Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կրթական խնդիրներ. ծնողների ներգրավվածությունը

on November 22, 2013

Արևմուտքի համեմատ հայ ծնողներն ավելի շատ են ներգրավված իրենց չափահաս զավակների կյանքում: Բնականաբար, կրթական ոլորտը դրանից դուրս չի մնում: Սակայն այդ ներգրավվածությունը տարբեր դեպքերում տարբեր աստիճանի է: Երբեմն ծնողները պարզապես երեխայի փոխարեն ընտրում են մասնագիտությունը ու քաշվում մի կողմ` թույլ տալով, որ տվյալ անհատն ինքնուրույն շարունակի ուսումը: Անհրաժեշտության դեպքում նաև ուսման վարձ են տալիս, ու այդքանով սահմանափակվում է նրանց մասնակցությունը կրթական գործընթացին: Բայց երբեմն էլ լինում են էնպիսի ծնողներ, որոնք իրենց զավակի փոխարեն «սովորում» և գնահատականներ են ստանում:

Մեր կուրսում մի դասախոսի աղջիկ կար: Գիտելիքներից բացարձակ զուրկ էր, ու բոլորը գիտեին դրա մասին: Բայց ինքը կարմիր դիպլոմով ավարտեց, որովհետև մայրն ամեն քննությունից առաջ կապվում էր համապատասխան դասախոսի կամ ամբիոնի վարիչի հետ ու խնդրում, որ աղջկան դրական էլ չէ, գերազանց դնեն: Պատահում էր` որոշ անկաշառ ու սկզբունքային դասախոսներ ուսանողների ներկայությամբ կամ նրանցից թաքուն թուքումուր էին տալիս մորը կամ աղջկան, աշխարհի վերջին բառերն ասում, բայց ի վերջո դնում էին: Արդյունքում` էդ աղջիկը նույն դիպլոմից ստացավ, ինչ ես ու իմ շատ դասընկերներ, որ վեց տարի անքուն գիշերներ էինք անցկացրել գրքերի հետ ու հիվանդանոցներում, սակայն մեր ծնողները երբևէ համալսարանի տեղը չեն իմացել: Այդ աղջկա գիտելիքների բացակայությունն ու կարմիր դիպլոմն արժեզրկում էին մնացած բոլոր ուսանողների քրտնաջան աշխատանքը: Ու ինքը մենակ չէր, բայց ամենաակնհայտն էր: Մեր կուրսում շատ էին դասախոսների կամ բժիշկների երեխաներ, որոնց գնահատականները մեկից մի քանի միավորով բարձր էին լինում իրենց գիտելիքներից: Կային նաև էնպիսիք, որոնց ծնողները գալիս էին դասախոսներին վճարելու:

Եվրոպայում սովորելիս ընդհանրապես չլսված-չտեսնված բան էր, որ ուսանողների ծնողները դասախոսի դեմք տեսնեն, համալսարանի տեղ իմանան: Իմ համակուրսեցիներից շատերի ծնողներն էին ժամանակ առ ժամանակ հյուր գալիս, բայց նույնիսկ համալսարանի տեղն իրենց երեխաները ցույց չէին տալիս: Հիմա որ մտածում եմ` նման բան էնտեղ լիներ, ծիծաղս գալիս է:

Ես շատ ուրախ կլինեի, որ իմ` Հայաստանում ուսանող եղած տարիներից հետո ինչ-որ բան փոխված լիներ: Բայց ես վերադառնում եմ Եվրոպայից, սկսում դասավանդել, և առաջին միջանկյալից հետո ինձ մոտենում է մի դասախոս ու խնդրում, որ քննությունից կտրված իր աղջկան «որպես կոլեգա» դրական դնեմ, որովհետև «զեղչից կզրկվի»: Իսկ երբ աղջկան ամոթանք եմ տալիս, որ մայրը եկել է ինձ հետ խոսելու, ասում է, որ «ինքը որպես ուսանող իրեն թույլ չէր տա մոտենալ»: Ու դա ասում է ինձ, որ իմ բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում երբեք ծնողներս համալսարանի  դռներից ներս էլ չեն մտել, որ նոր վերադարձել եմ Եվրոպայից, որտեղ ոչ միայն ծնողների ակտիվությունն է խորթ, այլև արտագրությունն ու նման այլ «մարդկային» բաներ, որ երազում եմ Հայաստանում հզոր կրթական համակարգ ունենալու մասին:

Իրականում ծնողների այդ աստիճանի մասնակցությունն ուսանողների կրթության ընթացքին կործանարար է ոչ միայն հենց ուսանողի, այլև կոնկրետ բուհի, ամբողջ կրթական համակարգի և պետության համար ընդհանրապես: Ուսանողի համար կործանարար է, որովհետև ի վերջո գիտելիք չի ստանում: Իսկ բուհի վարկանիշն ընկնում է, որովհետև դիպլոմ տալիս է մեկին, որը գիտելիք չունի: Երբ նման երևույթը տարածվում է, ամբողջ կրթական համակարգը հայտնվում է խարխլված հիմքերի վրա, սկսում են ուրիշ ստանդարտներ գործել, գիտելիքն արժեք չի ունենում: Իսկ մի պետություն, որը գիտելիքի վրա չէ կառուցված, չի կարող ամուր լինել:

Ուրեմն հարգելի ծնողներ, հանգիստ թողեք ձեր երեխաներին: Եթե չի սովորում ու համալսարանից դուրս է մնում, դա աշխարհի վերջը չէ, թող դուրս մնա, ուրիշ բանով զբաղվի: Եթե «գերազանց» չի ստանում, դա սարսափելի չէ, ի վերջո իր գիտելիքներն այդքան են: Հանգիստ թողեք, թող գիտելիք ստացողը ստանա, չստացողը` չէ, որ հասկանանք` կրթական համակարգ ունենք, ոչ թե ԽԾԲ-ից կազմված ինչ-որ տարօրինակ երևույթ: Հասկացեք, որ դա շատ կարևոր է հենց մեր երկրի ապագայի համար:

Ես հույս ունեմ, հավատում եմ, որ մի օր այս ամենը կփոխվի: Ու ես ամեն ինչ անելու եմ դրան հասնելու համար:

Advertisements

4 responses to “Կրթական խնդիրներ. ծնողների ներգրավվածությունը

  1. gayane says:

    Ձեր բարձրացրած խնդիրը ամենացավոտն է Հայաստանում: Դա սկսվում է դեռ դպրոցից: Ուսուցիչները հենց խտրականությունն են դնում հարուստի չսովորող երեխայի և չունևորի սովորող երեխայի միջև: Սովորող երեխան ամեն դեպքում տուժում է, եթե ծնողը չի գնում ու հատուկ հանդիպում դասավանդող ուսուցչին: Ի հարկե հանդիպում են նաև անկաշառ ուսուցիչներ, բայց իրնեց թիվը գնալով նվազում է: Իսկ թեկուզ մեկ կաշառակեր ուսուցիչ արդեն իսկ ծանր հետք է թողնում նոր ձևավորվող մարդու՝ երեխայի վրա: Համալսարանում այս նույն թեման ավելի է բարդանում, քանզի լուրջ գիտելիքներ ստանալուն զուգահեռ խաղաքարտին է դրվում մարդը, որպես բարձր արժեք ու հենց այդ արժեքը վերջնականապես փշրվում է հենց բուհ-ում: ձգտող սովորող երիտասարդները հուսահատությունից գնում են դրսի բուհերում սովորելու, կամ հրաժարվում են սովորել մեծ մասամբ, քանզի վստահ են, որ տգետ համակուրսեցին իրնեցից լավ է ավարտելու կամ ամենաքիչն իր հետ նույն դիպլոմն է ստանալու: Առավել ևս, այդ տգետը ապագա սերունդների համար երբեն նաև դասավանդում է, որն առավել քան զավեշտալի է: Ես էլ Ձեզ նման հավատում,որ մեր ազգը կառողջանա ու համատարած ուսումնակաշառքային մոլուցքը կունենա իր ավարտը ու մենք աշխատաշուկայում բացի նախարարի պաշտոնին ձգտող լպրծուն մեծամասնությունից, կունենանք նաև բանիմաց բանվորներ ու հասարակ շարքային աշխատողներ, ովքեր հպարտ կլինեն իրենց կատարած աշխատանքով և այն կկատարեն սիրով ու ակնածանքով: Երբեք չենք դադարում հավատալ հրաշքների 🙂

    • byurie says:

      Հա, իհարկե, դպրոցն էլ է խնդիր, բայց դպրոցում ծնողի ներկայությունը կրթական պրոցեսում էլի ինչ-որ բացատրություն ունի. ի վերջո, երեխայի հետ գործ ունենք, որը դեռ խնամքի կարիք ունի: Ճիշտ է` դա բոլորովին այլ բնույթ է ստանում, երբ ծնողկոմիտեն սկսում է ուսուցիչներին նվերներ շռայլել, անընդհատ դրամահավաքներ են կազմակերպվում և այլն, բայց ամեն դեպքում եթե ծնողը մտնում է դպրոց, դա դեռ չի նշանակում, որ եկել է գնահատական ստանալու:

      Իսկ համալսարանում արդեն գործ ունենք չափահասների հետ, որոնք իրենք կարող են իրենց հարցերը լուծել, ու կարիք չկա, որ ծնողը խառնվի ուսումնական գործընթացին: Ես կարծում եմ` կաշառակերությունն ավելի հեշտ լուծվող խնդիր է, քան ծանոթ-բարեկամը: Ի վերջո, ինձ` որպես դասախոսի, ոչ ոք չի կարող պարտադրել, որ կաշառք վերցնեմ, բայց այ դասախոսի երեխային գնահատական դնել, փաստորեն, կարող են:

  2. Արտակ says:

    գիտե՞ք Բյուրե, երբ վերնագիրը կարդացի ինձ թվաց թե ներգրավվածությունը կքննարկվի դրական տեսանկյունից, այսինքն այն, որ դպրոցական կրթական պրոցեսում ծնողները ներգրավվածություն ունենան։ Մասնակցեն գիտելիքի և հմտությունների ձևավորման գործում, ու դպրոցը մի համայնք կլինի, որտեղ աշակերտը,ուսուցիչը ու ծնողը համատեղ կստեղծագործեն ի օգուտ երեխաների։ Ես դա իրականում դրական եմ գնահատում։

    Սակայն հոդվածը կարդալուց հետո հասկացա որ լրիվ այլ բանի մասին էր խոսքը։

    Համաձայն եմ, որ ինչ որ պահից ծնողական «հոգատարությունը» պիտի հեռանա, որպիսի երեխաները ինքնուրույն սկսեն ապրել ու սովորել։ Առավել ևս համալսարանում։

    Ինձ իրավունք իհարկե չեմ վերապահի ձեզ խորհուրդներ տալ, բայց այդ հարցը կարծում եմ հեշտ էլ լուծելի է, թվանշանները իմ կարծիքով չարիք են իսկզբանե, կարող եք ուղակի ուշադրություն չդարձնել, թիվ է, դրեք թող գնան, որովհետև գնահատականը ոչինչ չի ասում ոչ մարդու խելքի ոչ էլ կարողության մասին, այն ասում է լավ հիշողության մասին։ Միևնույնն է կյանքը սովորողին իրենը կտա, չսովորողին էլ իրենը։ Իսկ ձեր դերը կարծում եմ «գիտելիքների սեղան գցելն» է, ով ուզում է թող ուտի, իսկ ով ոչ, գլուխն էլ քարը։ Սա իմ կարծիքն է, ու ես համենայն դեպս այդպես էլ անում եմ։

    Ի դեպ ,կրթության վերաբերյալ մի թարմ նյութ ունեմ, որը առաջարկում եմ կարդաք, ու եթե ասելու բան կունենաք ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքը (կարդալ)։

    http://ablog.gratun.am/6545/

    • byurie says:

      Ողջույն Արտակ, շնորհակալ եմ մեկնաբանության համար:

      Հա, ես բարձրագույն կրթությունը նկատի ունեի: Դպրոցը լրիվ ուրիշ աշխարհ է, որտեղ ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր ծնողի ներգրավվածությունը:
      Ինչ վերաբերում է թվանշաններին, ապա համաձայն եմ, որ դրանք չարիք են, ու ասենք ինքս էլ գնահատելիս տեսնում եմ, որ 18 ստացած ուսանողն ավելի շատ բան գիտի, քան 19 ստացածը: Բայց երբ բանը հասնում է գիտելիքների ի սպառ բացակայությանը ու երբ գնահատականի համար պայքարում է ոչ թե ուսանողն ինքը, այլ ծնողն ու ծնողի շրջապատը, արդեն սարսափելի է: Ի դեպ, մի բան էլ ասեմ. ես իմ առարկայի քննական նյութերը բոլորովին ուրիշ կերպ եմ կազմում, այսինքն` հիշողության հետ շատ քիչ կապ ունի, ավելի շատ ստուգում է, թե ուսանողն ինչքանով է կարողանում իր ստացած (բավական փոքր) ինֆորմացիան կիրառել խնդիրներ լուծելիս:

      Տեսել եմ ձեր գրառումը կրթության մասին: Բուքմարք եմ արել, որ կարդամ: Անպայման կմասնակցեմ քննարկմանը 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: