Սովորել շատ եմ սիրում, բայց սիրում եմ դրա ոչ պարտադիր, ոչ քննական մասը, էն որ դու ինքդ ընտրում ես ավելին անել կամ հաճախել ինչ-որ դասերի, որոնք քեզ դիպլոմ չեն տալու, սիվիիդ մեջ գրել-չգրելը բան չի փոխելու, քննությունը չհանձնելու դեպքում ոչ մի տեղից դուրս չես մնալու:
Էս տարվա սկիզբն էր` հունվար: Օրերն ահավոր շուտ էին մթնում: Կարելի էր ասել` ցերեկային լույս կարգին չէինք էլ տեսնում: Կես մետր ձյուն էր նստած: Ապրում էի համալսարանից 5կմ հեռու` բլրի վրա: Հավաքել էի կիսամյակի համար անհրաժեշտ գրեթե բոլոր կրեդիտները: Վերջնական 30-ն ունենալու համար կարող էի կամ լրացուցիչ կուրսերի հաճախել (ինչն անում էին գրեթե բոլորը), կամ էլ որևէ առարկայից լրացուցիչ էսսե գրել: Բնականաբար, ընտրեցի երկրորդը, որ հաճույքով անեմ:
Ու էդպես ամեն առավոտ լույսը բացվելուն պես արթնանում էի (առավոտյան ժամը տասին), նախաճաշում, հեծանիվով տնից դուրս էի գալիս (ավելի ուշ, երբ հեծանիվս արդեն վաճառել էի, ոտքով էի գնում-գալիս), հասնում համալսարան, մի երկու ժամ աշխատում գրադարանում, դուրս գալիս ճաշելու, ևս մի քանի ժամ աշխատում, դուրս գալիս պուլլա ուտելու ու սուրճ խմելու, էլի աշխատում էնքան, մինչև գրադարանը փակվում էր: Հետո քշում էի տուն: Սկզբում մարմինս սառցակալում էր, բայց երբ անցնում էի կամուրջը ու դիքով բարձրանում, քրտնում էի անգամ այն ժամանակ, երբ դրսում -25 էր: Անցնում էի ամեն օր, նայում երկնքին` էն հույսով, որ հյուսիսափայլ կտեսնեմ:
Հասնում էի տուն, մոմերը վառում, որ ուրախ լինի, ընթրիք սարքում: Էլի մի երկու ժամ աշխատում էի էսսեիս վրա, պառկում քնելու: Ու էդպես մի ամիս շարունակ…
Հիմա որ հետ եմ նայում, էնքան լավ եմ հիշում էն հաճույքը, որով աշխատում էի: Ոչ մի պրոկրաստինացիա, ոչ մի ծուլություն, ոչ մի նվնվոց: Արդյունքում` ժամանակին ավարտեցի առանց անքուն գիշերների, առանց կոֆեինի անխիղճ դոզաների, առանց ներվայնությունից պատեպատ խփվելու: Հետո էդ էսսես ձևափոխեցի, թեզիս մեջ մտցրի: Էն նույն թեզիս, որն ինձ ներվահան էր անում, զոռով էի գրում, քիչ էր մնում` գժվեի: Թեզս էլ գերազանց գնահատվեց, բայց մեծ կասկածներ ունեմ` հենց էդ հաճույքով գրած էսսեն էր որակն էդքան բարձրացրել:
Մտածում եմ` էդ ամիսն էն միակ ամիսն էր, որ ակադեմիական առումով մի այլ կարգի հաճույք ստացա: Ու պիտի անվերջ փնտրեմ, գտնեմ աշխարհում մի անկյուն, որտեղ ամեն օր ոչ թե մի ամիս, այլ ամբողջ կյանքս հաճույքով կաշխատեմ ու կսովորեմ:
One thought on “29. Պատմություն ինչ-որ բան հաճույքով անելու մասին”