Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պատմություն իմ առաջին դասախոսական փորձից

on November 15, 2013

Տարիներ առաջ, երբ ընդամենը հոգեբուժության ամբիոնի խեղճուկրակ կլինիկական օրդինատոր էի, էնպես պատահեց, որ ինձ հանձնարարեցին հինգերորդ կուրսի մի խմբի հետ պարապել: Մինչ այդ շատ էի բացակայող դասախոսներին փոխարինել, բայց երբեք չէր եղել, որ խումբը ծայրից ծայր ես տանեմ: Ու չէր եղել նաև, որ քննական պրոցեսներին խառնվեմ: Բայց հենց այդ ժամանակ ստիպված էի նաև քննություններ ու հարցումներ անցկացնել, որովհետև ամբիոնի դասախոսներից երկուսը քաղաքից բացակայելու էին, իսկ մնացածները, բացի մեկից, քննական գործընթացներին առանձնապես չէին խառնվում:

Խումբը, որն ինձ տվեցին, բնավ անծանոթ չէր. էնտեղի ուսանողներից ոմանք իմ ընկերներն էին, ոմանց հետ էլ հետո ընկերացա: Այնուամենայնիվ, մեր հարաբերությունները ոչ մի տեղ չչարաշահեցի: Նորմալ դաս էինք անում, հիվանդ նայում, պատրաստվում հարցումներին  ու քննություններին: Բայց իսկական մղձավանջը հենց քննությունների ժամանակ սկսվեց:

Ինչպես արդեն նշեցի, ամբիոնից մեկ էլ մի դասախոս կար, որ այդ գործընթացներին մասնակցում էր: Հենց սկզբից ուսանողների մի ցուցակ հանեց, ամեն անունի դիմաց մի գնահատական, ասաց, որ պիտի էդ գնահատականները «նկարվեն»: Բարեբախտաբար, նրանցից ոչ մեկն իմ խմբից չէր, ու ես հանգիստ էդ «սուրբ» գործը մյուս դասախոսի վրա թողեցի` աշխատելով միայն իմ ուսանողների գրավորները ստուգել:

Մեզ մոտ էլ թեստային համակարգ էր, այսինքն` հարցի պատասխանը կամ ճիշտ է, կամ սխալ, միջին տարբերակ չկա: Էդ նկարվող գնահատականների դեպքում սխալ պատասխանի դիմաց պլյուս էին դնում, տպավորություն ստեղծում, թե ճիշտ է: Քանի որ բուհի ղեկավարությունը չէր վստահում ամբիոններին, դեկանատին հանձնարարված էր որոշ գրավորներ վերստուգել (հատկապես «գերազանց» ստացողներինը):

Ցուցակի անունների մասին մյուս դասախոսը տեղեկացրեց փոխդեկանին, թե` ամբիոնի վարիչն է տվել ցուցակը, որ էդպես պետք է լինի և այլն: Փոխդեկանը ոչինչ չասաց, բայց սկսեց կախվել այլ գրավորներից: Ստուգում էր իմ խմբի ուսանողներինը: Էնտեղ, օրինակ, կար մի աղջկա աշխատանք, որին սրտիցս արյուն կաթալով էի «ութ» դրել (մեզ մոտ տասը բալանոց համակարգ է, «գերազանցն» «իննից» է), որովհետև ինքը խելոք ու սովորող էր, ընդամենը մի թեստ չէր հերիքել, որ «ինը» դառնա: Գուցե սրտիցս էդքան արյուն չկաթար, եթե ցուցակի անունները չլինեին, նրանցից մեկի դիմաց հենց «ութ» գրած չլիներ:

Փոխդեկանն էդ գրավորը հազար անգամ ստուգեց: Շունչս պահած սպասում էի` թե հեսա մի բան կգտնի: Չգտավ: Հետո մեկ այլ գրավոր վերցրեց: Էլի իմ խմբից էր: «Վեց» էի դրել: Վերցրեց, ուսումնասիրեց, ջղայնացավ, թե ինչու եմ ջնջումները ճիշտ հաշվել, թե եթե չհաշվեի, մի միավորով իջնելու էր և այլն: Էստեղ էլ չդիմացա, ասացի, որ գրողը դասերին միշտ պատրաստ էր գալիս, որ չարժե գնահատական իջեցնել և այլն: Լավ է` լսեց ինձ, թե չէ ցուցակի ուսանողների հարցն էի բարձրացնելու, աղմուկ էի անելու:

Բայց կանեի՞ որ: Էն ժամանակ խեղճուկրակ կլինիկական օրդինատոր էի` ամեն կերպ համալսարանից կախում ունեցող: Անում էի ինչ ինձ ասում էին, քննությունից կտրում էի ոչ էնքան սկզբունքայնությունից, որքան վախից, թե «դեկանատից կստուգեն»: Ու օրերով էնքան նեղված էի, որ ինքս ինձ խոստանում էի` էլ երբեք դաս չեմ տալու:

Հիմա զարմանում եմ, որ էդ վախը չկա: Մի տեսակ կորցնելու ոչինչ չունեմ վիճակ է, եկել եմ կռիվ տալու գիտելիքի, կրթության համակարգը բարելավելու համար: Մտածում եմ` եվրոպական դիպլոմս է պատճառը:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: