Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Վերջին կիրակին Խրոնինգենում

on August 18, 2013

Եկեղեցու զանգերը հաջորդում են զարթուցչի ռոբոտանման արտահայտությանը. «Վերկենալու ժամանակն է: Ժամը ինն է»: Երբեք չես իմանում՝ զանգերը երբ են ձայնները գլուխը գցում: Քանի՜-քանի՜առավոտներ եմ էսպես վեր թռել՝ նկատելով, որ պատուհանի հետևում դեռ մութ է, հետևաբար դեռ առավոտյան 4:30 չկա: Իսկ էս առավոտ առաջին անգամ իննին լսեցի:

Քնաթաթախ մոտեցա պատուհանին: Մանր, հանդարտ, ինքնավստահ անձրև, որ գիտես՝ կարող է ժամերով, անգամ օրերով գալ: Մի առիթով ընկերներիցս մեկը բնորոշել էր. «Խրոնինգենում անձրևը չի դադարում: Ուղղակի մերթ մի քիչ շատ է գալիս, մերթ՝ մի քիչ քիչ»: Երևի բախտավոր էինք, որ էս ամառ ունեցանք մի ամբողջ շաբաթ, երբ ոչ մի անգամ անձրև չեկավ:

10:30 զանգեցի Պոլին: Գնացք արդեն նստել էր: 12:44 կհասնի, պլատֆորմ 2b: Անկեղծ ասած, գնալուցս առաջ նրան տեսնելու մեծ ծրագրեր չունեի: Պատանեկությունս անցած էտապ եմ համարում, ու էդ ժամանակների ընկերներիցս շատերը մնացել են անցյալում, որոնց հետ բերել չեմ ուզում: Բայց երբ Խրոնինգեն գալու պատրաստակամություն հայտնեց, սիրտս փափկեց, որոշեցի կիրակիս ազատել նրան տեսնելու համար:

Տասը րոպե անց տնից դուրս եկա: Անձրևը մեղմացել էր, համարյա կտրվել էր: Կարող էի առանց մինչև ոսկորներս թրջվելու սպորտ դահլիճ հասնել, որտեղ Ջանեթն արդեն գորգիկը փռել, ինձ էր սպասում: Պատմեց Նորդերզոնից, որ երեկ գնացել էր: Ասացի՝ չկարողացա միանալ, բայց տնից լսում էի երաժշտությունը: Իսկ իրականում քնելուց առաջ ականջփակիչ էի հագել, որ համերգը չխանգարի:

Body balance-ի դասն ահագին լավ անցավ: Մեկ-մեկ լինում է, որ շատ ծանր է նստում վրաս: Էսօր լավ էր: Վերջին կիրակնօրյա body balance-ը: Դասից հետո պայծառ արև էր դուրս եկել, ու անձրևի հետքերը կամաց-կամաց վերանում էին:

Սպորտ դահլիճից ուղիղ կայարան գնացի: Քսան րոպե կար մինչև Պոլի գնացքի ժամանելը: Պլատֆորմով հետ ու առաջ էի անում: Մեկ էլ աղմուկ լսեցի: Ինչ-որ մեկը բղավում էր: Տեսնեմ՝ դիմացի պլատֆորմին մի սևամորթ երիտասարդ է երկաթուղու աշխատակիցների հետ կռիվ անում: Անգլերեն ինչ-որ բաներ էր գոռգոռում, որ տեղ չէր հասնում: Մենակ էն հասկացա, որ ասում էր՝ փողս գողացել եք: Ենթադրեցի, որ անտոմս ուղևոր է եղել, բռնացրել են: Ենթադրեցի նաև, որ շուտով ոստիկանություն կգա:

Գոռգոռոցը շարունակվեց: Ընթացքում աշխատողներից մեկը ոլորեց երիտասարդի մի թևը, մինչև ոստիկանները եկան ու ձեռնաշղթաներ հագցրին: Հետո պառկացրին գետնին, խուզարկեցին: Սևամորթը գոռում էր՝ you fuckin’ racists, ոտքերը խփում գետնին: Ոստիկաններից մեկը ձեռքը դրեց նրա պարանոցին: Գոռոցները գնալով ավելի թուլացան ու անհետացան: Տեղ հասավ. ոստիկանը, փաստորեն, ձեռքը դրել էր քնային զարկերակին: Սարսափեցի: Ինձ համար ավելի ահավոր բան չկա, քան հասկանալը, որ դու քո սեփական գիտակցության տերը չես: Հենց դրա համար նարկոզով վիրահատությունների մասին լսելիս սիրտս վատանում է: Հենց դրա համար ինձ համար կապ չուներ՝ ինչ էր արել սևամորթը, ահավոր էր, որ ուրիշի կամքով գիտակցությունն անջատվել էր:

Պոլի գնացքը եկավ, ուշադրությունս շեղվեց:

Զբոսնեցինք քաղաքում: Նորից որերորդ անգամ նույն պատմությունները լսեցի: Լսեցի նաև նորերը: Պոլը՝ դեպրեսված, աղքատ, բազմաթիվ առողջական խնդիրներով ու բողոքներով, քայլելուց հոգնելով: Իմ պատանեկության հերոսն աշխատանք, ընկերներ, ընտանիք, առողջություն կորցրած ձյաձյան էր, ավելի դեպրեսված, քան ես էի տասնհինգ տարեկանում: Ու մտածում էի՝ ո՞նց էր կարողանում բոլորիս էդքան ժամանակ տրամադրել: Մտածում էի՝ ո՞նց ռիսկ արեցի կյանքում տեսած չլինելով վեց տարի առաջ նրա տանը գիշերել: Մտածում էի ու պատանեկությունս հրում մի կողմ, հրաժարվում դրանից, փորձում մոռանալ:

Պոլը հոլանդացիներից էր բողոքում, իրենց ապուշ օրենքներից ու այդ օրենքներից կպած լինելու մարդկանց պատրաստակամությունից: Ընթացքում անձրևը գալիս-գնում էր, արևը կորում էր սև ամպերի հետևում, հետո նորից հայտնվում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: