Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ուսանողական նոստալգիա

on September 4, 2013

Քսան տարի անընդմեջ սովորել եմ: Սկզբում դպրոցն էր տասը տարի, հետո էլ տասը տարի բարձրագույն կրթություն: Ամեն տարի սեպտեմբերի 1-ն իմ տոնն էլ էր, նույնիսկ այն ժամանակ, երբ սովորում էի գերմանական խաղի կանոններով, այսինքն` ուսումնական տարին սկսվում էր հոկտեմբերից: Ու ամեն անգամ լինելով սեպտեմբերի 1-ի անմիջական մասնակից, չէի նկատում, թե այն ինչ տեսք ունի ընդհանրապես:

2003 թ. սեպտեմբերի 1, առաջին անգամ բժշկական համալսարան գնալուց րոպեներ առաջ

2003 թ. սեպտեմբերի 1, առաջին անգամ բժշկական համալսարան գնալուց րոպեներ առաջ

Այս տարի սեպտեմբերի 1-ին Պրահայի օդանավակայանում էի: Ճամփում էի ուսանողությունս ու առաջին անգամ ձգվում դեպի այդ զզվելի անունը կրող վայրը` կարիերա: Տասը տարի առաջ սեպտեմբերի 1-ին Պրահայի օդանավից իջա, եկա տուն, մի քիչ հանգստացա ու գնացի դեպի բժշկական, առաջին անգամ որպես ուսանող:

Այս սեպտեմբերին ես փակ դռների հետևում չեմ, լսարանում չեմ, կլինիկայում չեմ, այլ զբոսնում եմ Երևանի փողոցներում որպես հանդիսատես, շուրջս նայում ու առաջին անգամ նկատում երևանյան սեպտեմբերը. լիքը դպրոցահասակ երեխաներ իրենց երիտասարդ մայրիկներով, որոնք ինձնից շատ մեծ չեն, գրենական պիտույքների խանութներում իրարանցում, գերծանրաբեռնված քսերոքսի կետեր, համալսարանների բակերում հավաքված սիրուն հագնված ջահելներ: Ու էս ամենը տանում է դեպի իմ առաջին ուսանողական սեպտեմբերը:

Մեզ հավաքել էին նիստերի դահլիճում: Ռեկտորի ողջույնից հետո դեկանն ու փոխդեկանը խոսեցին, հետո ամբիոնների վարիչները ելույթ ունեցան, որոնց ասածներից ոչինչ չեմ հիշում: Օրը երկար էր, մի քանի ժամ տևեց: Փոխդեկանն ասաց, որ պետք է կամաց-կամաց սովորենք, որովհետև ամեն օր է էդպես լինելու: Առաջին վայրկյաններից մեզ վախեցրել էին: Ու հենց էդպես սկսվեցին իմ ուսանողության երկար ու ձիգ տարիները:

Տասնվեց-տասնյոթ տարեկան էրեխեք էինք, թաքուն իրար ուսումնասիրում էինք, մտապահում յուրաքանչյուրի ասած ամեն մի խոսքը, որ հետո ավելի լավ էինք հիշելու, քան դասախոսությունները: Աղջիկները սկսում էին զույգ-զույգ պտտվել, հենց էդ ժամանակներից ձևավորվում էին ուսանողական մտերիմ ընկերուհիները: Ես մերժում էի ամեն տեսակի մտերմության փորձ անողի, հեռու վանում բոլորին` հասնելով մի պահի, երբ դասամիջոցներին մենակ էի գնում սնվելու:

Հիշում եմ նաև առաջին օրերի սարսափները, թե ոնց էի ժամը հինգից հետո տուն գալիս ու հոգնած սերտում անատոմիայի դասերը` անընդհատ կրկնելով լատիներեն տերմինները, խորանալում բարձրագույն մաթեմատիկայի խնդիրների մեջ, տառապելում ռուսերենի ձեռքին: Սարսափներս կրկնապատկվել էին ավագ կուրսեցիների ու դասախոսների պատմածներից. «Բժշկականում սովորելը դժվար է, ահավոր դժվար»:

Բժշկականի բակում հանդիպում եմ մեր բուհի առաջին կուրսեցիներից մեկին, որին բախտի բերմամբ ճանաչում եմ ինտերնետային հարթակներից: Տասը տարի է անցել, բայց նորից վախեցնում են նորեկներին, հենց սկզբից սթրեսի ենթարկում: Ժպտում եմ. էնքան ծանոթ է էդ բոլորը: Հանգստացնում եմ. վարժվելու ես ծանրաբեռնվածությանը:

Վարժվելու ես, ու դրանից հետո եկող ցանկացած մարտահրավեր քեզ քիչ է թվալու: Ավելի բարձր կուրսերում դասախոսների պակաս պահանջկոտության արդյունքում ամեն օր քնած ես մնալու , կլինիկական օրդինատուրայում պարապությունը լցվելու է ֆրանսերենի դասերով, կողքից էլ ոչ մասնագիտական աշխատանք ես անելու: Իսկ Եվրոպայում սովորելիս կարոտելու ես առաջին երեք կուրսերում քեզ չարչարած դասախոսներին` երազելով, որ քեզ դասավանդող աշխարհահռչակ այդ պրոֆեսորները Կարինե Վախթանգովնայի կամ Մարիետա Երվանդովնայի կեսի չափ լինեին:

Քայլում եմ Երևանի փողոցներով ու լիքը ծանոթ մարդկանց տեսնում: Ոմանք «Բարև Ձեզ» են ասում, ինչից ենթադրում եմ, որ երևի ժամանակին նրանց դաս եմ տվել կամ «Մեդիկուսի» նորեկներից են եղել: «Էդքան մեծացե՞լ եմ»,- մտածում եմ: Շարունակում եմ քայլել` երազելով հանդիպել առաջին երեք կուրսերի դասախոսներիցս մեկնումեկին, որ թեթևացած շունչ քաշեմ` համոզվելով, որ դեռ Հայաստանում են:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: