Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Արտագաղթողները, անկախության երթն ու համակարգը

on September 24, 2013

Չգիտեմ՝ այս երկու թեմաներն իրար հետ ինչ կապ ունեն, բայց առանց մեկի մյուսի մասին գրել չեմ կարողանում: Շաբաթ օրվա Անկախության երթը լիքը հակասական մտքեր ու զգացողություններ առաջացրեց, որոնց մասին գրելը բավական բարդ է, որովհետև մարդկանց նույն խմբի մասին բևեռային կարծիք ունեմ ու չգիտեմ՝ ելքը որն է:

Սկսենք արտագաղթից: Եթե գաք ամերիկյան համալսարանի գրադարան, տեղի ուսանողներից բացի կտեսնեք երիտասարդների մի մեծ խմբի, որոնք կպած պարապում են, որը TOEFL, որը USMLE, որն էլ ընդհանրապես գերմաներեն: Ու բոլորի նպատակը մեկն է. գնալը: Եթե ծանոթանաք նրանց հետ, կհայտնաբերեք, որ բնավ հացի խնդիր չունեն ու չեն հեռանում իրենց գոյությունը պահպանելու նպատակով: Էդ դեպքում ինչու՞ գնալ, եթե կարող են Հայաստանում էլ նորմալ կյանք ունենալ:

Այս հարցի պատասխանը ստանալու համար նախ նայում եմ ինքս ինձ, թե ինչու չորս տարի առաջ որոշեցի գնալ, հետո ուսումնասիրում եմ ամերիկյանի գրադարանում «բնակություն հաստատած» դասընկերներիս, նորից վերադառնում ինձ, որ այս երեք շաբաթների ընթացքում անընդհատ մտածում եմ գնալու նոր տարբերակների մասին: Ու ստանում եմ մի տխուր պատասխան. համակարգը: Իմ լավ համակուրսեցին կասեր. «Պետք չի ցույց տալ, որ մի երկու բան ավելի գիտես, կխփեն գլխիդ, կասեն՝ էդքան քեզ պետք չի»: Դեռ այն ժամանակ հոգեբուժության ամբիոնի վարիչը նորանոր գրքեր խորհուրդ տալու փոխարեն կստիպեր տասնյոթ անգամ կարդալ արդեն հնացած կապույտ դասագիրքը, իսկ Դիլիջանի հիվանդանոցի գլխավոր բժիշկն ինձ ուրախությամբ ընդունելու փոխարեն կուղարկեր մարզպետարան, որ խնդրեմ՝ թոշակի տարիքի տատիկին աշխատանքից ազատեն:

Էս բոլորը միավորվում են այդ մեկ բառի տակ. համակարգ, որի մասն են կազմում սխալ մարդիկ սխալ տեղերում: Իսկ դրա դեմ կանգնած է առողջ երիտասարդների մի մեծ բանակ, որոնք ուզում են լավ մասնագետ դառնալ, գնահատվել իրենց աշխատանքի դիմաց, բարձունքներ նվաճել ու որոնք նաև զգում են, որ անզոր են Սովետից ժառանգություն ստացած համակարգի դեմ: Դրա համար թողնում-գնում են:

Շաբաթ օրվա երթն էլ նույն բանն էր: Հավաքված էինք եռանդուն ջահելներով ու շուխուռ էինք անում հանուն վեհ գաղափարների, բայց մենք անզոր ոչնչություն էինք համակարգի դիմաց, որը մեզ շրջապատում էր բոլոր կողմերից՝ լիներ ոստիկանական համազգեստով, թե քաղաքացիական հագուստով, մեր կողքով անցնելիս ռեպլիկներ բաց թողնելով, թե երեկոյան Նունե Եսայանի համերգին գնալով:

Երթից հետո համակուրսեցուս հանդիպեցի, որն ամսվա տասներեք օրն ու գիշերն աշխատում է, իսկ մնացած օրերին՝ քնում: Ինքը ոչինչ չգիտեր մաքսային միության մասին, երևի նույնիսկ մոռացել էր, որ էդ օրն Անկախության օրն էր: Բայց գիտեր մի բան. ուզում էր գերմաներեն սովորել, որ գնա: «Աշխատավարձիցս դժգոհ չեմ,- ասում էր,- բայց Հայաստանում ինչ-որ բան էն չի»: Ինքն առանձնապես ամբիցիոզներից չէր, որ ուզենար բարձունքներ նվաճել, չգիտեր, որ էդ «էն չին» համակարգն է: Գուցե անգիր էր արել մեկ ուրիշի խոսքերը, վարակվել գնալու ցավով, ուզում էր ինքն էլ փորձեր:

Երթի մասնակիցներից ոմանք դասընկերուհուս անուններ կկպցնեն: Կասեն՝ ստրուկ է կամ ոչխար, իսկ մի քիչ ավելի քաղաքակիրթներն ընդամենը «անտարբեր» կանվանեն: Իսկ ես հարց եմ տալիս՝ ինչու՞ չեկավ երթին, ինչու՞ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Պատասխանը ստանալու համար նայում եմ երթի մասնակիցներին: Նրանք ստիպված չեն ամիսը տասներեք օր ու գիշեր մեռնող հիվանդների կողքին անցկացնել, հետևաբար վեհ գաղափարների համար լիքը ժամանակ է մնում, ու կարող են հանգիստ երթի դուրս գալ, հպարտորեն հայտարարել, թե իրենց մտահոգում է Հայաստանի ապագան, թե ամոթ անտարբերներներին ու ստրուկներին, ամոթ Սերժին ծախվածներին:

Բայց ժամանակն անցնում է, ու համակարգը կուլ է տալիս դասընկերուհուս և նրա նման շատ-շատերին: Համակարգից դուրս կանգնածները զզված հեռանում են: Արդյունքում մնում են վեհ գաղափարների համար պայքարող ջահելներ ու մյուս կողմում ամուր կանգնած համակարգ, որի բաղադրիչները երեկոյան Նունե Եսայանի համերգին են գնալու:

Համակարգն անխոցելի, անհաղթահարելի է թվում: Բայց ինչ-որ կերպ պետք է դրա դեմն առնել, իսկ առանձին մարդիկ ուղղակի անզոր են: Մնում է պարզապես հուսալ, որ մի օր նրանք հերթով հետ կգան և ուժերի գերլարումով կտապալեն այն:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: