Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Տրանսպորտի թանկացումն ու համակարգի բացակայությունը

on July 19, 2013

Երբ կարդացի, որ Երևանում հասարակական տրանսպորտը թանկանալու է, անմիջապես հաշվարկ կատարեցի: Նորքի հոգեբուժարան հասնելու համար, ինչքան էլ մեր տանը մոտ լիներ, երկու տրանսպորտ էի փոխում: Փաստորեն, եթե էն ժամանակ էլ 150 դրամ լիներ, օրը 600 դրամ ծախսելու էի մենակ դասի/աշխատանքի (մինչև հիմա չգիտեմ, թե դա ինչ էր) գնալ-գալու համար: Էդքանով Նորք կբարձրանայի տաքսիով, տուն կգայի ոտքով (թե՞ տաքսին էլ է թանկացել): Ձեռի հետ էլ կխուսափեի Շրջանայինում ու սրտաբանականի կանգառում երթուղային նստելու հրմշտոցից:

Մեր տնից Նորքի հոգեբուժարան մեքենաների ճանապարհով 4կմ է, ոտքով՝ավելի քիչ: Պատահել է՝ոտքով բարձրացել եմ: Առավոտյան լավ մարզանք էր: Բայց արի ու տես, որ հասարակական տրանսպորտով էնտեղ հասնելը լուրջ պատմություն էր: Հիմա որ թանկանա, կհեշտանա՞ էնտեղ հասնելը: Չէ՛: Էլի ճխտած 22-ներն ու 87-ները դիմացովդ անցնելու են ու չեն կանգնելու: Էլի ժամերով պիտի սպասես 109 համարին, որը, լինելով քաղաքապետարանի գիծ, քշում էր ոնց ուզում էր ու երբ ուզում էր: Ու վերջում պիտի թքես սաղի վրա, տաքսի վերցնես կամ էլ եթե ժամանակ ունես, ոտքով գնաս:

Համացանցում շատ եմ կարդում բողոքի արտահայտություններ, դժգոհություններ: Մի քանի օր բոլորը կանիծեն իշխանություններին, հետո կմոռանան ու սուսուփուս հարյուր հիսուն դրամ կտան վարորդին: Ու մեր հասարակական տրանսպորտը կմնա նույն նախնադարյան աղբը, որն այդքան կզավարճացնի տուրիստներին՝ որպես մեր մշակույթի անբաժան բաղադրամաս:

Գիտեք, ես 150 դրամ կտայի հասարակական տրանսպորտին, 200 էլ կտայի, միայն թե ունենայինք հասարակական տրանսպորտի համակարգ, ոչ թե իրենց էշը քշող գծատերեր, թքած-կպցրած երթուղայիններ, ուղևորների վրա մուննաթ եկող վարորդներ ու անկանխատեսելի երթուղիներ:

Իսկ համակարգ նախ նշանակում է կարողանալ հեշտությամբ պարզել թե ինչպես Ա կետից Բ կետը հասնել, ոչ թե զոռ տալ բոլոր կոգնիտիվ հնարավորություններին՝ փորձելով հիշել, թե որ համարի երթուղայինը որտեղով է անցնում, դեռ մի բան էլ կանգառում երկար սպասել՝ հայտնաբերելով, որ մի ամիս առաջ այդ երթուղայինը երթուղին փոխել է:

Համակարգ նշանակում է հաճախ օգտվողներին առավելություն տալ, ստեղծել մշտական տոմսեր, որոնք ավելի էժան կլինեն, քան մեկ երթևեկության տոմսը (սա այն կատարյալ աշխարհի մասին է, որտեղ հասարակական տրանսպորտը տոմսերով է), առավելություն տալ չաշխատող խավին՝ ուսանողներին ու թոշակառուներին: Էդ ժամանակ ես դեմ չեմ լինի 200 դրամ վճարել՝ իմանալով, որ դրա դիմաց թոշակառուն 50 է վճարելու:

Բայց մի րոպե… պատկերացնու՞մ եք վարորդները ոնց կխրտնեն, երբ տեսնեն մշտական տոմսերը: Դա կնշանակի իրենց տվյալ երթևեկությունից ստացված ավելի քիչ եկամուտ: Դրա համար համակարգ նշանակում է վարորդների ֆիքսված աշխատավարձ՝ անկախ նրանից, թե այդ օրը քանի հոգու են տեղափոխում: Էդ ժամանակ ճխտոցներից էլ կխուսափենք:

Համակարգ նշանակում է ունենալ կոնկրետ տարիֆներ: Ասենք, կես ժամանոց տոմս, մեկ ժամանոց տոմս, որպեսզի այն մարդիկ, որոնք ապրում են հասարակական տրանսպորտով ոչ հարուստ գոտում, կրկնակի փող չծախսեն երկու տրանսպորտ փոխելով, բայց անցնելով նույն հեռավորությունը, ինչ ավելի բարենպաստ տարածքներում ապրողները:

Դրա համար պետք է բողոքել ոչ թե թանկացումից, այլ համակարգի բացակայությունից, բոյկոտել ոչ թե նորից 100 դրամ սարքելու, այլ համակարգ ստեղծելու համար: Չնստել երթուղայիններ, թող դատարկ երթևեկեն: Թող դատարկ լինեն անգամ 100 դրամ եղած ժամանակ, անգամ 50: Դա էնպիսի ծառայություն է, որ ձրի էլ առաջարկեն, պիտի չուզենք: Եկեք քայլենք. Երևանը շատ մեծ չէ: Ինչպես մի ֆորումում առաջարկեցին, երթուղայինի վրա ծախսվելիք փողը հետ գցենք ու հեծանիվներ գնենք: Եթե տրանսպորտից օգտվողները քչանան, երթևեկությունը կթեթևանա, հեծանիվ քշելն էլ ավելի անվտանգ կլինի:

Մի խոսքով, եկեք վերջապես փորձենք ազատվել մեզ էդքան ստորացնող տրանսպորտի գարշելի միջոցներից:

Advertisements

2 responses to “Տրանսպորտի թանկացումն ու համակարգի բացակայությունը

  1. լավ անդրադարձ էր

    իմհկ, եթե վարրորդներին նորմալ, թեկուզև ֆիքսված աշխատավարձ տան, ինչու պետք է խրտնեն։ ընդհակառակը, կայուն եկամուտ միշտ ավելի հարմար է, քան ոչ կայունը։

    ուղղակի չպետք է նման ստրեսային աշխատանքի դիմաց ասենք 80 հզ վարձատրեն։ վարորդների աշխատավարձը պետք ա միջինից բարձր լինի ու նրանց առաջ դրված պահանջներն էլ բարձր լինեն։

    • byurie says:

      Ես էլ եմ էլի էդ ասում: Որպեսզի մշտական տոմս տեսնելուց չհայհոյեն (իսկ դա լինում էր մի ժամանակ, երբ ավտոբուսների մշտականներ կային հատուկ խմբերի համար), ֆիքսված աշխատավարձ ա պետք: Հաստատ չեն բողոքի վարորդները: Նյարդերն էլ հանգիստ կլինեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: