Էսօր առավոտյան տնից դուրս գալիս էլի չուզեցի երաժշտություն լսել: Փոխարենը սկսեցի Հախվերդյանի «Փոքրիկ նավակը» շվշվացնել՝ գնալով ձայնս բարձրացնելով ու ավելի հստակ բառերն արտաբերելով… Երևի կիրակի օրվա նավն էի հիշում:
Հա, ընդամենը տասը օր մնաց: Ես օրերը հաշվելու զզվելի սովորություն ունեմ: Ամեն մեծ փոփոխությունից առաջ հաշվում եմ՝ անկախ նրանից ուզում եմ, որ դա լինի, թե ոչ: Ու մի տեսակ կծկվում, վախենում, անհանգստանում եմ:
Ընդամենը տասը օր մնաց: Երեկ տասնմեկ էր, դրանից առաջ՝ տասներկու, տասներեք, երկու շաբաթ… Դրանից առաջ ոնց որ դեռ չէի հաշվում:
Ընդամենը տասը օր մնաց: Էսօր նոր նկատեցի, որ տասը օր մնացել է Խրոնինգենից գնալուն, ոչ թե Հայաստան գալուն: Մի բան հաստատ գիտեմ. Խրոնինգենից գնալ չեմ ուզում: Մի ուրիշ բան էլ հաստատ գիտեմ: Հայաստան գալ ուզում եմ:
Մնաց երեք շաբաթ: Էսօր նոր նկատեցի, որ ուղիղ երեք շաբաթից երկուշաբթի օրը Երևանում եմ լինելու:
Թարմացում: Էս գրառումն անելուց հետո նոր նկատեցի, որ էսօր երեքշաբթի է, հետևաբար մնաց քսան օր: