Չգիտեմ ոնց եղավ, բայց ի վերջո կարողացանք Սրջանին համոզել, որ մեզ հատ գա հեծանվատուրի: Սրջանն էլ, լինելով աշխարհի ալարկոտը, անգամ Խրոնինգենում, որտեղ ուղղակի անհնար է առանց հեծանիվի շարժվելը, մի քանի անգամ ավելի շատ ժամանակ ու փող է ծախսում ավտոբուսների վրա:
Հավաքվեցինք Գլխի արձանի մոտ:
Ջեյմին՝ այդ օրվա գիդը, եկավ, ներկայացավ, մեր ազգությունները հարցրեց: Երբ ասացի, որ հայ եմ, քթի տակ ասաց. «Թուրքիա»: Չհասցրի պարզել՝ ինչ նկատի ունի: Գիդն ինքը կիվի էր, ինչից Սոֆյան շատ ուրախացավ. Եվրոպայում կիվի տեսնելն այնքան էլ սովորական բան չէ:
Սկզբում քշեցինք ծովափ: Այստեղ իմացանք, որ Բարսելոնայի ափերում կարելի է մերկ ման գալ, սահմանափակումներ չկան, միայն թե եթե քաղաք ես մտնում, պիտի անպայման հագնես… կոշիկներդ: Ջեյմին պատմեց նաև, որ հաճախ է պատահում, որ տուրիստները մոտակա բարերում խմում են, հոլանդական քաջություն հավաքում, տկլոր մտնում են ջուրը, իսկ այդ ընթացքում իրենց շորերը գողանում են, հետևաբար ստիպված են լինում ապօրինաբար ոտաբոբիկ քաղաք վերադառնալ:
Հետո մեզ հսկայական փողոց ցույց տվեց ու ասաց, որ դրանով մինչև վերջ բարձրանալու ենք դեպի Սագրադա Ֆամիլիա, որից հետո կգնանք Գաուդիի այլ շենքերի մոտ:
Տափակ Հոլանդիաներին սովորածներիս համար էնքան էլ հեշտ չէր բլուրն ի վեր գնալը, բայց դա նույնիսկ ավելի բարդ էր խմբի մնացած անդամների համար, որոնք ընդհանրապես սովոր չէին հեծանիվ քշելուն: Դրա համար ահագին ժամանակ անցավ, մինչև հասանք Սագրադա ֆամիլիա: Էստեղ Ջեյմին որոշ պատմական տեղեկություններ հաղորդեց, թե ինչպես է Գաուդին նախագծել այն, ֆինանսավորում փնտրել և այլն ու թե ինչպես Սագրադա Ֆամիլիան պիտի դառնա աշխարհի ամենաբարձր եկեղեցին, երբ շինարարությունն ավարտվի 2026-ին՝ Գաուդիի մահվան հարյուրամյակին:
Սագրադա ֆամիլիայի շուրջ պտտվեցինք, համոզվեցինք, որ ներս մտնելու հերթերն անճեղքելի են, աշխատանքային ժամերը նայեցինք, վերադարձանք մեր տեղը, որտեղից շարժվելու էինք: Էդ ժամանակ Սոֆյան Ջեյմիից հարցրեց, թե երբ է ամենահարմար ժամը Սագրադա ֆամիլիա մտնելու համար: Նա ասաց, որ պետք է առավոտյան շատ շուտ գալ՝ բացվելուց առաջ, որովհետև ութանցկեսից տուրիստական ավտոբուսները ժամանում են:
– Վաղվա առավոտը պլանավորված է,- ասաց Սոֆյան ի դժգոհություն Սրջանի, որի համար առավոտյան իննին արթնանալն արդեն լուրջ դժվարություն էր, ու՜ր մնաց յոթից ոտքի վրա լինելը:
Տուրի մնացած մասն ավելի թեթև էր. ներքև էինք իջնում: Անցանք Գաուդիի ևս երկու շենքերի մոտով, Հաղթական կամարի միջով, մտանք քաղաքային այգի, ինչը երեքիս Պոտսդամը, մասնավորապես՝ Սանսուսին հիշեցրեց:
Ահագին հոգնած, տրաքած հասանք այնտեղ, որտեղից սկսել էինք տուրը: Հեծանիվները հանձնելուց հետո փռվեցինք բարում, Սոֆյան ու Սրջանն անցան գարեջրի, ես՝ սանգրիայի: Շուտով Ջեյմին էլ մեզ միացավ ու ընթացքում նորից ճշտեց մեր ազգությունները:
– Թուրքիայում տեղի ունեցողը ո՞նց կազդի Հայաստանի վրա,- հարցրեց:
Գաղափար չունեի: Գիտեմ, որ Թուրքիայում ինչ-որ բան է կատարվում, բայց թե ինչ, բացարձակապես տեղյակ չեմ ու չեմ էլ ուզում իմանալ: Ներվերս անջատել եմ, աշխարհի անցուդարձից բեխաբար ապրում եմ, ու դա երևի լավ է:
– Լավ, ուրիշ քաղաքական թեմա,- շարունակեց Ջեյմին՝ տեսնելով, որ նախորդ հարցում լրիվ անհույս էի,- չէ լավ, չեմ ասի:
– Ասա՛:
– …Ցեղասպանությու՞ն:
– Հա…
Բայց դե ի՞նչ խոսեր:
– Ամերիկան նոր է սկսել ճանաչել,- մեջ մտավ Սոֆյան:
– Ամերիկան չի ճանաչի:
Ջեյմին թեման փոխեց.
– Բայց դուք մի հատ բլուր ունեք, չէ՞, որի վրա ասում են Նոյի տապանն է իջել:
– Բլու՞ր…
– Դե հա… ասում են՝ հենց Հայաստանը վերջանում է, այդ բլուրը սկսվում է:
– Ճիշտ են ասում, բայց դա բլուր չէ, հսկայական սար է:
Այնուամենայնիվ, Ջեյմիի տեղեկացվածությունը զարմանալի էր: Հենց էդ ժամանակ էր, երբ Դունկանը նորից հայտնվեց, հայերեն շնորհակալություն ասաց ու գնաց:
…
Քանի որ եղանակը փայլուն չէր (տաք էր, բայց ամպամած, անձրև էլ կգար), որոշեցինք օրվ, մնացած մասը թանգարաններում վատնել: Ամենահարմարը Պիկասոն էր՝ մի տասը րոպե քայլելու ճամփա: Դե բացի դրանից իմ թինեյջերական տարիների կուռքն էր. մի ժամանակ ինձ կուբիզմը տարել էր:
Պիկասոյի թանգարանի հայլայթը նրա ինքնանկարներից մեկն էր, որի ֆոտոն ամեն տեղ փակցված էր: Ես հիշեցի այն. մեր տանը դրա բացիկը կար, բայց թե ինչպես էր հայտնվել, չէի կարողանում մտաբերել: Երևի ինչ-որ Բարսելոնայից բերել էր, նվիրել:
Էդպես էի կարծում մինչև իսկական կտավի մոտ հայտնվելը, որտեղ կարդացի. «Պրահայի ազգային պատկերասրահ»:
Ու մեկ էլ հանկարծ մեջքիս հետևում հայերեն եմ լսում: Հայերի հսկայական խումբ էր, բայց արտաքնապես հեչ հայերի նման չէին: Ոչինչ չասացի, քայլեցի առաջ ու Սոֆյային պատմեցի, որ հենց նոր հայերի տեսա:
…
Ընթրիքին փորձեցինք Յասուեյի ասած պաելլայի տեղը գտնել: Դժվար չէր. փողոցը գիտեինք, մայթն էլ հետը: Էնտեղ միայն մի կարգին տեղ կար, հենց էդտեղ էլ մտանք: Սրջանի ինադու մի աման ութոտնուկ պատվիրեցինք (հա՛, նա ցանկացած տեսակի ծովամթերքից վատանում է), դե մեկ էլ պաելլա:
Ութոտնուկները շատ լավն էին: Դե պաելլան էլ անմահական համ ուներ: Ու հենց էստեղ գալիս է պատմության ամենահետաքրքիր մասը. երբ մտանք ռեստորան, մի տղամարդ, որը հավանաբար տերն էր, մեզ առաջնորդեց մի սեղանի մոտ ու բարձրաձայն ասաց.
– Էս սեղանին մենյու բերեք:
Նրա ասածի մեջ մի շատ տարօրինակ բան կար. հայերեն էր:
Բա հետո՞։ 😀
Բլուրը վերջն էր։ 😀
Հա, ես մեռել էի 😀
________________________________
Բա «Բա հետո՞»–ին ինչի՞ չպատասխանեցիր։ 😀 Ամենահետաքրքիր տեղում պատմությունն ավարտվե՞ց։ :beee
Աաա՜, բա հետոն չէի նկատել 😀 դե հետո հաշիվը հայերեն ուզեցի, մեզ զեղչ արեցին :))) Հա, ու Սոֆյան էլ հայերեն շնորհակալություն ասեց 😀