Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Համերգները Եվրոպայում ու Երևանում

on July 5, 2013

Թեման, որի շուրջ ծավալվելու եմ, հաստատ Հայաստանի գլխավոր խնդիրներից չէ, ու թող ինձ ներեն ավելի լուրջ հարցերով մտահոգված մարդիկ, որ ես մեր երկրի բոլոր դարդերը թողած իմ ժամանցի հարցերն եմ փորձում լուծել: Պարզապես ինձ համար սա նույնքան կարևոր հարց է, ու եթե երբևէ հարցնեն, թե ինչու կուզեի Եվրոպայում մնալ, ես ո՛չ ավելի որակյալ կյանքը կնշեի, ո՛չ ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, ո՛չ անգամ աշխատանքի դիմաց գնահատված լինելը, այլ որպես առաջին ու գլխավոր պատճառ կբերեի սիրելի կատարողների համերգներին ներկա գտնվելու հնարավորությունը, որը, իհարկե, անուղղակիորեն կապ ունի նախորդ պատճառների հետ: Նախապես ասեմ, որ սա շատ զգայուն թեմա է ինձ համար, հետևաբար ընդունվում է միայն առողջ քննադատություն կառուցողական քննարկում: Ոչ մի տեսակի «բայց» կամ «բա որ» լսել չեմ ուզում:

Այս երկու տարիների ընթացքում Եվրոպայում ներկա եմ գտնվել իմ սիրելի կատարողների տասնչորս համերգների, որոնցից գրեթե բոլորի համար ստիպված եմ եղել ուրիշ քաղաք գնալ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ուրիշ երկիր: Արդյունքում՝ ահագին բան եմ սովորել այն մասին, թե ինչպես են Եվրոպայում համերգները կազմակերպվում ու տոմսագնային ինչպիսի քաղաքականություն են տանում: Ու պիտի ասեմ, որ այդ ամենն արմատականորեն տարբերվում է Հայաստանում տեսածիցս:

Եվրոպայում համերգները տեղի են ունենում պստլիկ, մի քանի հարյուր հոգանոց ակումբներում, թատրոններում կամ հազարների տեղավորող հսկայական համերգասրահներում ու բացօթյա տարածքներում՝ կախված կատարողի նախընտրությունից կամ նրա պահանջարկից: Զարմանալին այն է, որ Հայաստանում այդպիսի ակումբներ, թատրոններ ու համերգասրահներ չկան: Ի՞նչ ունենք մենք: Հսկայական մարզադաշտեր, որոնք բնավ համերգների համար նախատեսված չեն, Մարզահամերգային համալիր, որի փոքր դահլիճը էլի մի կերպ կուտվի, բայց մեծը նորից բնավ հարմար չէ համերգների համար, Մեցցոյատիպ գլամուր տեղեր, որտեղ մարդիկ գալիս են զուգված-զարդարված ու իրենց թույլ են տալիս ողջ համերգի ժամանակ հռհռալ, Ստոպի պես շատ փոքր ակումբներ, որոնք եթե հարյուր հոգու տեղավորեն, շատ երջանիկ կլինենք, թատրոններ, որոնց նստարանները չեն տեղաշարժվում (վերջիններս մեծ առավելություն կունենային, եթե միայն հնարավոր լիներ տարածքն ազատել նստարաններից), մեկ էլ դասական համերգների համար նախատեսված քչից-շատից հարմար դահլիճներ, որոնցում ռոք համերգ կազմակերպելը հաստատ սրբապղծություն կլինի:

Իսկ ո՞րն է Երևանի դահլիճների անհարմարությունը: Առաջին հերթին կանգնելու տեղերի բացակայությունն է: Ըստ դասական պատկերացումների, մարդիկ համերգներին նստում ու լսում են: Բայց այս պատկերացումը դասական համերգների համար է: Ժամանակակից երաժշտության ներկայացուցիչները սիրում են, երբ հանդիսատեսը մասնակցում է համերգին, ոչ թե պասիվ խոտի նման նստում ու զմայլվում: Ավելին՝ շատերը նույնիսկ նեղվում են, երբ շարժում չեն տեսնում: Բնական է՝ նստատեղերով դահլիճներում հնարավոր չէ հարյուրավորների կամ հազարավորների կանգնեցնել:

Հետո գալիս է տոմսերի գնի խնդիրը: Երբ Երևան գալիս էին լեգենդար կատարողներ, ու նրանց առաջին շարքերի տոմսերի գները հասնում էին աստղաբաշխական թվերի (այսինքն՝ մի քանի հարյուր հազար դրամի), երբ ասում էին, թե հովանավորներով-բանով հազիվ էին կարողանում համերգի գինը հանել, երբ հազիվ կարողանում էինք վերջին շարքերի տոմսեր գնել, որոնք անհամեմատ ավելի էժան էին, ես մտածում էի՝ Եվրոպայում երևի ավելի թանկ կլինի, ու էդ նույն վերջին շարքերի համար ստիպված կլինեմ մի քանի հարյուր եվրո վճարել: Դրա համար մտածում էի՝ եթե երկու տարվա ընթացքում գոնե Ալանիս Մորիսեթի համերգին գնամ, ահագին գոհ ու երջանիկ կլինեմ: Սխալվում էի:

Եվրոպայում բոլորովին ուրիշ գնային քաղաքականություն է տարվում: Մինչև հիմա գնացածս ամենաթանկ համերգը Բոբ Դիլանինն էր, որի համար վճարել եմ վաթսուն եվրո (մոտ 30 000 դրամ) ու կանգնել եմ չորրորդ շարքում, բայց եթե մի քիչ ավելի շուտ տեղ հասնեի, առաջին շարքում էլ կհայտնվեի: Ի դեպ, նույն Բոբ Դիլանի համերգի համերգի համար կային նաև նստելու տեղերի տոմսեր, որոնք կանգնելուններից երկու անգամ ավելի թանկ էին, բեմից էլ երկու անգամ ավելի հեռու, հետևաբար հնարավորություն էր տրվում իսկական երաժշտասերին համեմատաբար քիչ վճարելով դիմացը կանգնել, իսկ եթե ավելորդ փող ունեցողներ կային ու ուզում էին Բոբ Դիլանի անվան դիմաց պտիչկա դնեին, իրենց համար հանգիստ տեղավորվում էին հեռավոր նստատեղերում:

Ընդհանուր առմամբ, բոլոր տոմսերի գները տատանվում էին 13 – 60 եվրո սահմաններում: Իհարկե, միշտ չէ, որ կանգնելու համերգներ են եղել: Օրինակ, Ալանիս Մորիսեթի երկու համերգներն էլ նստատեղերով էին (ի դեպ, ինչը շատ զայրացրել էր երկրպագուներին, բայց դա առանձին թեմա է), տեղերը՝ կատեգորիաներով, գնային տարբերություններով: Բայց օ՜ զարմանք: Առաջին ու վերջին շարքի միջև տարբերությունը ոչ թե մի քանի հարյուր եվրո էր (ինչպես երևանյան համերգների գնային քաղաքականությանը սովորածները կպատկերացնեին), այլ ընդամենը քսան եվրո, այսինքն՝ նորից երկրպագուները չէին զրկվում առաջին շարքերում հայտնվելու հնարավորությունից:

Երևանում կար նաև տոմսերի սև շուկա կոչվածը: Հիշու՞մ եք մի քանի տարի առաջ Սերժ Թանկյանի համերգը, երբ կոնկրետ գնային կատեգորիայի տոմսեր տարօրինակ կերպով սպառվել էին պաշտոնական վաճառքից առաջ: Եվրոպայում էլ սև շուկա կա, երբ որոշ մարդիկ արագ-արագ գնում են առաջին շարքերի կամ շատ արագ սպառվող տոմսերը, հետո ինտերնետային խանութներում մի քանի անգամ թանկ վաճառոմ (վերջերս շուխուռ էր ընկել, որ կարծեմ Muse-ինը հասել էր 1000 եվրոյի): Բայց եթե դու բավականաչափ ուշադիր ես, կարող ես առաջին շարքի տոմսն իր իսկական գնով ձեռք բերել, որովհետև նախապես հայտարարվում է, թե որ ժամից է սկսվելու տոմսերի վաճառքը: Ընդամենը պետք է հենց առաջին վայրկյաններից տոմսը պատվիրել: Ավելին՝ որոշ տոմսային համակարգեր նույնիսկ այնպես են ստեղծված, որ վերավաճառքն ուղղակի անհնար է դառնում, արդյունքում՝ բացառելով սև շուկայի ձևավորումը:

Իսկ ի՞նչ է կատարվում Երևանում: Իսկական երկրպագուները, սովորաբար չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, գնում են վերջին շարքերի տոմսեր՝ բեմից հեռու, պարում ու թռվռում են այնտեղ պատահաբար հայտնված կանանց տեսադաշտը փակելով՝ այդպես էլ չկարողանալով իրենց սիրելի կատարողին մոտիկից տեսնել: Առաջին շարքում փառավոր տեղավորվում են ֆոլգա շորերով հարուստ կնանիք, որոնք կարծում են, թե դասական համերգի են եկել ու որոնք այդ տեղերը գրավելու համապատասխան կապեր կամ ֆինանսական միջոցներ ունեն, ու դեմքների ոչ մի մկանը չի շարժվում համերգի ողջ ընթացքում, մինչ բեմի վրա գտնվող կատարողներն անընդհատ սպասում են, որ առաջին շարքերում աշխուժություն նկատվի:

Մենք մի ուրիշ խնդիր էլ ունենք: Անվտանգության աշխատակիցներն են, որոնք առաջին շարքերում հայտնված երկրպագուներին արգելում են պարել, արգելում են մոտենալ բեմին՝ այդպիսով հարամելով կատարողի հաղորդակցությունը հանդիսատեսի հետ: Իհարկե, արդարության համար պիտի նշեմ, որ նման բան տեսել եմ նաև Գերմանիայում, երբ Ալանիս Մորիսեթի համերգների ժամանակ ֆաշիստական արտաքինով անվտանգության աշխատակիցներն անընդհատ պահանջում էին նստել կանգնող երկրպագուներին, բայց սովորաբար դա երկար չէր տևում, որովհետև ինչ-որ երգից սկսած բոլորը մի մարդու նման ոտքի են կանգնում, ու ավելորդ պահանջներ դնելն արդեն անհնար է դառնում: Երևանում, բնականաբար, առաջին շարքերի հանդիսատեսը մի մարդու նման ոտքի չի կանգնի, քանի դեռ էնտեղ տեղավորված են նաև ֆոլգա շորերով կնանիք, որոնք փնթփնթում են, թե բեմը չեն տեսնում, երբ իրենց դիմացինը կանգնում է:

Կանգելու ու նստատեղերով տոմսերի մասին խոսեցի, բայց չասացի, որ կա նաև տոմսերի երրորդ տեսակը, այն է՝ նստելով, բայց ազատ տեղերով, այսինքն՝ ով առաջինը գա, նա դիմացը կնստի: Դա էլ է լավ աշխատող մեխանիզմ: Բոլորը վճարում են նույն գինը, գնում են նույն տոմսը, բայց եթե առաջին շարք են ուզում, պիտի մինչև համերգասրահի դռները բացվելը հայտնվեն մուտքի մոտ ու սպասեն: Ի դեպ, եթե այս մեխանիզմը Երևանում էլ գործեր, այլևս ոչ ոք ուշացումով չէր ժամանի համերգներին:

Հա, Եվրոպայում համերգները միշտ ժամանակին են սկսվում: Եթե նույնիսկ ուշացում լինում է, ապա ոչ թե պատճառն ուշացող հանդիսատեսն է կամ տեխնիկական խնդիրները, այլ հենց կատարողի քմահաճույքը (ի դեպ, դրանից ահագին ներվայնանում եմ, բայց դե բան չես կարող անել. մարդիկ աստղային հիվանդություն ունեն):

Վերևի տեքստով փորձում էի հասկանալ, թե ինչ ունի Եվրոպան, որ մենք չունենք: Իսկ հիմա կփորձեմ լուծումներ գտնել: Ամեն ինչ պետք է սկսել այն հարցից, թե ինչու երաժիշտները չեն գալիս մեզ մոտ (հա, Հայաստանում ինչ-որ բերովի է, ոչ թե էկովի): Կարծում եմ՝ սխալ քաղաքականության արդյունք է: Մի հատ եկեք նայենք մեր աշխարհագրական դիրքին: Ոչ ոք ո՛չ Հայաստան է գալիս, ո՛չ Վրաստան (բայց գոնե Զեմֆիրան էնտեղ գնում է), ո՛չ Պարսկաստան: Այսինքն՝ մենք կարող ենք մեր տարածքի համար համերգային կենտրոն դառնալ, համերգային տուրիզմը զարգացնել: Կարող ենք ունենալ էժան հոսթելներ, որ հարևան երկրներից ժամանած երաժշտասերները կարողանան գիշերել, հարմար ակումբներ, որոնք սովորական օրերին կարող են տեղական խմբերին ծառայել, բացօթյա բեմեր, որոնք կարող են անգամ քաղաքից դուրս գտնվել, որոնց շուրջը ճամբարային տարածք կլինի ու որտեղ հնարավորություն կլինի ամբողջական փառատոններ անցկացնելու:

Իսկ եթե տոմսերը չվաճառվե՞ն: Բայց մի րոպե… եկեք էդքան հսկայական տարբերություն չդնենք առաջին ու վերջին շարքերի տոմսերի միջև, եկեք ճիշտ նույն գները դնենք, ինչ Եվրոպայում (գուցե ավելի էժան, որովհետև ինչքան գիտեմ՝ Գերմանիայում գները համեմատաբար բարձր են կապված շոու-բիզնեսի բարձր հարկերի հետ, իսկ ես իմ տասնչորս համերգներից տասնմեկը Գերմանիայում եմ գնացել): Տեսնենք՝ ո՞վ չի ուզենա տարին մեկ-երկու անգամ 20 – 30 000 դրամ վճարել սիրելի կատարողի համերգին ներկա գտնվելու համար, հատկապես երբ դա լինելու է առաջին շարքերում, ոչ թե վերևներում ծվարած: Եթե ես իմանամ, որ նման հնարավորություն կլինի, հաստատ գումար կհավաքեմ: Ինձ խելախոսներ, այփեդներ ու եսիմինչ լեփթոփներ պետք չեն, ես ուզում եմ իմ գումարը համերգների վրա ծախսել:

Ըհը, հավեսով երազեցի: Մնում է սպասել ու տեսնել՝ Զեմֆիրան կամ Զազը կգա՞ն Հայաստան: Ու եթե գան, որտե՞ղ ելույթ կունենան:

Advertisements

2 responses to “Համերգները Եվրոպայում ու Երևանում

  1. uluana says:

    «Ֆոլգա շորերով կնանիք»։ 😀

    Լսի, բայց Հայաստանում ինչի՞ հնարավոր չի հենց սկզբից առնել, քանի դեռ մեծ քանակով չեն առել վերավաճառելու համար։ Երևի չեն հայտարարում վաճառքի մասին, հա՞, միանգամից մեջ–մեջ են անում։

    Ի դեպ, ԱՄՆ–ում էլ ա էդ սև շուկան գործում. մենք որ ուզում էինք The Cranberries–ի համերգի տոմս առնել, վաճառքը դեռ նոր էր սկսվել կարծեմ, այսինքն՝ հենց առաջին օրերը չէին, բայց սկզբներում էր, էլի, իսկ տոմսերն արդեն մենակ վերավաճառողների մոտից էր հնարավոր առնել, ու էժան չէր։ Մենք յոթանասունվեց դոլարով առանք, ու քանի որ ինտերնետով էլ քսան դոլար էլ հարկեր էին ավելացել։

    • byurie says:

      Հա, ի դեպ, էդ ֆոլգա շորերով կնանիք տերմինի հեղինակը ես չեմ, մամայիս ընկերուհին ա, երբ միասին գնացել էինք Նինո Կատամաձեի համերգին, ու առաջին շարքերում ինչպես միշտ իրանք էին:   Հայաստանում վերավաճառողներ չկան: Սև շուկան համերգի կազմակերպիչներն իրանք են ստեղծում, ու պարադոքսն էն ա, որ ի տարբերություն Եվրոպայի, որտեղ առաջին վայրկյաններին առաջին շարքերի տոմսերն են վաճառվում, Հայաստանում ճիշտ հակառակն ա՝ վերջին շարքերինը շատ արագ վերջանում ա, առաջին շարքերի թանկ տոմսերն են մնում: Հա, ուրեմն նայի ինչ են անում: Հենց Սերժ Թանկյանի օրինակով ասեմ: Բոլորը սպասում են, թե երբ պիտի տոմսերի վաճառքը սկսեն: Կոնկրետ օր ա հայտարարվում: Էդ օրը գնում ես տոմսն առնելու, պարզվում ա՝ դեռ չի սկսվել վաճառքը: Զանգում ես կազմակերպիչներին, հաստատում են, որ չի սկսվել, ուրիշ օր են հայտարարում: Տենց մի քանի անգամ ուրիշ օր հայտարարեցին, հետո երբ իսկականից սկսվեց վաճառքը, պարզվեց, որ էժան տոմսերը արդեն վերջացել են: Էդ ո՞նց վաճառքի պաշտոնական սկզբից էղավ, չհասկացանք:   Զարմանալի ա, որ էդտեղ միանգամից վերավաճառողներից եք առնում: Բայց կանգնելու համերգ էր, չէ՞: Էստեղ մենակ առաջին շարքերի դեպքում տենց բաների կհանդիպես, էն էլ ասում եմ՝ որոշ կայքեր նենց են սարքած, որ տոմսը տանը տպովի ա, անձը հաստատող փաստաթղթով, այսինքն՝ եթե ուզում ես վերավաճառել, չորս եվրոյի տուգանք ես վճարում, որ ուրիշի անունով սարքես: Դեռ մի բան էլ դու ես տուժում:

      ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: