Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կունդերայի վեց պատահականությունները (պատմվածք)

on October 19, 2013

Էս պատմվածքով հաղթել եմ էս մրցույթում: Բայց տարօրինակ կերպով ինձ ավելի հաճելի էր ոչ թե հաղթելու փաստը, այլ գրելու ամբողջ ընթացքը. սկսած Ամերիկյան համալսարանի ճաշարանում առանց շուրջս նայելու խորացած գրելով, վերջացրած Պրոցես փաբում խմբագրելով ու ավարտուն տեսքի հասցնելով:

Կունդերայի վեց պատահականությունները

Ամստերդամի կենտրոնից դուրս՝ տուրիստների աչքերից հեռու, ջրանցքներ կան, որոնց եզրին կարելի է նստել ու ոտքերն օդի մեջ օրորելով բադերի լողին հետևել՝ առանց վախենալու, որ որևէ մեկի լուսանկարի ֆոնը կփչացնես: Թերեզան, ծանոթ լինելով քաղաքի բոլոր ծակուծուկերին, ցանկանալով հեռանալ մարդկությունից և օգտվելով հազվագյուտ լավ եղանակից, հարմարվել էր մի այդպիսի ջրանցքի եզրին ու փորձում էր հաշվել, թե քանի պատահականության արդյունքում ծանոթացավ Ժակի հետ:

Եթե այդ տարի Բարսելոնայում հանգստանար, հաստատ Բրյուսելի գիտաժողովին չէր մասնակցի, այնտեղ չէր ծանոթանա Օլգայի հետ, Օլգան չէր հրավիրի Պրահայի ֆորումին: Եթե ֆորումի համար կրթաթոշակ չստանար, Ամստերդամ էլ չէր հասնի. թանկ կնստեր: Եթե Ամստերդամ չհասներ, Պրահայից շուտ կվերադառնար, այն բազմաթիվ բարդ ինքնաթիռային համակցություններն այդ օրը նրան չէին հասցնի  Պրահայի միջազգային օդանավակայան…

Այստեղ Թերեզան խճճվեց: Ինքնաթիռային համակցությունները որքա՞ն են պատահականություն կոչվում, քանի՞ հատ կարելի է հաշվել: «Օլգան ու ինքնանթիռները մեկ»,- մտածեց:

Պատահականությունների ինչ-որ բարդ համակցության արդյունքում այդ օրը Թերեզան Ամստերդամից ու Հռոմից հետո հայտնվեց Պրահա-Երևան չվերթի ելքի մոտ: Պատահականություն էր նաև այն, որ մարդախույս Թերեզան սպասասրահի մի անկյունում թաքնվելու փոխարեն հայտնվել էր ուղևորային եռուզեռի կենտրոնում: Ու պատահականություն էր, որ օդանավակայանում անվճար ինտերնետ կար: «Դեմս սիմպո տղա ա նստել»,- Ֆեյսբուքում գրել էր ընկերուհուն, հետո գլուխը բարձրացել: «Սիմպո տղան» ժպտացել էր ու անգլերեն հարցրել, թե արդյոք Երևանի օդանավակայանից կենտրոն հասնելը թանկ արժե:

«Մարդամեջ տեղավորվելս՝ երկու»,- հաշվեց Թերեզան:

Հետո տղան նկատել էր Թերեզայի կողքին դրված գիրքը ու հարցրել, թե արդյոք դուրը գալիս է: Կունդերայի «Էության անտանելի թեթևության» ֆրանսերեն հրատարակությունն էր: Գրքում էլ Թերեզայի ու Տոմաշի ծանոթությունն էր վեց պատահականության արդյունք: Պատահականություն էր, որ Թերեզայի անունը Թերեզա էր: «Երեք,- հաշվեց,- բայց սա կապ չունի ծանոթության հետ»:

«Ժակ»,- ներկայացել էր տղան՝ ցուցադրաբար փակելով ձեռքի գիրքը. Կունդերա, էլի ֆրանսերեն, այլ գիրք:

Պատահականություն էր, որ Ժակի անունը Տոմաշ չէր, իսկ ձեռքին էլ Կունդերայի մի ուրիշ գիրք էր, որի վերնագիրը Թերեզան ոչ մի կերպ չէր հիշում:

«Ֆրանսերե՞ն ես կարդում»,- հարցրել էր Ժակը:

Պատահականություն էր նաև, որ Թերեզան այդ ժամանակ ֆրանսերեն էր կարդում, որովհետև լեզուն վերջերս էր սովորել ինքն էլ չհասկանալով, թե ինչի համար: «Երևի որ Կունդերա կարդամ,- մտածեց Թերեզան ու մի կտոր հաց նետեց ներքևում աղաղակող բադերին,- ֆրանսերենը չորս»:

Նստեցման հերթի մեջ Թերեզան Ժակի կողքին էր կանգնել՝ ջանալով հնարավորինս երկար նրա հետ մնալ, բայց պարզվում էր՝ դրա կարիքը չկար, որովհետև հինգերորդ պատահականությունն էլ այն էր, որ Ժակի ու իր տեղերը նույն շարքում էին: Հետո պետք է ընդամենը մի ուղևորի խնդրեին՝ տեղափոխվի, որ իրար կողք հայտնվեն:

Ամրագոտին կապելուն պես Ժակն անցել էր ֆրանսերենի, իսկ Թերեզան բնավ չէր հրաժարվել զրույցը Ժակի մայրենի լեզվով շարունակելուց ու ներողություն խնդրել հոգնած գլուխը նրա ուսին դնելու համար:

Ընթացքում Թերեզան հասցրել էր պարզել, որ Ժակը ֆրանսիացի տուրիստ էր, գալիս էր Հայաստանը հետազոտելու: «Ինչու՞ հենց Հայաստան»,- հարցրել էր: «Աչքերս փակ մատս դրեցի քարտեզին, Հայաստան ստացվեց»,- պատասխանել էր:

«Վեց»,- քթի տակ շշջնաց Թերեզան ու պայուսակից հանեց ժակետը, որ հագնի. ցրտում էր:

Ինքնաթիռում Ժակը քնել էր մատը գրքի էջերի մեջ պահած, իսկ Թերեզան ուշադիր զննել էր այդ ամուր ձեռքը և ուզել էր, շատ էր ուզել բռնել այն: «Հոգնած էի»,- հիշեց Թերեզան: Հիշեց, որ մինչև Պրահայի օդանավակայան հասնելը, մինչև Հռոմում մի ինքնաթիռից մյուսը վազելը մի էդպիսի արևոտ օր էլ Ամստերդամում էր անցկացրել: Հիշեց խոնավ տոթը ու շորերին կպչող տաք քրտինքը: «Տեսնես Ժակը վրայիցս հոտեր չառա՞վ»:

Զվարթնոցում Ժակը Թերեզայի համարն էր խնդրել: Մի քանի անգամ ստուգել էր, որ համոզվի՝ ճիշտ է գրանցել:

Թերեզան լավ չէր հիշում, թե քանի օր անցավ, բայց օր ու գիշեր Ժակի մասին էր մտածում: «Ո՞նց գտնեմ»: Մտքով ինչ ասես չէր անցնում. հայտնվել Երևանի ամենատուրիստական տեղերում, հսկել բոլոր հյուրանոցների ելումուտը, ֆեյսբուքում հազարավոր Ժակերի միջից գտնել այդ մեկին ու ընկերության առաջարկ ուղարկել: Հետո ինքն իրեն հանգստացրել էր. «Եթե իրեն պետք լինեմ, գետնի տակից էլ կհանի»:

Որոշ ժամանակ անց անսովոր կիրթ ու գրագետ էս-էմ-էս էր ստացել. «Սիրելի Թերեզա, քեզ գրում է Ժակը: Մենք ինքնաթիռում ենք հանդիպել: Ուրախ կլինեի քեզ նորից տեսնել»:

Պայմանավորվել էին հրապարակում: Ժակը մի քիչ ուշացել էր: «Այնքան անհամբեր էի, որ ճանապարհը շփոթեցի»,- արդարացել էր: Թերեզան նրան տարել էր հին Երևանի մնացորդները ցույց տալու: Ժակն առաջ ընկած, բերանը բաց շուրջն էր նայել, իսկ Թերեզան թաքուն հետևել էր նրան՝ միաժամանակ ամառային թեթև զգեստի վրայից թափ տալով շինարարական փոշին, երբեմն էլ կանգ առնելով ու հիանալով Ժակի՝ արևի տակ փայլող շագանակագույն գանգուրներով:

«Մաշտոցի պուրակն էր… հա, հաստատ էնտեղ էր»,- հիշեց Թերեզան: Այդ ժամանակ էր, երբ Ժակը բռնել էր ձեռքն ու ասել, որ հույս ունի՝ Մարսել կգա իր մոտ: «Այդքան արա՞գ»,- մինչև հիմա զարմանում է Թերեզան:

Հենց այդտեղ էր, որ Թերեզան պատմել էր Ամստերդամում աշխատանքի առաջարկ ստանալու ու շուտով այնտեղ տեղափոխվելու մասին, իսկ Ժակը նստել էր այն ժամանակվա դեռևս քարուքանդ Մաշտոցի պուրակի քարերից մեկին, Թերեզային ձեռքերի մեջ առել, որ այլևս երբեք բաց չթողնի:

«Այլևս երբեք,- քմծիծաղեց Թերեզան,- վեց պատահականություն»:

«Ամստերդամը հեռու չէ»,- շշնջացել էր: Այնուհետև Թերեզայի մազերը նրբորեն հեռացրել էր դեմքից ու համբուրել:

Հետո նրանք միասին Հայաստանը ոտքի տակ են տվել: Արագածի գագաթին ամառ օրով տաք շորեր են հագել, սողացել Մագիլի քարանձավում, Գյումրիում յուղոտ խինկալի կերել, այրվել Սևանում, վերադարձել Երևան ու շրջապատի բազմությանը մոռացած պարել հրապարակի շատրվանների մոտ Շառլ Ազնավուրի La Bohème-ի տակ: «Սա նշանակում է, որ դու սիրուն ես»,- Շառլի խոսքերը Թերեզայի ականջին կրկնել էր Ժակը:

«Սիրելի Թերեզա, հույս ունեմ՝ ինձ հյուր կգաս Մարսելում: Մտածում եմ քո մասին»,- գրում էր Ժակը Հայաստանից մեկնելուց հետո: «Սիրելի Ժակ, այս վիքենդին զբաղված եմ: Կփորձեմ հաջորդ շաբաթ: Համբույրներով»,- պատասխանում էր Թերեզան: Պատասխանում էր երեք ամիս շարունակ:

«Սիրելի Թերեզա, շնորհավոր Նոր տարի: Ես Ամստերդամում եմ: Հյուրանոց Վան Գոգ, սենյակ 203: Սպասում եմ քեզ»:

«Սիրելի Ժակ, շնորհավոր Նոր տարի: Ես Հայաստանում եմ: Համբույրներով»:

«Բայց ինչու՞ Մարսել չգնացի,- ինքն իրեն հարցրեց Թերեզան,- հը՞ն, բադիկ, ինչու՞ Մարսել չգնացի,- մի կտոր էլ հաց շպրտեց ներքևում մնացած միակ բադին,- մի հիմարություն վեց պատահականության կողքին»:

Հանկարծ Թերեզան ուզեց, որ Ժակն այնտեղ լիներ՝ Ամստերդամում, որ միասին բադերին կերակրեին, միասին ոտքերն օրորեին ջրանցքի եզրին նստած, միասին հիշեին իրենց ծանոթության պատճառ դարձած վեց պատահականությունները, ուզեց, որ չլիներ մի հիմարությունը:

Անձրևի մի կաթիլ ընկավ Թերեզայի ձեռքին: Նայեց երկնքին. ամպերը կուտակվել էին: «Էխ հոլանդական եղանակ»: Տեղից վեր կացավ, վերցրեց պայուսակն ու առաջ քայլեց: Քիչ այն կողմ՝ ջրանցքի եզրին, նստած էր մի տղա, ձեռքին՝ գիրք: Անձրևը նրան էլ անհանգստացրեց, ոտքի կանգնեց, հավաքվեց, որ գնա: Ամպերի արանքից ընկնող արևի բարակ ճառագայթների տակ փայլեցին տղայի շագանակագույն գանգուրները: Նկատեց, որ Թերեզան իրեն է նայում: Փակեց ձեռքի գիրքը և ժպտաց:

– Տոմաշ,- ներկայացավ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: