Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Թե ինչի հասցրեց ինձ Զազի համերգը

on July 3, 2013

Հաստատ սանրս էր պատճառը: Վստահ եմ դրանում: Առավոտյան տնից դուրս գալուց առաջ ուզեցի մազերս սանրել, բայց սանրս չէի գտնում: Հիստերիկայի մեջ էի համարյա, որովհետև եթե մի քիչ էլ ուշանայի, գնացքս բաց կթողնեի, իսկ չսանրած թաց մազերով դուրս գալը, դեռ հաջորդ օրն էլ էդպես մնալն աններելի արարք է:

Վերջապես գտա սանրս: Վերջին վայրկյանին անձնագիրս էլ խցկեցի պայուսակս, չնայած մտածում էի՝ ի՞նչ եմ անելու որ: Հոսթելում քարտս ցույց կտամ, ինքնությունս կհաստատվի: Արդյունքում՝ նախատեսածից յոթ րոպե ուշ տնից դուրս եկա:

Կայարան հասա ուղիղ ժամը 9-ին՝ իմ գնացքի մեկնելուց տասնվեց րոպե առաջ: Եթե առնվազն երեք րոպե շուտ հասնեի, նախորդ գնացքը կբռնացնեի ու չէի անցնի էն բոլոր պատմությունների միջով, ինչով էսօր անցա: Սուտը մեռնի: Էսպես թե էնպես ես չէի էլ նախատեսել նախորդ գնացքը նստել: Բայց եթե շուտ հասնեի, գուցե էդպես էլ անեի: Ինչևէ, նստեցի առաջին գնացքս (ընդհանուր չորսն էին լինելու մետրոն չհաշված), որպեսզի գնամ Գերմանիայի նախկին մայրաքաղաք Բոն՝ Զազի համերգին:

Արդեն հասնում ենք Զվոլե: Էնտեղ պիտի երկրորդ գնացքս նստեմ: Ընդամենը վեց րոպե եմ ունենալու փոխելու համար: Մեկ էլ հոպ, գնացքը կանգնում է: Մի քանի րոպե ուշանալու մասին հոլանդերեն հայտարարություն է արվում: Կվազեմ: Հենց հասնենք Զվոլե, բոլոր ուժերս կհավաքեմ ու լեղապատառ կվազեմ դեպի Արնհեմ մեկնող գնացքի պլատֆորմ: Հետո, երբ ներսում լինեմ, նոր հարմար տեղ կփնտրեմ: Կարևորը՝ հասնեմ:

Գնացքը Զվոլե հասավ հինգ րոպե ուշացումով: Դուրս թռա, վազեցի աստիճաններով վեր, թեքվեցի դեպի համապատասխան պլատֆորմը, սկսեցի իջնել ներքև, երբ տեսա աչքիս առաջով դանդաղ սահող, կամաց-կամաց արագացող ու տեսադաշտիցս անհետացող գնացքը ու կողքի ցուցանակը. Արնհեմ մեկնող հաջորդ գնացքը 10:49-ին է:

Սկսեցի հաշվել: Արնհեմից Քյլոն գնացողը 11:37 է: Զվոլեից Արնհեմ մի ժամ է: Չէ, բացառված է, որ կհասցնեմ: Ուրեմն պիտի երկու ժամ հետոյինը նստեմ՝ 13:37: Բայց դրա համար արդեն հատուկ թույլտվություն է պետք, միջազգային գնացք է, չեմ կարող որը ուզեմ, նստեմ: Մի րոպե, եթե 13:37-ի գնացքը նստեմ, համերգի տարածք հազիվ 16:30 հասնեմ: Ուշ չի՞: Իսկ Արնհեմից ուրիշ տարբերակ չկա՞: Իսկ գուցե, այնուամենայնիվ, Քյոլն մեկնող գնա՞ցքն էլ ուշանա:

Նստեցի 10:49-ի գնացքը: Ինտերնետը փորփրեցի: Չէ, Արնհեմից ուրիշ տարբերակ չկա: Լավ, ուրեմն որոշված է. հոսթել չեմ քայլի, մետրո կնստեմ: Լավ է՝ երեկ մեյլ էի գրել, խնդրել, որ բացատրեն, թե ոնց կայարանից մետրոյով հասնեմ: Բացեցի պայուսակս, որ հանեմ թերթիկը, տեսնեմ՝ մետրոն քանի րոպե է: Թերթիկը մոռացել եմ վերցնել: Մենակ քարտեզներն են մոտս: Լավ է՝ կոնկրետ էդ գնացքում ինտերնետ կար, մտա, մեյլիցս արտագրեցի մետրոյով գնալու ցուցումները:

Հասա Արնհեմ: Գնացի տոմսերի ծառայություն, որ տեղեկացնեմ ուշացման մասին: Տոմսս ցույց տվեցի: Վրան կապույտ բան կպցրեց ու ասաց, որ 13:37 գնամ կայարանի հետև, որտեղ Դուիսբուրգ մեկնող ավտոբուս կնստեմ, էնտեղից կպարզեմ՝ ոնց Բոն հասնեմ: Ավտոբու՞ս: Իիիհ, էս ինչ նոր բան էր: Ավելի լավ էր՝ չտեղեկացնեի, սուսուփուս հաջորդ գնացքը նստեի, եթե տոմս ստուգողը բան ասեր, կռիվ անեի, ասեի՝ գնացքս ուշացել էր, ես մեղք չունեմ: Իսկ հիմա էդ անդուր կապույտ բանը տոմսիս վրա է, էլ բան չեմ կարող ասել:

Մոտ երկու ժամ Արնհեմի կայարանում թրև եկա: Ավտոբուս նստելու համար սկսեցի քայլել դեպի կայարանի հետևը, երբ աչքովս ընկավ էկրանը, որտեղ գրված էր, որ Գերմանիա մեկնող 13:37-ի գնացքը քենսըլվել է: Ի՜նչ լավ է, որ նախապես գնացի տոմսերի ծառայություն: Թե չէ պատկերացնու՞մ եք ոնց էի կաթվածահար լինելու էդ cancelled արտահայտությունը կարդալիս:

Կայարանի հետևում լիքը մարդ էր հավաքվել: Թե՛ մեր գնացքի ուշացած ժողովուրդն էին (հա՛, Խրոնինգենի անուն էլ լսեցի), թե՛ իսկական 13:37-ի: Մեկ էլ եկավ մի ավտոբուս, ասաց, որ ինքը 14:20 է շարժվելու: Գժվեցինք: Բոլորը խառնվեցին իրար: Բայց աշխատողը եկավ, ասաց, որ հենց ավտոբուսը լցվի, պիտի շարժվի:

Էստեղ յոթ րոպե շահեցինք. ավտոբուսը շարժվեց 13:30: Հարցին, թե երբ Դուիսբուրգ կհասնենք, վարորդը պատասխանեց, որ մոտ մեկուկես ժամում: Հըմ, եթե երեքին հասնեմ Դուիսբուրգ, չորսին-չորս անց կես հազիվ Բոն հասնեմ, էնտեղից էլ հոսթել՝ հինգին, հինգ անց կեսից շուտ համերգին չհասա: Ուրեմն՝ մնաս բարով առաջին շարքում կանգնել: Թու՜, իսկ ես էս անգամ գնում էի համերգին մենակ էն պայմանով, որ ուղիղ դիմացն եմ կանգնելու:

Նիդեռլանդներ-Գերմանիա սահմանին ավտոբուսը կանգնեց: Հա՛, սենց բաներ շատ են լինում էստեղ: Անձնագրի ստուգում էր: Ու էստեղ ես հազար անգամ խոնարհվեցի ֆայմիս առաջ, որ վերջին պահին անձնագիրս վերցրել էի: Թե չէ Աստված գիտի ինչ էր գալու գլխիս:

Երեքի կողմերը հասանք Դուիսբուրգ: Ավտոբուսը քաղաքում հա պտույտներ էր անում, երևի ճամփան չգիտեր, մինչև հասավ կայարան: Էնտեղից վազքով գնացի դեպի ինֆորմացիա ու խնդրեցի, որ Բոն տանող ամենակարճ ճամփան ասեն: Աշխատողը մի թուղթ տպեց, ըստ որի մի հատ էլ Քյոլնում պիտի փոխեի, իսկ Քյոլն մեկնող գնացքը շարժվելու էր երկու րոպեից:

Վազքով դեպի պլատֆորմ: Հասա: Գնացքն ուշացավ: Էլի սկսեցի անիծել, որովհետև Քյոլնում էլ ընդամենը վեց րոպե էի ունենալու փոխելու համար: Այնուամենայնիվ, տեղ հասավ Բոնի գնացքից չորս րոպե առաջ, վերջինս էլ մի քանի րոպե ուշացավ (էսքան ուշացում մի օրու՞մ, էն էլ երկու տարբեր երկրներու՞մ): Արդյունքում՝ Բոնի կայարան հասա 16:30:

Վազեցի դեպի մետրո: Տոմս պիտի առնեմ: Մետրոն մի րոպեից կգա: Շուրջս եմ նայում: Ի՞նչ անեմ, առանց տոմսի խցկվե՞մ, թե՞ տոմս փնտրեմ, ինը րոպե անց եկող գնացքը նստեմ: Մեկ էլ ուղեղս պայծառացավ (այ թե սթրեսի ժամանակ պայծառանում ա): Հիշեցի, որ ամիսներ առաջ, երբ ակումբի Սագիտարիուսին էի հանդիպել Քյոլնում, ասել էր, որ էնտեղի ու Բոնի մետրոն մի համակարգ են: Հիշեցի նաև, որ երբ միասին մետրո նստեցինք, իր տոմսը հենց գնացքի ներսից գնեց:

Եկավ գնացքը, նստեցի ու իսկապես. ապարատը ներսում էր: Լավ էր՝ դեսուդեն չընկա, բաց չթողեցի:

16:45 մտա հոսթել: Ընդունարանի աշխատողը հեռախոսով խոսում էր: Սպասում եմ, դեսուդեն նայում: Սա դեռ խոսում է: Յոթ րոպե էլ էդտեղ կորավ: Վերջացրեց խոսակցությունը, ժպտալով անունս հարցրեց, հետո անցավ այլ հարցերի, թե՝ որտեղից եմ, ինչու եմ Բոն եկել և այլն: Էլ չդիմացա, գոռացի.

– Կներեք, ես ահավոր շտապում եմ:

– Լավ, լավ, հեսա սենյակդ ցույց տամ:

Հոսթելն էլ դու մի հոսթել ասա: Նախկին պահեստ է, որտեղ ճամբարային վագոններ են դրել որպես սենյակներ: Իմ սենյակն էլ գնացքի վագոն է չորս մահճակալով: Շարժվելու տեղ չկա: Չի կողպվում: Հոսթելի աշխատողներն էլ գիշերները գնում են: Դրա համար ինձ դրսի դռան բանալին տվեց: Սարսափ: Բայց հիմա վախենալու ժամանակը չէ:

Մի խոսքով, պայուսակս շպրտել, կարևոր իրերը վերցնել, ջրի շիշը լցնել ու դուրս թռնել: Արդեն ժամը հինգն էր: Պիտի որ տասնհինգ րոպեից հասնեմ: Քարտեզը հանեցի, սկսեցի գնալ: Սկզբում ամեն ինչ ճիշտ էր գնում: Խնդիրը սկսվեց էնտեղից, երբ Շառլ դը Գոլ փողոցը չգտա, որովհետև ուշադիր չէի կարդացել, որ աստիճաններով պիտի գնամ էնտեղ: Ստիպված մի հսկայական շրջան գծեցի ու տասնհինգ րոպե էլ էդտեղ կորցրեցի: Բա ի՞նչ, մի գնացքի չա՞փ էլ չկամ, որ չկորեմ:

Համերգի դարպասների մոտ հասա 17:30: Անձրև էր գալիս: Նայեցի հերթին ու սարսափեցի. ինձնից առաջ 30-40 հոգի կար: Եթե չորրորդ շարք ընկնեի, բախտս լավ կբերեր: Բայց բոյով գերմանացիների մեջ առաջին շարքից բացի մնացած ամեն ինչը շատ անկապ է:

Իսկ թե ինչ եղավ հետո, կպատմեմ վաղը:

Advertisements

One response to “Թե ինչի հասցրեց ինձ Զազի համերգը

  1. […] Թե ինչ պատմություններով հասա համերգատեղի, կարդացեք այստեղ: […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: