Բժշկականից դուրս մնացած ուսանողները

Մեր կուրսում կային ուսանողներ, որոնք բառիս բուն իմաստով բութ էին կամ բացարձակապես որևէ տեսակի գիտելիք չունեին: Նրանք կուրսից կուրս տեղափոխվում էին իրենց ընձեռված անթիվ-անհամար լիկվիդներին ներկայանալով, նախորդ տարվա քննությունը մի կերպ հաջորդ տարի անցնելով: Մի քանիսն էլ լավ «մեջք» ունեին, ինչի շնորհիվ ոչ միայն հաջողությամբ «հաղթահարում» էին քննությունները, այլև բարձր գնահատականներ ստանում: Մի երկուսն անգամ կարմիր դիպլոմ ստացան: Շշուկներ են պտտվում, թե էդպիսի մեկն էլ հիմա ասպիրանտուրայում է: Չգիտեմ` ինչքանով է ճիշտ:

Բայց դեռ մեր ներկայությամբ եկող սերունդների համար գնալով ավելի ու ավելի էր դժվարանում քննաշրջանը հաղթահարելը: Զիջումները հազիվ կեսից մեկ միավոր էին լինում: Դուրս մնացողների թիվը կտրուկ աճում էր: Արդյունքում` առանց նվազագույն գիտելիքների հնարավոր չէր կուրսից կուրս տեղափոխվելը: Արդյունքում` կարելի էր հուսալ, որ պատահական մարդիկ բժշկի դիպլոմ չեն ստանա: Դուրս մնացողներն էլ կամ հասկանում էին, որ բժշկությունն իրենց բանը չէ, գնում այլ գործով զբաղվում, կամ կուրսը կրկնում էին:

Իսկ էսօր կարդում եմ մի էսպիսի նամակ, ու չգիտեմ` ծիծաղեմ, թե լաց լինեմ: Իհարկե, մի կողմից լավ է, որ վերջին ժամանակներս մարդիկ չեն վախենում ու իրենց ձայնն են բարձրացնում: Բայց ի՞նչ է նշանակում բողոքել քննությունից կտրվելու համար: Ի վերջո, այդ բարդագույն քննությունները նորություն չեն, ու արդեն բազմաթիվ սերունդներ են դրանք հաղթահարել: Ի վերջո, բողոքողներն ընդամենը 220 հոգի են, ու ամեն տարի մոտավորապես էդքան մարդ էլ պետք է դուրս մնա չսովորելու պատճառով: Իսկ բժշկականում քննությունից կտրվել նշանակում է ուղղակի ոչինչ չիմանալ:

Փաստորեն, այս մարդիկ ուզում են չսովորելով կուրսից կուրս տեղափոխվել, քննությունները հեշտությամբ հաղթահարել, ու դա հերիք չէ, դեռ բողոքում էլ են:

Ես ամեն դեպքում հույս ունեմ, որ ԿԳՆ-ն բողոքին ընթացք չի տա կամ մարդավարի կբացատրի, որ ծույլերի գնացքն արդեն մեկնել է; Հույս ունեմ` ԿԳՆ-ն հասկանում է, որ իրենց պատասխանից ավելի շատ կախված է ոչ թե այս ուսանողների, այլ բազմաթիվ հայ մարդկանց կյանքը: Հույս ունեմ` այլևս բացարձակ անգրագետներ չեն ավարտի բժշկականը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s