Քանի որ վերջին երկու ամիսներին ինչ ասես գլխիս չի գալիս ու քանի որ անընդհատ քիչ է մնում` իրերս հավաքեմ, նորից գնամ Հայաստանից, նստեցի ու սկսեցի մտածել, թե էստեղ ինչն է ինձ ուրախացնում: Կետերը շարում եմ առանց հատուկ հերթականության:
1. Հեծանիվ – ամեն անգամ հեծանիվ նստելիս ու A կետից B-ն շարժվելիս ինքս ինձ ասում եմ, թե որքան երջանիկ մարդ եմ, որ հասարակական տրանսպորտի հույսին չեմ: Երբեմն պատահում է, որ ուզած-չուզած երթուղայինից, ավտոբուսից կամ տաքսուց եմ օգտվում, ինչի արդյունքում համոզվում եմ, թե որքան լավ է, որ հեծանիվ ունեմ:
2. Յոգա – Հայաստան եկած-չեկած առաջին բանը, որ արեցի, յոգայի դասեր գտնելն էր: Հիմա հաճախում եմ Հիմալայան յոգայի կենտրոն, ու դա մի այլ կարգի երջանկություն է ինձ համար, հատկապես ժամերով կոմպի մոտ նստած աշխատելուց հետո: Դասից հետո ներվերս անջատած տուն եմ գալիս:
3. Ամերիկյան համալսարանի գրադարան – երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ արթուն ժամերս ավելի շատ էնտեղ են անցնում, քանը տանը կամ մի ուրիշ տեղ; Մտավոր աշխատանք կատարելու համար տրամադրող մթնոլորտ է: Ձեռի հետ էլ հին ու նոր ընկերներիս եմ տեսնում, հաճելի ընդմիջումներն ապահովված են:
4. Ուսանողներս – ի՞նչ էի անելու, եթե մանկավարժականում շաբաթը մեկ դասերս չլինեին: Իսկ ես էդ դասերից մի այլ կարգի հաճույք եմ ստանում հենց ուսանողների, նրանց հետաքրքրվածության ու վերլուծական ունակությունների շնորհիվ: Համ էլ մի տեսակի ինչ-որ բանի համար պիտանի եմ զգում ինձ:
5. Համով մրգերը – մեկ էլ ինձ համար դրախտային երջանկություն է ամեն երեկո հայկական միրգ ուտելը: Պայուսակիս մեջ միշտ խնձոր է լինում (ամերիկյանում հանդիպածս ընկերները կհաստատեն, իրենց էլ եմ հյուրասիրում), տանն էլ անընդհատ դեղձ ու տանձ եմ ուտում: Հրաշք:
6. Փոսթքրոսինգ ու բացիկներ – էն ամենաներվային ժամանակ բացիկներս հանում եմ, սկսում դասավորել, նորերն եմ գրում, որ ուղարկեմ: Նյարդերս լավ անջատվում են: Ու ընդհանրապես ինչ Հայաստան եմ եկել, ինձ սկսել են լավ նայել. ոչ թե առանձին մի բացիկ եմ ստանում, այլ միանգամից երեք-չորսը, սիրուն նամակներ, իսկ մի անգամ նույնիսկ գիրք եմ ստացել:
Քանի որ էսօր դրական բաներից էինք խոսում, մոռանում ենք բացասականների ցուցակը. միևնույն է, առանց դրանց մասին բարձրաձայնելու էլ անընդհատ պտտվում են գլխավերևումս ու թունավորում առօրյաս: