոսատուրը դեռ երկու ժամ կար: Զբոսնում էինք հին քաղաքով, մտնում զանազան նեղլիկ փողոցներ, հոտոտում ամեն մի անկյուն:

– Եկեք Սթարբաքս գնանք,- առաջարկեց Սրջանը:
Ես ու Սոֆյան խիստ նայեցինք Սրջանին ու պատասխանեցինք.
– Ոչ մի դեպքում:
Մեր նախաճաշը շոկոլադե քրուասան ու մի բաժակ սուրճ էր հին քաղաքի համեմատաբար լայն փողոցներից մեկում: Դժգոհեցինք քրուասանի թարմությունից:

Հավաքվեցինք զբոսատուրի հանդիպման վայրում: Եկավ զբոսավարն ու ակնհայտ իռլանդական առոգանությամբ ողջունեց բոլորին, ներկայացավ, հարցրեց, թե ով որ երկրից է, ամեն մեկի լեզվով մի երկու նախադասություն ասաց, իսկ երբ հասավ ինձ, փորձեց հիշել, թե հայ ընկերն անցյալ շաբաթ ինչ էր սովորեցրել իրեն: Չհիշեց: Բայց հետո ես պիտի տանջեի նրան՝ սովորեցնելով «շնորհակալություն» բառը ու վերջում պիտի խոստովանեի, որ շատերն ավելի շատ նախընտրում են «մերսի» բառը: Այնուամենայնիվ, հաջորդ օրը նրան պատահաբար տեսնելիս պիտի հիշեր «շնորհակալությունը» ու ես պիտի զարմանայի:

Դունկանը (այդպես էր զբոսավարի անունը) ներկայացրեց հին քաղաքի կարևոր տեղերը, պատմեց, թե ինչպես էին մի ժամանակ հրեաները, մահմեդականներն ու քրիստոնյաները կողք կողքի հաշտ ու խաղաղ ապրում ու թե ինչպես դա մի օր ավարտվեց հրեաների սպանդով ու նրանց քաղաքից դուրս վռնդելով: Պատմեց նաև քաղաքացիական պատերազմից, Ֆրանկոյից, Կատալոնիայից, որն անընդհատ ուզում է անկախանալ ու որի համար մարդիկ իրենց պատշգամբներից Կատալոնիայի դրոշներ են կախում:


Պատմեց արվեստից՝ Պիկասոյից ու Դալիից: Տարավ մեզ Ավինյոն փողոց, որը Բարսելոնայի կարմիր լապտերներն էր ու որտեղ Պիկասոն իր սեքսի դասերն էր առել, հետո էլ նկարել «Ավինյոնի կանայք»: Դունկանից իմացանք նաև, որ Կատալոնիայում ցլամարտն արգելված է: Դրա փոխարեն տեղացիները կիրակի օրերը հավաքվում են հրապարակում ու մարդկային աշտարակներ կառուցում (բավական նման մեր բերդ պարին): Ավանդույթը խորհրդանշող արձան է կանգնեցված քաղաքի հրապարակներից մեկում:

Մեզ մի բար տարավ, որտեղ տուրի մասնակիցներին էժան սանգրիա ու գարեջուր էին տալիս: Ճաշի համար խառը տապաների ափսե պատվիրեցինք: Համով էր շատ: Վաղուց մոռացել էինք, թե ինչ է ուտելիքի համը: Դունկանը խորհուրդ տվեց Լա Ռամբլայում հաց չուտել, որովհետև էնտեղ մատուցում են հին ու թանկ սնունդ:
– Ոնց որ Նիդեռլանդներում,- նկատեց Սոֆյան:

Ընդհանուր տպավորությունս՝ Բարսելոնան որպես միջերկրական քաղաք Նիցցան էր հիշեցնում, բայց նաև շատ նման էր Սևիլյային՝ էդպիսով հիշեցնելով, որ այնուամենայնիվ նույն պետության մեջ է գտնվում:

 

Ճաշից հետո քայլեցինք դեպի ծովափ ծովապակի հավաքելու: Պարզվում է՝ սովորական ապակին, ընկնելով ծով, զանազան փոփոխությունների է ենթարկվում՝ հետաքրքիր տեսք ստանալով: Սոֆյայի մայրը դրանք օգտագործում է զարդեր պատրաստելու համար:

Հասանք ափին, հանեցինք կոշիկները, կռացանք ու սկսեցինք փնտրել: Ալիքները կատաղած էին: Չնայած մենք ափին էինք մնում, մի հսկայական ալիք եկավ, ինձ կուլ տվեց, ոտքից գլուխ թրջեց: Շուրթերիս մնաց նրա աղի համը, իսկ ես ծիծաղից թուլացա ու մի քիչ հեռու գնացի, որ հասցնեմ չորանալ ու էլ բռնության չենթարկվեմ:

Երբ Սոֆյայի պայուսակը ծանրացավ ծովապակուց, շարժվեցինք դեպի հոսթել՝ հանգստանալու, փոխվելու և ընթրիքի դուրս գալու, որի ժամանակ մեզ միանալու էին մեզնից մի կուրս բարձր Դանիելը, Յասուեյը, Գյուլչինն ու Կայկին. նրանք այդ օրերին Բարսելոնայում կոնֆերանսի էին մասնակցում:

Մինչ Սրջանը կլողանար (երեք օրերի ընթացքում պիտի համոզվեինք, որ մեջներիս տղան ամենաշատ ժամանակն էր ծախսում պատրաստվելու վրա), ես ու Սոֆյան փռվեցինք մեր սենյակի պատշգամբում ու սկսեցինք փողոցի անցորդներին ուսումնասիրել: Մեկ-մեկ էլ նայում էինք դիմացի շենքին, որի պատշգամբներում պարբերաբար անմայկա, շորտերով, ամեն տեղը թրաշած թխամաշկ կատալոնացի տղամարդիկ էին հայտնվում: Մեզ տեսնելիս օլա էին ասում կամ աչքով անում: Ահագին մեծ փոփոխություն էր Հոլանդիայի սառած ու անհետաքրքիր տղաներից հետո:

Սրջանը վերջապես պատրաստ էր, ու մենք քայլեցինք դեպի Բարսելոնայի համեմատաբար պակաս տուրիստական թաղամաս ու հենց էնտեղ հանդիպեցինք մեզնից մի կուրս բարձրերին: Գյուլչինը, շատ լավ ճանաչելով քաղաքը, մեզ տապա բար տարավ, որտեղ անմահական տապա կերանք: Մինչև հիմա համը բերանումս է, ու եթե մի օր նորից Բարսելոնա գնամ, անպայման էնտեղ նորից եմ մտնելու:

Էդ ժամանակ էր, որ Յասուեյն ասաց, որ մեզ հանդիպելուց քիչ առաջ իր կյանքի ամենահամով պաելլան է կերել, տեղն էլ բացատրեց, որ հետո մենք գնանք: Բայց դրա մասին հետո կպատմեմ:

Տապա բարից շարժվեցինք դեպի իռլանդական փաբ խմելու: Ուրեմն էս Գյուլչինը խանութից մի խաղալիք էր առել: Փայտե պոչով ու մետաղյա բարակ պոչերով սարք էր, որ մտցնում ես մազերիդ մեջ ու մի այլ կարգի հաճույք ստանում: Էստեղ հերթով փորձեցինք սարքը, մի ջրիկանալ ջրիկացանք: Յասուեյը հասցրեց բոլորիս՝ հաճույքից հալվող դեմքերը ֆիքսել՝ խոստանալով, որ ոչ մեկի ցույց չի տա: Իսկ Դանիելը նույնիսկ վիդեո նկարեց:

Փաբում 90-ականների երգեր էին հնչում: Ալանիս էլ միացավ: Քանի ամիս է՝ չէի լսել նրան: Կհավատա՞ք: Սկսեցի երգել հետը.
– I’m broke but I’m happy…
Մեկ էլ տեսնեմ՝ Կայկին էլ է ձայնակցում.
– I’m poor but I’m kind:

Շուտով իրար հաջող արեցինք, քայլեցինք դեպի մեր հոսթել, որտեղ ամբողջ գիշեր չէինք կարողանալու քնել փողոցի աղմուկից:

Վերջում մի հանելուկ եմ առաջարկում: Ասացեք խնդրեմ՝ ու՞մ արձանն է սա (խնդրում եմ որոնողական համակարգերին չդիմել):

Advertisements

3 responses to “Առաջին օրը Բարսելոնայում. ընդհանուր տպավորություններ քաղաքից, ծովը, ուտելիքն ու լիքը ուրիշ բաներ

  1. uluana says:

    Արձանը չգիտեմ՝ ումը կարող ա լինել։ Գուցե մի հուշու՞մ անես։ :)))

    Լսի, ծովապակին ո՞րն ա։

    • byurie says:

      Էս հուշումը, որ սփյուռքում արեցի, գուշակեցին: Սպասի ստեղ էլ ասեմ: Արձանը գտնվում ա էդ գրողի (հա, գրող ա ինքը) անվան հրապարակում, որտեղ տեղադրվել ա տեսախցիկ, ու դա բավական տարօրինակ ա հենց էդ գրողի անվան հրապարակում:

      Ծովապակին beach glass-ն ա, թարգմանել եմ էլի :)))

  2. […] քշելը (կակաչ տեսնելու հույսով)  – Հենկ Հելմանտելի տանը – Բարսելոնան իր ամեն ինչով – Զեմֆիրայի համերգն ու այդ ժամանակ Հայաստանի դրոշը […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: