Ապրիլից ծով եմ ուզում: Ոչ թե լողանալու-հովանալու, ավազների մեջ սևանալու, այլ ուղղակի ափով զբոսնելու ու նյարդերս հանգստացնելու համար: Անգամ քարտեզները փորփրել եմ ու պարզել եմ, որ Խրոնինգենից ծով ամենակարճ ճանապարհը մարզի հյուսիսում գտնվող Դելֆզայլ ծովափնյա քաղաք գնալն է: Ու ամեն կիրակի ծրագրում եմ գնալ, ամեն անգամ մի բան խանգարում է. մեկ եղանակը լավը չէ (շատ բան չէի ուզում, ընդամենը, որ անձրև չգար), մեկ տնային գործերն են մնացել, մեկ պարզվում է՝ ամբողջ շաբաթ բան չեմ արել, պիտի կիրակի գրադարանում պարապեմ, մեկ հիվանդ եմ… Մի խոսքով, էսօր վերջապես էդ օրը եկավ: Զարմանալիորեն սա տարվա ամենաշոգ օրերից էր:
Ավտոբուսից իջա, քայլեցի դեպի ափ: Բարձրացա ամբարտակը ու հեռվից արդեն տեսա. մարդաշատ էր, պլյաժային մասն էլ շատ փոքր: Ասենք, դա ինձ չէր հետաքրքրում, ես ծովի համար էի եկել: Երբ մի քիչ առաջացա, նկատեցի, որ էստեղ էլ հոլանդական ափերին բնորոշ ցեխային մասը կա. ահագին պիտի քայլես ցեխի միջով, մինչև իսկական ծովին հասնես: Հանեցի կոշիկներս: Ավազը փափուկ էր, ոտքերս չէր ցավեցնում: Դանդաղ առաջ գնացի ցեխի միջով: Փափուկ ու հաճելի էր: Անցա սև ջրիմուռների միջով: Արևը մեջքիս էր խփում: Երբ հասա իսկական ծովին, ջուրը մտնելու անհաղթահարելի ցանկություն առաջացավ, բայց նախ անպատրաստ էի եկել, հետո էլ իրերիս տեր կանգնող չկար:
Երկար նայեցի ծովին: Անծայրածիր չէր, հորիզոնին ցամաք էր երևում: Հավանաբար մոտակա կղզիներն էին: Ալիքները նուրբ էին, համարյա բացակա: Իսկ ես շառաչյուն էի սպասում, ծովի ձայն էի ուզում լսել: Ականջիս հասնում էին միայն հոլանդացի երեխաների ուրախ ծղրտոցները: Դանդաղ հետ քայլեցի, բարձրացա ամբարտակի վրա ու փռվեցի խոտերի մեջ: Նայում էի Հոլանդիային ոչ հատուկ կապույտ երկնքին ու էնտեղ ճախրող օձերին:
Վեր կացա, սկսեցի քայլել: Մի մեքենա եկավ, գազանավարի պտույտներ գործեց ու կանգնեց: Զարմացած նայեցի. ախր նման բան հեչ հատուկ չէ Հոլանդիային: Կանգնած մեքենայից ընտանիք դուրս եկավ: Հայերեն էին խոսում:
Ծովի վրա կախված մի սրճարան հայտնաբերեցի, սուրճ վերցրի ու նստեցի պատշգամբային մասում, որտեղից միայն ծովն էր երևում ու դիմացի ցամաքը: Փորձեցի կարդալ իմ երանելի վիճակում: «Մարսի արքայադուստրը» հեչ առաջ չի գնում, ձանձրալի է: Փորձեցի գրել: Չգրվեց: Ասելի՞ք չունեի, թե՞ գրչին էի հետ սովորել: Պահեցի ամեն ինչ ու նայեցի ցեխի մեջ զբոսնող ճայերին, երկնքում պտույտներ գործող ճայերին, սնունդ փնտրող ճայերին: Թեթև քամի էր փչում, էստեղ շատ շոգ չէր: Անմահական պահ էր: Ու մտածեցի Երևանի մասին, մտածեցի, որ նման պահերի հնարավորություն այլևս չեմ ունենա: Հետո մտածեցի, որ կունենամ:
Մինչ կայարան գնալը քայլեցի քաղաքի միջով, որտեղ ամեն պատահած մարդ բարևում էր, իսկ նրանք բավական քիչ էին: Դելֆզայլը լու՜ռ էր ու քնած, ինչպես բոլոր արևմտաեվրոպական պստիկ քաղաքները կիրակի օրերին: Չէ, սրճարանները բաց էին, դատարկ սրճարանները բաց էին:
Կայարանը միայն մի պլատֆորմ ուներ, միայն մի գիծ էր սպասարկում՝ Դելֆզայլ-Խրոնինգեն: Իսկ ես միակ ուղևորն էի: Չէ, ուղղակի շուտ էի եկել: Ավելի ուշ հայտնվեցին նաև այլ ուղևորներ ու բարևեցին ինձ, մինչ գնացքը կգար, ու կվերադառնայի Խրոնինգեն:
One thought on “Դելֆզայլ. ծովափնյա քաղաքը”