Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Իմ տասը տարեկան բլոգը

on October 9, 2013

Դե սա վպ-ի բլոգս ա, բայց գրում եմ ԿՄ-ի մասին:

2003-ի հոկտեմբերի 9-ին վերջապես ստացա գաղտնի կոդը ու կարողացա գրանցվել ԿՄ-ում՝ կատարելով առաջին գրառումս: Էն ժամանակ մեր օրերի պես հեշտ չէր. ԿՄ-ն անվճար չէր: Եթե ուզում էիր բլոգ ունենալ, պիտի վճարեիր: Իսկ եթե վճարում էիր, մեկ շաբաթ անց ստանում էիր գաղտնի կոդ, որը կարող էիր մի ուրիշ մարդու փոխանցել, որ անվճար գրանցվի: Հետո էդ ուրիշ մարդն էր մեկ շաբաթ անց կոդ ստանում, փոխանցում հաջորդին ու էդպես շարունակ: Ես էլ հայտնվել էի մի էդպիսի երկար շղթայում ու ավելի քան մեկ ամիս համբերատար սպասում էի իմ հերթին:

Առաջին երեք տարիներին անգլերեն էի գրում, գրում էի պատանեկան զառանցանքներ, գրում էի հազվադեպ: Լեզվի ընտրությունը երկու լուրջ պատճառ ուներ. մեկն էն էր, որ իմ լսարանը հիմնականում գաղտնի կոդի շղթայի մասնակիցներն էին, այսինքն՝ հայերեն չգիտեին: Իսկ մյուսը հայերեն գրելու տեխնիկական խնդիրն էր. տրանսլիտով չաթ կանեի, մեյլ կգրեի, բայց լատինատառ օրագիր պահելը մի տեսակ սրբապղծություն էր ինձ համար: Հետագայում, երբ օտար ընթերցողներս կամաց-կամաց պակասեցին՝ փոխարինվելով հայերով, իսկ հայերենի տեխնիկական խնդիրը լուծվեց, սկսեցի ոչ միայն հայերեն գրել, այլև թարգմանել հին անգլերեն գրառումներս… դե մի մասն էլ ջնջել:

Հետո ինչքան մեծացա, էնքան երկարեցին ու հաճախացան նաև գրառումներս, շատացան նաև մեկնաբանություններն ու ընթերցողներս: Պատանեկան զառանցանքները վերածվեցին ճամփորդական ու ուսանողական պատմությունների՝ երբեմն-երբեմն ընդհատվելով մեծական զառանցանքներով: ԿՄ-ն էլ հերթով մի դարաշրջանից մյուսն էր անցնում, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ կարոտով եմ լցվում:

Սկզբում իմ անգլախոս միջավայրն էր ու հազարից մեկ հայտնվող մեկնաբանությունները: Հետո կամաց-կամաց հայտնվեց հայ ընթերցողն ու հայերեն մեկնաբանությունները, իսկ մի քաղաքական գրառում էնքան մեծ աղմուկ հանեց, որ շուտով կորցրի վերահսկողությունս բլոգիս ընթերցողների նկատմամբ: Արդեն չգիտեի՝ ով է մտնում էնտեղ, ինչ տպավորություն է ստանում, ծնողներիս ինչ է խաբար տալիս (ասենք, ծնողներս իրենք էլ էին մտնում): Էդ ամեն ինչը մի տեսակ վախենալու էր, ու ժամանակ առ ժամանակ անցնում էի փակ գրելուն: Բայց հետո դա էլ սկսեց չօգնել, որովհետև հայտնաբերեցի, որ ընկերներիս մեծ մասին չեմ ճանաչում:

Եկավ նաև ժամանակ, երբ ֆեյսբուքը կուլ տվեց ԿՄ-ին, ու ակտիվ հարևաններիս թիվը կտրուկ փոքրացավ: Եկավ նաև մեկ այլ ժամանակ, երբ գրեթե ամեն օր գրելու սովորությունը փոխարինվեց զոռով շաբաթը մեկ կամ ավելի հազվադեպ մի բան խզբզելով, էնքան որ ինքս ինձ համոզեմ, որ որպես բլոգեր մեռած չեմ:

ԿՄ-ից հեռանալու փորձ մի քանի անգամ արել եմ, ամեն անգամ տարբեր պատճառներով: Լինում էր՝ տեխնիկական, լինում էր՝ այդ անվերասկելիությունից փախչելու ցանկությունը, լինում էր՝ ուզում էի ուղղակի նոր հարթակներ նվաճել: Բայց որքան շատ տարիներ էի հետևում թողնում, այնքան ավելի էր դժվարանում ԿՄ-ից պոկվելը:

Այս տասը տարիների ընթացքում բլոգ պահելը տարբեր դրդապատճառներ է ունեցել: Սկզբում գրում էի ենթադրական նամակներ ուղղված որոշ մարդկանց, որ հաստատ գիտեի՝ չեն կարդում: Գրում էի ու թեթևանում էն մտքից, որ չնայած տեսականորեն կարող են մի օր անցնել բլոգովս, բայց ամեն դեպքում գրառումներս մնում են անհասցե: Հետո արդեն ուզում էի ընթերցվել, անընդհատ հետևում էի, թե ինչքան մարդ եկավ-գնաց, որ գրառումը կարդաց: Այն պահից սկսած, երբ անկառավարելի դարձան ընթերցողներս, կտրուկ փոխվեցին նաև դրդապատճառներս. ուղղակի ուզում էի գրել ինձ համար, հավաքել ամեն ինչ, որ հետո եթե ուզենամ հիշել, թե այսինչ տարիքում ինչպես էի ինձ զգում կամ ինչով էի զբաղված, դժվարություն չլինի: Ու էդպես սկսեցի գրել ինձ հուզող թեմաներով, պատմել ինձ անհանգստացրած պատմությունները, որքան էլ գիտակցում էի, որ դրանք հաճախ ձանձրալի ու երկար են ընթերցողի համար:

Հիմա, երբ հետ եմ նայում էս տասը տարիներին, հասկանում եմ, որ լրիվ ուրիշ մարդ կլինեի առանց բլոգիս: Էս ընթացքում լիքը մարդկանց հետ եմ ծանոթացել, շատերի հետ կռվել, ոմանց հետ ընկերացել: Լիքը խնդիրներ հենց էստեղ են լուծում ստացել, լիքը թաքուն մտքեր մենակ բլոգեր ընկերներս են տեսել, լիքը պատմություններ էստեղ են անմահացել: Գրառումներիս պատճառով էլ ընկերներ եմ կորցրել, էլ դեկանատ կանչվել, էլ հոգեկան հիվանդներից օգնություն խնդրող նամակներ ստացել:

Էս տասը տարիների խորքից հիմա շնորհակալություն եմ հայտնում բոլոր բլոգեր ընկերներիս ու ընթերցողներիս՝ անկախ նրանից մեկնաբանել են, թե լուռ կարդացել, գնացել: Շնորհակալ եմ… եթե դուք չլինեիք, երևի բլոգս էլ չէր լինի:

Advertisements

4 responses to “Իմ տասը տարեկան բլոգը

  1. hasmiko says:

    Շնորհավորում եմ քեզ ու բլոգիդ, Բյուր ջան ու մաղթում ստեղծագործելու անսպառ ցանկություն !!!!

  2. շնորհավոր ։ՃՃ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: