Ցածր ստանդարտների երկիրը

Մեր երկրի գլխավոր խնդիրներից մեկը ցածր ստանդարտներներն են: Եվ դա սկսվում է դպրոցից, երբ պատմության դասատուն «գերազանց» է նշանակում դասագիրքն անգիր արած աշակերտին, երբ անգլերենի դասերն անցնում են լեզվի քերականության հայերեն դասավանդմամբ, իսկ երեխան գովասանքի է արժանանում, եթե գիտի simple past ու present perfect կազմել:

Դա շարունակվում է բուհում, երբ դասախոսը ոչ միայն չի պատժում ռեֆերատը, կուրսայինը կամ դիպլոմայինը պլագիատ արած ուսանողին, այլև բարձր գնահատականներ շռայլում, երբ քննությունից կտրվելու համար ոչ թե պետք է գիտելիքներդ բավարար չլինեն, այլ դրանք բացարձակ զրո լինեն, որովհետև զրոյից տարբեր ցանկացած թիվ անցողիկ է: Հենց այդ նույն դասախոսն էլ վաղուց տեղյակ չէ, թե աշխարհում ինչ է կատարվում և համոզված է, որ հղի կնոջը կարելի է ամինազին նշանակել, որովհետև 70-ականներին տպագրված գրքում այդպես է գրված:

Տպագրված աշխատանքն էլ էդպիսին է համարվում, եթե որևէ գյուղի ամսագրում փողի դիմաց տպագրվել է, ու կապ չունի` քանի՞ հոգի է կարդացել, հեղինակավո՞ր է, թե՞ ոչ: Ու հենց էդ աշխատանքներով էլ մարդիկ գիտնական են դառնում` էդպես էլ չիմանալով, որ իրենց օգտագործած ստատիստիկան լրիվ սխալ է:

Բժիշկներից միայն բժշկականի դիպլոմ են պահանջում, ուրիշ ոչինչ: Կապ չունի, թե ինչ կարող ես պրակտիկ անել, կապ չունի, թե քանի վերապատրաստում ես անցել: Միայն թե էդ անտեր դիպլոմից ունենաս, որը ստացել ես, որովհետև ամեն քննության ժամանակ գիտելիքներդ զրոյից տարբեր դրական թիվ են եղել: Ու էդ թիվը կապ չունի:

Լրագրողը երկու բառ իրար կապողն է, պրոֆեսիոնալիզմի մասին ոչ ոք չի խոսում: Ու նրա գրած նյութերը սպառվում են, որովհետև սպառողի ստանդարտները ցածր են, նրան աշխատանքի վերցնում են, որովհետև գործատուն պահանջներ չունի:

Անգլերենին տիրապետողն abc իմացողն է, որը հեշտությամբ տեղավորվում է որևէ գրասենյակում ու նոտարի հաստատած փաստաթղթում աստղագիտությունն astrology է թարգմանում, ամբիոնը` chamber: Իսկ հայերենի իմացություն աշխատանքի ընդունելիս ոչ ոք չի ստուգում:

Խանութում սպասարկողը կամայական անձ է, իսկ այնտեղ ստանդարտներն այնքան ցածր են, որ մոռացել են աշխատողին զգուշացնել չգոռալ հաճախորդի վրա:

Անգամ նախագահ ընտրելիս մենք չենք խորանում, թե ինչ գաղափարներ է կրում և ուր կտանի Հայաստանն ընտրվելու դեպքում: Ընտրում ենք, որովհետև լավ մարդ է ու «կմտածի ժողովրդի մասին»:

Եվ այս բոլորը տանջվում են, շատ են տանջվում, որ հանկարծ ցածր ստանդարտներից վեր չբարձրանան, որովհետև պատմության դասատուն ծնող կկանչի, եթե աշակերտը հանկարծ իր կարծիքն ասի այս կամ այն իրադարձության մասին, դասախոսն ուսանողին մեծամիտ կանվանի այս կամ այն գիրքը հնացած անվանելու համար: Ու բոլոր-բոլորը թքած կունենան, եթե դու աճել ես ու ստանդարտներից բարձրացել, որովհետև նրանք իրենց ցածր պահանջներն ունեն, դրանից ավելին տեսնելու ունակ չեն: Եվ կլինեն մարդիկ, շատ կլինեն, որ կուզենան աճել ու վեր բարձրանալ ստանդարտներից: Նրանք կգնան այնտեղ, որտեղ պետք է շատ աշխատել որակի հասնելու համար, իսկ որակը կտեսնեն բոլորը` դպրոցի ուսուցիչն ու համալսարանի դասախոսը, գիտական ղեկավարներն ու գլխավոր բժիշկները:

Հետո էլ զարմանում եք, թե ինչու են մարդիկ արտագաղթում: Մարդիկ ուզում են աճել և ուզում են միակ մարդը չլինել, որ այդ աճը տեսնում է:

Disclaimer: Ես գիտեմ, որ Հայաստանում երջանիկ բացառություններ կան, որոնք բարձր ստանդարտներ ունեն: Պարզապես գրել եմ ընդհանուր միտման մասին:

17 thoughts on “Ցածր ստանդարտների երկիրը

  1. astrology֊ն տեսա, հիշեցի, որ մի քանի օր առաջ լրագրողները Queen’s Counsel֊ը թարգմանել էին թագուհու խորհրդական։ Այդքան զավեշտալի չէր լինի, եթե էդ կոչումն ունցող մարդը թունդ հակամիապետական չլիներ ։Ճ

    1. ահ, թարգմանչական զավեշտներն անթիվ են… մանավանդ էդ նոտարական թարգմանիչների ամեն մի բառը մի թանգարանային ցուցանմուշ ա

  2. 100%, Ես վերջերս էի ասում, որ սԹից երԳիր ա Հայատանը։ Նույնիսկ աշխատանքը բարեխիղճ կատարելը համարվում ա հասարակության կողմից այդքան էլ լավ չգնահատվող մի բան։ Ամեն ինչ արվում ա սթից, էնքան որ․․․

  3. Ժողովուրդ, հիշեցի Խորենացու «Ողբը»։ Բայց էսպես երկար մնալ հո չի՞ կարող։ Ձեզ նման սերունդ ունենք, չէ՞։

      1. Բա էլ ինչի՞ց եք դժգոհում։ Կարծում եք՝ մեր սերնդի համար ավելի լա՞վ է եղել։

      2. Չեմ դժգոհում, փաստն եմ արձանագրում: Ձեր սերնդի համար երևի ավելի լավ է եղել էն իմաստով, որ մեր չափ ամբիցիոզ չեք:

      3. Ժամանակն է փոխում մարդուն, մարում ամբիցիաները։ Իսկ երիտասարդ տարիքում ամբիցիաներն օդ ու ջրի պես պետք են։

      4. Ժամանակը չէ, ժամանակաշրջանը: Եթե մեր ծնողների սերնդի համար մեր հասակում երազանքների գագաթնակետը Մոսկվայում կամ Պետերբուրգում կրթություն ստանալն էր, ապա մենք աշխարհներ ենք ուզում նվաճել, ու դա նորմալ է:

        Ի դեպ, ամբողջ աշխարհում ամբիցիոզությունը դրական հատկանիշ է: Չգիտեմ ինչու է Հայաստանում բացասական երանգով դիտվում:

      5. Մարդուն ժամանակն էլ է փոխում (մեծանալով հասկանում ես, որ աշխարհներ նվաճելու հետևից ընկած քեզ ես տանուլ տալիս), ժամանակաշրջանն էլ (որքան թույլ է տրված լայն նացնել աշխարհայացքդ, այնքան ամբիցիայի մակարդակն է բարձր)։ Իսկ ամբիցիան ինչո՞ւ պիտի բացասական երանգ ունենա։ Չէ, չունի։

      6. Նկատի ունեմ` եթե մի քսան տարի առաջ հեշտ ու հանգիստ կարելի էր հարմարվել ցածր ստանդարտներին, ապա հիմա` հը-ը: Երիտասարդը տեսնում է, որ ինքն ավելի կարող է, քան իրենից պահանջվում է, թողնում, գնում է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s