Զազի համերգը. թե ինչ եղավ հետո

Թե ինչ պատմություններով հասա համերգատեղի, կարդացեք այստեղ:

DSCF4458Մուտքի մոտ մարդիկ գնալով շատանում էին: Հայտնվեց մի աղջիկ, որը նարնջագույն ժապավաններ էր կապում բեմի դիմաց կանգնողների թևերին: Դռների բացման մասին տոմսի վրա ոչինչ չկար գրված, բայց կողքի խոսակցություններից հասկանում էի, որ ժամը հինգին պիտի լիներ, արդեն ուշացնում էին:

Վեցի կողմերը դռները բացվեցին: Մարդկանց երկու հոսքով էին ներս թողնում: Ես թեքվեցի դեպի երկրորդը ու մի չորս-հինգ մարդ առաջ անցա: Իսկ երբ արդեն բեմին պիտի մոտենայինք, մոռացա ամեն բան ու սկսեցի վազել: Իմ կարճ ոտքերով վազեցի հնարավորինս արագ (իսկ ես դա կարող եմ) և հայտնվեցի ուղիղ բեմի դիմաց՝ կենտրոնական մասում, առաջին շարքում: Գիտեի, որ արածս էնքան էլ լավ բան չէր, բայց ինքս ինձ արդարացնում էի. նախ, եթե ամեն ինչ լավ գնար, ես ժամը երեքից պիտի դռների մոտ ինձ կտտանքների ենթարկեի: Երկրորդ, կարճահասակ եմ, չի կարելի, որ իմ դիմաց մարդ կանգնի: Երրորդ, միևնույն է, գերմանացիները խոտի պես կանգնելու էին, Զազն էլ էլի նեղվելու էր, որ ոչ ոք չի պարում:

Համերգը բացօթյա էր, տեղը շատ նման էր Բեռլինի Ցիտադելին, որտեղ անցյալ տարի էս ժամանակներն Ալանիս Մորիսեթի ու Բոբ Դիլանի համերգներին եմ եղել: Անկասկած, շատ ավելի մարդաշատ էր, քան Զազի համերգը Քյոլնում: Էլ չեմ ասում, որ պատնեշով բեմը հեռացված էր հանդիսատեսից, հետևաբար անմիջական շփման հնարավորությունը փոքրանում էր:

DSCF4460Մինչև համերգի սկսվելը մեկ այլ խումբ էր նվագում: Մենակատարուհին ասաց, որ Բելգիայից են եկել: Լավ ձայն ուներ, հավես էր լսվում: Ճիշտ է՝ Զազից շատ էր ազդված. և՛ արտաքնապես, և՛ շարժուձևով: Էլ չեմ ասում, որ երգերից մեկը ոնց որ Laissez-moi-ն լիներ անգլերեն բառերով: Մտածում էի՝ լավ են մտածել, որ բացող կատարողին համերգի ժամից շուտ են դրել, որ երբ պահը գա, ներվայնանալով չսպասենք, թե երբ է ավարտվելու:

Ու եկավ ժամը յոթը: Սկզբում բեմ բարձրացան երաժիշտները, սկսեցին նվագել: Ըհը, վայրկյաններ անց Զազը կգա: Բոլորը ծափահարում են: Մի րոպե, բան չեմ հասկանում: Ինչ-որ աղջիկ է հայտնվել բեմին ու իրեն ճղում է: Մանուշակագույն շալվարով, մանուշակագույն ականջօղերով, բարձրակրունկներով, շուրթերը հավաքում է, տուտուզը դեսուդեն անում: Առաջին ռեակցիաս՝ էս ո՞վ էր: Կարո՞ղ ա սխալ համերգի եմ եկել: Ախր բացումը ոնց որ արդեն եղավ: Հետո հիշեցի, որ ամեն դեպքում տեսել էի ներս մտնողների տոմսերին ու աշխատակիցների բեջերին «Զազ» գրությունը: Չէ, ուրեմն ուղղակի երկրորդ բացող էլ կա Զազի համար:

DSCF4468Էդ աղջիկն ուղղակի անտանելի էր: Ոտքից գլուխ դզած-փչած, ոնց որ տաղանդների ինչ-որ մրցությում հաղթածներից լիներ, որ ինքն իր գլխի տերը չէր, եքա  թիմեր իր փոխարեն որոշում էին, թե ինչ հագնի, երգի որ պահին ոնց ժպտա, որ ոտքը բարձրացնի, որ կողմ տուտուզը տանի, քանի անգամ աչքերը փակի ու ձև անի, թե տանու՜մ է իրեն երաժշտությունը: Մի խոսքով, սարսափելի կեղծ: Էն աստիճանի, որ փորձում էր հանդիսատեսին ակտիվացնել, բայց ես դարձել էի սառած գերմանացի ու առաջին շարքում քարացած կանգնած սպասում էի, թե երբ պիտի էդ ահավորությունն ավարտվի (ինչպես հետո իմացա, այդ ահավորության անունը Նինա Աթալ էր):

Վերջապես, վերջապես Զազը բեմ բարձրացավ: Սկզբում լարված էր երևում: Դե ո՞վ չէր լարվի օրը ցերեկով (հա, ստեղ մութն անտանելի ուշ է ընկնում) էսքան մարդ տեսնելուց, որոնք առանձնապես ոգևորված չեն երևում: Ճիշտ է՝ կամաց-կամաց բացվեց, աշխուժացավ, բայց հանդիսատեսը մինչև վերջ էլ նույն խոտը մնաց:

Սկսեց On ira-ով: Երկրորդ երգն անծանոթ էր: Պիտի դեռ պարզեմ, թե էդ ինչ էր, որ մինչև հիմա չեմ DSCF4469լսել: Հետո անցավ Gamine-ին: Հետը երգում էի, թռվռում, պարում, բայց մի տեսակ նեղվում էի, որ մենակ ես էի շարժվողը: Մանավանդ որ լույս էր, շատ պարզ էի տեսնում, որ կողքիս մարդիկ անշարժ են: Մեկ էլ էն երկու ֆրանսիացիները, որոնք Քյոլնում էլ էին աշխույժ, մի քիչ շարժվում էին: Մնացածը՝ լրիվ մեռյալ վիճակ:

Հանրահայտ Je veux-ի ժամանակ ժողովրդին փորձեց երգացնել: Ու անհույս էր, ինչքան էլ գոռում էր lauter: Միևնույն է, երգողները քիչ էին, պարողներն էլ: Ընդհանրապես, ինձ միշտ զարմացնում է, թե ոնց է կարողանում Զազն ամեն անգամ տարբեր կերպ կատարել այդ երգը:

Անձրև էր գալիս (La pluie-ն ո՜նց կսազեր էդ պահին): Բոլորն անձրևանոցները քաշեցին գլխներին, իսկ ես ժակետս հանեցի (երբ J’ai tant escamoté-ի ժամանակ երգեց՝ je vous donne ma chemise): Էնքան հավես էր թրջվելը ու միաժամանակ Զազին լսելը: Անձրևի տակ պարելը մի այլ կարգի հաճույք էր: Իսկ առաջին շարքերը դատարկվում էին:

DSCF4466Կողքս երկու պստիկ բալիկներ էին կանգնել: La fée-ի ժամանակ նկատեցի, որ նրանցից մեկը երգում է: Ձեռքը բռնեցի, սկսեցի պարացնել: Ժպտաց: Կողքի պստոն էլ միացավ: Մի քիչ պարեցինք, էն էլ իրենց պապայի խիստ հայացքների տակ դադարեցրին: Ահա թե երբվանից են գերմանացիները խոտ դառնում:

Իսկ բեմից  Զազն անգլերենաֆրանսագերմանախառը աղաչում էր, որ պարենք (dansen, dansen please): Ավելի բարձր էի թռնում, ավել բարձր գոռում, մեծացնում շարժումներիս ամպլիտուդը, բայց հո մենակով հազարների տեղը չէի՞ հանելու:

Déterre-ի ժամանակ մազերս լրիվ թաց էին: Հենց էդ ժամանակ հասկացա, որ թաց մազերով գլուխը թափահարելը համերգային ամենամեծ հաճույքներից է: Սրանից հետո թաց մազերով եմ ռոք համերգների գնալու:

Վերջում Զազը մեսիջ ուղարկեց հանդիսատեսին: Ասաց, որ լավ է՝ աշխարհի խնդիրների մասին անհանգստանալը, ջղայնանալը, քննարկելը, բայց դա հերիք չէ, պետք է մի բան անել ու պետք է միասին անել, որովհետև մենք միասին մեծ ուժ ենք: Դրանից հետո կատարեց La lessive-ը, որը գրել է Մոն Բլան բարձրանալուց հետո:

Ընդհանուր առմամբ, լավ համերգ էր: Թերություններից էր մարդաշատությունը, որ Զազը չէր կարողանում հանդիսատեսի հետ մտերմիկ շփման գնալ (դե մի մեծ մինուս էլ գերմանացիներն էին): Սեթլիսթը հիմնականում նույնն էր, ինչ Քյոլնում: Դա էլ է երևի թերություն, որովհետև երբ երկրորդ անգամ ես գնում նույն մարդու համերգին, որևէ տարբերություն ես ակնկալում, իսկ էստեղ միակ տարբերությունն այն էր, որ մի երկու երգ պակաս կատարեց (հա, գերմանական ժամը տասի խիստ կանոնը. բոլոր բացօթյա միջոցառումները պիտի ավարտվեն մինչ այդ): Այնուամենայնիվ, քանի որ նա բավական հզոր արվեստագետ է, կարողանում է նույն երգերը տարբեր կերպ կատարել: Ավելին՝ հավես էր նոր ալբոմին մանրամասն ծանոթանալուց հետո դրանք ևս մեկ անգամ կենդանի լսելը: Ու կարծիքս նորից ու նորից ամրապնդվեց. Զազն այն հազվագյուտ կատարողներից է, որի կենդանի ելույթները մի քանի անգամ գերազանցում են ձայնագրություններին: Ապրի ինքը:

DSCF4476

Ի դեպ, համերգից հետո հանդիպեցի Զազին (չհարցնեք՝ ոնց հաջողացրեցի, դա մի առանձին երկար պատմություն է): Հետս անգլերեն էր խոսում, ես ֆրանսերեն էի պատասխանում: Հարցրի, թե արդյոք Հայաստան գալու է: Ասաց, որ նման ծրագրեր կան: Տեսնենք: Բայց ես կաթվածահար կլինեմ, եթե Երևանյան համերգի առաջին շարքերի տոմսերը գերազանցեն 20 – 25 000 դրամը: Ու ավելի կգժվեմ, եթե չկարողանամ այդ տոմսերից ձեռք բերել (դե գիտեք մեզ մոտ տոմսային սև շուկայի մասին):

One thought on “Զազի համերգը. թե ինչ եղավ հետո

Leave a comment