Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Նախավերջին օրը Խրոնինգենում

on August 22, 2013

Սովորական ճանապարհս շեղվել էր բնական հունից, և ուղիղ կենտրոն գնալու փոխարեն մի քիչ շեղվեցի, որ փոստ մտնեմ: Ճանապարհին լիքը դեղին տերևներ էին թափված: Հաջորդ օրը, երբ արդեն ոտքով քայլելու էի նույն տեղում, տերևների արանքից ինձ էր նայելու նույնքան դեղին մի կատու:

Աշնանային օդին միանում էին մոտակա դպրոցի բակի երեխաների ուրախ-զվարթ ճվճվոցները, որոնք լռել էին արձակուրդի ընթացքում: Իսկ քաղաքն ընդհանրապես մարդաշատ էր, եռուզեռ կար, աշխուժություն կար: Բնակիչները վերադարձել էին ամառային հանգստից:

Իսկ գրադարանում նույն դատարկությունն էր, մագիստրոսական թեզը վերջացնող նույն ուսանողները: Նստեցի համակարգչի մոտ ու վերջապես ավարտեցի պոստերս ու պրեզենտացիաս: Հետո պիտի «իմ երկրի մասին կարճ պրեզենտացիան» սարքեի: Ինչպես միշտ, Հայաստանից մենակ էի լինելու: Ու դա րոպեներ տևեց, կայծակնային արագությամբ ստեղծվեց պրեզենտացիան: Դա արեցի հաճույքով, արեցի ինքնավստահ կերպով, որովհետև ոչ ոք չի կարող ասել՝ այսինչը սխալ է, ոչ ոք չի կարող էնպիսի հարց տալ, որի պատասխանը չգիտեմ:

Երբ բոլոր գործերս վերջացրի գրադարանում, մտածեցի՝ մի վերջին անգամ կտուրում սուրճ խմեմ: Արևոտ էր: Վաղուց պատշգամբում չէի նստել: Հարմար տեղավորվեցի սեղաններից մեկի մոտ, դեմքս արևին դեմ տվեցի, աչքերս փակեցի: Երբեմն-երբեմն բացում էի աչքերս ու նայում Խրոնինգենի կարմիր կտուրներին: Կկարոտեմ այս տեսարանը:

Գրադարանից դուրս եկա: Մինչև Ջանեթին տեսնելը հազարումի գործ ունեի: Սկսեցի բանկային հաշիվը փակելուց: Քայլեցի դեպի բանկ: Մեկ էլ տեսնեմ՝ սխալ փողոց եմ դուրս եկել: Ծիծաղեցի: Էսքան ապրել եմ Խրոնինգենում, էդպես էլ չսովորեցի, թե ինչը որ փողոցում է: Հետ գնացի: Մտա բանկ: Պայմանավորվածություն չունեի. մեյլիս պատասխանել էին, որ հաշիվ փակելու համար կարիք չկա պայմանավորվածության: Ժպտադեմ աշխատակցուհին առաջարկեց նստել ու սպասել: Դեժա վյու: Սկզբում էլ էր էդպես: Խրոնինգեն ժամանելու առաջին օրերին նստել էի այդ աթոռներից մեկին: Որքա՜ն նման են սկիզբն ու վերջը: Էն ժամանակ հետս Սանան ու Սրջանն էլ կային: Որքա՜ն տարբեր կարող են լինել մանրամասները:

Բանկի աշխատակիցը մինչ կգտներ իմ տվյալները, հարցրեց, թե արդյոք ինձ դուր եկավ Հոլանդիան: «Շա՜տ»,- ժպտացի: Հպարտ կեցվածք ընդունեց ու շարունակեց գործը: Վերջում քարտս ոչնչացրեց: Նիդեռլանդներից հեռանալիս քարտերը գնալով պակասում են:

Հետո գնումներ… Հերեստրատով վերուվար էի անում: Կրկին մարդաշատ էր: Մեկ էլ տեսնեմ՝ մի փողոցային երաժիշտ կիթառը ձեռքին երգում է: Անծանոթ էր: Նրան առաջին անգամ էի տեսնում: Կանգ առա, որ լսեմ: Մի կին գլխարկի մեջ փողի փոխարեն բանան դրեց: Երաժիշտը խոնարհվեց: փորձեց երգացնել ներկաներին: Հերեստրատը մարդաշատ էր, բայց ներկաները միայն ես ու այդ կինն էինք:

Հիշեցի Խրոնինգեն գալուս առաջին օրերը, երբ նույն Հերեստրատում կանգնած մի ուրիշ փողոցային երաժշտի համերգ էի լսում: Էնքա՜ն մենակ էի էն ժամանակ: Երաժշտի ընկերակցությունն էի փնտրում: Իսկ հիմա կողքովս անընդհատ ծանոթ մարդիկ են անցնում, անընդհատ ինչ-որ մեկի հրաժեշտ եմ տալիս:

Պուրի հետնաբակում Ջանեթի հետ սուրճ խմեցի: Մի քանի ամիս է, ինչ գիտեմ նրան, բայց մինչև հիմա կարգին չէինք շփվել: Ահագին ճանաչեցի նրան: Սիրում եմ մարդկանց պատմություններ լսել, սիրում եմ դրանք մտապահել ու գնահատել:

Հետո միասին քշեցինք սպորտ կենտրոն: Ինչ Սոֆյան գնացել է, առաջին անգամ էր, որ մենակ չէի գնում էնտեղ: Առաջին ու վերջին:

Սովորականի պես Ջանեթն իմ գորգիկը դրեց հատակին: Մարտինան եկավ՝ ձեռքին թուղթ ու գրիչ: Լուռ պարզեց, ու ես գիտեի, որ պիտի մեյլիս հասցեն գրեմ: Թուղթը կիսեց, մյուս կեսի վրա իրենը գրեց: Հաջորդ օրը պայուսակս դասավորելիս պիտի գտնեի այն ու խնամքով դնեի փաստաթղթերիս հետ, որ չկորցնեմ:

Դասը սկսվեց: Սկզբում body balance, հետո՝ յոգա: Էս էն օրն է, երբ երկու ժամն էլ Խեռին է դասավանդում: Վերջին անգամ էի նրա դասին:

Յոգայից հետո քշեցի դեպի Սրջանի տուն՝ իմ տնից ոչ հեռու: Երկնքին էի նայում ու չորեքշաբթի օրվա արևը ոորոնում, բայց արդեն գրեթե մութ էր: Օրերը կարճացել են արդեն:

Սրջանի տանը հավաքվեցինք ընթրիքի: Մեր ծրագրով սովորողներից ով Խրոնինգենում էր, ներկա էր: Եկել էր նաև իտալուհի Արիաննան ու Վարնարը՝ Սոֆիի ընկերը, որն իր հոլանդական արյունով ազգային փոքրամասնություն էր էնտեղ: Սկսվեց հոլանդացիների մասին նեղ շրջանի կատակների շարքը. dat kan niet-ն ու գելած մազերով տղամարդիկ, հեծանիվներն ու դրանց փչացած լույսերը, ֆ-երն ու խ-երը: Իսկ երբ հասանք lekker-ին, միայն վերջերս Խրոնինգեն ժամանած Արիաննան զարմացած հարցրեց. «Իսկ դա ի՞նչ է նշանակում»: Ծիծաղից թուլացանք:

Կեսգիշերից հետո ցրվեցինք տներով: Սոֆիին պինդ գրկեցի ու հրաժեշտ տվեցի: Նա էլ Չինաստան է գնալու սեպտեմբերից: «Կտեսնվենք»,- ասացի:

Տուն հասա լիալուսնի լույսի տակ ու շնչեցի սառը աշնանային օդը: Պառկեցի քնելու, որ դիմավորեմ  վերջին օրը Խրոնինգենում, որի մասին չեմ գրի: Ուզում եմ նախավերջինով ավարտել, որ միշտ հավատամ, որ դեռ այդ մի օրը կա, ու ես հավերժ Խրոնինգենում եմ:

Advertisements

One response to “Նախավերջին օրը Խրոնինգենում

  1. […] վիքենդը հոսթեցիների հետ – Յոգայի առավոտյան դասերը – Ջանեթի հետ սուրճը – Լյուբեկն իր ամեն ինչով – Պրուհոնիցեն Աննայի հետ – […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: