Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Վերջին երկու տարիները

on September 30, 2013

Անպայման պետք էր մի օր նստել ու մտածել Եվրոպայում ապրածս երկու տարիների մասին, ինչ արեցի այդ ընթացքում, ինչ ստացա, ինչ կորցրեցի, ինչ սովորեցի, ինչ մոռացա, ինչպես փոխվեցի, ինչ որոշումներ ընդունեցի և այլն: Ու երևի մեկ ամիս էր պետք, որ էդ ամենը մարսվեր, որ հեռու գտնվելով իմ եվրոպական առօրյայից կարողանայի վերլուծել, հասկանալ այս բոլորը:

Վերջին երկու տարիների ընթացքում ես ապրել եմ երեք տարբեր երկրների չորս տարբեր քաղաքների հինգ տարբեր սենյակներում, այցելել եմ 48 տարբեր բնակավայրեր 12 տարբեր երկրներում, երեք անգամ եկել եմ Հայաստան, ներկա եմ գտնվել սիրելի կատարողների 14 համերգների, կարդացել եմ 42 գեղարվեստական գիրք, ուղարկել եմ ավելի քան 120 բացիկ, ծանոթացել եմ մոտ երկու տասնյակ տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ, ընկերացել քչերի հետ: Հասցրել եմ նաև բաժանվել ընկերոջիցս, սիրահարվել-հիասթափվել մեկ անգամ, երկու անգամ ժամադրության գնալ երկու տարբեր ազգության տղաների հետ: Ճամփորդել եմ տրանսպորտի ամենատարբեր միջոցներով` ինքնաթիռ, գնացք, ավտոբուս, տրամվայ, նավ, ավտոմեքենա, մետրո ու ի վերջո հեծանիվ: Բժշկի գնացել եմ երկու անգամ, ունեցել եմ հինգ հեծանիվ: Դասերիցս դուրս մասնակցել եմ երկու օնլայն դասընթացի, հավաքեցի 130 կրեդիտ երեք տարբեր համալսարաններում: Սկսել եմ սովորել երեք տարբեր լեզուներ, իրականացրել մանկության երկու երազանք:

Ու էսպես շատ մեծ ցուցակ կարող եմ կազմել, բայց էս թվերը երբեք չեն կարող արտացոլել այն, ինչ իրականում ստացա այս երկու տարիներից: Ես սովորեցի սիրել մենակությունն ու մենակ ապրելը, ինքս ինձ համար ճաշեր եփելը: Սովորեցի ճանաչել մարմինս յոգայի շնորհիվ, բնավորությունս ու նախասիրություններս մենակ ճամփորդելու շնորհիվ: Սովորեցի գիտական հոդվածներ գրել, մի քիչ էլ կլինիկական լեզվաբանություն սովորեցի, բայց ամենակարևորը` սովորեցի հեծանիվ քշել, իսկ ավելի ուշ` երկու ձեռքերի վրա կանգնել: Սովորեցի հանդուրժել ամեն տեսակի մարդկանց, այդ թվում` հայերին:

Այս երկու տարիների ընթացքում գիշերել եմ տարբեր տեղերում. չորս աստղանի հյուրանոցներում, խառը և միայն կանանց հոսթելներում, կայարանում, կուրսեցուս սենյակի հատակին, փչովի մատրասի վրա, նավում, ավտոբուսում, ֆիզկուլտուրայի դահլիճում, ընկերներիս տներում ու ի վերջո իմ սենյակի մահճակալին: Ապրել եմ տարբեր պայմաններում` անվերջանալի անձրևներից մինչև կես մետր ձյուն, խոնավ արևից մինչև հեծանիվը շրջելու ուժգնության քամի:

Ու մեծացա, ամբողջ քսանհինգ տարով մեծացա. տեղում դոփածս տարիները վերջապես արագ-արագ անցան, ինձ հասցրին իմ իսկական տարիքին: Էս ընթացքում հասկացա, որ շատ եմ ուզում Հայաստանում ապրել: Երազանքներով  ու վախերով եկա: Պարզվեց` վախերս արդարացված էին, իսկ երազանքներս`անիրականանալի: Եկա Հայաստան` երկու տարվա հուշերս գրկած, որ հանկարծ որևէ կտոր չկորցնեմ: Խորտակվեց առանձին ապրելու հույսը  Ու սկսվեց գիշերային մղձավանջների նոր շարան. գնացքներ, որոնք երբեք Խրոնինգեն չեն հասնում, ինքնաթիռներ, որոնք երբեք Վիեննայից չեն թռչում, սխալ օրերով գնված տոմսեր: Ոչինչ, կդիմանամ: Մինչ այդ էլ ստիպված էի հանդուրժել Երևան չհասնող ինքնաթիռները, անծանոթ դարձած Հայաստանն ու ինձ մոռացած ընկերներիս:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: