Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պատմություն 12. իմ սիրելի վայրի մասին

on July 12, 2013

Պատմությունների թարմացված ցուցակն այստեղ: Ժող, սկսել եք քիչ գրել 😦 Երկու շաբաթ ցուցակը չէի թարմացրել, բայց ընդամենը մի քանի գրառում էի բաց թողել: Ես դեռ սպասում եմ, որ ամեն դեպքում արական սեռի բլոգերներն էլ կսկսեն կիսվել իրենց պատմություններով:

Իմ սիրելի վայրի մասին

Մեծ տատս կուչ էր գալիս թախտին, կռանում հերթական ձեռագործի վրա ու պատմություններ պատմում իր մանկությունից: Մեծ տատս Ցեղասպանություն վերապրողներից էր: Թախտի մի ծայրին հարմար տեղավորվում էի, անփութորեն փորձում տիկնիկիս շորին կոճակ կարել: Մեծ տատս նայում էր, ասեղը ձեռքիցս վերցնում, բացատրում՝ ոնց ճիշտ կարեմ: Մեկ էլ ժամը կհարցներ: «Մեծ սլաքը չորսին, փոքրը՝ տասին»,- կպատասխանեի: Դեռ ժամերը կարդալ չգիտեի, մենակ թվերը, էն էլ մեծ տատս էր սովորեցրել:

Տարիներ անց թախտի տեղում իմ մահճակալը պիտի հայտնվեր, որի վրա թռվռալու էի, ամառային գիշերները սավանիս վրա սառույց էի լցնելու, որ կարողանամ քնեմ, իսկ Նոր տարուն հյուրերիցս մի քանիսն ադյալով ծածկվելու ու քնելու էին էնտեղ: Վերջին ժամանակներս ամենաերջանիկ զգացողությունն է երկարատև ճամփորդությունից ու գիշերային չվերթից հետո հոգնած մարմինս թարմ անկողնուն հանձնելը:

Մեծ տատս դռնից դուրս էր գալիս, քստքստացնելով անցնում բակով, գնում զուգարան: Հետո էդ դուռը պիտի հեռացվեր, տեղը պատ կանգներ, որին պիտի պահարանը հենվեր: Պահարանի դռներին իմ սիրած երգիչների պաստառները պիտի կպցնեի, գլխով հարվածեի պատանեկության զայրույթներիս ժամանակ: Հետո պիտի պահարանը տգեղ ու հին թվար, նորով փոխարինվեր, բայց էս անգամ արդեն առանց պաստառների: Կողքին նաև նոր գրապահարան պիտի հայտնվեր, որի թափանցիկ դռների հետևում գրքերից բացի նաև դիսկեր են, գրքեր ու զանազան իրեր, որոնք իմ կյանքի տարբեր ժամանակահատվածներում տարբեր մարդկանցից նվեր եմ ստացել կամ ինքս բերել տարբեր երկրներից: Ամեն անգամ գալիս կարոտած կանգնում եմ գրապահարանիս առաջ, ձեռքս սահեցնում դեռ չկարդացածս գրքերի վրայով, տեղավորում հետս նոր բերածները, հիշում իրերի հետ կապված պատմությունները:

Im senyakՊահարանը ներքևում փակ դարակներ ունի, որտեղ օրագրերս են պինդ-պինդ պահվում, մեկ էլ ուսանողական տարիների տետրերս: Մեկ-մեկ բացում եմ, թերթում օրագրերս, հիշում ինքս ինձ այս կամ այն տարիքում, զարմանում արտահայտածս մտքերի վրա, ժպտում, տխրում, ափսոսում, կարոտում, անցնում առաջ:

Պահարանի կողքին ջեռուցիչն է, որի մոտ սիրում էի որևէ գիրք ձեռքիս ձմռանը կծկվել, հատկապես երբ հիվանդ էի:

Սենյակը դեպի բակ նայող մեծ պատուհան ունի: Մեծ տատս անցնող-դարձողին տեսնելու համար խնդրում էր, որ կարմիր ակնոցը փոխանցեմ (ասեղնագործելիս կապույտով էր): Հիմա պատուհանը խանդավարագույրով է ծածկված: Տասներկու-տասներեք տարեկանում երաժշտությունը բարձր միացնում էի, նստում պատուհանի գոգին ու գիրք կարդում, մեկ-մեկ էլ երգում: Մի ժամանակ, երբ աչքերս բացում էի, առաջինը խնձորենին էի տեսնում. մերկ, ծաղկած, խնձորներով, դեղնած տերևներով: Հիմա էլ չկա խնձորենին: Առավոտյան կապույտ երկինքն եմ տեսնում ու մի քանի ամպիկ:

Պատուհանի տակ գրասեղանս է, որը հազար անգամ տեղաշարժել, անգամ սենյակից հանել եմ տվել, հետո նորից հետ բերել պատուհանի տակ: Ի՞նչ էր էնտեղ մեծ տատիս ժամանակ: Սեղա՞ն, վառարա՞ն, թե՞ դատարկ էր: Ոչինչ չեմ հիշում: Իսկ գրասեղանիս մոտ լիքը անքուն գիշերներ եմ անցկացրել դպրոցիս դասերը սովորելով, հետո նաև ֆիզիկայի խնդիրներ լուծելով ու կենսաբանություն կրծելով, որ բուհ ընդունվեմ: Ավելի ուշ էնտեղ հայտնվեց անճոռնի համակարգիչս, կողքը՝ դիսկերի պահարանիկը: Գրասեղանին հաճախ մամաս պարտեզից քաղած թարմ վարդեր է դնում, իսկ ամառային շոգ օրերին հաճախ անզգայացած պառկում էի գրասեղանի տակ. ամենահով տեղն էր:

Սենյակը մի դուռ ունի, որը տանում է դեպի հյուրասենյակ: Մեծ տատիս ժամանակ դա կոչվում էր «ներսի սենյակ»: Չեմ հիշում՝ դուռն ինչ տեսք ուներ: Հիմա սպիտակ է, անթափանցիկ ապակիով: Մի ժամանակ ներսից կողպվում էր: Փակում էի ու առանձնանում ողջ աշխարհից: Հետո կողպեքը փչացավ, ու ոչ ոք չսարքեց: Դռան վրա հյուրասենյակի կողմից գրված է «Ես չեմ ուզում մեծանալ»: Վերջին տարիներին «մեծանալ» բառը ջնջվել է՝ թողնելով «Ես չեմ ուզումը»: Ու պաստառ է փակցված. Imagine Peace:

DSCF1596Այս սենյակում, որտեղ մի ժամանակ ծերացած, պստլիկ ու կորացած մեծ տատս էր ապրում, ես մեծացա, թևեր առա ու հեռացա, բայց գիտեմ, որ էլի ու էլի եմ գալու, որովհետև ամեն վերադարձիցս առաջ մամաս անկողինս փոխելու է, ու սառը վերմակս նորից իմ հոգնած մարմնին է սպասելու:

Advertisements

One response to “Պատմություն 12. իմ սիրելի վայրի մասին

  1. […] Պատմություն ձեր սիրելի վայրի մասին Վիշապների կղզի Թաքնված անկյուն… Մի օր… srtik byurie […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: