Մինչ բուն պատմությանն անցնելը… Նախ ներողություն էսքան երկար լռելու համար, հետո շնորհակալություն բոլոր այն բլոգընկերներիս, որ հրապարակայնորեն կամ անձնական նամակագրությամբ ինձ հիշեցնում էին 30 պատմությունների մասին ու նաև շարունակում էին գրել: Թարմացված ցուցակն էստեղ է: Այսուհետ կփորձեմ ավելի պատասխանատու լինել ու գոնե շաբաթը մի պատմություն գրել:
Երգերի մասին գրելը դժվար է, որովհետև ընդհանրապես որևէ տեսակի պատմություն ունեցող երգի մասին անպայման մի օր գրել եմ, ու հիմա դժվար է հիշել ինչ-որ մեկը, որի մասին ոչինչ չեմ ասել: Ավելին` 30 օր երաժշտության հետ նախագծում արդեն պատմել եմ ամեն ինչ:
Բայց էս գիշերվա կեսին էս գրառումս անելիս հանկարծ հիշեցի մեր տան անգլերենի ինքնուսույցը: Քրքրված մի գիրք էր, մեջը տեղ-տեղ անգլերեն երգեր կային նոտաներով: Հիշում եմ` դրանց վրայով մի լավ անցել էի: Երևի ծանոթ երգ էի փնտրում: Չգիտեմ` գտա՞ արդյոք, թե ոչ, բայց լավ տպավորվել էին մի քանի երգերի բառեր: Մասնավորապես, դրանցից մեկի կրկներգում էսպիսի տողեր կային. “Cockles and mussels alive alive o!”
Գաղափար չունեի, թե երգն ինչպես է հնչում: Ու չգիտեմ` մինչև երբ էդպես տգետ մնացի: Բայց մի օր հաստատ հայտնաբերեցի, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Դուբլինի ոչ պաշտոնական հիմնը: Երգը վերնագիր ուներ` Molly Malone: Լսեցի նաև երաժշտությունը, բայց ոչ մի կերպ չեմ մտաբերում, թե դա ինչպես ու երբ տեղի ունեցավ: Իսկ շատ ավելի ուշ` մի օր, երբ Դուբլինում հայտնվեցի, Գրաֆթոն սթրիթում տեսա Մոլլիի արձանը, երգի բազմաթիվ կատարումներ լսեցի քաղաքի տարբեր փաբերում ու փողոցներում:
Ու հիմա ինձ համար էլ է երգը դարձել Դուբլինի խորհրդանիշ: Եթե հատուկ հիշողությունս չփորփրեի, երևի երբեք չհիշեի, թե ինչ տարօրինակ հանգամանքներում էի առաջին անգամ հանդիպել այդ երգին:
One thought on “14. Մի երգի պատմություն”