Լյուբեկում անցկացվելիք վիքենդը պիտի որ այս տարվա միակ իսկական արձակուրդս լիներ, որ զոռով քամել, պոկել էի Էրասմուս մունդուսից: Բայց ղեկավարիս ուշացնելու պատճառով թեզս դեռ հանձնված չի, ու ուղեղս լրիվ անջատելը դառնում է անհնար:
Այնուամենայնիվ, պարբերաբար ինքս ինձ հիշեցնում եմ, որ էստեղ եկել եմ հանգստանալու, որ պետք է մոռանալ կյանքի բոլոր չարիքները, թուլանալ ու հաճույք ստանալ: Դրա համար դուրս գալիս անգամ կոմպս հետս չվերցրի: Պայուսակիս մեջ միայն ապարատս, գիրքս, բլոկնոտ ու քրիչս, մի շիշ ջուրն ու խնձորն էին: Դուրս եկա Լյուբեկն ուսումնասիրելու:
Առաջին հայացքից՝ իսկապես, տիպիկ գերմանական քաղաք է: Ավելին՝ տիպիկ Հանզեատիկ կամ գուցե տիպիկ հյուսիսեվրոպական: Շատ բաներով Բրեմենը, Բրանդենբուրգը, Համբուրգն ու Կոպենհագենն է հիշեցնում: Որ շատ խորանամ, Քյոլնն ու Դյուսելդորֆն էլ կավելացնեմ:
Բայց Լյուբեկը մի էական տարբերություն ունի: Քաղաքի մի մասը բլրի վրա է, հետևաբար վերև-ներքև կա: Նիդեռլանդների տափակությանը սովորած աչքերիս համար դա խիստ անսովոր էր, բայց մյուս կողմից էլ լրացուցիչ հմայք էր հաղորդում:
Սկսեցի ջրանցքի ափին զբոսնելով: Մի կին էր գետնին նստած, կողքին՝ ինչ-որ խմիչքի մետաղյա տարա: Էնպես մենակ ու անհոգ էր: Քայլեցի կամրջով, որտեղ սիրահարների ծանոթ կողպեքներն էին ամրացված: Առաջին անգամ դրանք Պրահայում եմ տեսել, բայց ո՞ր քաղաքն է դրանց հայրենիքը:
Հետո մի հատ էլ գնացի դարպասների դիմաց: Իսկապես շատ սիրուն էր: Տուրիստական կենտրոնից թանգարանների բուկլետ վերցրի ու որոշեցի առնվազն մի թանգարան գնալ: Քչփորեցի ու գտա. «Գունթեր Գրասի տուն»: Օրորալով-շորորալով, շուրջս նայելով, հետ ու առաջ անելով քայլեցի դեպի թանգարան: Մինչ այդ պիտի քաղաքապետարանի հրապարակով անցնել: Մի բան, որ երևի առանց բացառության գերմանական ամեն մի քաղաք ունի: Մենակ Բեռլինում չեմ տեսել, բայց Բեռլինն իր ամեն ինչով ոչ ստանդարտ քաղաք է, էնպես որ հաշիվ չէ:
Հրապարակի կողքի փողոցները երթևեկելի չէին, լցված էին մարդկանցով ու խանութներով: Առաջին անգամ մտքովս անցավ, թե ինչ անհարմար բան է, երբ քաղաքի հին մասում էսքան խանութներ են տնկում: Հնությունը մի տեսակ կորում է:
Աներթևեկելի փողոցներում ամեն քայլափոխին փողոցային երաժիշտներ էին ու բավական որակյալ համերգներ էին տալիս: Լյուբեկը բավական երաժշտական քաղաք դուրս եկավ: Իմ տեսածներից երևի միայն իռլանդական քաղաքներին է զիջում:
Հասա Գունթեր Գրասի թանգարան: Աշխատողը չէր ուզում ներս թողնել, որովհետև քառասունհինգ րոպեից փակվում էին: Ինքս ինձ ու նմանատիպ թանգարանները լավ իմանալով ասացի, որ դա ինձ հերիք է: Իսկապես, նայելու բան շատ քիչ կար, պատերին գրվածներն էլ մենակ գերմաներեն էին, իսկ ես ուղեղիս զոռ տալու հավես հեչ չունեի: Տոմսը գնելիս ինձ մի անգլերեն բուկլետ տվեցին, որտեղ Գունթեր Գրասի կենսագրությունն էր գրված: Էդպես մտա վերջին սենյակը, փռվեցի աթոռներից մեկին ու սկսեցի կարդալ: Ընդհանրապես, սիրում եմ գրողների թանգարաններում անջատվել: Բայց արի ու տես, որ Գրասը ոչ միայն գրող է, այլև նկարիչ ու քանդակագործ: Այ քեզ բազմատաղանդ:
Թանգարանից դուրս գալիս հիշեցի, որ դեռ ժամեր առաջ պիտի սուրճ խմեի ու հա հետաձգում էի: Որոշեցի, որ ժամանակն է դոզաս ստանալու, ուղևորվեցի դեպի հացի խանութ (bakery-ին հայերեն ո՞նց են ասում :D), մի բաժակ սուրճ ու շոկոլադե մաֆին վերցրի, նստեցի ու մամայիս բացիկ գրեցի, որն ինձնից ուշ Երևան կհասնի: