Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Զեմֆիրայի համերգը Դյուսելդորֆում

on June 25, 2013

…իսկ հիմա ավելի մանրամասն:

Համերգային վերջին մի երկու փորձից հետո մտածեցի՝ չարժե շատ շուտ հայտնվել ակումբի մուտքի մոտ: Միևնույն է, դժվար առաջին շարքերում կանգնողների թիվն ու ցանկությունն այնքան մեծ լինի, որ երկու-երեք ժամ առաջ գնալով բեմի դիմաց տեղ չճարեմ:

DSCF4449Ահագին զարմացա, երբ հասա Դյուսելդորֆի խուլ թաղամասերից մեկում գտնվող ակումբին ու հսկայական բազմություն տեսա, որն անկանոն խմբվել էր մուտքի մոտ: Դես նայեցի, դեն նայեցի, փորձեցի ենթադրել, թե հերթը որտեղ է վերջանում, էնտեղ էլ կանգնեցի: Քիչ անց մի ռուս աղջիկ մոտեցավ ինձ և ասաց, որ մարդկանց համարակալում են, որպեսզի ներս մտնելիս խնդիր չլինի: Թուղթ հանեց, անունս գրեց, ձեռքիս էլ իմ համարը՝ 27: Ավելացրեց, որ այսպես արվում է, որպեսզի կարողանանք ընթացքում զուգարան գնալ, ուտելիք առնել և այլն:

Ծիծաղս հազիվ զսպելով գլխով արեցի, բայց ներքուստ համոզված էի, որ այս համակարգը շատ անարդար է: Ես գիտեմ, որ առաջին շարքում կանգնելը զոհեր է պահանջում: Պիտի ժամերով ոտքի վրա դիմանաս, սոված ու ծարավ մնաս, միզապարկդ լցվի, զուգարան գնալ չկարողանաս: Իհարկե, էս բոլոր տանջանքները մոռացվում են համերգի սկսվելուն պես: Արի ու տես, խորամանկ ռուսները գալիս են առավոտյան շուտ, իրենց համարը ստանում, գնում ֆռֆռում, հետո էլ վերադառնում ու իրենց համար հանգիստ կանգնում:

Շուրջս նայեցի: Ամեն տեղից ռուսերեն էլ լսվում: Դե ռուսներ էին եկողները: Պատի տակ լիքը ծաղիկներ էին շարված: Փաստորեն, Զեմֆիրային ծաղիկ էլ էին տալու: Էստեղ էլի ծիծաղս եկավ: Պատկերացնում եմ՝ ժամերով կանգնելուց հետո, համերգի առաջին շարքերում եքա ծանրությունը ձեռքներին, ինչ ա թե ռոք երգչուհին ծաղիկ տան:

Հերթի մեջ մի երկու անգլերեն խոսողների նկատեցի: Ոչ ավել, ոչ պակաս հոլանդացիներ էին, ընդ որում՝ ինձնից առաջ էին ու հետո պիտի առաջին շարքում հայտնվեին: Երբ բազմությունն ավելի մեծացավ, հայտնվեցին նաև ղազախ-ղըրղըզական ու նաև կովկասյան արտաքինով մարդիկ: Ինձ հետաքրքիր էր՝ հայեր կայի՞ն մեջները: Երբ ուշադիր զննում էի, ոչ մեկին հայի չէի նմանացնում:

Այդ բազմության մեջ կար նաև մի աղջիկ, որն արտաքնապես ինձ շատ նման էր՝ ցածրահասակ, շագանակագույն խուճուճ մազերով, ուսապարկով: Մենակ մաշկն էր մի քիչ թուխ: Նայում էի նրան ու մտածում՝ հաստատ վրացի է, հայ չի լինի, նա հայերեն չգիտի: Ականջի պոչով լսում էի, որ շատ վարժ, անակցենտ ռուսերեն էր խոսում, էն մեկից, որ գիտես՝ խոսողը հաստատ ռուս չէ, առոգանությունից չես կարող որոշել՝ ինչ ազգ է: Վրացին էդպես ռուսերեն չէր խոսի: Հետո լսեցի, որ 2001-ին Թբիլիսիում Զեմֆիրայի համերգին է եղել: Էստեղ ամեն ինչ տեղն ընկավ. նա կարող է հաստատ ռուսական կրթություն ստացած Վրաստանի հայ է ու երևի հայերեն էլ չգիտի:

Երևի չգիտեր կամ վատ գիտեր, որովհետև համերգի ընթացքում կողքս էր կանգնել, երբ Հայաստանի դրոշը ծածանում էի ու ահագին ոգևորվել դրանից: Չգիտեմ ինչու, ռուսերեն հարցրի՝ հա՞յ ես, ինքն էլ ռուսերեն պատասխանեց, որ հա: Էդպես էլ չկարողացա հետը հայերեն մի երկու բառ փոխանակել:

Երբ դեռ հերթի մեջ էինք, Զեմֆիրայի անձակազմից ինչ-որ տղաներ եկան ու հերթի միջից մի քանի աղջկա հետները ներս տարան: Բա ո՜նց, էստեղ հաստատ չարժե առաջին շարքերում կանգնելու համար կտտանքների ենթարկվել: Ծանոթով ներս մտնելն էլ է աշխատում:

Այնուամենայնիվ, կարողացա երկրորդ շարքում տեղավորվել: Բախտի բերմամբ, թե պատահմամբ կողքս հայտնվել էր մի գերմանուհի, որը նախորդ համերգներից դաս առնելով հետը մի փունջ ծաղիկ էր բերել և որը Զեմֆիրայի ելույթի ընթացքում բնավ չդավաճանեց իր ազգային պատկանելությունը՝ էդպես էլ երբեք չձայնակցելով, չգոռալով, չթռվռալով, բավարարվելով միայն համեստ ծափերով:

Երբ համերգի ժամը եկավ, բեմին հայտնվեց մի փռչոտ դիջեյ ու սկսեց երաժշտական խաղեր տալ: Մի երկու երգ դեռ ոչինչ, բայց հետո արդեն բազմությունը գժվեց: Բոլորը գոռում էին՝ Զեմֆիրա (մի բան, որ երբեք գերմանական կամ հոլանդական բազմությունը չի անի բացող կատարողի նկատմամբ, ինչքան էլ անհամբեր լինի): Խեղճ տղան ձեռքով-ոտքով հասկացնում էր, որ մի քիչ հետո Զեմֆիրան կգա: Վերջում էլ շնորհակալություն հայտնեց ու հեռացավ բեմից:

Ու եկավ Զեմֆիրան: Փոքրամարմին, նիհար, սև շրջազգեստով, աշխույժ, թռվռալով: Սկսեց նոր ալբոմի երգերից` Без шансов և Деньги: Հանդիսատեսը ձայնակցում էր: Հանդիսատեսը միշտ էր ձայնակցում:

Առաջին կեսի ընթացքում Զեմֆիրան ինքն իր մեջ էր, իր աշխարհում, իր հույզերով, իր տառապանքով: Ասես չէր նկատում բեմից քիչ այն կողմ գտնվող հսկայական բազմությանը: Հետո սկսեց հանդիսատեսի հետ երկխոսության մեջ մտնել: Հավաքեց ծաղիկները, թռվռացրեց ու երգացրեց հանդիսատեսին: Ու մեծ ջանքերի կարիք չուներ, որովհետև բարեբախտաբար տարածքում գերմանացիները տխուր փոքրամասնություն էին կազմում:

Հենց էդ թռվռոցների ժամանակ էր, երբ պայուսակիցս հանեցի Հայաստանի դրոշը ու սկսեցի թափահարել: Զեմֆիրան նկատեց, ինչ-որ նշան արեց կիթառահարին: Հետո առաջ եկավ, պպզեց, նայեց դրոշին, հարցրեց, թե որ երկրինն է: Չորս կողմից գոռացինք՝ Հայաստան: Երևի առաջին անգամ չլսեց, հետ գնաց, շարունակեց երգել, երգի ավարտից հետո նորից եկավ: Էս անգամ լսեց, որ Հայաստանինն է: Խոստովանեց, որ Գերմանիայինի հետ էր շփոթել, գույները նման են: Վերցրեց դրոշս, չնայած հեչ չէի նախատեսել նրան տալ, հատկապես այն դեպքում, երբ չի ճանաչում: Դրեց միկրոֆոնի հենակին ու ասաց՝ եկեք պատկերացնենք Գերմանիայինն է:

Ավելի ուշ Վրաստանի դրոշը նկատեց ու ասաց, որ դա ոչնչի հետ չի շփոթի: Մոտեցավ, դա էլ վերցրեց, չնայած տերը չէր ուզում տալ: Փաթաթվեց դրոշով ու ասաց՝ մնաց մնացած տասներեքը: Դրեց ծաղիկների կողքին, Հայաստանի դրոշն էլ մոտը բերեց:

Երգեր կատարեց բոլոր ալբոմներից: Էդ կողմից լավ է. նրա ցանկացած ժամանակաշրջանի երկրպագուն իր հասանելիքը ստացավ:

Առաջին encore-ի ժամանակ Мумий Тролль-ի երգերից վերակատարեց: Ես էլ հա լսում էի, մտածում՝ ախր ծանոթ է, բայց սա Զեմֆիրայի երգերից չէ: Ահագին ուշ տեղը բերեցի: Хочешь-ը լրիվ ակուստիկի տակ երգեց, ավելի ճիշտ՝ ինքը համարյա չէր երգում, հանդիսատեսի ձայնն ավելի բարձր էր: Ариведерчи-ն առաջին encore-ի վերջին երգն էր ու լրիվ ռոքի մեջ էր, իսկական գժանոց: Էստեղ հանդիսատեսի ոգևորությունը գագաթնակետին հասավ:

Համերգից դուրս եկա լիքը դրական էմոցիաներով: Լիարժեք համերգն էսպես պիտի լինի, որ համ բեմի վրա աշխուժություն լինի, համ էլ հանդիաստեսի շրջանում: Թքած, թե շարժվելու ու շնչելու տեղ չկար:

Ու պիտի ասեմ, որ Զեմֆիրան հրաշալի կատարող է, նրան անպայման արժե գոնե կյանքում մի անգամ կենդանի տեսնել: Հուսանք՝ մի օր կգա Հայաստան ու դրանից հետո երբեք, ոչ մի տեղ մեր դրոշն ուրիշի հետ չի շփոթի:

Հ.Գ. Նկարել չէր թույլատրվում, դրա համար ոչինչ չեմ կարող ցույց տալ: Դնում եմ անցյալ գիշերվա անլուրջ տեքստիս նկարը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: